Կյանքիս զարմանալի օրինաչափություններից մեկն է, որ անհանգիստ տրամադրությանս, մտային պեղումներիս, նույնիսկ իմացական պաշարներս թարմացնելու սուր կարիքի պահին սեղանիս հայտնվում է կամ գրադարակներիցս մեկից ինձ կանչում, ձգում է մի գիրք, ու հենց ինքն էլ, պարզվում է, պարունակում է իր մեջ հարցերիս պատասխաններից շատերի ողջ գունապնակը:
Խստաշունչ ձմռան այս մռայլ, անգույն օրերին, ուրեմն, պետք է ձեռքս առնեի Պետրոս Դեմիրճյանի վերջերս հրապարակած մենագրությունը՝ «Եղիա Տեմիրճիպաշյան. Կյանքը և գործը» կամ «Միշտ ճամբան փնտռող մարդը պիտի ըլլամ»:
Որ 19-րդ դարավերջի պոլսահայ գրականությունը Պ. Դեմիրճյանի տարերքն է, ավելի պիտի համոզվեինք այս հույժ կարևոր, Պոլսի գրական, հասարակական կյանքն ըստ ամենայնի արտացոլող աշխատությունով, որ ընթերցվում է վեպ կարդալու նման:
Ինձ՝ գրողիս համար հատկապես ոգեշնչող են մենագրության այն հատվածները, որ վերաբերում են գրողի անձնական, քաղաքացիական կյանքին, հոգեկան ապրումներին, մտքի անսովոր թռիչքներին: Մենագրության հեղինակն ըստ ամենայնի տալիս է բանասեր գիտնականի իր արժևորումները, ցուցաբերում է վերաբերմունքը, և որ ամենակարևորն է՝ ի մի է բերում Եղիա Տեմիրճիպաշյանի արտասովոր կյանքին ու ստեղծագործություններին ժամանակի ընթացքում (մոտ 140 տարի) տրված բոլոր գնահատականները: Իսկ Ե. Տ.-ի ծագումնաբանությունը ներկայացնելիս հասնում է մինչև 18-րդ դար:
Գրքի արժանիքներին հաղորդակից դառնալով, այն շատ բարձր գնահատելով՝ ընդունում եմ, որ իմ՝ գրողիս խնդիրը չէ այս գիրքը համակողմանի ներկայացնելը: Կարող եմ արձագանքել միայն այն խոհերով, որ իմ մեջ առաջացրեց գիրքն ամբողջությամբ: Իսկ այն ընթերցվում է որպես մի պատում, որում արտացոլվում է ոչ միայն 19-րդ դարավերջի Կոստանդնուպոլսի հայ հասարակության պատկերը, այլև բոլոր այն հոսանքները, որ անցնում էին այդ գրասեր, արվեստասեր, արհեստագործ, ամեն առումով կազմակերպված և ապրելու բոլոր իրավունքներով օժտված ժողովրդի կյանքում. կարծես թե դեռ սարերի ետևում էր կամ նույնիսկ չէր լինելու Հայոց Մեծ եղեռնի օրհասը:
Այս վեպ-մենագրության հերոսը իր ժամանակի մեծագույն դեմքերից մեկն էր: Հույժ կարևոր է այն հանգամանքը, որ նրան նվիրված այս աշխատությունն իր ոճով և բովանդակությամբ լուծում է մի քանի հարց, որ անհրաժեշտ է մեզ՝ այսօրվա մտավորականներիս, բարոյախոսներիս, կամա թե ակամա քաղաքականացվածներիս կապում է գրեթե նույն մտորումների հետ մշտապես առնչվող հայ մարդկանց: Նաև պատասխանն է այն իմաստազուրկ հարցին, թե ինչո՞ւ է մի ժողովրդի համար կարևոր իր հին, նոր, նորագույն պատմությունն իմանալը: Մանավանդ ինձ՝ գրողիս հետաքրքրողը ոչ այնքան այն է, թե դեպի ուր եմ գնում, այլ՝ թե որտեղից եմ գալիս: Անհայրենիք մարդու, ինչպես և որբուկի հոգեբանությունն ունի իր բազմատեսակ, ավելի հաճախ դաժան յուրահատկությունները:
Տեմիրճիպաշյանն այս գրքում մեզ ներկայանում է որպես դեռևս 18-րդ դարում իր բարձր դիրքն ու դերը հաստատած տոհմի զավակ: Ընդ որում, ժամանակի՝ Պոլսում, Թիֆլիսում, Վենետիկում գործող մտավորականներից շատերն էլ ունեցել են նշանավոր նախնիներ: Սրա պատճառը պետք է փնտրել լուսավորության ժամանակաշրջանին հատուկ մի երևույթի մեջ, որտեղ ավելի մեծ տարածք է զբաղեցնում խավարը: Գուցեև հենց սրանով էլ բացատրվում են լուսավորիչների ի հայտ գալն ու նրանց մեծագործությունները:
Այս դարաշրջանում է, որ առաջանում է գրաբար և աշխարհաբար լեզուների հակադրամիասնությունը: Թեժանում է գրապայքարը: Հենց սրա արդյունքում էր, որ մաքրվեցին արևմտահայերենն ու արևելահայերենը: Գրապայքարի ելած խմբավորումները սկսում էին նկատել, որ իրենք արդեն վարժ գործածում են աշխարհաբարը՝ մեծ հարգանք ունենալով գրաբարի հանդեպ: Արդեն ասպարեզ էին ելել «Աստվածաշնչի» արևմտահայերեն և արևելահայերեն թարգմանությունները: «Հակասականութիւնս առերեւոյթ էր,- ասում է Տեմիրճիպաշյանը,- գրաբարը կ՛պաշտէի, իսկ աշխարհաբարը կ՛պաշտպանէի»:
Տեմիրճիպաշյանի օրոք թեև Պարոնյանը, Դուրյանը և ուրիշներ ստեղծագործում էին այն արևմտահայերենով, որ արդեն իրողություն էր, բայց գրապայքարը դեռ բուռն կերպով շարունակվում էր: Քերականության ձեռնարկներն էլ դեռ պայքարի մեջ էին միմյանց հետ: Ուսուցչի խիստ պակաս կար (երևի սա էր ուսուցչի նկատմամբ հարգանքի, ակնածանքի պատճառը): Տեմիրճիպաշյանն այս առիթով ասել է. «Տղայք դպրոցոց մէջ բանավոր ուղեցույցէ մը զուրկ՝ դասագիրքէ դասագիրք ու դասատուէ դասատու կանցնին»: Մի՞թե հիմա նույնը չէ մեր դպրոցների վիճակը թե՛ Հայրենիքի, թե՛ Սփյուռքի դպրոցներում: Երբ արևելյան հասարակություններում այնքան բարձր է եղել և է՛ «ուսուցիչ» երևույթը, արևմուտքում հետզհետե ուսուցիչը դառնում է ձայնազուրկ, հեղինակազուրկ, եթե նույնիսկ իներցիայի ուժով դեռ պահում է հարգված լինելու ավանդական իրավունքը: Իսկ այն, որ տղամարդ ուսուցիչներ գրեթե չունենք, ավելի է ընդգծում նրանց հեղինակություն չլինելը:
Պ. Դեմիրճյանն իր գրքի «Կրթական բարեշրջում» գլխում հանգամանալից ներկայացնում է Տեմիրճիպաշյանի և նրա համախոհների գործադրած հերոսական ջանքերը՝ ձևավորվող հայ մանկավարժության, հոգևոր, գիտական, իմաստասիրական, առղջապահական ոչ միայն նոր գաղափարներ առաջադրելու, այլև դրանց հրատապ լուծումներ տալու բարդագույն գործում: Պատկերվում է 19-րդ դարավերջի արևմտահայ և մասնավորապես պոլսահայ հասարակության կրթական մակարդակը (սա պատմական արժեք է), արձանագրում է ժողովրդի մշակութային կյանքին նպաստող (թեև մեծ դժվարություններով) բարերարների դերը, կրթության ծարավ, շնորհալի (նաև տաղանդավոր) երեխաների, դեռահասների մեծաթիվ լինելը (սրանց պակասը երբևէ չենք ունեցել. հիմա էլ չունենք), ասպարեզում գործող մեծանուն մտավորականների մասնակցությունն այս ձեռնարկներում (թեկուզև մեծ, հաճախ սկանդալային բանավեճերի արդյունքում) և Տեմիրճիպաշյանի անդուլ ջանքերը՝ բոլորի ուշադրությունը խնդրո առարկաների վրա սևեռելու գործում:
Հույժ կարևոր տեղեկատվություն է պարունակում ՙԳիտութիւն-իմաստասիրութիւն-կրոն (եկեղեցի) փոխբացառո՞ղ, թե՞ փոխլրացնող էություններ (սուբստանցներ)՚ երկարաշունչ վերնագրի տակ Պ. Դեմիրճյանի հավաքագրած անչափ կարևոր նյութը: Այստեղ տեսնում ենք արևմտահայ մտավորականի բարձր կարողությունները: Գրական, իմաստասիրական բանավեճերը, որոնց առարկան էր դարձել նաև դեռ երիտասարդ Եղիան, վկայում է այն խորը շահագրգռվածության մասին, որ ցուցաբերում էին նախորդ գրագետները: Այս բանավեճերից ծնունդ էր առնում ժամանակի ճշմարտությունը: (Այսօր մեզանում իսպառ բացակայում է բանավիճելու մշակույթը): Հատկապես կարևոր է իմանալ, թե բանավիճողներն ինչ պատասխանատվությամբ, լրջությամբ ու խոհեմությամբ էին կարողանում գնահատականներ տալ ժամանակի երևելի մարդկանց, նրանց գործունեությանը: Չէին խուսափում ի հայտ եկած որևէ երևույթ գնահատելիս առաջինը լինելուց, չէին վախենում սխալվելուց: Եվ կարծում եմ, նյութական առումով պահանջկոտ չէին, բարձր հոնորարներ չէին ակնկալում իրենց աշխատանքի դիմաց: (Մերօրյա մի քանի երիտասարդ գրականագետներից լսել եմ, որ իրենց աշխատանքը չի վարձատրվում կամ ՙվարձատրվում է՚ սրա կամ նրա թշնամանքը վաստակելով: Սրանից մեծապես տուժում է գրական ընթացքը: Գրողը թեև գրելու համար պայման չի դնում հոնորարը կամ մրցանակը, բայց գոնե ազնիվ արժևորում է սպասում նրանցից): Որքան կարևոր պիտի եղած լիներ Եղիայի համար Գր. Օտյանի հրապարակային հանդիմանանքը, որի հիմքում դրվատանքն էր երիտասարդ ստեղծագործ մտածողի:
Այս գլխում Պ. Դեմիրճյանի ի մի բերած տեղեկություններն ու վերլուծությունները չափազանց արժեքավոր են հենց մեր օրերում տեղի ունեցող իրողությունների հետ համեմատական անցկացնելու՝ եկեղեցու, տիրող մտատանջությունների, քաղաքական անորոշությունների առումով: Եղիայի ապրած օրերում գոյություն ուներ ՙԱզգային կրթական խորհուրդ՚, որտեղ քննարկվում էին լեզվի ձևավորման ճիշտ ուղիներ գտնելու, այդ թվում՝ Եղիայի առաջարկած գաղափարների հարցը: Գրապայքարի մեջ մտած այս ազատամարտիկը Եվրոպայի, Արևելքի, մեր հին կրթական ավանդույթների անբավ պաշար ուներ, որի հետ դժվար էր հաշվի չնստելը: Նա չէր վարանում նույնիսկ լուրջ սպառնալիքներ տեղալ իրեն հակառակվողների հասցեին: «…աղերսելով, սպառնալով, արիւն արտսուք թափելով և դաշույն ցուցընելով: Դարձեալ այնպէս ըրեք, որպէս կամիք: Սա միայն գիտցէք, թե որոշած եմ փրկել կամ ջնջել Հայ ազգն: ԿԵԱՆՔ ԿԱՄ ՄԱՀ, այս է իմ բուն անունս»:
Այս կերպ՝ համառությամբ, հաստատակամությամբ պետք է հետազոտել այսօրվա մեր գրական հայերենը, տեսնել, թե ինչ փոփոխություններ է կրել այն մոտ մեկ և կեսդարյա հասարակական-քաղաքական բազմաբարդ ելևէջումների արդյունքում, անկախացումից հետո:
Տեմիրճիպաշյանն իր ժամանակի այն խոշորագույն մտածողներից էր, որին վերապահված էր թե՛ իմաստասիրության, թե՛ լեզվամտածողության, թե՛ քաղաքականության, թե՛ բանաստեղծելու, թե՛ նույնիսկ հրապակայնորեն երգիծելու մեծ բեռը: Նրա խոհերն ու ծրագրերը այնքան մեծ էին, որքան մեծ կարող են լինել հանճարեղ մի անհատինը: Անհատի մասին «Խոշոր երազներու ետևէ՚ երիտասարդը ասում է. ՙՄարդկութենեն վեր կա անհատ մարդը»: Եվ խոհերի ու ծրագրերի այս բազմազանության մեջ դրանց մի մասի իրագործումն իսկ մեծ ավանդ էր Հայրենիքի, ժողովրդի պահպանման ու զարգացման գործում: Իսկ մնացածը՝ մեծագույն մասը, որի իրագործումն անհուսալի, անհավանական էր, Եղիային հասցնում էր հոգեկան ճգնաժամերի, որոնցից նրան հաջողվում էր դուրս գալ որոշ ժամանակով: Եվ նա այդ ժամանակն ագահորեն օգտագործում էր մինչև ուժասպառ լինելը: Սրա մասին են վկայում գրքում բերված փաստերը: Տեմիրճիպաշյանը գիտեր իր արժեքը: «Գոռոզ ու քաջարի թռչունք չեն յաւետ երամ միանար»: Եվ գուցե սա էլ պարադոքսային չէ, որ շրջապատի կողմից այդքան սեր և ջերմություն վայելող մարդը ուզում էր հեռանալ կյանքից: Ինքնասպանության երեք փորձերը, որոնցից վերջինը վճռորոշ եղավ, նրան անվերջ հետապնդող սուիցիդալ մտքերը արևմտյան և արևելյան միստիկ գաղափարների հետևանք էին: Երդվյալ քրիստոնյա Եղիայի համար Նիրվանան փրկության ափ էր թվում: Եղիան որոշ ժամանակ տարված լինելով Շոպենհաուերի կամք, կարեկցանք, տառապանք գաղափարներով՝ այնուամենայնիվ կարողանում է իրենը ասել: Շոպենհաուերյան կամք հասկացությունը, որով նա պայմանավորում էր ամեն ինչ, Եղիայի մոտ, ըստ երևույթին, դառնում է Աստվածային անքննելի կամք: Այս հատվածները Պետրոս Դեմիրճյանի վերլուծություններում հասնում են մեր պատմության դժվարին իրավիճակների ևս մեկ կարևոր զննության և մեր ժամանակի հետ կապի ընդգծումին:
Չափազանց առինքնող են Եղիայի սիրո պատմությունները: Ժամանակակից գրողին հրամցվող վիպական բացառիկ նյութ: Նրա արտասահմանյան ուղևորություններն ու Եվրոպայում անկացրած շրջանները: Կարևոր են 20-րդ դարասկզբի՝ մեծ երևակայությամբ ու դիտողականությամբ օժտված մարդու տպավորությունները, որ նա հանգամանորեն նկարագրում է իր նամակներում: (Ի՜նչ լավ է, որ պահպանվել են այս նամակները, և դրանց ուսումնասիրության վրա տքնողներ կան): Այստեղ է, որ կարդում ենք. «Չէ՛, սակայն, չէ, Հրանդ, չը պիտի կրնամ հաշտուիլ կյանքին հետ, ո՛ւր ալ ըլլամ: Միշտ Ճամփան փնտրող մարդը պիտի ըլլամ»:
Շատ հետաքրքիր է Մինաս Չերազի և Եղիայի հանդիպումը Ժնևում, թե ինչպես, ընկերական ի՜նչ բարձր զգացումներով Չերազը Լոնդոնից գալիս, փնտրում, գտնում է սիրելի դասընկերոջը, որ տառապում էր «հալածանքի մենամոլությամբ»: Այստեղ մեկ անգամ ևս իմանում ենք, որ նույն խնդիրներն էին կանգնած մեր ազգի մտավորականության առաջ, ինչ որ այսօր է: Մեր երիտասարդները մեկնում էին Ամերիկա, Անգլիա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա: Եղիան նշում է նաև, թե ինչ էին ներկրում նրանք այդ երկրներից ի բարօրություն ազգի: (Եթե վերադառնում էին): Բայց չէ՞ որ նրանք այդ ամենը բերում, ավելացնում էին մեր ազգի հարստությանը, որ չուներ պետականություն, և, որ ամենազարհուրելին է, մի քանի տարի անց կոտորվելու էր, արտաքսվելու էր իր բնօրրանից: Որքա՜ն կարևոր են Եղիայի խոհերը Տնտեսական միության մասին, որքան հեռանկարային էին ու որքան օգուտներ էին բերելու թե՛ հայ համայնքին, թե՛ Թուրքիային, մինչդեռ մի քանի տարի էր մնում մինչև թուրքերի մեծ ոճիրը. հենց այդ տարիներին էլ արդեն սկիզբ էին առել ջարդերը: Եղիան Մինաս Չերազին գրում է. «Ողջ չհասնեի Պոլիս, եթե լավագույն օրեր չպիտի տեսնենք ազգս ու ես»:
Իսկ ինչեր ասես, որ չէր ներկրում Եղիան եվրոպաներից՝ իր վիեննական, զալցբուրգյան ճամփորդություններից: Մանավանդ որ նոր ձեռք բերվող գիտելիքները ավելանում էին արդեն իսկ ունեցածի վրա:
Սուիցիդը, որ ամենուրեք հետևում էր Եղիային քուն թե արթուն, գուցեև արյան հետ պալատական տեմիրճիպաշի Գևորգ պապից նրան անցած այն զարհուրանքից էր գալիս, որ նա երկու անգամ բառացիորեն փրկվել էր գլխատվելուց՝ իր՝ արհեստագործի բացառիկ ունակությունների շնորհիվ: Երբ արդարացվելուց հետո սուլթանը նրան հարցրել է. «Շա՞տ վախեցար», տեմիրճիպաշի Գևորգը պատասխանել է. «Ոչ այնքան»: Գուցե այս «ոչ այնքանն» էր, որ միշտ պիտի գալարվեր Եղիայի երակներում: Գուցեև ինքնասպանության վերջին փորձը միակ ելքն էր նրան անվերջ տանջող հարցերից մեկի պատասխանը ոչ մի կերպ չգտնելուց՝ «Ո՞րն է մարդուս էությունն ի վերջո»:
«Երբ առաջին անգամ հեռացայ Բիւզանդիոնէն, սիրտս փլավ, աչուներես հեղեղներ իջան»: Եղիայի խոսքը այն հինավուրց քաղաքի մասին է, որտեղ ծնվել, մեծացել էր ինքը: Այս առումով անչափ հետաքրքիր է Պ. Դեմիրճյանի գրքի «Արձակ բանաստեղծություններ» գլուխը: Բանաստեղծի պաշտամունքի հասնող սերը Բոսֆորի, դրա գեղեցկության հանդեպ: Բոսֆորի անձնավորումը: Բոսֆորը բանաստեղծ է դառնում, որ «բիւր անգամ կգերազանցէ Լոնգֆելոյին և Էդգար Պոյին»: Բայց անակնկալի է բերում մի այլ, ավելի գունեղ պատկեր՝ «ալեաց վրայ» սուրացող «ճերմակ կիներու բույլը», որ իրեն՝ բանաստեղծին աչքով նշան են անում. «անտարակոյս Ռաֆայելը կարծած են զիս»: Իրեն հակադրելով համեմատում է Ռաֆայելի հետ, ընդգծում, որ իրենից զատ մեկ էլ Ռաֆայելը կարող էր տեսնել այդ գեղեցկությունը:
Պ. Դեմիրճյանը, անշուշտ, հենվելով ժամանակակիցներից եկող տվյալների վրա, նրա սերերի մեջ տեսնում է կամ գոնե ակնարկում է միստիկականի առկայությունը: Տիրուհու, Սրբուհու և մյուսների հետ սիրո պատմությունները: Ի՜նչ հոյակապ վիպական նյութ է Եղիայի կյանքի վերջում նրան մեծ սիրով ու հոգածությամբ պարուրած Էլեն Նիսընը:
Անչափ հետաքրքրական ու տարողունակ է գրքի «Գեղագիտական հայացքները» գլուխը, որում Եղիան ներկայանում է որպես ոչ միայն իր, այլև հայ էսթետիկայի խոշորագույն դեմքերից մեկը: Որքան ինձ հայտնի է, հայ էսթետիկական մտքի պատմության մասին սովետի ժամանակներում գրված, տպագրված աշխատություններում բացակայում է այս մեծ գեղագետի անունը:
Այսպես՝ Ե. Տեմիրճիպաշյանի գեղագիտական ուսումնասիրությունների, դասախոսությունների, ելույթների դաշտում են գեղեցիկի և օգտակարի՝ Սոկրատեսից եկող և մինչև 19-րդ դար հասած բանավեճը, գեղեցիկի և բարոյականի, գեղեցիկի և տգեղի մասին մտքերը՝ Պ. Դեմիճյանի վերլուծությամբ: (Լավ է, որ գիրքը մեզ համար ուղեցույց է դեպի Տեմիրճիպաշյանի պահպանված մտքերը՝ «Օգտագործված գրականության ցանկ» գլխում):
Պ. Դեմիրճյանին այս գրքով հաջողվում է քեզ ժամանակավորապես տեղափոխել 19-րդ դարի Պոլիս և մասնակիցը դարձնել հայ իրականության եռուն շրջանին, տեսակցել այն երևելիների հետ, որ նույն օդն են շնչել Եղիայի հետ՝ Ինտրային, Մինաս Չերազին, Տիգրան Չուխաճյանին, Արշակ Չոպանյանին և շատ ուրիշների… Լսել Եղիայի բոցաշունչ ճառերն ու դասախոսությունները, հեռավար բանակռիվները ֆրանսիական նշանավոր մշակութային գործիչների հետ:
Անչափ հետաքրքրական է Եղիայի այն խոստովանությունը, թե ինչպես եղավ, որ ինքն իրեն զրկեց Պետրոս Ադամյանի Օթելլոն դիտելու երանությունից… ՙԶիս դատապարտեցի սոյն վայելքէն զրկուելու գերախտաբանական վայելից՚: Գուցե ուզում էր ներհայեցողությամբ դիտել Ադամյանի խաղը: Այսպես նա իրեն հաճախ զրկում էր իր համար միշտ հյուրընկալ բարձրաշխարհիկ հավաքույթներից, գերադասում էր երբեմն ետնաբեմերում, նույնիսկ՝ ետնախորշերում առանձնանալ ինքն իր մեջ հայելու, խորանալու միտումով, որ հասկանա մարդուն առհասարակ:
Եղիա Տեմիրճիպաշյանին հանճարեղ են անվանել դեռևս իր ժամանակակիցները: Ժամանակ անց Կոստան Զարյանը նրան անվանել է «Հայ կեանքի ամենախորհրդաւոր ոգիներից մեկը»:
Բայց որպեսզի կարելի լինի խոսել գրքի բոլոր արժանիքների մասին, պետք կլինի ևս մի մենագրություն:
Քանի որ Պետրոս Դեմիրճյանի սույն հիանալի մենագրությունից իմանում ենք ոչ միայն այն բոլոր բնագավառների մասին, որոնցում իր ձայնն է հնչեցրել Եղիա Տեմիրճիպաշյանը, այլ՝ նաև մեր ժողովրդի համար մի շատ կարևոր ժամանակահատվածի գունեղ, հանգամանալից պատկերն ենք տեսնում, ինձ էլ թող թույլ տրվի մի առաջարկ անել՝ 19-րդ դարավերջի պատմությամբ հետաքրքրվող ուսանողների համար մի ուսումնական փոքրիկ ձեռնարկ կազմել, մանավանդ որ սրա հնարավորությունը լիովին հեշտացնում է գրքի վերջում զետեղված «Գրականության ցանկը»:
