Եթե հնարավոր լիներ Գոհարի ստեղծագործությունները և հեղինակին կերպարավորել, ես կասեի, որ իր պատկերը նման է տարիք չունեցող մի իմաստուն ծերուհու՝ ճամփաբաժանին նստած։ Մի սահմանային ճամփաբաժան, ուր աշխարհն ավարտվում է, բայց կյանքը չի սկսվում, կամ կյանքը ավարտվում է, բայց մահը դեռ չի սկսվում… կամ կյանքն ավարտվում է, ու մարդը չի սկսվում։
Եվ ահա, այս ելումուտի ճամփաբաժանին նստած, ծխամորճը ձեռքին, դանդաղ խորհող սահմանապահ մի ծերուհի է, որին տեսնելու համար ճանապարհներ կանցնեիր, որ հարցնես՝ ո՞րն է ճշմարտությունը, ո՞ր կողմ գնանք, հիմա ի՞նչ անենք։
Եվ Գոհարն ունի այդ ամենի պատասխանը…
«Նեղ ճանապարհ է-//Շատ բան չես վերցնի՝ միայն կարևորը// Կարևորից էլ կարևորը.// Նեղ է ճանապարհը-// անցիր այդպես…» (320 էջ)
Կամ «Բոլոր պարունակներով անցանք-// Կյանքն էլ իր համար հոսեց՝ անցավ.// Զուգահեռ ընթացք էր՝ կապ չուներ ասես մեկը մյուսի հետ…» (163 էջ)
Այս էպատաժային ժամանակներում Գոհարի գիրը անէպատաժ ու ինքն իրեն չցուցանողի խոհուն համեստության հաստատակամ ներկայություն է։ Նա գիտի, թե ինչ բառ է հագել ներսից, և որն է խոնարհ գոհության ճանապարհը.
«Հաղթած ամեն բառ՝ հաղթող զինվոր է…» (210 էջ) կամ «Քեզ թաքցնելու կարիք չկա,//մանավանդ որ՝//Ամենաթաքունը//հենց բացահայտն է,//Ու Դու սրտիս միջից բացահայտ տեսանելի ես աչքերիցս…» (242 էջ)
Գրողն իր ապրածն է, և զարմանալի կերպով որպես քաթանե զգեստ Երանելի Հոբին հագած՝ Գոհար Գալստյանը իր գրով ներկայացնում է մեզ համբերությունը խնդությամբ։ Երբ Աստված իր տվածն ու անգամ չտվածն է վերցնում, բայց, միևնույն է, Գոհարի գիրը շարունակական շնորհակալությամբ է ճառագում. գոհությունն առ այս Ամենը, առ այս համակարգված խելահեղության Արարիչը։
«Երբ իմաստուն ենք՝ փնտրում ենք Աստծուն,//Երբ հիմարացած՝ Ինքն է գտնում մեզ-մեր կորած տեղում//Տալիս է մի հարց ու չի պարտադրում մեզ պատասխաններ» (75էջ)
Կարծես ապրելու բանալին լինի։
Ընթերցողը, երբ գիրքը վերցնում է իր ձեռքը, չի սպասում և չի էլ խնդրում, որ հեղինակն իրեն խնայի, բայց Գոհարը դա էլ է անում՝ ցավը, փլուզումը իր վրա վերցնելով։ Անգամ խոսելով պատերազմի՝ մեծագույն ողբերգության և իր «Կուլ տված քարերի» մասին, երբ հողի մեջ արյուն է, արյան մեջ հող, նա ընթերցողին ամեն գիշեր ականապատ դաշտերով իր հետևից կանչելով՝ տանում, տեղ է հասցնում։ Իր գրի խորքում կարծես ուզում է ասել՝ ես եկա, երբ դուք այստեղ էիք արդեն, ես եկա և չուզեցի ձեզանից առաջ անցնել, ուզեցի ձեզ հետ լինել, չէ՞ որ ես իմ տողերի մեջ շարունակ խնայեցի ձեզ, դուք էլ ինձ խնայեք, երբ կհանդիպեք ինձ իմ գրի մեջ։
«Մեզ մի տեղ թողել՝ անցել է առաջ,-//Բախտը գործում էր իր հեռուներում» (121 էջ)
Կամ՝ որպես կենսագրական մի դրվագ՝ Երկու Սիզիփոս «Մեզ դժվար էր քայլել և կանգնելն՝ անհնար.//Ոչ մի քայլ՝ վայրկյանից կես վայրկյան ավելի,//Մենք՝ կյանքի մտրակով//Մտրակվող անդադար,//Մենք՝ գրաստ,//մեր մեջքին տունն է մեր՝ անտանիք…» (117 էջ)
Եվ իր անօթևան օրերի մեջ հեղինակը իր բառի մեջ է օթևան փնտրում…
Հեղինակի «Բառ ընդ Ժամանակս» հրաշալի բանաստեղծությունների ժողովածուն, որն ուղղակի ընթերցել է պետք, ամբողջական գիրք է բոլոր իմաստներով՝ ծավալի, բովանդակության, ժամանակային ընդգրկումի, ժամանակի բառը վավերացնելու, կրելու և վկայելու իմաստով։
Եվ այս՝ իսկապես իր և մեր կյանքի ժամանակը ընդգրկող գիրքը, եկավ և ևս մեկ անգամ ամրագրեց Գոհար Գալստյան բանաստեղծի անունը հայ ժամանակակից գրական, բանաստեղծական և ոչ բանաստեղծական աշխարհում… և գուցե թե այլևս հնարավոր չէ խոսել ժամանակակից գրականության մասին՝ չհնչեցնելով նաև Գոհար Գալստյան անունը։
Վերադառնալով ճամփաբաժանին նստած տարիք չունեցող մեզ արդեն հայտնի այն տիկնոջը, որ մի վաթսուն տարի անկեղծ զարմացած է, կարծում եմ՝ այդպես էլ շարունակելու է զարմանալ մինչև իր օրերի վերջը՝ իր հրաշալի զարմանքը փոխանցելով նաև մեզ՝ ընթերցողին։