Կամիլան իր նոր բանաստեղծական ժողովածուն կոչել է «Ծաղկած ցավ» և, որպես բնաբան, դրել է այս ձևակերպումը. «Ես ամեն օր գնում եմ բանաստեղծության մոտ՝ հաղորդություն ստանալու…»:
Երիտասարդ բանաստեղծուհին, որը ծնվել ու կրթվել է Երևանում, ով նաև հրաշալի դաշնակահար է, այժմ ապրում է հիմնականում Բեյրութում, սակայն երկար տարիներ ամուսնու՝ դուդուկահար-շվիահար Զաքար Քեշիշյանի հետ ապրել ու մշակութային ազգօգուտ գործունեություն է ծավալել Արցախում՝ ավելի քան տասը տարի լինելով «Վարանդա» երգչախմբի դաշնակահարը:
Կամիլայի բանաստեղծական ընթացքն՝ իր հարուստ հուզաշխարհով, մեր աչքի առաջ է: Նրա մտածումներում երևում է հայրենիքի նկատմամբ ունեցած անսահման նվիրվածություն, ազգային արժեքների խոր գիտակցում, ծնողական ու որդիական սիրո դրսևորում, տագնապ՝ մարդու դժվար ճակատագրի համար:
Զգայուն բանաստեղծուհին մինչև հոգու խորքը ցնցված է այն տղաների համար, որոնք հանուն հայի ինքնության, հանուն հայրենիքի սրբությունների, հանուն հարազատների զոհվել են՝ բերելով խաղաղությունը: Այդ թեման նրան հուշել է ստեղծելու ութ տարբեր հատվածներից կազմված մի շարք, որն ունի տպավորիչ խորագիր՝ «Խաղաղութիւն՝ արյան երգերով»:
Հայտնի իրողություն է. ամեն զգայուն էակ խորապես ցնցվում է հանուն հայրենիքի զոհված զինվորի համար և ինչ-որ տեղ իրեն մեղավոր է զգում ու վերստին մտածում է, թե ինչ դաժան պահեր ունի իրական կյանքը.
Նրանք հեռանում են,//Իսկ մենք դեռ ապրում ենք,//Այս փուչ աշխարհի//Անշունչ պատրանքում:
Որքա՜ն խորիմաստ է բանաստեղծուհու եզրահանգումը վաղաժամ նահատակված տղաների կյանքի կարոտի դիմաց: Նա ուղղակի պարտավորվածություն է պահանջում ամեն կենդանի հայից, և ցանկալի է, որ նրա պատգամը հասնի մեզնից յուրաքանչյուրին.
Դու տվեցիր մեզ//Խաղաղությունը,//Իսկ հերթը մե՛րն է//Պատվով ապրելու:
Արևմտահայաստանի կորուստն անանց վիշտ է ամեն իսկական հայի համար, որը գիտի, թե ինչ գեղեցիկ լեռնային երկիր էր Արևմտյան Հայաստանը, որի բնիկ տերերը դիմացել են դարավոր ոսոխների հարձակումներին, սակայն միանգամից կորցրել են իրենց տունն ու տեղը, իրենց կյանքն ու «բերդապարիսպ հայոց ժայռերը»:
Հիմա կան այդ ժայռերը, իսկ չկա հայը.
Կայծակնանետ երկնքի տակ,//Քարը-քարին, հուշը-հուշին,// Մենք բացակա ձեր ներկայից//Դուք հար կանգուն ու վեհ ներկա:
Ցեղասպանությունը դարձել է Կամիլայի հոգու տառապանքը, և նա արտահայտում է իր ցավը.
Տեր Զորն է իմ մեջ ոռնում,// Որպես արյան հուշարձան:
Իրավացի զայրույթը խեղդում է նրան, որովհետև աշխարհը այդ ահասարսուռ ոճրագործությունը մոռացել է ու չի էլ հիշում, թե ինչ արին հայերի հետ, ընդհակառակը, սուտն է իշխում, կարծես ոչինչ էլ չի եղել.
Ստի միագործ դիմակն է// Ծածկել երեսը լռության:
Հոգևորը Կամիլայի համար առաջնահերթ է, և այդ հոգևորը նա տեսնում է թե՛ Բախի երաժշտության և թե՛ նահատակ Եղիշե Չարենցի քերթվածներում: Ու նրանց է նվիրում իր բանաստեղծական խոհերը: «Մահերգս» քերթվածում, գրված 2018-ին, Կամիլան, որը ծանոթ է հանճարեղ Չարենցի գողգոթային, նահատակ բանաստեղծի խռովահույզ հոգով մերժում է բոլոր նրանց, ովքեր հետո՝ տարիներ անց, մոռանալով հանճարի նկատմամբ կատարած իրենց աններելի մեղանչումները՝ կամենում էին դառնալ նրան համակրողներ:
Չարենցը՝ «նաիրյան բանաստեղծության դոֆինը», հոգնած հալածանքներից՝ իր դստերն՝ Արփենիկին հիշեցնում է.
Սիրի՛ր հանճարը հայ,//Որ դարեր շարունակ մաքառել է.//Եվ իբրև իր փառքը վերջին//Քո հորն է լույս աշխարհ բերել:
Կամիլան հիացած է Չարենցի քնարով, նա հիշեցնում է, որ նոր սերնդի շուրթերին հնչում է «Ես իմ անուշ Հայաստանի» տաղի խոսքերը, նույն կերպ Չարենցի երգերը դարձել են հայի յուրօրինակ ինքնության վկայականները, և այդ ամենը նա ամփոփում է «Տաղ կարոտի» քերթվածում:
Կամիլայի բանաստեղծություններում տեսնում ենք արևմտահայերենի լեզվական դրսևորումներ, որոնցով նա փորձում է իրար ձուլել մեր երկու հիասքանչ լեզվաճյուղերը: Նա հոգեբանական ուշագրավ բանաձևումների վարպետ է.
Ծովը շնչահեղձ ալիքվեց,//Երբ նրա ջրերից դուրս հանեցին//Ձկանը:
Կամիլայի «Ծաղկած ցավ» նոր ժողովածուն բացվում է Ֆելիքս Բախչինյանի ջերմ ու ընդարձակ առաջաբանով: Մի բան պարզ է. բանաստեղծուհին իր խոհերը, որոնք լիովին ինքնատիպ են ու սեփական, ձևակերպում է աստվածային ներշնչմամբ, և իրապես այն հաղորդություն է ստանում նախախնամությունից:
ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԸ ՇԱՂԿԱՊՈՂ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻՆ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
