ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծուհի, արձակագիր
ԴԱՐԻԿՈ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
ծննդյան 60ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ՝ ԱՂՈԹՔԻ ԱՍԱՑՈՒՄՈՎ
Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու
Դարիկո Խաչատրյանը ստեղծագործական լուրջ ճանապարհ է անցել: Ճանապարհի ողջ ընթացքում նա կյանքի խառնապատկեր տեսանողն է, որտեղ գեղեցիկի տեսիլը իջնում է անկանոն՝ բանաստեղծուհու արյան տեսիլում ընդգրկվելու տարասկիզբ ռիթմերով: Դարիկոն քանոնով չափումներ չի անում. դա մոդեռնապաշտ բանաստեղծների գործն է, ովքեր բազմաբարդ չափումների արդյունքում հույզն ու զգացմունքը դուրս են թողնում բանաստեղծությունից՝ այն վերածելով խաչբառի կամ խաչված բանաստեղծության: Նրա բանաստեղծություններում առանձնանում է սեփական ճակատագրի թեման՝ անխառն թե խառնված այլ թեմաների: Քնարական «ես»ը ակտիվ է, որը, ինչոր տեղ, անգամ մենախոսության պահով աշխարհի հետ բանավիճելու հետևանք է: Գեղագիտական զինարանը բանաստեղծի համար մարդկայինի ապացուցման համակազմ է:
Առանց մարդկայինի, ըստ Դ. Խա չատրյանի գեղարվեստական տրամաբանության, գեղեցիկի տեսությունն իմաստազուրկ է: Նրա պոեզիայի ամենալավ նմուշներից է «Բախտը» բանաստեղծությունը, որն իր մեջ ամփոփում է հեղինակի գեղագիտական թիրախային ըմբռնումները: Բանաստեղծի տեսադաշտում կենդանի կակաչն է, որի հետ երկխոսում է նա: Կակաչը գեղեցկության հրաշքն է, սակայն ծաղկի սրտին նկարված է սև խաչ: Բանաստեղծուհին սիմվոլիկ այս պատկերով մոտենում է մարդուն և նրա ճակատագրական նշանին: Դ. Խաչատրյանի բոլոր ժողովածուներում, այդ թվում՝ «Անմեռ երգեհոն», ուղղակիորեն և ենթատեքստային լեզվով գաղտնազերծվում է մարդու այսկողմնային և այնկողմնային աշխարհների անտեսանելի կապը:
Բանաստեղծուհին թափանցում է իրերի և երևույթների ետնաբեմը, վեր հանում մարդու բնազդներում ննջող երկնային, վերին ձգտումները: Նա իրական կյանքում առաջնորդվում է տեսիլներով, որոնք ավելի իրական են, քան բուն իրականությունը: Սա չի նշանակում, թե Դ. Խաչատրյանը հայացքը գոցում է իրականության առջև: Նրա գեղարվեստական հայեցողությանը ի վերուստ շնորհված է հոգևոր միջնադարից սկիզբ առած մի իրականություն, որտեղ կենդանի հոգին շարժում է մարդուն, տանում անեղծ, միայն կատարյալներին հասու ճանապարհով: Դրա վկայությունները շատ են, ինչպես, օրինակ, վերը նշված «Բախտը» բանաստեղծությունը, որտեղ տիեզերական գեղեցիկը համադրված է պարզագույն տարրերով՝ «չորս կարմիր ծաղկաթերթերով» ու սրտին «նկարված սև խաչով»: Այս համադրությունն ավարտուն է, որովհետև ամփոփում է ճակատագրի ասքն ընդհանրապես: «Սև խաչը» ոչ թե ավանդաբար ընկալվող ճակատագրի ծանր գիծն է խոհրդանշում, այլ բանաստեղծուհու համար կակաչի տիեզերական համադրության տարրն է: Թերևս չորս կարմիր թերթերի և սև խաչի համադրությունը հավերժականի ընկալմամբ է նախասահմանվել:
Դ. Խաչատրյանը գնում է բարդ սիմվոլիկայի ընտրության ուղիով: «Անմեռ երգեհոն» ժողովածուի «Խնդրանքներ Տիրոջը» բաժինը աղոթասացական է, որի արմատներն իջնում են միջնադար և կենսունակ են մշտապես: Տիրոջը խնդրանքներում բանաստեղծուհին ներկայացնում է առօրյա կյանքի սուր հակասությունները և հիմնականում ազգային բարոյախոսությունից շեղումները:
…ոչինչ, որ կազինոների,//գիշերային ակումբների//անվանումները հայերեն չեն՝ // դրանք մերը չեն: («Աղոթք»)
«Աղոթք»ի ոգին փոխվում է վերջնամասում` դառնալով հիմն այբուբենին: Անցումը բնական է, չկա ուրիշ աղոթք, այբուբենից բացի: Ահա այբուբենի ներբողից մի հատված.
Երկնառաք երգով//Զատելով զորեղ// Էակն Էության,//Ըղձանքն ընտրյալի:
Այբուբենի տեսիլը դառնում է համահավաք: Բանաստեղծուհին այբուբենի մեջ է տեսնում գերԷությունների գոյությունը: ԳերԷություններ, որոնք «մշտնջենական մաքառման» մեջ են:
Փիլիսոփայական խորքը ձգում է բանաստեղծուհուն: Լավագույն օրինակը «Մտածողը» բանաստեղծությունն է: Ռոդենի «Մտածողը» քանդակվել է, երբ «ատոմի միջուկը չէին ճեղքել…», և բանաստեղծուհին նախանձում է նրան: Հասկանալի է փիլիսոփա բանաստեղծի ընդգրկուն խոհը. «Մտածողը» հակադիր է ատոմային սպառնալիքին: Չափազանց անսպասելի է խոստովանությունը այն մտքի, որ՝ //պատրաստ չեմ ես հաջորդ կյանքին//դրա՞խտ, թե՞ դժոխք՝ միևնույն է//… Սովորաբար «հաջորդ կյանքի» քրիստոնեական պատկերացումը չի վիճարկվում: Դ. Խաչատրյանը, իրեն պատրաստ չհամարելով «հաջորդ կյանքին», կառչում է իրական կյանքին: Բանաստեղծության շարունակությունը մարդկային հոգու ալեբախման արձագանքներն են:
Հակադրությունները խորն են ու ճակատագրական: «Երբ մոռացված եմ որպես անհայտ մի բրածո». այսպես է բարձրաձայնում բանաստեղծուհին մարդու լքվածության ցավը: Ծանր պատկերները հաջորդում են իրար: Ահա և անսպասելին՝ «Ես ցիրուցան շերտ եմ երկնային օզոնի»: Անսպասելի, սակայն կատարյալ է, որպես մարդու էության անկումն արտահայտող պատկեր: Մարդու էության անկումից փրկությունը բանաստեղծուհին տեսնում է իրեն բնորոշ հրաշալի պատկերում. «…երբ բարձրացրին ինձ վերև արծիվները երգի»:
Սակայն վար մնացածի պատկերը սարսափազդու է բանաստեղծի համար: Խտացող պատկերների շարքն ընդլայնվում է՝ ընդգրկելով ներքին ընդվզումի նոր բևեռներ՝ անձնականին ձուլելով հայրենիքի ցավը. «Երբ կիսատ մարմին եմ հայրենիքիս նման»: «Անմեռ երգեհոն» ժողովածուն լի է փոթորկալի հույզերով, մարդու ներքին բախումների լուսաստվերներով: Դ. Խաչատրյանը բանաստեղծությունը գիտի որպես հոգու գաղտնիքի. տիեզերական խորհրդավորության վրա բացված պատուհան: «Օրվա հրաշքը, որը կոչվում է բանաստեղծություն» քերթվածում հիանալի բացահայտված է հնչյունի, բառի վերերկրային առաքելությունը: «Մի ծաղկադեմ Եկվոր» հնչյունները վերև է տանում, Եկվորի քույրը. «…գրերս ամբողջ տարավ վերև»: Բանաստեղծուհու ապրած օրերը ևս վերև են տարվում. «Իմ կարապն է լողում լճակները դեպի,//որ հասնի ու լողա Աստծո աչքերում…»:
Բանաստեղծության ավարտի այս տողերում արտահայտված են արվեստի ու կյանքի բովանդակային երկնային կշիռները: Բանաստեղծուհին օրվա հրաշք է համարում բանաստեղծությունը, և փաստորեն նա ապրում է Տիրոջ պարգևած այդ հրաշքով: Բանաստեղծությունն ունի տոնական ներքին գույներ, ինչը կյանքի հրաշքի զգացողության արդյունք է:
Դ. Խաչատրյանի ինքնաորոնումներն ընթանում են հոգևորի սահմանում: Նա ունի մի բանաստեղծություն, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Հոգևորի սահմանում»: Մարդկային երթն, ըստ այդ բանաստեղծության, տրված է կանչին «այլաշխարհիկ»: Բանաստեղծուհու մտապատկերում ջուրն է (նկատի ունի սուրբ ջուրը՝ հոգիները մաքրող իր խորհրդով), «ուր զույգ լեռներն են լվացվում»: Այս այլաբանությունը սուրբգրային ակունք ունի.
և էլ ոչ մի ձգողություն//մեր քայլերը ետ չի պահի…
«Այլաշխարհիկ կանչը» բավական է, որ վերանա երկրային ձգողությունը, և «մեր քայլերն» ազատ անծիրն ընթանան: Ավետարանային մտածողության լիցքերը բոցավառում են բանաստեղծության պատկերները: «Խնդրանքներ Տիրոջը» շարքում առանցքային է ավետարանական ակունքներից սնված պատկերակարգը:
Դիպուկ այլաբերությամբ ներկայացվում է ճակատագրի շեղվածությունը: Սահմռկեցուցիչ է ճակատագրի խեղման պատկերը. Հաճախ է մորս տերողորմյայի թելը կտրվում,//ու ցրիվ են գալիս հատիկները…//(«Ե՞րբ է ակնթարթն արդարի»): Բանաստեղծուհին մտահոգ է, թե ո՞վ է այդ գործն իր փոխարեն անելու երկնքում: Սա ճակատագրի դժբախտ կանխատեսման երկրորդ աստիճանն է. հավիտենական կյանքում ևս կարգաբերման խնդիր կա: Ասվածը դուրս է սուրբգրային խոսքի տիրույթից: Երկրային ցավերն, ըստ Դ. Խաչատրյանի, բռնում են նաև երկնային ուղեծիր: Ահա թե ինչու է նա Տիրոջը խնդրում՝
Մի՛ տանիր զմեզ ի փորձություն,//ո՛չ երկրի վրա, ո՛չ երկրից անդին… («Մենք չենք գուցե»)
Դ. Խաչատրյանը մարդու ճակատագիրը ամբողջական է դիտում երկու աշխարհներում՝ չտեսնելով «այս» ու «այն»ի տարբերությունը, քանի որ դա Ճակատագիրն է Մարդու, որից առավել մտահոգիչ ոչինչ չկա: Կենդանի իրականությանը գալիս են փոխարինելու երազները, որոնք այդ իրականության չար ու բարի տեսիլների խառնուրդ են: Երազ առաջինում («Ափսո՜ս, անհասցե էր») քնարական «ես»ը ետհասցեներից զուրկ է, ուրեմն և ապրվածը անդարձ է: Երկրորդ երազում աննշան սյուժետիկ պատումով նա Տիրոջն է ներկայացնում բանաստեղծական ստեղծագործության վերաբերյալ իր պատկերացումը, ըստ որի՝ այն ոսկե գնդասեղով փոքրիկ բնական վարդ է, որը լույս է արձակում ու շողում: Դա նույն իր՝ Տիրոջ տվածն է: Տերը նաև բանաստեղծին դրախտն է կամենում՝ ստեղծագործելու համար: Այնինչ բանաստեղծը գերադասում է տառապանքը երկրի վրա: Նա սովոր է, որ կյանքը մախաթի պես իր սիրտը ծակի, ու նոր գրիչ վերցնի:
«Որտե՞ղ է իմ տեղը» բանաստեղծության մեջ փրկչի և փրկվողի դժվարին հարաբերություններն են քննվում: Ավելի ճիշտ՝ մենախոսում է փրկության սպասողը, և պարզվում է, որ նա է սրբել խաչվող Աստծո ձեռքից հոսող արյունը: (Մարդկանց այս տխուր աշխարհում//որտե՞ղ է իմ տեղը)… Ճիշտ տեղը՝ սահմանված Աստծուց, փրկությունն ինքն է, բայց այդ տեղը առայժմ չկա, բացակայում է: Սեփական հոգին այնքա՜ն լեցուն է, որ Աստված դժվար թե երկնքի որևէ անկյունում նրան տեղ անի: Անսովոր մտապատկերները գրավում են ինքնաբուխությամբ:
«Առաքելություն» բանաստեղծության երեք մասերը սկսվում են. «Հայր մեր, որ երկնքում ես…» տողով: Առաջին մասը խիստ դրամատիկ է. քնարական «ես»ը Հորը ցուցանում է իր անհաշիվ դեղահաբերը և խոստովանում, որ հանուն Տիրոջ է երկարացնում իր երկրային ժամը: Սա անսպասելի շրջադարձային միտք է: («Հայր մեր, որ երկնքում ես.// Բյուր էին իմ անցնելիք նեղ դռները»)… Երկրի և երկնքի հեռավորությունը տառապանքի աղբյուրն է. «Քրքրվել եմ արդեն…». սա ճակատագրի ձեռագրով է գրված: Իսկ այն, թե երկնային Հայրը ինչ հանձնարարություն է տվել, որը կատարված է, մնում է գաղտնիք: Գաղտնիքը բանաստեղծության խորքն է:
Դ. Խաչատրյանը ծիածանի յոթ գույնի մեջ յոթ ձայն է տեսնում (գույնն ու ձայնը հոգևորի երկու տարրերն են): Բանաստեղծուհին գույնի խորհրդանիշի մեջ է առնում ողջ հոգևորը:
«Հարափոփոխ ընթացքի գույներում» քերթվածի ավարտը ևս անսպասելի է: Տիրոջը դիմումը անասելի սրտառուչ է.
Մի՛ թեքիր գլուխդ, դի՛ր ուսիս,//ոչինչ, որ ճակատիդ փշե պսակ է,//և ուսս կարյունի…
Դ. Խաչատրյանը հասնում է Աստծո մարդեղացման սահմաններին: Խորանում են հարցադրումները, որոնք նաև շրջում են ընդունված մտահոսքերը: Որքան ողբերգական է Աստծո մարմնի փրկության վերաբերյալ մտահոգությունը, որը գերազանցում է հնարավորի բոլոր սահմանները և թևակոխում աբսուրդի ծիրը.
Ինչպե՞ս փրկեմ քո մարմինը,//որ տվեցիր մեզ իբրև հաց…
Կենաց գաղտնաթվերը բանաստեղծուհուն գրավում են: Իռացիոնալ աշխարհը, պարզվում է, ավելի է մարդեղացած, քան իրականը, և այդ աշխարհում սքանչելի տեսիլները բերում են մարդու երազանքների իրականացումները.
Պիտի ջանամ, պիտի հասնեմ // հուլիսյան զանգերին արևի… («Մնացեք անմահ զորությամբ»)
«Արևի զանգեր» կապակցությունը լսելի է դարձնում տիեզերքի թարմ, մաքուր ղողանջները: Մաքուր և համատարած ձայնի մեջ արթնանում են գույնի տեսիլները.
