Բանաստեղծ Նորայր Գրիգորյանի «Մի աշուն, մի տերև, մի աղջիկ» բանաստեղծությունների ժողովածուն նրա հոգեմտավոր աշխարհի միստերիաներն են: Զգացմունքը, դատողությունն ու հոգևորը միահյուսվում են Բնությանն ու մեկտեղվելով` ծնունդ տալիս այն հրաշքին, որ Բանաստեղծություն է կոչվում:
«Անձրևը այս չի դադարի//ձյուն կդառնա մինչև կեսօր//գիտե՞ք՝ արդեն քանի տարի//ես ապրում եմ երկու եսով» (էջ 35):
Կախարդական եռանկյունի է ստեղծել բանաստեղծը, և կյանքը, հուշերը և աշունը, հատ-հատ խոսում են, մոտենում և հեռանում են, և առեղծվածը այդ փոքրիկ տան մեջ ապրում ու հարատևում է: Աշունը Ոգին է, աղջիկը՝ հոգին, իսկ տերևը՝ մարմինը: Ոգին ապրում է, ամեն ինչ տեսնում, և նրա անսահմանության մեջ է Հոգու տեսիլքը արտացոլվում ու զարգանալով վերածվում թռչունի ու ճախրում դեպի մաքրամաքուր գագաթները էքստազի:
«Իսկ Նա ապրում է լեռներից այն կողմ,//ջրերի կապույտ օրորոցներին,//և չտեսնված ամպերի հանգով//ձուլվում անձրևի տաք կաթոցներին…//Դրախտի դուռը չի մնում դատարկ,//այնտեղ ճեմում են աղջիկ ու թռչուն,//երկնափեշերին մշուշով ճերմակ//վաղուց մոռացված երգեր են հնչում» (էջ 50)։
Բանաստեղծի զգայական, մտածող և կամային Ես-ը ոչ միայն անուն չունի, այլև հենց իր ներաշխարհն է. «Ես այն աղջկա արցունքն եմ կապույտ,//որ ջրերից է քամել նա մի օր,//ու պատուհանին մենակ ու թաքուն//արտասվել ամեն Աստծո առավոտ»:
Բայց մի օր աղջիկ-հոգին էլ մարմնավորվել է, էլ չկա. «…տես, պատուհանին աղջիկն էլ չկա,//տես, նա ծորում է տաք հնչյուններից,//որ լույսը դառնա նորից զվարթուն…», իսկ Ես-ը ամբողջացած եթեր է ճախրում. «…տես, թռչունները օրնիբուն արթուն//լույսն են ակոսում նախշուն թևերով://Ես այն թռչունի թևն եմ գույնզգույն,//որ զարդարում է երկինքը ցողով…» (էջ 58)։
Բանաստեղծի ներաշխարհը ամեն մի ակնթարթ վերափոխվում է, հոգին զարգանալով՝ նոր դերեր է ստանձնում, նա մե՛կ աղջիկ-ծառ է, աղջիկ-թռչուն, ձմեռ-աղջիկ, մե՛կ՝ ուրու, մե՛կ՝ աքսորյալ, հինգերորդ եղանակ, և աշունն է ինքը վերապրում հիմա. «Բաց դուռդ, Երկնավոր…» (էջ 22), և աղերսում, որ երկնայինը իր հոգու առաջ բացի Ոգեղենի դռները, որտեղ բանաստեղծը, դեղին հագած, կհասնի բարձրագույն գիտակցությանը և «…գուցե արթնացնի ծերացող երկնքի հիշողությունը//…չէ՞ որ հիմա աշուն է, և բոլոր հրաժեշտները//թռչունների տեսքով հավաքվել են Քո շեմին» (էջ 23):
Աշունը, կեսօրը, կինը, արյունը, հողը, որն իր երկունքն է փնտրում, այս սիրառատ թնջուկում Սերն է իր բոլոր դրսևորումներով. մարմնականը, հոգևորը, աստվածային և ամենը Բնության գրկում մաքրված, որպես մի ամբողջություն: «Հողը փնտրում է զարկերակը իր,//բոբիկ ոտքերով աշունն է անցնում//Բոբիկ ոտքերով անծանոթ մի կին//աշնան հետ հողին երակ է բացում» (էջ 63):
Բանաստեղծը ափսոսանքով և խնամքով է վերաբերվում իր աշնանը, իր կյանքի գեղեցիկ եղանակին, որը նրա ապրումներում, ինչպես ալվան ծաղիկ, պսպղում է և լույս է տալիս, և ջերմություն, և բանաստեղծություն: Նրա սրտում Տերյան փողոցով անցնող հիշողությունն է. «…մի քամի՝ հերարձակ, հպանցիկ,//հոսում է աղջկա տաք ծոցով…» (էջ 3), իր կյանքի աշունն է, որ արթնանում է նրա հոգում, գրկում է նրան. «տերևը աղջկան բոլորեց//ու դարձավ դեղնավուն մի ծաղիկ», և ծնվում է ոգին:
Եվ այս խելահեղ, այս անհնարին պահին, պոետի միտքը հեռու է, և հոգու հետ միաձուլումը նույնիսկ երազում մնում է անիրագործելի, լուսավոր մի ձգտում. «Պոետը անսահման վերև էր,//աղջիկը՝ անձրևի թաց ծոցում»:
Ինչպես հին պայտը, որը խորհրդանշում է կապը տիեզերքի և մարդու փոքրիկ աշխարհի հետ, բանաստեղծի սրտում, այն խորհրդանշում է սերը, և երբ նա մոռացության փոշուց մաքրում է նրան, ասես նորանորոգում է, և զգացմունքը հորդում է գարնան կարոտով. «Հին պայտի նման//սերն ընկած էր ճանապարհին…//…թռչունները պատուհաններից ներս մտան//դռնից դուրս եկան…//…իսկ անձրևի հետ հին մեղեդիները//թափվեցին պատերի ճեղքերից…//որովհետև հիշելիս…հին մեղեդիների հետ//տաք արցունքներ էին գլորվում» (էջ 4):
Գիրքը գրողի հոգու խորանն է, որտեղ բանաստեղծը գողտրիկ բանաստեղծական պատկերներով խոսում է ինքն իր հետ, և այնքան զուլալ ու կանչող է այն, որ ուզում ես շարունակել նրա հետ ճախրել անհունների վրայով դեպի Լույսը: Պոետը քաոսից անձեռակերտ ապարանքներ է հյուսել բանաստեղծական, որտեղ Լոգոսի չորս սլաքներն են մեկտեղվել իր ներաշխարհում:
Բանաստեղծի հոգին՝ աղջիկը, և տղան՝ ոգին, «…ապրում էին դեմ դիմաց,//մեջտեղում՝ մի ապակի…», երբ հասունացած հոգին գտնում է ոգուն, իր սիրեցյալին… «հիմա այնտեղ մի աղջիկ//դիմացն ահա մի տղա//ջարդում են մի ապակի//փշուրներով որ խաղան,//քո աչքերով մի աղջիկ,//իմ աչքերով մի տղա,//ու ապակու զույգ գնդիկ,//որ այտերը մեր լվա…»( էջ 47), խաղը չի ավարտվում, շարունակվում է սուրբ միավորման ակնթարթում, որը էլ մարդկային չէ, դուրս է նրա Ես-ից և զգացմունքներից:
Բանաստեղծություններում բնությունն ու մարդը, որ կատարելության է ձգտում, անբաժան են, սա կատարսիսի հասնող հոգեվիճակ է, որտեղ չկա ոչ մի լարվածություն, կա նիրվանայի ձգտում և անկեղծություն: Ոչինչ չի հորինել բանստեղծը, ճշմարիտ, խորը մարդկային ապրումներ են, որտեղ չկա մահվան սպասում ու վերջաբան, ամեն ինչ սկսվում է հոգևորից և շարունակվում Աստվածային սուբլիմացիայի բարձրագույն ոլորտներ. «Աստղերը թեք զարդ են պեծկլտուն//ու ջրերը հեգ՝ խոսող զարդուղի//մեկն ինձ դարձրեց երազների տուն…//հոսում եմ գինու, ցորենի վրա//և կավի վրա իմ զարմանալի…//գինի է հոսում իմ անոթներից//ցորեն՝ ձեռքերից ու մազերից շեկ…//Այս ճամփաներին ես նոր անցորդ եմ,//մախաղս՝ դաղձով և ուրցով լցված,//այն զարմանալի երկրի ճամփորդն եմ,//ուր սահմանները ցավից են գծված» (էջ 66):
Նորայր Գրիգորյանի և՛ ասելիքն է շատ ու բազմանիշ, և՛ տրվածն է շռայլ ու հոգեթով, թող նրա բանաստեղծական այս սիրազեղումները շարունակվեն իր հոգում՝ որպես Ոգեղենի հաղթանակ ու պսակ: