Մուշեղ Իշխանի «Հայաստան» պոեմը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մուշեղ Իշխանը խիստ ինքնատիպ բանաստեղծ լինելու հետ մեկտեղ նաև գրականության հրաշալի ու նուրբ տեսաբան է, գրականագետ, գրաքննադատ: Հայ գրականության, հատկապես Սփյուռքի գրողների մասին նրա հեղինակած գրքերն ու հոդվածներն ամենաստույգ ու համապարփակ պատկերացումն են տալիս այն բարդ ժամանակի մասին, որ ապրեց հայ ժողովուրդը Ցեղասպանության օրերին և դրանից հետո, երբ դարձավ մեծ աշխարհի քաղաքացին: Այս իմաստով նաև հենց Իշխան գրողին ամբողջությամբ, առանց վերապահության ճանաչելու համար կարիք կա ուշադիր ու խորությամբ ուսումնասիրել նաև նրա ոչ գեղարվեստական, գրականագիտական, վերլուծական գործերը` ծանոթանալու նրա` հայ գրականությանը, նրա դերին ներսից նետված հայացքի ինքնատիպությանը, պատկերացում կազմելու այն միասնական մշակութային օրգանիզմի ու նրա բերած գեղարվեստի մասին, որ կոչվում է սփյուռքահայ գրականություն:

Դրա կարիքը կա առավել ևս այն ժամանակ, երբ մենք խոսում ենք Իշխանի հայրենասիրության թեմայի շուրջ և հատկապես «Հայաստան» քնարական ծավալուն պոեմի մասին: Իր մեծ ուսուցչի` Հակոբ Օշականի գրական հասունացման վերընթացն արժևորելիս Մ. Իշխանը գրում է. «Օշականը սկզբնական շրջանին միջազգային գրական չափանիշներով կը սիրէր մօտենալ մեր հին ու նոր գրողներուն, առանց նկատի ունենալու ժամանակի, միջավայրի եւ պայմաններու ազդակը: Տարիներու հետ յեղաշրջուեցաւ իր այս ըմբռնումը եւ սկսաւ հայ գրողի մէջ ամէն բանէ առաջ փնտռել հայեցիութիւնը, այսինքն ազգի հոգին եւ արեան ձայնը: Իր գրչին կը պատկանի հետեւեալ յատկանշական խօսքը. «Գրականությունը կարելի է ազատագրել բարոյականէն, բայց ոչ արիւնէն»: Կամ. «Գրագէտ մը հարազատ է որքան աւելի շատ արդար տարրեր վեր բերէ ցեղային զգացութեան աւազանէն»:

Մուշեղ Իշխանի գրականության բովանդակությունը հեղաշրջվելու կարիք չունեցավ, քանզի այն ի սկզբանե ներծծված էր հայրենապաշտությամբ, արյուն ու թթվածին էր ստանում «ցեղային զգացութեան աւազանէն»:

Վ. Շուշանյանի հայրենասիրական բանաստեղծությունները վերլուծելիս Մ. Իշխանը միանգամայն անսպասելի ու անկեղծ նոտայից է սկսում իր վերլուծությունը` ասես մարտահրավեր նետելով թե՛ Շուշանյանին, թե՛ ինքն իրեն. «Ո՞վ է այս հայրենիքի կարօտախտէն բռնուած տղան, որ շարունակ Հայաստան ու հայրենիք է երազում, գիշեր – ցերեկ հայ լեզուի քաղցրութեամբ է գինովցած»,- հարցնում է նա` պատասխանը գտնելու համար խիստ պարտավորվելով լինել չափազանց խորագետ, շիտակ ու նրբանկատ: Իշխանը կարող էր լինել այդպիսին. չէ՞ որ այն նույն միս ու արյունից է նաև իր գրականությունը, որին նա տվել էր զուտ իշխանական ազնիվ մի անուն` «հայրենիք չտեսած ու հայրենիք պաշտող տարագիր սերնդի գրականութիւն»: Գուցե հենց դա է պատճառը, որ «Հայաստան» պոեմի բնաբանը Մուշեղ Իշխանն ընտրել է Հովհաննու ավետարանի հետևյալ խոսքը. «Երանի որոց ոչ իցէ տեսեալ եւ հաւատասցեն»:

Մուշեղ Իշխանի «Հայաստան» պոեմը, որը լույս տեսավ 1946 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, հայրենիք չտեսած սերնդի հայրենապաշտության հոգու տաք ճիչն է: 1946-ը հայության համար ընդունված է անվանել «մեծ յոյսերի տարի»: Առաջինը` տեղի ունեցավ մեծ հայրենադարձություն` իրականություն դարձնելով հայության տարագիր հատվածի` հայրենի հողի վրա ապրելու ու հանգչելու տարիների երազը: Սփյուռքի հայության մի ստվար զանգվածի համար հայրենիքն այլևս կարոտախտի գրականության վեպ կամ բանաստեղծություն չէր, այլ իրական տարածք, երկիր, պետություն` իր թիզ ու կես հողով, նորոգվող կյանքով, իր քաղցրությամբ և իր տված շառաչուն ու այրող ապտակներով: Այդպիսին էր Խորհրդային Հայաստանը, այն հայրենիքը, որի մասին երազում էր Սփյուռքում ապրող ամեն մի հայ:

Սակայն տարին կոչվում էր «մեծ յոյսերի» ոչ միայն այնպիսի գլոբալ իրադարձությունների պատճառով, ինչպիսին` թող որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտն էր կամ հայրենադարձությունը: Կար ոչ պակաս գլոբալ ու շատ կարևոր մի խնդիր ևս` բացառապես հայ ժողովրդի ու Հայաստանի համար` Արևմտյան Հայաստանի տարածքների մի զգալի հատվածի` Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորման պատմական իրադարձության` այնքան երազված և այնքան իրատեսական ու մոտ թվացող հնարավորությունը:

Վ. Գաբրիելյանը Մուշեղ Իշխանի պոեմը գրելու շարժառիթը համարում է հենց այդ պատմականորեն հասունացած իրադարձությունը, որը մի պահ կախվեց օդում` արթնացնելով մեծ հույսեր ու սպասելիքներ, բայց հետո ընդմիշտ փակվեց` այլևս չբացվելու դավադիր պայմանով: «Պաշտոնական ու ոչ պաշտոնական, կիսատ-պռատ լուրերը հույս էին ներշնչում, թե Արևմտյան Հայաստանը պիտի ներառվի խորհրդային սահմանների մեջ: Հույսի և խաբկանքի, ոգևորության ու հիասթափության, տարագրության ու վերադարձի, հին ու նոր հայրենիքի մասին սփյուռքահայության մեջ ծնված հակասական խոհերի ծնունդն է «Հայաստան» պոեմը»1:

«Հայաստան» քնարական պոեմը կազմված է չորս մասից` Ա, Բ, Գ, Դ: Այս պոեմի մասին խոսելիս կրկին պիտի անդրադարձ կատարենք դեպի Մուշեղ Իշխանի արևելահայ գրչակից եղբոր` Չարենցի պոեզիայի ոգու, փիլիսոփայության ներսը, խորին շերտերի խորքը: Ասես նույն գետն է բերում նրանց` հորդահոս, լայնահուն` սկիզբ առած նույն լեռների կատարների ականակիտ աղբյուրներից: 1946 թվականին բանաստեղծը Չարենցի անունը կարող էր միայն լսած լինել, իսկ գործերը պիտի կարդար ավելի ուշ` Ստալինի մահից հետո, բայց ներքին լիցքերն ու ոգին նրանք ժառանգել էին հայ գրականության ոգու ընդերքից, որտեղ կաղնիացել էր նաև Չարենցի եղեգնյա գրիչը: Ասել է թե` նրանք արյունակից էին նախասկզբից, երբ «երկնեց երկին և երկնեց երկիր…»: Այս նմանությունը գալիս է ապացուցելու հոգևոր արյունակցության անտեսանելի կապի գոյությունը, երբ իրարից հեռու և իրարից անկախ երկու տաղանդավոր, հանճարեղ մարդիկ նույն երևույթը զգում են նույն կերպ:

Չարենց – Իշխան աղերսն իր հոդվածում նկատում է նաև Պ. Դեմիրճյանը` գրելով. «1946-ին լույս ընծայված «Հայաստան» պոեմում` չարենցյան էպիկական շնչով ու լայնամասշտաբ ընդգրկումով («Ես դարերուդ ժառանգատեր շառավիղ»), Հայրենիքի տեսիլը դիտարկելով «պատմության մեծ ուղիներու հանգույցում», բանաստեղծը ի վերջո հանգում է Հայաստանի` իբրև «միակ իրական հեքիաթի» ըմբռնմանը»:

Պետք է խոստովանել, որ խիզախ հերոսներ են այն հայ գրողները, ովքեր իրենց ստեղծագործությունների համար ընտրում են այնպիսի բարդ ու դժվարհաղթահարելի հերոս, ինչպիսին Հայաստանն է` Նաիրին: Գրականագետ Հ. Թամրազյանը Չարենցին ու Տերյանին` իրենց «Երկիր Նաիրի»-ներով, դասում է այդ գրողների շարքը: Այդ տանդեմին մենք աներկբայորեն կավելացնենք երրորդ խիզախին` Մուշեղ Իշխանին: Ծանր է Հայաստանի մասին քնարական խոհը պատմության քառուղիներով ու ծավալուն պոեմի էջերով առաջ տանելու նշաձողը: Շարժվելը, առաջ գնալը թերևս դյուրին է, բայց տեղ հասնելը, ասելիքը ավարտին հասցնելն է դժվար: Մուշեղ Իշխանին հաջողվում է հաղթությամբ պսակել իր ուսած խիզախությունը:

Պոեմը բանաստեղծի հանդիսավոր զրույցն է իր միակ հերոսի` հեռավոր Հայաստանի հետ, բայց այնքան խրոխտ ու բարձրագոչ զրույց, որ հասնում է ամբողջ աշխարհի հայերի լսելիքին:

Դեռ չեն լռել ռումբերի ձայները, դեռ երկիրն ու երկինքը սասանվում են պատերազմի որոտից, շուրջը հրդեհ է, «արեան ահեղ տօն», բայց ինչպես իր հանճարեղ պատանի նախորդը` Մեծարենցը, հայրենաբաղձ երիտասարդ Իշխանը նույնպես «եղեգնյա մի սրինգ առած` արև է երգում ու գարուն»: Նրա արևն ու գարունը Հայաստանն էր, նա կանչում էր Հայաստանին: Այդ կանչը նման էր ճյուղի վրա այրվող թռչնի ճիչին, դա «բարբարոս համանուագ է կանչերու», որի մեջ խառնվել են մայրակորույս մանուկների, զուր սպասող սիրահար աղջիկների, նահատակված զինվորների ձայները.

Կը կանչեմ քեզ, Հայաստա՛ն,//Բոլո՜ր, բոլո՜ր կարօտներու հրայրքով,//Իբրեւ երկինք, իբրեւ լոյսի անհուն ծով,//Մայրական գիրկ, սպիտակ հարս դիւթական,// Իբրեւ ժպիտ, լռութիւն//Եւ ծաղկաւէտ երանութեան իբրեւ տուն,//Իմ հեռաւոր Հայաստան://Կը լսե՞ս զիս, կը հասնի՞ ձայնս արդեօք քեզ…

«Ի՞նչ ես իրօք, ո՞ւր ես դուն»,- հարցնում է բանաստեղծը չարենցյան շնչով` շարունակելով երկվություն ծնող հարցերի շղթան: Իրականում ի՞նչ է Հայաստանը` «շրջուն ոգի՞, թէ՞ խորարմատ գոյութիւն», «երգի կտո՞ր, հին հեքեա՞թ», «աչքերու դէմ ծփացող վառ տեսի՞լք», «տժգոյն պատկեր կամ խնկաբոյր մագաղա՞թ» և վերջապես «հանդերձեալի՞, թէ՞ այս կեանքի հայրենիք», «ոսկի երա՞զ, թէ՞ գորշ հող»: Այս դիլեման ասես Չարենցի` մոտ 20 տարի առաջ գրված «Երկիր Նաիրի» վեպի չափածո արձագանքը լինի: «Ո՞վ է, կամ ի՞նչ է Նաիրին – ահա ամենաէականը: Գուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ես էլ չգիտեմ… Գուցե սուտ է Նաիրին, գուցե Նաիրին – չկա… Գուցե հուշ է միայն,- ֆիկցիա, միֆ:- Ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն»,- դառնագին ողբերգությամբ ներծծված` հեգնում է Չարենցը կործանվող, «արյունլվիկ հայրենիքի» բախտը:

Սակայն ուրիշ էր Մուշեղ Իշխանի Նաիրին… միֆը, անշուշտ, կար, բայց միանգամայն ուրիշ ձևաչափի մեջ:

Բանաստեղծը գիտի, որ կա Հայաստանը` ավելի խոր ու իրական, քան «երկինքն անվախճան», «լեռների կատարի ձիւնը», «դաշտերի ծաղկած հանդէսը գարնան».

Գիտեմ, որ կաս եւ կը տեւես դարէ դար//Կէտ մը թէեւ աշխարհէն`//Բայց սիրտն ես դուն տիեզերքին համօրէն//Եւ ապրելու միակ իմաստը պայծառ:

Ի տարբերություն Չարենցի, Իշխանը երանի է տալիս ինքն իրեն, որ իր միգապատ օրերի մեջ Հայաստանը եղավ ծիածան և օտար դաշտերի մեջ մնաց անշեղ, աննահանջ: Երանություն էր նաև իր կրած տառապանքը, քանզի.

Քեզմէ բխած` սփռեցի ես անխնայ// Քու գանձերուդ լեռնահոս գետն ամէն տեղ…

Հայրենիքը տեսած չլինելու պատճառով բանաստեղծը իրեն համարում է ի ծնե կույր, բայց ամեն առավոտ, երբ բացում է իր կույր աչքերը «դատարկութեան դէմ շուրջի».

Քու գերագոյն ամենակալ բացակադ//Կ’իշխէ իմ խեղճ ներկայիս…//Այսքան հեռուէն ես կը տեսնեմ ահա քեզ,//Կը տեսնեմ քեզ, Հայաստա՛ն, //Սեւեռաբիբ կոյրին պէս…

Պոեմի երկրորդ հատվածում բանաստեղծը ամենատարբեր բառապատկերներով ներկայացնում է իր անմնացորդ սերը, գորովը, կարոտը իր «ամէնէն քաղցր ու բարի» մանկության Հայաստանի հանդեպ` նրան անվանելով «միակ ժպտուն ապագայ», «առաջին սէր ու խորհուրդ, առաջին մեծ արբեցում», բայց և «կեանքից էլ հին ու կեանքի չափ անուշ սուտ»: Փոքրիկ տղան Հայաստան անունից բացի ուրիշ հեքիաթ չի լսել, նրա համար է աղոթել ու լացել, իր «արցունքի բիւրեղի մէջ» միշտ նրա անունն է շողացել: Իր սնարի վերևում մայրը միշտ հայրենիքի փառքն է երգել ու կարոտի «սիրամրմունջ մեղեդին»:  Հայաստանն իր հայրիկի վեպի մեջ էր, որ պատմում էր հայրենիքի պանծալի գոյության առասպելը: Այդ փոքրիկ տղան օտար ափերում միայն մի երազանք է ունեցել` «հասնել քեզի, Հայոց աշխարհ աննման»:

Մ. Իշխանն ասես թերթում է մեր առասպելների մատյանը` Հայոց դիցարանը, որտեղ Վիշապաքաղ Վահագնն է, Տորք Անգեղը, Դավիթը, խորհրդավորությամբ շնչող բնությունը` «քուրմերի պէս լուռ աղօթող սօսիների անտառը», քարերն ու ապառաժները, «աղուոր նայադների» գետերն ու լճերը, Լուսավորչի կանթեղը:

Մեծացել է փոքրիկ տղան, բայց շարունակում է հավատալ դյութական հայրենիքի հրաշքին.

Դուն կը մնաս միշտ նոյն հեքեաթը վճիտ,//Կաս ու չկաս դուն դարձեալ:

Առասպելների մեջ ու առասպելներից դուրս, սակայն, բանաստեղծի համար եղել է նաև մի ուրիշ Հայաստան` ամփոփված պապենական տան ձեռագիր երգարանում: Աղքատիկ տան սեղանի վրա դրված այդ «հայրենական հսկայ գանձը» իր նախնիների ձայնեղեն ուրվականն է կարծես… Բանաստեղծը պաշտամունքի գեղեցիկ տուրք է մատուցում հայ երգին` հաստատելով հայտնի ճշմարտությունը, որ հայ երգը ոչ միայն մեր պատմության անբաժան ուղեկիցն է, այլ նաև կերտողը, անպարտելի ոգին: Պապենական տան երգարանում կան թե՛ մեր խրոխտ ռազմերգերը, թե՛ զորավար Անդրանիկին նվիրված երգերը, թե՛ մեր` «աղբիւրի պէս կարկաչահոս ու պայծառ մարգարիտներ թաւալող» տաղերը, թե՛ պանդուխտի կարոտաբաղձ խաղիկները, թե՛ դրախտավայրի` Հայաստան երկրի երգերը, որտեղ «ցանկար ննջել» «մեծ հայրը պարթեւ», բայց «չունեցաւ անգամ անշուք մահուան փոս»:

Բանաստեղծը թերթում է նաև «Պատմութիւն հին Հայոց» դասագիրքը, ու նրա ականջին դեռ հնչում է ծերուկ դասատուի ձայնը.

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ

ԱՅՆ ԵՐԿԻՐՆ Է ԱՐԵՒՈՏ,

ՈՒՐ ԱՊՐԵՑԱՆ

ՊԱՊԵՐԸ ՄԵՐ ՔԱՋԱՐԻ…

Քայլում է բանաստեղծը` անցնելով հայոց պատմության «սրտի մայրագորգով»… «Կամրջընկեց Արաքսը վարար», լուսագագաթ Մասիսը, Արագածի բեղուն լանջերը, ճոխ Շիրակը պատմության դասի հետ ներխուժել են դասարան, ու պատանու կյանքի «խռովայոյզ առուն մեղմօրէն կորսուել է բազմադարեան ակունքից հոսող անհուն գետի մէջ»: Հայոց պատմության դասերին գնալով մեծացել ու ահագնացել է բանաստեղծի հայ լինելու հպարտությունը: Սակայն անցել են Հայկի, Տիգրանի, Վարդանի փառահեղ ժամանակները, փոխվել է հայրենիքի «հմայագեղ պայծառ պատկերը», ու նրան «պատել է վիշտ».

Ես սորուեցայ աչքերուս դէմ յուսաբէկ//Քեզ ունենալ սգակիր…

Նախնյաց հին փառքից ոչինչ չի մնացել, ու «հրետաձիգ համազարկի պէս հզօր ու նուագի պէս անուշ» հայրենիքը դարձել է «Եփրատի ջուրերու մէջ ծփացող բզկտուած բիւր դիակ», «Դէր Զօր դժոխք բառի հոմանիշ»:

Բայց կրկին եղավ «հրաշագիւտ վերադարձ ու յարութիւն», կրկին ժպտաց Հայաստանը թաց աչքերի միջից ու նորոգեց իր քանդված օջախը: Այս լավատեսական հայացքը բնորոշ ու հարազատ է հայ գրողների հոգեկերտվածքին: Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի ավանդույթներին ժառանգորդ Մուշեղ Իշխանը «Հայաստան» պոեմի Գ հատվածում, կանգնած մի ափաչափ Հայաստանի քարտեզի առաջ, արդեն փառաբանական գովք է երգում նորօրյա հայրենիքին` վստահ, որ ավելի լավ օրերը դեռ առջևում են: Քարտեզի վրա փոքր է հայրենիքը, սակայն Իշխանի հոգու քարտեզին Հայաստան-Հայրենիքի չափերը անընդգրկելի մեծ են` «Արագածէն մինչեւ Սիփան ու Տաւրոս», այդ քարտեզի վրա հայի երազն է թրթռում…

Մեր մյուս գրողների պես, Մուշեղ Իշխանը նույնպես չէր կարող Հայաստանի մասին խոսելիս շրջանցել մեր ազգային աղետներն ու ողբերգությունները, բայց միևնույն ժամանակ չէր կարող նրան չհուզել ամենագլխավորը` հայ ժողովրդի ապագայի հարցը: Շատ քիչ է խոսել հայոց վշտի, անվերջանալի տառապանքների ու թախիծի մասին: Երկու «Երկիր Նաիրի»-ների հեղինակներից Տերյանը պոկվում է, դուրս է գալիս այդ համատարած թախիծի ու վշտի շավիղից դեպի հերոսական մայրուղի: «Բանաստեղծը ամբողջացնում է հայրենիքի բախտի մասին նշանավոր շարքը` ստեղծելով հայրենիքի գեղեցկությունների, սուրբ եզերքների ու հիշատակների, հոգևոր գանձերի ու դարավոր ժառանգության բանաստեղծական պատկերը»,- գրում է Հ. Թամրազյանը Տերյանի «Երկիր Նաիրի» շարքի մասին2:

Այս իմաստով Մուշեղ Իշխանը Տերյանի գրական ժառանգորդն է: Նրա պոեմի միջով նույնպես անցնում է մի թանձր հայացք հայ ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին, թանձր, որովհետև այդ հայացքը որքան դրսից է, նույնքան էլ ներսից է, բայց այդ հայացքի մեջ կարմիր թելի պես անցնում է Հայաստանի կենսունակության և հավերժության գաղափարը: Ու եթե Տերյանին 10-ական թվականներին արդեն հետաքրքրում էր ազատագրված Հայաստանի վերաշինության խնդիրը` վստահ, որ դա «միակ նախադուռն է մեր ապագայ հայրենաշէն, ազգակառոյց գործի», ապա 1946-ին Մուշեղ Իշխանը թող որ մտովի, բայց արդեն վեհորեն կանգնած էր այդ նախադռան առջև: «Կայսերական սահմաններու ժառանգորդ`//Դուն հազար մաս, հազար բաժին ես դարձեր»,- հառաչում է Մուշեղ Իշխանը ու ավելացնում. «Ի՜նչ փոյթ սակայն բոլոր կարգերն ապօրէն//, Դուն պերճօրէն կ’առնես տակաւ յարութիւն…»: Հայրենիքը հպարտորեն բազմել է բարձրագահ սարավանդի վրա, իսկ ներքևում` նրա ոտքերի տակ, թաղված են բազում «հնամեայ ազգեր», շատ ազգեր էլ դեռ նոր պիտի դառնան փոշի… իսկ երկնքից Հայաստանի վրա «կ’իջնէ առատ Արքայութիւնդ ալեծուփ…»: Ասես Տերյանն է բարբառում` բոլոր հին ու նոր բարբարոս ու բռնակալ ցեղերին հիշեցնելով պատմության ահեղ դատաստանը:

Բանաստեղծը, քարտեզի դեմ գլխիկոր կանգնած, միշտ «նոյն տղան ու նոյն շուար աշակերտն է» ու այդպես էլ դեռ չի կարողանում հասկանալ` որտեղի՞ց է ծայր առնում «հայրենիքի սահմանագիծը մոլոր եւ ո՞ւր է վերջն այս անսկիզբ գոյութեան»: Թերևս դժվար թե աշխարհում գտնվի գեթ մեկ հայ մարդ, որ Հայաստանի ապագան չի կապում Արևմտյան Հայաստանի փրկության և մայր Հայրենիքի հետ միանալու ազգային բարձրագույն նպատակի հետ, բայց սահմանափակվել, կաղապարվել միայն այդ գաղափարի մեջ, նշանակում է հայրենիքը հետ պահել զարգացման բնականոն ընթացքից: Համախմբվելով միևնույն ազգային գաղափարի շուրջ և անվերջ արարելով հոգևոր արժեքներ` կարող ենք հասունանալ ու հզորանալ մեծ նպատակի համար, քանզի «նյութական կորուստները միշտ կարելի է վերականգնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է»,- համոզված է Իշխանի արևելահայ հոգևոր ուսուցիչը` Տերյանը:

Տերյանի Նաիրիից անցել է 100 տարի, Մուշեղ Իշխանի Հայաստանից` 70: Արևմտյան Հայաստանի փրկության պահանջը դեռ միայն նպատակ է, երազանք, բայց ոչ իրականություն, փոխարենը կա մայր Հայաստանը, և ոչ մի ակնթարթ կանգ չեն առել, չեն թուլացել մայր Հայրենիքի վերընթաց ուղին դեպի ազգային վեհ նպատակների իրագործում տանելու մեր հոգևոր լիցքերը` թե՛ Սփյուռքում, թե՛ մայր Հայրենիքում:

Հենց այդ ճանապարհն է ուրվագծում հայրենիք չտեսած ու հայրենիք պաշտող Իշխանը` «Հայաստանն իբրեւ նշխար ու մասունք կրծքի վրայ պահող անհայրենիք հայութեան» ազնվագույն դեսպանը: Հայաստանը «ափ մը սեւ հող է», «ափ մը չոր հող», «ափ մը գորշ հող»` այնքան նոր ու տարբեր «երկրի բոլոր հողերէն».

Որքան հարուստ ու քաղցրահամ ու բուրեան,//Երբ կը բերեն քու աշխարհէդ զայն նուէր//Մեր աշխարհի տարահալած որբութեան:

Իշխանի համար Անթեյի առասպելն իրական է, քանզի բանաստեղծը զորություն է առնում անգամ մի բուռ հողից, քար գետինը դողում է ոտքերի տակ, և Հայոց աշխարհը թվում է մի ամբողջ աննվաճ աշխարհ:

«Տուներու երգը» շարքի մասին խոսելիս ասել ենք, որ Սփյուռքի նահանջի ճանապարհի ամենահուսալի ուղեփակոցները լեզուն ու հավատն են: Հոգևոր այդ հսկա սյուների երերումը իսկապես անշրջելի կորուստ է: «Հայաստան» պոեմում նույնպես Իշխանը հիշատակում է հոգևոր արժեքների անգնահատելի ուժը:

Մուշեղ Իշխանի հայրենապաշտությունը չքնաղ ու «մեղրահամ ձայն» ունի` համանվագ Հայ Լեզուն: Պոեմում Սուրբ Մեսրոպի լուսապսակ տեսիլքից ծնված ու որպես աղոթք հնչող մայրենի լեզվի փառաբանությանը Իշխանը նվիրում է ավելի քան մեկ էջ: Հետո գալիս է «եկեղեցին հայոց, ուր հայ լեզուն կը բարբառի Քրիստոս», և ուր աղոթքը զրույց է նախնիների նշխարահամ հոգու հետ.

Եկեղեցին` մեծախորհուրդ քարանձաւ//Իմ պապերուս սրբալոյս//Ոսկորներուն շթաքարով կանթեղուած:

Ազգային արժեքների մեջ որպես հոգևոր ու նյութեղեն հավերժություն պոեմում հնչում է «ալեզարդ իմաստունի», «ամեհի լեռան»` Արարատի պաշտամունքը, որի «կատարը փարոս է»` տեսանելի ամեն հայի: Պ. Դեմիրճյանը դա բնութագրում է այսպես. «Հայրենիքի գաղափարը նույնանում է բիբլիական Արարատի «վերասլաց ու բրգանիստ գաղափարի»` «միշտ անխաբ ու անսասան ուղեցույցի» հետ: Նախկին անգո և միֆական Հայաստանը բանաստեղծի պատկերացումներում այլևս ներկայանում է որպես «արեւաձոյլ հսկայ զանգ», որ հնչում է «տիեզերքի գմբեթէն»:

Բանաստեղծը անչափելի հպարտությամբ ու երջանկությամբ է կրկնում, որ Հայաստանի ձայնասփյուռի «Խոսում է Երևանը» կոչնակը հասնում է աշխարհի բոլոր ծագերին` ամեն տեղ պանծացնելով մեր աստվածային մայրենին ու իր շուրջը համախմբելով հայրենիքի ձայնի կարոտով ապրող հայությանը: Իշխանի համար այդ կոչունքը «այնքան անուշ մայրական ողջագուրում է»` իր մեջ պարուրած «Սեւանի երկնալոյս ծփանքը» և «Արագածի լանջերի զուլալ աւիշը»:

Ծավալուն պոեմի էջերում բանաստեղծի տրամադրության ներկապնակը բազմագույն է ու բազմերանգ. այն հաճախ է փոփոխվում` մուգ, գորշ, հաճախ անգույն երանգներից մինչև ամենապայծառ ու ամենախաղաղ գույները: Իր հոգին վարպետորեն վրձնող նկարիչ-բանաստեղծի պաննոն նրբերանգների բազմազանությամբ նույնպիսի հուզական բազմազանություն է առաջ բերում ընթերցողի հոգում: Թումանյանի պոեզիան վերլուծելիս մենք ի վերջո նրան ամբողջությամբ պարուրում ենք մի տարողունակ ու անընդգրկելի բառի մեջ. այդ բառը «ափսոս»-ն է: Թումանյանի գրականությունը մարդասիրության զավակներից մեկի` ափսոսանքի գրականություն է: Այդ իմաստով Թումանյանն ու Իշխանը ապրումակիցներ են, հուզակիցներ, զգայակիցներ, եթե կարելի է այդպիսի բառով բնութագրել նրանց: Ի վերջո, հայ գրականությունը ափսոսանքի մի մեծ տիեզերք է այն ամենի համար, ինչը եղավ, և այն ամենի համար, ինչը չեղավ, և այն ամենի համար, ինչը էլ չի լինելու: Ու հայոց անհուն երկնակամարի անսահմանության վրա կախարդական, անտեսանելի մի հսկա ձեռք գրում է հինգ տառ` ափսո՜ս:

Ափսոսանքը կարոտի ու նահանջի գրականության ավիշն է` առողջությունն ու հիվանդությունը միաժամանակ. ո՞վ գիտե` այդտեղ տագնա՞պն է շատ, ցա՞վը, հուսահատությո՞ւնը, թե՞ հույսը: Ավետիս Ահարոնյանը Սփյուռքի հարատևությունը համեմատել է ջրի «քամքի հետ», որը կտրված է իր ակունքից, որը հետևից հոսանք չի բերում և դեռ մնացորդով էլ «ողողում է հարեւանի արտը»: Այս դառը ճշմարտությունը սպանում էր նաև Մուշեղ Իշխանին: Բանաստեղծը իրեն զգում է կրկնակի գաղթած. նա ֆիզիկապես գաղթել է իր ծննդավայրից, բայց իրենից էլ ասես «գաղթել է իր հոգին» ու ապրում է հայրենիքում: Ամեն օր աշխարհի վրա իր «մոլոր անձը» որոնելիս բանաստեղծն այն գտնում է Հայաստանում, բայց ի՞նչ օգուտ դրանից: Ամենատարբեր զգացումների ալեկոծության մեջ բանաստեղծի հոգում ծնունդ է առնում մի ուրիշ, ավելի դրամատիկ ու սրտմաշուկ զգացում, քան կարոտն է ու անգամ գաղթը` տիեզերածավալ ափսոսանք: Օտար հողի վրա, օտար արևի տակ հայ շինարարներն իրենց ճակատի քրտնաթոր, արդար աշխատանքով անապատում անգամ կերտում են բերդ ու պալատներ, ճանապարհներ ու տներ, շենացնում օտար հայրենիքներ` հեռվում թողած իրենց տունը, իրենց չտեսած հայրենիքը… ինչո՞ւ… Ուժերի, տաղանդի, աշխատանքի ինչպիսի իզուր, հանցագործ, անդառնալի վատնում… Ի՜նչ անարդար է, ափսո՜ս.

Ինչո՞ւ այսպէս կու տամ արիւնս անդադար//Օտար քարին ու հողին,//Ինչո՞ւ ես հոս կը թափառիմ ոգեվար:

Սա հռետորական հարց չէ, այլ պարտքի գիտակցումից, արթնացումից հետո հնչող ահազանգ, ծանր ու դժվարին երկունք, վերադարձի սկիզբ, որը հետո բանաստեղծության տողերով կներթափանցի Սփյուռքի երիտասարդ ընտրանու հոգու ու մտքի բջիջների մեջ` տունդարձի ճամփա հանելով Յիրիկյանների, Էօրնեկյանների, Դուրյանների և այլոց սերունդներին…

Հայաստա՜ն,//Միա՛կ հեքեաթն իրական,//Կենսաժպիտ միա՛կ երազն անթառամ…//Հայաստա՜ն,//Սպասման մեծ լեռնացում,//Հեռագնաց մեկնումի գետ ու թաւալ,//Նոր դարերու կառուցում…

Հայաստանը «ձմռան գիշեր է», «ամռան խաղաղ իրիկուն», «նուիրական հացի սեղան», «աշուղի տաղ», «վարդափրփուր բաժակների գինարբուք», «փառապսակ ու դրօշ», «մուրճի նուագ», «մոխիրներէն յառնող նոր Հայրենիք».

Լոյսի քանդակ ու մատեան

Եւ իր հողին նուաճումով երջանիկ

Սերունդի վառ ապագան…

Մի պահ թվում է, թե հենց այստեղից է Պ. Սևակը շարունակել իր «Իմ փառապանծ, իմ տառապած» բանաստեղծությունը…

——-

Վ. Գաբրիելյան. Սփյուռքահայ գրականություն, էջ 273:
Հ. Թամրազյան. Եղիշե Չարենց, Երևան, 1987, էջ 280:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.