ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՇԱԳՐԱՎ ՀԱՏՈՐ / Հենրիկ ԲԱԽՉԻՆՅԱՆ

 

ԱՄՆ-ում ապրող ծնունդով հալեպցի Հովսեփ Նալպանտեանը ցայսօր տարված է հայանպաստ բուռն գործունեությամբ: Նրա հետաքրքրությունները բազմաթիվ են, բազմազան ու բազմակողմանի: Առաջին հերթին, սակայն, նա, սովորաբար, ներկայանում է ու գնահատվում իբրև բանասեր-մատենագետ: Հիրավի, նրա առաջին նշանակալից աշխատանքը մատենագիտական բնույթի է. բովանդակում է ամերիկահայ գրքի պատմությունը 1858-2011 թվականներին (Լոս Անջելես, 2011): Սրան մի քանի տարի անց հաջորդել է «Հայ գիրքը Ամերիկայի մէջ» առավել ծավալուն մատենագիտությունը (Լոս Անջելես, 2015), ապա նաև նույնի Հավելվածը (Լոս Անջելես, 2016):
Մատենագետ Նալպանտեանին հետաքրքրել են հատկապես բառարանները: Իր իսկ խոստովանությամբ` դեռևս պատանի հասակից առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել բառարանների հանդեպ՝ հրատարակիչ հոր հիմնած «Հալեպ» տպագրատանը ծանոթանալով Պետրոս վարդապետ Ճիզմեճյանի «Հայերէնէ հայերէն» երկհատոր մեծ ու մեծարժեք բառարանին: Իր մյուս նշանակալից աշխատանքն, ահա, վերաբերում է բառարանագրությանը. դա 2011-ին լույս տեսած «Հայկական բառարաններու համառօտ պատմութիւն» մատենագիտական հատորն է՝ «իր տեսակի մէջ առաջինը – Սփիւռքի տարածքին»: Այս աշխատանքի շատ ավելի ընդգրկուն շարունակությունն է «Հայկական բառարաններ» մատենագիտությունը, որն այս տարի լույս տեսավ Երևանում: Այս հատորը ևս, ինչպես վերը նշված աշխատանքները, տպագրվել է իր իսկ՝ Նալպանտեանի 2005-ին հիմնած մատենաշարով:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս մատենագիտության մեջ հեղինակը մեջ է բերել մի շարք նշանավոր բառարանների առաջաբան-ներածականներ՝ ցույց տալու համար, թե «ինչպիսի դժուարութիւններէ անցած են բառարան ստեղծողները»: Հիշարժան է հատկապես վերը հիշատակված Պետրոս վարդապետ Ճիզմեճյանի՝ ընթերցողին ուղղված ներածական խոսքը, որտեղ ասված է. «Այս բառարանս քեզ յոյժ կարեւոր՝ իբր ջահ եւ զէնք, ա՛ռ՝ քու Մայրենի լեզուդ պաշտպանելու, պահելու եւ կատարելապէս տիրանալու համար անոր»: Սա որպես նշանաբան է ունեցել Նալպանտեանն իր մատենագիտությունը կազմելիս:
Գիրքն, ըստ ամենայնի, ուշադրության արժանի է՝ լինելով հայ բառարանների առաջին մատենագիտությունը: Այն ներկայացնում է հայ տպագիր բառարանները: Նմուշի համար հեղինակը հիշատակել է երկու անտիպ բառարան, նման բառարանների թիվը իրականում շատ մեծ է, և ցանկալի է ունենալ անտիպ ու ձեռագիր (միջնադարյան) բառարանների առանձին մատենագիտություն:
Հայ տպագիր բառարանների իր այս մատենագիտական ցանկը Նալպանտեանը կազմել է՝ օգտվելով հայ գրքի հիմնական մատենագիտություններից և Ազգային գրադարանի համացանցային ցուցակներից: Օգտագործել է նաև բազմաբնույթ մամուլի էջերում առկա տեղեկատվությունը և օգտվել որոշ անհատական գրադարաններում և իր իսկ հարուստ գրադարանում եղած բառարաններից:
Սույն հատորում բառարանները ներկայացված են ժամանակագրական կարգով և հիմնական տվյալների նշումներով՝ բառարանագիր, վերնագիր, տպագրավայր, հրատարակչություն, էջերի քանակ, գրքի չափեր: Մատենագիտական ցանկն սկսվում է 1621 թվականին Միլանում լույս տեսած հայերեն-լատիներեն բառարանով (հեղինակ՝ Ֆրանչիսկո Ռիվոլա) և ընդգրկում է մինչև 2024-ի սկիզբը տպագրված բառարաններ: Դրանց թիվը 1020-ից ավելի է: Նալպանտեանն, իրավացիորեն, գրքի առաջաբանում նշում է, որ հավակնություն չունի իր այդ աշխատանքը «Կատարեալ նկատելու»: Հիրավի, հայ տպագիր բառարանների թիվը շատ ավելի է: Ցավոք, հեղինակի ուշադրությունից վրիպել են բազմաթիվ բառարաններ, որոնք, կարծում եմ, մեր այս պրպտուն բանասեր-մատենագետը կհայտնաբերի և կընդգրկի իր մատենագիտության երկրորդ համալրված հրատարակության մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։