Ամեն տեսնողի աչք քեզ է նայում,
Աստվա՜ծ բոլորի:
Մատյան ողբերգության Բան ԼԲ, Գ
«Սպիկա» հրատարակչությունը լույս է ընծայել Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյանի «Երկնապարգևը» գիրքը: Արդի գրականության մեջ առանձնաշնորհ տեղ են գրավում հուշագրություններն ու խոհագրությունները, որոնք հաճախ կենսագրական մտորումներ են, հետուառաջ նայող երազանքների հանրագումար: Թերևս տրամաբանական է այս իրողության ծիրում, որ ավագ սերնդի գրողները մեծամասամբ հետահայաց երազանքներով են հյուսում իրենց հոգու գիրը: Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյանը «Երկնապարգևը» կենսապատումով գալիս է շարունակելու հուշագրությունների այն պատումաշարը, որ սկսել էր դեռևս «Սաթենիկ» վիպակով՝ «որպես անաղարտ տեքստ մորեմերկ – բանահյուսություն», որում ժամանակի վերուվարը չի խաթարել գրողի հոգեկերտվածքը, թերևս ավելացրել է երևույթների խորքը թափանցելու ու մեկնելու ունակությունը՝ հավատարիմ մնալով խոսքը գրավիչ գիր դարձնող առանձնահատկություններին՝ անկեղծությանն ու անմիջականությանը, որոնք Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյանի գրականությունը դարձնում են առասպելահյուս, ընտանեկան կոլորիտով, մտերմիկ, բնական ու հարազատ:
Զ. Ենոքյան-Մկրտչյանի համար, անտարակույս, Աստծո գործերն անքննելի են, հետևաբար նրա համոզմունքը, որ մարդկային ճակատագրերը գտնվում են Աստծո հովանավորյալ ծիրում, աներկբա է ու հավատամք, ասել է թե՝ իրականությունը խեղված ներկայացնելը կամ ճշմարտությունը ինչ-ինչ հորինումներով պճնելը ստով ընդունելի չէ, այն Աստծուն ընդդեմ խոսք է, ուստի բնական է, որ «Երկնապարգևը» գիրքը կրում է ճակատագրի դրոշմ. «…երազ է տեսնում, որ հաջորդ ծնվող երեխան տղա է լինելու, ու ծնվելուց հետո պետք է նրան տանել Սևանի վանքում կնքելու, որ ապրի, որովհետև նա Աստծո պարգևն է, Աստծո աջը՝ նրա պահապանությունը»: Գրողի կենսապատումը, վավերագրական լինելով հանդերձ, գեղարվեստական արժեք ունի, պարունակում է ազգագրական առատ նյութ, որում նրբանկատորեն երկրորդական թվացող երևույթներն ու իրերը արտահայտվել են գրի տեսքով, զարմանալի բծախնդրությամբ, ինչի արդյունքում այն անսպասելի ենթատեքստային մեկնությունների է հանգեցնում՝ վերախմբագրելով արդեն իսկ ավանդաբար ձևավորված եզրահանգումները գյուտ-համոզումներով, որոնք կրթական, գեղարվեստական, պատմական, ազգագրական, ուսուցողական բնույթ են ստանում:
Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյանը գրականության ուղղամիտ ճանապարհն է ընտրել, ուր մանկությունից գալով` «Ես գիտեի ձորի բոլոր ժայռերը, քարերը, գարնան առաջին մանուշակներն ու ձնծաղիկները ես էի քաղում», նորից վերադառնում է մանկություն՝ «ժայռերի խոռոչներում տիկնիկներ ունեի պահած»: Ահա այս շրջապտույտում, որի առանցքն է գրողի ընտանիքը հոր գլխավորությամբ, կայանում է գրքի պատումների երազանքով չափագրված շրջանը, որի տիրույթում կին հեղինակի հոգևոր կենսաղբյուրը բնությունից տրված շնորհքն է, ու մտքերը նրանով պարզաջրելով՝ պարզում է արևին այնպես, ինչպես գյուղի կանայք, երբ «լվացքն ավարտել, փռել էին տաք քարերին», որ ջերմաշողերի ներքո պայծառանան ու տաքանան՝ դառնալով արժևորվող բառ ու խոսք՝ ճիշտ տեղում ու ժամանակին ասված, ուշիմ աշակերտի պես, որը «երբեք ձեռք չէր բարձրացնում դասի ժամին, չէր բարձրաձայնում իր գիտելիքները, համեստ էր, զուսպ ու խելացի»:
«Երկնապարգևը» գրքի պատումները, լինելով կենսագրական պատկեր-պատմություններ, մեկը մյուսին շարունակում են, լրացնում, մեծ հաշվով դառնում սովետական ժամանակաշրջանի ամբողջական դեմքը՝ առանց շպար ու դիմակ (թեկուզ գրողն այս խնդիրն իր առջև ամենևին չի դրել), իսկ ներսի կողմից հստակ ուրվագծվում են այդ ժամանակներին հատուկ աչքից քողարկված մարդկային խիղճն ու հոգին, ինչն էլ գրողը դրվագ առ դրվագ բացահայտում է՝ շարժվելով ժամանակին համահունչ՝ մեկ զգուշավոր, մեկ համարձակ, մեկ վճռական, մեկ ծածուկ, ու այդ ամենը շարահյուսվում է հեղինակի կողմից միջավայրին հարազատ լեզվամտածողությամբ, տարիների փորձառությունով ձեռք բերած իմաստությամբ, ի վերուստ տրված նուրբ դիտողականությամբ: Ճիշտ է, ժամանակները փոխվում են, մարդիկ փոխվում են, բայց մարդկային հարաբերություններն իրենց բովանդակությամբ կարծես թե մնում են նույնը, և կյանքի փիլիսոփայությունը Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյանի «Երկնապարգևը» գրքում խնկարկվում է որպես ընտանիքի ոգեղենությամբ հաստատված բարոյականություն, առանց որի իմաստազուրկ է աշխարհը և մարդու գոյությունը: Գրքում խորհրդանշական է Վահան պապի հոգուց բխած խոսքը, որը կարծես Ոտնալվայի ծեսի դրսևորումն է գինու պատրաստման ժամանակ խաղողը տրորելիս. «Թողեք իմ բալեն ոտներով տրորի, որ ես իր ոտի գինին խմեմ», ինչպես և թոռնուհու նվեր «հրաժեշտ» թաշկինակը պապին. «Գարնան պայծառ օր էր, երբ տանում էին նրան, բազմության մեջ, սև կոստյումի գրպանում արևի շողից փայլում էր չգիտեմ՝ ի՞մ, թե՞ պապիս արցունքի կաթիլներից ադամանդակուռ դարձած ճերմակ թաշկինակը»: Այնուամենայնիվ, ընտանիքի քնքշահոգի այրն առաջնորդվում է օջախի կայունության գրավականով. «Տղամարդն իր չափը պետք է իմանա»:
Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյանի «Երկնապարգևը» գիրքը հերթական խոնարհումի խոսք է, որ ծնվել է ընտանեկան ոգեղեն իմաստության գեղարվեստորեն ճշմարիտ վավերացումով, ինչն ինքնաբավ նախանձախնդրություն չէ հարուստ կյանք ապրած գրողի հոգևոր խաղաղության համար, այլ՝ ձգտում՝ պահպանելու արմատների ավիշով եկող տոհմի գենային մերանը, որը գալիք սերունդների կենսաոգու հասունացմանը նպաստող կարևոր նախադրյալը պետք է լինի՝ ներսում կրելով նախնիների երազներով ապրելու իրատեսությունը: