Գրական լուրջ հարցերով ծանրաբեռնված՝ հաճախ ժամանակ չենք ունենում նայելու մեր շուրջը և տեսնելու, որ աչքի առաջ ասպարեզ են մտել, անգամ հասակ են առել նոր անուններ, լույս են տեսել նոր գրքեր: Այս դեպքում խոսքս վերաբերում է Ալվարդ Հովսեփյանին, ով հասցրել է հրատարակել վեց ժողովածու, որոնցից վերջինները՝ «Այդպես լինում է հեքիաթում», «Երկար ու բարակ քառասուն առակ», հիմա իմ ձեռքին են: Երկուսն էլ լույս են տեսել 2023-ին: Մինչ այդ նա հրատարակել է «Ավետիս» (1993), «Եդեմադուռ» (2016), «Կանաչ երգ» (2019) և «Fables» (2023) բանաստեղծական ժողովածուները: Փաստորեն այս տարի արդեն հրատարակել է երեք գիրք, որ նշանակում է՝ նրա գզրոցները դատարկ չեն, ժամանակի ընթացքում գրել է և կուտակել:
Բաց եմ անում նրա վերջին երկու մանկական ժողովածուները՝ չափածո հեքիաթներ և առակներ են, որոնք ոչ թե բանահյուսական ծանոթ նյութերի մշակումներ են, այլ ինքնաստեղծ պատմություններ՝ իրենց հերոսներով, դիպաշարերով և բարոյախոսությամբ: Կենսական դիտարկումների հիմքը ժամանակակից կյանքն է՝ իր մարդկային հարաբերություններով: Հեղինակը նախկին մանկավարժ է, թոռների տեր և գիտի մանուկների աշխարհը, միակ խանդավառ աշխարհը այս մեծ աշխարհում, որտեղ քաղաքականություն չկա, որտեղ ամենօրյա գույժ ու սարսափ չկա. երեխաներն են ու կենդանիները կամ կենդանիների դիմակներով հանդես եկող մարդիկ, նաև բնությունն է: Այս աշխարհը մանկահասակ երեխաները շատ լավ գիտեն մուլտիպլիկացիոն շարժանկարներից: Հիմա նրանց առջև գիրք է, որ ավագները պիտի կարդան նրանց համար: Այստեղ կա մի նրբություն՝ ո՞ր տարիքի համար են նախատեսված այս գրքերը: Այդ մասին հուշում կա գրքերի ծանուցումներում, բայց, համենայնդեպս, ճշտենք՝ միայն ընթերցող տարիքը չէ, նաև այն տարիքն է, երբ մանուկների համար պիտի կարդան: Այդ պահանջի թելադրությամբ է, որ գրքերը լույս են տեսել նկարազարդ, երեխան ոչ միայն պետք է լսի այդ հեքիաթներն ու առակները, այլև նկարներում տեսնի հերոսներին: Այստեղ է, որ լուսավորվում ու ձևավորվում են նրա պատկերացումները:
Մանկական գրականության, ինչպես նաև դպրոցական դասագրքերի մասին դատողություններ են արվում ավագների և մասնագետների կարծիքներով, այլ կերպ չի լինի կամ կլինի այնքանով, որքանով երեխան կամ սովորողը կարողանան արտահայտել իրենց վերաբերմունքը, որ նորից ձևակերպում են ավագները: Մնում է, որ ավագներն իրենց տեղում՝ ծնող, դաստիարակ, ուսուցիչ, լինեն անվրեպ: Այո՛, երեխան մեծանում և հասունանում է ավագների ձեռքի տակ, և նրան ուղղված գիրքն էլ՝ լինի գեղարվեստական թե դասագիրք, ունի ուսուցողական նշանակություն:
Ահա այս բնույթի են նաև Ալվարդ Հովսեփյանի հեքիաթներն ու առակները: Ահա, օրինակ, «Գետաձին ու ձուկը» առակը՝ բարի հսկա գետաձին է, մեծամիտ ձուկը և որտեղից որտեղ այս ափերին հայտնված շնաձուկը: Իհարկե, շնաձուկը մեծ ջրերի գիշատիչ հսկա է, և այս ափերը նրա տեղը չեն: Այս իսկ դիտարկմամբ պետք է ասել, որ մանկական գրականության կարևոր բաղադրիչներից մեկը մանրամասնի (կամ դետալի) ճշգրտությունն է, առարկայականությունն ու տեսանելիությունը:
Վերացականությունը, անմիջական գործողությունից հեռացող դատողականությունը մանկական գրականության համար չէ. այստեղ ամեն ինչ պետք է լինի հստակ, որոշակի, անմիջական, հաջորդական, մտքով տեսանելի և արագ:
Ալվարդ Հովսեփյանի գրքերը ուշադիր նայեցի նաև այդ տեսանկյունից, և, ընդհանուր առմամբ, նրա դիտարկումները հաջող են: Նշենք առակներից մի քանիսը. ահա՝ «Ավելն ու սարդերը», որը մաքրասեր տնային տնտեսուհու ավելով անկյունում պատսպարված բամբասկոտ սարդերին իրենց սարդոստայնների հետ մեկտեղ վերացնելու իրականին շատ համապատասխան պատկեր է: Վստահորեն երեխան տեսած կլինի, թե ինչպես է մայրը կամ տատը երկարապոչ ավելով մաքրում տան կամ խորդանոցի անկյունները և վերացնում ամեն տեսակի ավելորդություններ, այդ թվում՝ նաև սարդերին: Հիմա այս պատկերը ստացել է իր լուծումը և ստացել գեղարվեստական ձև ու բովանդակություն:
Մեկ այլ տեղ թիթեռնիկն ու մեղուն պահմտոցի են խաղում, և այդ խաղին երեխան կարող է հետևել առանց ձանձրույթի: Ինչպես այս, այնպես և մնացած գործերում հեղինակը կարողանում է պահպանել հաջորդ անհրաժեշտ բաղադրիչը, որը շարժումն է և շարժման արագությունը: Ավելորդ նկարագրականության փոխարեն գործողությունն է և ինչքան արագ, այնքան տպավորիչ:
Մեկ ուրիշ տեղ բարձրահասակ ուղտի և գետնին կպած կրիայի զրույցն է: Հաջորդում են բուն ու արագիլը, նորից կրիան է ու ոզնին, որը կրիային ինքը իրեն կողքից նայելու, այսինքն՝ ուրիշի աչքով իրեն նայելու խորհուրդ է տալիս:
Թե՛ առակի, թե՛ հեքիաթի կառուցվածքը ավանդական է. առաջին դեպքում սկզբում որևէ պատմողական մաս է, որին հաջորդում է բարոյախոսական վերջաբանը, երկրորդ դեպքում չարի և բարու հավերժական պայքարն է միանգամայն նոր՝ ժամանակակից վիճակներում և հարաբերությունների մեջ, որը, հակառակ կյանքի բեմահարթակում կատարվողի, միշտ ավարտվում է բարի ուժի հաղթանակով:
Մանկագրության մեջ ևս թեև նորարարություն անում են, օրինակ, Պարույր Սևակի «Ձեր ծանոթները» (1971) ժողովածուն, բայց մանկագրությունն ավելի հակված է ավանդական պատկերացումների: Այստեղ արտաքին ձևն ու կառուցվածքը, լեզուն ու պատկերները թեև ավանդական են, բայց այդ շղարշի տակ կան նաև հատկապես «գործող անձանց»՝ հերոսներին, ընտրելու նորություններ՝ կենդանական աշխարհի հայտնի «դեմքերի» հետ մեկտեղ՝ նաև թրթուր, խխունջ, մոծակ, ցեց, լորտու… Կարևորը բովանդակությունն է ժամանակակից նյութի պաշարներով, որոնք հանգում են բարոյախրատական անհրաժեշտ ամփոփումների:
Կան նաև մեր օրերի արատավոր բարքերին ուղղված թափանցիկ ակնարկներ՝ «Պատգամավոր խոզը», «Գյուղապետ ավանակը», «Երկու պոետ»… Վերջին առակում առնետի և կուղբի կերպարանք ընդունած երկու կեղծ բարեպաշտ ընկեր պոետներ են, որոնք հաշտ են այնքան ժամանակ, քանի դեռ անտեսված են: Բայց, ահա, հայտնվում է հովանավորի թիկնոց հագած կզաքիսը, և նրանցից մեկը մյուսի մասին կարծիք է հարցնում: Պատռվում է վարագույրը, և երևում է իրար դեմ նրանց թաքցրած նախանձն ու չարությունը:
Թե՛ առակների, թե՛ հեքիաթների գործող հերոսները հակադրություններ են՝ խելոք և հիմար, իմաստուն և տգետ, ուժեղ և թույլ, լավ ու վատ, առաքինի ու խարդախ, երկար ու կարճ… Այդ հատկանիշների շուրջ էլ խտացվում է ասելիքը, և սրվում է իմաստը:
Հեքիաթները ժամանակակից պատմություներ են, որոնց հերոսները ևս, ինչպես առակներում, կենդանիներ են: «Դրամաշնորհ»-ը ենթավերնագրված է «Մեր օրերի հեքիաթ» և նվիրված է ջազմեն եռյակի՝ փայտփորիկ, ագռավ ու բու, երաժշտական գործունեությանը: Նրանք մասնակցում են անտառային փառատոնի մեծ մրցույթին, և քանի որ անտառային մշակույթը շատ է կաղում, որոշում են բարձրացնել: Շարունակությունը միջոցների վատնումն ու կեղծիքն է, ինչպես կյանքում և արվեստի հերթական զոհաբերումը՝ մրցանակը անարժաններին շնորհելով: Մեր իրականությունն է, և հեղինակն իր արդար դժգոհության տերն է:
Թեև մի գրքում առակներ են, իսկ մյուսում՝ հեքիաթներ, բայց ընդհանրությունը ակնհայտ է՝ նույն պատումն է, խոսքային նույն միջավայրն է, ասելիքի նույն ուղղվածությունն է ու հեղինակային նույն ոճը:
Երկու գրքերն էլ գրված են 8 (4-4) կարճ տողաչափերով և տողերի կից հանգավորմամբ՝ աաբբգգդդեե… Տաղաչափական այս ձևը մանկական գրականության համար միշտ շահեկան է: Տողերի այդ չափը նախընտրում էր Մեծը՝ Հովհաննես Թումանյանը, ով մեծ էր նաև մանկագրության ասպարեզում: Նա վարպետորեն օգտագործում էր ոչ միայն տողի, այլև կիսատողի, ոչ միայն վերջնահանգի, այլև ներքին հանգի հնարավորությունները: Այդ ձև ու չափով գրված նրա գործերում տողերն ասես անարգել վազում են, նաև հեշտ են ընկալվում ու մտապահվում: Այս ավանդույթի նորոգումն արդյունավետ է նաև ժամանակակից մանկագրության մեջ, այդ թվում՝ ներկայացվող գրքերում: Ալվարդ Հովսեփյանի խոսքը սահուն է ու հարթ: Լավ է նաև հանգավորման ոչ միայն կառուցվածքային, այլև հնչյունական կողմը՝ մաքուր հնչեղ հանգեր են, մոտավոր համընկնող հանգեր են, որոնք հոսում, խոսքը առաջ են տանում ասելիքի բնական ընթացքին համապատասխան, ներքին զարգացման հաջորդականությամբ ու վերջնահանգի երաժշտական հնչեղությամբ: Չկան արհեստական, ճչացող, դրանով իսկ՝ վանող բռնահանգեր: Սա հեղինակի առավելությունն է. չափածո խոսքով նա կարողանում է առանց սայթաքելու անմիջական հնչեղությամբ պատմել:
Երկու գրքերից ստացած տպավորությունն այն է, որ, հանձին Ալվարդ Հովսեփյանի, մանկագրությունն ունի իր արժանավոր ներկայացուցիչներից մեկին, և մենք հեռու ենք այն դեպքից, երբ այս բնագավառից հիասթափված Համո Սահյանը գրում էր.
Գնում, ուրախ երգ են կարդում մանկատանը,//Բայց երգի մեջ միայն խելքն է մանկականը…
Ալվարդ Հովսեփյանի երգը, այո՛, մանկական է, բայց ոչ մանկունակ, իսկ խելքը՝ մեծական է, հասուն և արտահայտիչ… Նշված գրքերով՝ որպես իր ձիրքն ու ձայնն ունեցող բանաստեղծ, նա իր անհավակնոտ ներկայությունն ունի գրական խիտ միջավայրում և գեղարվեստական ներշնչանքով ընթերցողին է հասցնում մանկական աշխարհի խանդավառ կանչերը: