Երեք տասնամյակ առաջ, Անկախության շարժման հզոր ալիքի ներքո, մասնավորապես, արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հաղթական ելքի և Արցախի Հանրապետության ինքնորոշմանն ուղղված իրավական քայլերի համատեքստում օրակարգային դարձավ այդ ամենը նաև պատմագիտական, գրական-մշակութային փաստերով, վերլուծություններով հիմնավորելու և ամրապնդելու խնդիրը: Ավելորդ է ասել, որ այսօր, երբ 2020 թվականի 44-օրյա երկրորդ պատերազմի արդյունքում, ցավոք, մենք դարձյալ կանգնել ենք հազարավոր հայ քաջորդիների կորստի և Հայոց Արցախի պատմական տարածքների մեծ մասի բռնազավթման փաստի առջև, անշուշտ, ավելի է շեշտադրվում նշված խնդրի իրականացման կարևորությունը:
Ըստ էության, հենց այդ նպատակին է ուղղված արցախցի բանաստեղծ, արձակագիր, բանասեր, գրականագետ, մանկավարժ, Արցախի և Հայաստանի գրողների միության անդամ Զինաիդա Բալայանի «Արցախը XlX դարի հայ գրականության մեջ» ծավալուն (831 էջ) մենագրությունը (Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2021), որը նա բոլորովին վերջերս հաջողությամբ պաշտպանել է որպես դոկտորական ատենախոսություն:
Նախ ընդգծենք, որ սույն մենագրությունն արդյունք է հեղինակի տասնամյակների հետազոտական տքնաջան աշխատանքի: Մինչ այս նա հրատարակել է «Արցախը XlX դարի հայ գրականության մեջ և մշակույթում» ընդհանուր խորագիրը կրող ուսումնասիրության առաջին մասը՝ «Պլատոն Զուբովի «Ղարաբաղի աստղագետը» պատմավեպը» ենթավերնագրով (Ե., «Հայաստան», 2004), ինչպես նաև «Մուրացանի գեղարվեստի պարադիգմաների փիլիսոփայական մեկնությունները» (ԱՀ, «Վաչագան Բարեպաշտ», 2014) պատմաբանասիրական ուսումնասիրությունները: Ի դեպ, Զ. Բալայանի հիմնավոր և ծավալուն (352 էջ) անդրադարձը Պլատոն Զուբովի՝ Արցախին նվիրված պատմավեպին, պատահական չէր: Ժամանակին այն արժանացել է հայ շատ մտավորականների, գրողների, այդ թվում՝ Րաֆֆու ուշադրությանը, այն աստիճան, որ նա թարգմանել է վեպը հայերեն (1882 թ.): Ինչպես անցյալի, այնպես էլ ներկայի հետազոտողները կարևորել են «Ղարաբաղի աստղագետը» պատմավեպում արտացոլված հաստատումները՝ Արցախի հայության պատմական արմատների, հայ-պարսկական, հայ-ռուսական, ռուս-պարսկական փոխհարաբերությունների, իր ինքնության համար արցախահայության դժվարին պայքարի, նաև ողբերգական հետևանքների վերաբերյալ:
Աշխատության «Առաջաբան»-ում բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը նկատում է. «Կան ժողովրդի գոյատևման հետ կապված երևույթներ, որոնք անհատներին տանում են դեպի գիտություն»: Ըստ այդմ, նա համոզված է, որ մենագրության հեղինակին դեպի Պլ. Զուբովի պատմավեպը մղած «ներքին կամ արտաքին գաղափարը» եղել է «Հայոց Աշխարհի Արևելից կողմանց դուռ ու դարպաս հանդիսացող Արցախի ճակատագիրը», այն, որ վեպում «լուրջ խոսք կա» «հին ժամանակներում հայության ուժերով» կառուցված Շուշի բերդի հիմնադրման մասին (էջ 4):
Աշխատության մեկ այլ կարևոր հարցադրումն առնչվում է քննարկվող երկերի՝ մասնավորապես, Րաֆֆու «Խամսայի մելիքությունների» ժանրի ճշգրտմանը՝ գրականությո՞ւն են, թե՞ պատմագիտություն: Ըստ ատենախոսության հեղինակի՝ գրականություն են, քանի որ նախորդ հետազոտող-մեկնաբանները մեծ մասամբ «առանցք են դարձրել ազգային-ազատագրության գաղափարի հարցադրումները՝ անտեսելով երկի սյուժեների ընթացքը հատկանշող տարաբնույթ կենսապատկերների, ժողովրդական ստեղծագործ ոգու իմացական և բարոյական, գեղագիտական, փիլիսոփայական նշանակությունը, կերպարների մեկնության րաֆֆիական հարցադրումները, այդ ամենից ուղղորդված գեղարվեստական-փիլիսոփայական ու հայրենագիտական ընթերցումները» (էջ 151): Ուստի, Զ. Բալայանը երկերի հետազոտությունը կատարել է նաև նշանագիտական, այսինքն՝ ժանրային սահմանների ճշգրտման մեթոդով:
Կարծում ենք, հարցադրումը, ըստ էության, ճիշտ է, քանզի գրողի գրչից ելած ցանկացած երկ (եթե, իհարկե, հայտնի չափանիշներով նախապես մտահղացված գիտական աշխատություն չէ և չի հավակնում այդպիսին լինելու) գրականություն է՝ անկախ ժանրային զանազանությունից՝ հուշագրություն, նոթագրություն, ուղեգրություն, պատմաքննական ակնարկ (ինչպես որակվել է Րաֆֆու «Խամսայի մելիքությունները») և այլն: Այլապես գրականությունից դուրս կմնան հայ և օտարազգի բազմաթիվ դասական գրողների շատ ու շատ գործեր:
Այնուհետև՝ Ապրես Բեկնազարյանի «Գաղտնիք Ղարաբաղի» (1886) գրքի հեղինակի իսկության և այդ երկի պատմական հավաստիության խնդիրը: Հանգամանորեն ներկայացնելով իր ժամանակին այդ երկի վերաբերյալ Լեոյի և Րաֆֆու մերժողական կարծիքները, որոնք մեծ չափով պայմանավորված էին նաև «մշակական-մեղվական» պայքարով, նրանց և գրքի իրական հեղինակ ենթադրվող թարգմանիչ-հրատարակիչ Մակար Բարխուդարյանի բանավեճերի պատմությունը, Զ. Բալայանն առաջին անգամ խիզախում է վերագնահատել այն: Կասկածի տակ չառնելով հիշյալ երկի հեղինակի և նրա թարգմանիչ-հրատարակչի իսկությունը, ուրեմն և՝ շարադրանքի պատմական հավաստիությունը, նա նաև ընդգծում է, որ գրքում «գեղեցիկ պատկերներով է ներկայացված ու վիպականացված Արցախը» (էջ 313), հետևապես և՝ «Գաղտնիք»-ը կարելի է համարել Արցախի պատմության և գրականության, հոգևոր արարումների ազգային արժեքավոր հուշակոթողներից մեկը» (էջ 255): Կարծում ենք, այս հարցում ևս խրախուսելի են աշխատության հեղինակի ջանքերը, գրական-պատմական երևույթները նորովի գնահատելու գիտական համարձակությունը:
Մենագրության մեջ ըստ պատշաճի ուշադրություն է հրավիրվում Մեսրոպ Թաղիադյանի «Ճանապարհորդություն ի հայս», Սարգիս Արք. Ջալալյանցի «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» ուղեգրություններում առկա արցախյան անդրադարձներին, որոնցում շեշտվում է Հայոց պետականության վերակերտման գաղափարի անհրաժեշտությունը: Առանձին գլուխներում հանգամանորեն քննվում են Արցախի պատմության ու ներկայի բարձրարվեստ գեղարվեստական արձագանքները ներկայացնող Մուրացանի «Ռուզան», «Խորհրդավոր միանձնուհի», Ղևոնդ Ալիշանի «Արցախ», Մակար Բարխուդարյանի «Արցախ», Լեոյի «Մելիքի աղջիկը» երկերը, ինչպես նաև Արցախը Կոստանդին Մելիք-Շահնազարյանի (Տմբլաչի Խաչան) բանահյուսական նյութի գրական մշակումներում («Զուռնա-Տմբլա», Ա և Բ հատորներ) և այլն:
Աշխատության դրական արժանիքներից է նաև այն, որ հեղինակն առաջին անգամ շրջանառության մեջ է դնում և արժևորում մի քանի ուշագրավ երկեր, ինչպես բազմավաստակ գրող, գրականագետ, պատմաբան, բանահավաք Հայկունու՝ Եղիշե (Հովակիմ) Գեղամյանցի, «Ուխտագնացական ակնարկներ»-ը (1885), որը, նրա հավաստմամբ, «հանիրավի դուրս է մնացել նույնիսկ մասնավորաբար Արցախի պատմության ուսումնասիրությամբ զբաղվող հետագա բանասերների և պատմաբանների ուշադրությունից» (էջ 543), Միսկին Բուրջիի, Առստամ բեկ Աբովյանի, Աշուղ Ղարայի, Սայաթ-Նովայի մի շարք գործեր կամ առաջին՝ ամենահին բնագրեր, որոնք ներկայացվում են աշխատության «Հավելված»-ում:
Հատկանշական է, որ մենագրությունն ունի ընդգծված արդիական ուղղվածություն: Այս իմաստով Զինաիդա Բալայանի աշխատասիրությունը գրված է հայրենասիրական ներշնչմամբ, անցյալի իրողությունները ներկայի հիմնարար խնդիրներին ծառայեցնելու ներքին մղումով, Արցախի և արցախահայության ներկայի ու ապագայի համար սրտացավ մտահոգությամբ: «Գիտական քննության տողերում զգացվում է, որ հեղինակը փաստերի սառը և անտարբեր արձանագրող չէ, այլ ներկայացվող իրադարձություններով ապրող և ալեկոծվող Արցախի դուստրը» (էջ 12), գրքի իր ներածական խոսքում վկայում է բան. գիտ. դոկտոր Վարդան Դևրիկյանը:
Վերջապես, վերը բերված բոլոր դիտարկումներն ամփոփելով, կարող ենք ասել, որ Զինաիդա Բալայանի «Արցախը XlX դարի հայ գրականության մեջ» մենագրությունը նշված ժամանակաշրջանի գրական բազմաժանր երկերում արցախյան թեմայի արտացոլմանը նվիրված առաջին ամբողջական գիտական վերլուծությունն է, որի ասելիքը՝ գրքի ազդագրի հավաստմամբ, հասցեագրված է ոչ միայն գրողներին ու գիտնականներին, Արցախի պատմությամբ, մշակույթով, արցախագիտությամբ զբաղվողներին, այլև «ուսանողությանը, ընթերցող լայն շրջանակներին, ինտելեկտուալ հայությանը…»:
Արժեքավոր մենագրություն՝ արդիական ուղղվածությամբ / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
