Գիրք՝ փառքի և հպարտության/ Հրաչիկ ԲԱՅՐԱՄՅԱՆ

Թբիլիսիում լույս է տեսել «Հայաստանի զինվորական ընտրանի» (Հայ գեներալները՝ Վրաստանից) գիրքը: Հեղինակները` ռազմագիտության պատմաբաններ Մամուկա Գոգիտիձեն և Գեորգի Բեժիտաշվիլին, հանրագիտարաններից, կենսագրական բնույթի գրքերից, արխիվներից, մամուլից ու համացանցից տեղեկություններ են հավաքել հայ ռազմական այն գործիչների կենսագործունեությունը ներկայացնելու համար, ովքեր ծնունդով Վրաստանից են, դարձել են ռազմական գիտությունների տեսաբաններ և պրակտիկներ, հասել գեներալական աստիճանակարգերի, արժանացել շքանշանների, մրցանակների, տիտղոսների, այլևայլ պարգևների: Նրանք ներկայացնում են զինված ուժերի գրեթե բոլոր տեսակները՝ բժշկական, ինժեներատեխնիկական, քաղաքացիական պաշտպանության, իրավաբանական, կապի՝ հաղորդակցության և այլն:
Տարբեր երկրների բանակներում ծառայած կամ ծառայող վիրահայերից գեներալի կամ ադմիրալի կոչում են ստացել՝ ցարական Ռուսաստանում՝ 63*, Խորհրդային Միությունում՝ 38, Հայաստանի Առաջին և Երրորդ Հանրապետություններում՝ 6, Ռուսաստանի Դաշնությունում՝ 4 և ԱՄՆ-ում՝ 1 զինվորական, ընդհանուր առմամբ՝ 112 հոգի:
Շարքը բացվում է ցարական կառավարությունում հայ ամենաբարձր պաշտոնյայի՝ հեծելազորի գեներալ, պետական, դիվանագիտական և ռազմական ականավոր գործիչ, կոմս Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովի (1825-1888) կյանքի ու գործունեության շարադրանքով՝ զետեղված «Ռուսաստանի կայսերական բանակի գեներալները Վրաստանից (1723-1917)» խորագրի ներքո, մյուս ազգանունները տրվել են վրաց այբբենական կարգով:
Նույն սկզբունքն է կիրառվել խորհրդային հայ զորականների կենսագրական տվյալները ներկայացնելիս, որոնցից բարձրագույն պաշտոնն ու կոչումն ունեցել է ԽՍՀՄ երկաթուղային հաղորդակցության ուղիների 1-ին կարգի գեներալ-տնօրեն (համարժեք է բանակի գեներալի աստիճանին) Բագրատ Նիկոլայի Հարությունովը: Այս գործչի կյանքի ու գործունեության մասին ընդարձակ խոսվում է գրքի երկրորդ՝ «Խորհրդային Միության բանակի հայ գեներալները Վրաստանից (1940-1991 թթ.)», մասում, մյուսները ներկայացված են այնպես, ինչպես նախորդ գլխում (1943 թ. սոց. աշխատանքի հերոսի կոչմանն արժանացած, ԽՍՀՄ հաղորդակցության ուղիների ժողովրդական կոմիսարի առաջին տեղակալի պաշտոնը վարած նշանավոր այս հայորդու մասին հայկական ընդարձակ ու համառոտ հանրագիտարաններում ոչ մի խոսք չկա):
Հաջորդում են` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալները Վրաստանից (1992-ից)», «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հայ գեներալները Վրաստանից (1992-ից)» և «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» բաժինները:
Գիրքը պատկերազարդ է. նրանում հնարավորինս տեղ են գտել գեներալների դիմանկարները, որոնք ընթերցողին հնարավորություն են տալիս տվյալ անձանց պատկերացնել արտաքնապես, նաև նրանցից ոմանց տոհմական զինանշանների, հուշարձանների, կիսանդրիների, տապանների, հուշատախտակների լուսանկարները, մանրամասն նշված են գեներալական աստղեր, կոչումներ, պաշտոններ ու տիտղոսներ ստանալու տարեթվերը ևս:
Գրքի հավելվածները, իրենց հերթին, լրացնում, հարստացնում են պետությունների զինանշանների ու դրոշների, զինված ուժերում ընդունված սպայական համազգեստների, ուսադիրների, տարբերանշանների՝ կոչումների, պետական բարձրագույն պարգևների, շքանշանների, մեդալների, կրծքանշանների, ոսկե զենքերի մասին մեր պատկերացումները, դրանք փակցնելու, կրելու կարգն ու ձևերը:
Այս արժանիքներով հանդերձ` երկասիրությունը խորհրդածելու տեղիք է տալիս, քանզի նրանում առկա են բացթողումներ, անճշտություններ, թերացումներ:
Անդրադառնանք մի քանիսին. հեղինակներն այն կարծիքին են, թե իբր, ականավոր ֆիզիոլոգ, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ, սոցիալիստական աշխատանքի հերոս Լևոն Աբգարի Օրբելին ծնվել է «Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի Դարաչիդաղ գյուղում, դա այժմյան Ցախկաձոր քաղաքն է՝ Հայաստանի Հանրապետությունում» (էջ 174): Վրացի բարեկամները պետք է իմանային, որ Դարաչիչակ (ոչ թե՝ Դարաչիդաղ) հորջորջումը, հայերեն և հայեցի Ծաղկունյաց ձոր, Ծաղկաձոր բարեհունչ և գեղեցիկ անվան թուրքերեն թարգմանությունն է` կատարված XVI դարում, որ այդ բնակավայրը ամառանոց է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում և չէր կարող Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս կազմել: Պետք է իմանային, որ Ծաղկաձոր պատմական անունը վերականգնվել է դեռևս 1947 թվականին (այդ ժամանակ շենն ուներ քաղաքատիպ ավանի կարգավիճակ և մտնում էր Խորհրդային Հայաստանի Հրազդանի շրջանի վարչական կազմի մեջ, այժմ` նույն անունով քաղաք ՀՀ Կոտայքի մարզում):
Ըստ հեղինակների` գեներալ – մայորներ Հովհաննես և Դավիթ Աբամելիք եղբայրները ծնվել են Թիֆլիսում (էջ 17 և 19), մինչդեռ, հայկական հավաստի աղբյուրների համաձայն, նրանց ծննդավայրը Մոսկվան է: Գեներալ-մայոր, ռազմական-դիվանագիտական նշանավոր գործիչ Երամիա Գևորգի Արծրունին (Գրիգոր և Անդրեաս Արծրունիների հայրը) ծնվել է Վանում 1804 թ., 1913-ին իննամյա պատանյակը ընտանիքի հետ բնակություն է հաստատել Թիֆլիսում, սովորել է տեղի Ազնվականական գիմնազիայում, ուսումը շարունակել Պետերբուրգի ռազմական ուսումնարանում, երկար տարիներ ապրել Մոսկվայում և 1850-ական թվականներին միայն վերահաստատվել Թիֆլիսում, որտեղ էլ 1866 թ. ընտրվել է քաղաքագլուխ, ծավալել քաղաքաշինական, առևտրատնտեսական, հասարակական-քաղաքական, մշակութային ակտիվ գործունեություն, նույնպես ներկայացված է կենսագրական տեղեկատուում (էջ 31-33): Նույնը կարելի է ասել եղբայրներ Նիկոլայ, Ալեքսանդր և Թեոդոր Եսայի Հախվերդյանների ծագումնաբանության մասին. երեք եղբայրն էլ ծնվել են Ղզլարում: Պարզապես նրանց նախնիներից ոմանք ինչ-որ ժամանակ բնակվել են Արևելյան Վրաստանում, ստացել ազնվականի կոչում և ծառայել վրաց հուսարական գնդում: Դիմիտրի Հովհաննեսի Ախշարումովը քանի որ ծառայել է վրաց գրենադերական գնդում, ներկայացվել է Թիֆլիսում ծնվածների շարքում:
Թերիմացության հետևանք է նաև ականավոր ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Արտեմ Միկոյանի կենսագրության շարադրանքը: Գրում են, որ նա ծնվել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի Սանահին գյուղում, միայն փակագծերում անցողակի նշված է, որ տվյալ գյուղը գտնվում է ներկայիս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի շրջագծում (էջ 170): Վերջում բերված է ամերիկյան բանակի գեներալ-մայոր Միքայել (Մայքլ) Թաշչյանի կենսագրությունը, որը ծնվել է 1925 թ. Նյու Յորքի նահանգի Բինգհամտոն քաղաքում, և որի ընտանիքը «ԱՄՆ է գաղթել Քութայիսի նահանգի Բաթումի մարզի Արդվին քաղաքից» (էջ 231-232):
Գրքում կարող էին ներառվել Վրաստանում ծնված, ծագումով հայ տասնյակ այլ գեներալներ ևս, որոնց մասին «մոռացել» կամ հատուկ միտումով հիշողության դաշտից դուրս են թողել վրացի բարեկամները:
Թվում է՝ հարգարժան հեղինակների համար նյութի մեկնակերպը եղել է ազգային սնափառությունը. առաջնորդվել են հայտնությունն ու հպարտությունը հրապարակայնորեն հանդիսավոր ներկայացնելու պատվի զգացումով, թե՝ ռազմական, պետական ու քաղաքական հայազգի տաղանդավոր գործիչները, այդուհանդերձ, վրացական միջավայրի, վրացական հողի ծնունդ են…
Ինչևէ, խնդրո առարկա աշխատանքը, անշուշտ, արժանի է դրական գնահատականի. ստեղծված է բնույթով ու բովանդակությամբ գիտաճանաչողական հիմքի վրա. իմաստավորված է հայ-վրացական համակողմանի բարեկամությունն ամրապնդելու գաղափարով, երկու ժողովուրդների ռազմաքաղաքական կապերի պատմությունը հարստացնելու համար պարունակում է որոշ փաստեր. կարող է հավակնել հանրագիտական մատյանի կարգավիճակի:
Գիրքը լույս է տեսել վիրահայ գործարար Ռաֆիկ Աղաջանյանի ֆինանսական աջակցությամբ:

—————————
* Հայերի և վրացիների զինվորական կանոնակարգված համատեղ ծառայությունը, տեսական ու գործնական պատրաստականության պատմությունը գալիս է երեքհարյուրամյա հեռավորությունից, երբ Պետրոս Առաջինը 1713 թ. սեպտեմբերի 16-ի «Բարձրագույն հրովարտակով» ռուսական բանակում իսկական զինվորական ծառայության իրավունք վերապահեց հայ և վրացի երիտասարդներին: Կազմավորվեցին հարյուրյակներ՝ վաշտեր, որոնք նախ տեղակայվեցին Հյուսիսային Կովկասի Դերբենդ քաղաքի ամրոցում, ապա՝ Ղզլար ավանում: Ծառայությունից հետո հայերը և վրացիները զորացրվում էին հենց Ղզլարում մշտական բնակություն հաստատելու պայմանով, դրա համար նրանց սիրաշահում էին՝ տալով որոշակի արտոնություններ, մասնավորապես՝ բնակատեղիներ և հողակտորներ: Ցարական կառավարությունը հետամտում էր ռազմավարական կարևորագույն նպատակներ. ռուսական կողմնորոշում ունեցող հայ և վրաց բնակչությունն անհրաժեշտ էր Անդրկովկասի հետ սերտ կապեր հաստատելու, կայսրության մուտքն Անդրկովկաս դյուրացնելու համար: Դա շահավետ էր նաև այնքանով, որ հնարավորություն կտար եթե ոչ կանխելու, ապա գոնե տեղյակ լինելու և ժամանակին տեղեկացնելու լեռնական ցեղերի՝ դեպի Հայաստան և Վրաստան հաճախակի կազմակերպվող ավազակային ներխուժումների մասին. կար և առևտրատնտեսական փոխշահախնդրություն, այդ ամենից բացի, վերջապես կիրականանար հայ և վրաց ժողովուրդների վաղեմի երազանքը՝ միավորվել հավատակից հզոր երկրին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։