Կապույտն՝ արևին, ոսկին՝ ձկանը…
Ոսկե պատրանքների մեջ իրենց տեղերը խառնում են իրերը, և սկսվում է խորհրդանիշերի աշխարհը: Հոգին տված այլաշխարհային հոսքերին, բանաստեղծուհին տեսիլներով է զորացնում իր ներաշխարհը: Հարուստ ներաշխարհով քնարական «ես»ը կարող է ընթերցել «այսօրվա գիրը հոգնած եթերի»: («…որ շահի բառի աչքը հարդարուն») Մաքուր բառը բանաստեղծուհուն երևում է շապիկով, ասել է թե՝ դա ճերմակ բառն է, որով ցավը հաղորդվում է «առանց փորձության»: Այդ ցավը երևի թե հոգիների կարոտի ցավն է՝ սպիտակ բառի անկշռությամբ: Այն հառնում է «մենության խորքից»:
Դ. Խաչատրյանի պոեզիան որոշակի տարրերով նորարարական է:
Թարմ մտածողությամբ կերտվում են անակնկալ զգացողություններ ներկայացնող պատկերներ: Ահա, օրինակ.
Մենությունս որտեղի՞ց է գենվել, մեխվել//ցանկապատին կյանքիսորպես հասցե… («Անքննելի հարց»)
Մենությունը մարդու հասցեն է. չափազանց ընդգրկուն պատկեր է:
Բանաստեղծուհին իր խոսքով եկել է վկայելու: Սա այն վկայությունն է, որի հիմքը հավատն է, այնկողմնայինից եկող ազդանշաններն են: Ահա թե ինչու տոնականությունը մնում է բանաստեղծությունների ներքին հատկանիշը: Դ. Խաչատրյանի ճակատագրի տված տառապանքը կրելու պարագայում անգամ բաց չի թողնում «յուրաքանչյուր օրվա հարսանիքի համար» մտատեսիլը: Տոնականությունը պետք է ընկալել որպես կենսապաշտության դրսևորում:
Կենսապաշտությունը, սակայն, մոռացնել չի տալիս անձնական տառապանքի ծանր ռիթմը: Դրանք զուգահեռում են միմյանց՝ ավելի լայն ներկայացնելով կյանքի երկու երեսը («Աստղիմաստ», «Պահ կտաք», «Հուզատրոփ այս ժամանակում», «Հարկավոր է»):
Չարի ու բարու հակադրությունը, այնուամենայնիվ, լուծում չի գտնում. Տերը հոգնել է «անպատասխանից»: («Հուզատրոփ այս ժամանակում»)
Կյանքի ռեալ զգացողությունը տանում է դեպի տառապանքի խորքը, որտեղից ելնելու ուղին հոգևորն է, «հոգու գիրը».
Հոգուս գիրը հարկավոր է//երկինքներում ապրող մարդկանց… («Հարկավոր է»)
Նրանք, ասել է թե, հրեշտակներն են: Իսկ իրական մարդու հոգին «դանայան տակառ» է. չի լցվում, և գոյաբանական սովը սպառնում է մարդուն, ինչը և տառապանքի աղբյուրն է: Դ. Խաչատրյանը խախտված է տեսնում դաշնության և անդաշնի չափուկշիռը: Մարդու ներաշխարհը ոչնչով չի հագենում. ուրեմն տառապանքը այդ հիմքով մարդու ճակատագրի անբաժան մասն է: Փիլիսոփայական մտքերը թե՛ սփոփանք են բերում և թե՛ խորացնում ողբերգության ռիթմերը: Աշխարհընկալման դրական ու բացասական երանգները զուգահեռվում են «Անմեռ երգեհոն» ժողովածուի բոլոր բանաստեղծություններում: «Խնդրանքներ Տիրոջը», «…ու տեսանելի» շարքերը, «Հրավերք նվիրման» պոեմը, էսսեները կյանքի ու տիեզերքի հետ բարդ երկխոսության արդյունք են: