Օրերս Բելգրադում հեղինակավոր «Պեշիչ ի սինովի» հրատարակչությունը սերբերենով լույս ընծայեց Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»։ Այդ շնորհակալ գործում իր կարևոր դերն է կատարել Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, որը երկար տարիներ կամրջել է հայ և սերբ գրականությունները միմյանց՝ հրապարակելով տաղանդավոր թարգմանություններ։ Նա Խորենացու գրքի խմբագիրն է և իր առաջաբանում ներկայացնում է, թե ինչպես է ջանացել հայկական անձնանուններն ու տեղանունները հնարավորինս ճշգրտորեն փոխանցել սերբերենի։ Խմբագիրը շնորհակալություն է հայտնում իրեն այդ պատվավոր գործում աջակցած պատմաբան Գեղամ Բադալյանին և սերբ բանասեր, աստվածաբան Պրեդրակ Միյանովիչին, որոնք աջակցել են գրքի ստեղծմանը։ Մովսես Խորենացու անձի և նրա գլուխգործոցի մասին պատմող համառոտ ակնարկը գրված է մեր կողմից։ Նրանում ասվում է, թե 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը, կաթողիկոս Սահակ Պարթևի և Հայաստանի արքա Վռամշապուհի օժանդակությամբ ու քաջալերմամբ, ստեղծեց հայոց այբուբենը: Գրերի գյուտը մշակութային նոր վերելք նշանավորեց. հայ գրականությունը ծաղկեց տարբեր ժանրերով, դրանց մեջ կարևորագույնը դարձավ պատմագրությունը: Դարն անվանվեց Ոսկեդար, և այդ դարի նշանավոր դեմքը դարձավ Մովսես Խորենացին, որը մի խումբ հայ երիտասարդների հետ Եփեսոսի տիեզերական ժողովից հետո (431 թ.) մեկնեց Ալեքսանդրիա՝ այն ժամանակվա նշանավոր հելլենական կրթության կենտրոնում ուսման մեջ կատարելագործվելու: Խորենացին եղել է առաջավոր աշխարհի նշանավոր կրթական կենտրոններում, գիտելիքներ ձեռք բերել Եդեսիայում, Հռոմում, Աթենքում, Բյուզանդիոնում և այլուր: Նա հայրենիք է վերադարձել 441 թվականին: Թողել է բազմաժանր գրական ժառանգություն, կատարել է թարգմանություններ այլ լեզուներից: Թարգմանել է Ալեքսանդր Մակեդոնացու վարքը, որի նկատմամբ ունեցել է յուրահատուկ սեր: Խորենացու գլուխգործոցը «Հայոց պատմությունն» է, որը շարադրել է ծեր հասակում: Գրքի մեկենասը երիտասարդ իշխան Սահակ Բագրատունին էր: Խորենացու «Հայոց պատմությունը» հայերի առաջին ամբողջական պատմությունն է. այն սկսվում է ջրհեղեղից ու Նոյից և հասնում է մինչև 440 թվականը: Սա քննական պատմություն է: Պատմիչն օգտագործել է քաղդեական, հունական, ասորական, վրացական, պարսկական, աղբյուրներ: Օգտվել է Աստվածաշնչից, Հոմերոսից, հայ ժողովրդական բանահյուսությունից: Ներկայացրել է հայ առաջին էպոսը, որն սկսվում է հայերի նախահայր Հայկից: Խորենացին իր երկը գրել է առողջ հայրենասիրությամբ, գեղեցիկ ու անթերի ոճով, դեպի այլ ազգերն ունեցած հարգանքով: Նա օգտագործել է ժամանակագրությունը՝ ասելով, թե չկա ստույգ պատմություն՝ առանց ժամանակագրության:
Խորենացու անունը մտել է եվրոպական նշանավոր հանրագիտարանների մեջ: Օտարները նրան կոչել են հայերի Հերոդոտոս ( Տե՛ս Nouveau petit Larousse, illustré encyclopédique, publié sous la direction de Claude Augé, Paris, p. 1543)։
Հայոց պատմահոր գիրքն ունի միջազգային արժեք: Նրանում հետաքրքիր փաստեր կան Հունաստանի, Պարսկաստանի, Եգիպտոսի, Հռոմի, Բալկանյան երկրների, Վրաստանի, Աղվանքի ու այլ ժողովուրդների մասին: Պատմիչը շատ բարձր է գնահատում կրթությունը, լուսավորությունը: Նրա սիրելի գրողներն են Հոմերոսը, հունական փիլիսոփաները: Նախապատմական ժամանակները ներկայացնելիս լայնորեն օգտագործում է ժողովրդական ավանդությունները:
Խորենացու պատմությունը բազմիցս թարգմանվել է օտար լեզուներով: Առաջինը այն լատիներեն են թարգմանել Գուլիելմուս և Գեորգ Վիստոն եղբայրները և 1736-ին տպագրել Լոնդոնում: Մեր օրերի խոշորագույն ֆրանսիացի հայագետ Ժան-Պիեռ Մահեն, ով 1993-ին տպագրել է Խորենացու պատմության ֆրանսերեն իր նորացված թարգմանությունը, Վիստոն եղբայրների թարգմանության մասին ասել է. «Եվրոպայի գերազանց մտքերը տեսան ուժեղ հետաքրքրություն առաջացնող անկախ մի պատմագրություն» (Moise de Khoren, Histoire de l’Arménie, Nouvelle traduction de l’arménien classique par Annie et Jean-Pierre Mahé, Paris, 1993, p. 16):
Խորենացին գրել է ճշգրիտ պատմություն. 2015 թ. մարտի 10-ին Nicolas Wade-ը “New York Times” թերթում տպագրել է «Հայերի ծննդյան ժամանակը՝ տրված V դարում» հաղորդումը, ըստ որի՝ Մովսես Խորենացին ճշտորեն նշել է հայերի՝ որպես ազգ ձևավորվելու թվականը, որն է՝ Ք.ծ.ա. 2492-ը:
Խորենացու «Հայոց պատմությունը» ամբողջական թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, հունգարերեն, պարսկերեն, անգլերեն, վրացերեն, արաբերեն, թուրքերեն, որոշ լեզուներով՝ մի քանի անգամ:
Մեծ պատիվ է հայ մտավորականության համար, որ այդ հանճարեղ գիրքը թարգմանվում է հայ ժողովրդի համար այնքան սիրելի ազգի՝ սերբերի լեզվով:
XIX դարավերջին և XX դարասկզբին մեր երկու մեծ դասականները՝ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, հիացմունքի տողեր ունեն՝ նվիրված սերբ ժողովրդին: Թումանյանը մեծ սիրով է թարգմանել հատվածներ սերբական էպոսից՝ նշելով, թե սլավոնական ժողովուրդների մեջ սերբերն ամենաազատատենչն են, իսկ Իսահակյանը «Ժողովրդի քնարը» լեգենդով ներկայացնում է ծեր Միրկո գուսլյարի անսահման նվիրումն իր երկրի ազատությանը: Այս գործերը մտցված են հայերի դպրոցական ու բուհական ծրագրերում:
Համոզված ենք, որ Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն թարգմանությունը առավել կամրապնդի հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը: