ԵՐՋԱՆԻԿ ՊԱՀԸ ՉԻ ԿՐԿՆՎՈՒՄ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Տուր ձեռքդ, պստլոԳուրգեն Խանջյանը խիստ հայտնի անուն է ժամանակակից հայ արձակում: Տաղանդաշատ գրողը հայ ընթերցողին ներկայացրել է իր հերթական վեպը` «Տուր ձեռքդ, պստլո» խորագրով: Այն ստացել է ՀՀ պետական մրցանակ լիովին արժանի ձևով: Վեպն արդիական գրականություն է ոչ միայն այսօրվա հայ գրականագիտության ընկալումներով: Ռեալիզմի, սյուրռեալիզմի, էկզիստենցիալիզմի յուրօրինակ միահյուսվածությունը խստորեն զգացվում է այդ երկում: Վեպի գործողությունները պտտվում են գլխավոր հերոսի` Գրիգորի (ինքն իրեն Գրիգ է անվանում) որոշ չափով բոհեմական կենցաղավարության շուրջ: Գործողությունների տարածքը ձգվում է Երևանից մինչև Ռուսաստանի տունդրա` չուկչիների երկիրը, ապա ժամանակակից Մոսկվա և Թիֆլիս: Նախկին Խորհրդային Միությունը վեպում երևում է հատկապես իր վերջին տարիներով, ու չնայած այդ մեծ ու հզոր կայսրության բոլոր բազմազգ երկրներում սոցիալիզմը փոխվել է կապիտալիզմով, սակայն սոցիալիզմի հուշը դեռ չի մոռացվել և դեռ ապրում է տարբեր ազգերի հիշողության մեջ:
Պարզորոշ է գրողի բազմագիտակ լինելը համաշխարհային արվեստի, գրականության, գիտության խնդիրներում: Նրան հատկապես գրավում են համաշխարհային արվեստի ու գրականության այն դրսևորումները, որոնք մոտ են վեպի գլխավոր հերոսի էությանը: Գրող Գրիգի համար գեղարվեստական չափանիշը XIX դարի ֆրանսիացի բանաստեղծ Շարլ Բոդլերի «Չարի ծաղիկներն» են, որի համար բանաստեղծը խիստ քննադատվել է նրանում եղած էրոտիկ հատվածների համար: Գրիգը հատկապես նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը» նկարն է հիշում. այն մոտ է իր էությանը: Նորվեգացի այդ նկարիչը, որն ապրել է 80 տարի, թողել է բազմաթիվ կտավներ, որոնք զարդարում են աշխարհի բազմաթիվ հռչակավոր պատկերասրահները: Նա համաշխարհային նկարչության մեջ համարվում է էքսպրեսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից: Չմոռանանք նաև` ֆրանսիացի գերիրապաշտ գրողների համար ուղենիշային արժեք ունեն Բոդլերի «Չարի ծաղիկները»: Գուրգեն Խանջյանի Գրիգը նաև դասական ջազի սիրահար է:
«Տուր ձեռքդ, պստլո» վեպը հարուստ է լիբիդոյի տեսարաններով, որոնք արհեստական ոչինչ չունեն, այլ կապված են գլխավոր հերոսի` Գրիգի ներքին մարդու հետ: Ընդհանրապես ողջ վեպում առաջին գիծ են մղված հերոսների ներքին զգացմունքներն ու ենթագիտակցությունը:
Հրաշալի կերպար է հեռավոր հյուսիսում Գրիգին էրոսի գայթակղիչ վարքագծով կախարդած չուկչի երիտասարդ կինը` Էյյան, որի հետ հանդիպման քաղցր ու կարճատև պահը Գրիգին ուղեկցում է վեպի ողջ պատումի մեջ: Վեպի այս հատվածներն ամենատպավորիչն են: Ընթերցողի առաջ պատկերված է քաղաքակրթությանը վերջին տասնամյակների ընթացքում առնչված հեռավոր հյուսիսի մարդը, որի ուղեղում դեռ իրենց ցեղի նախնական պատկերացումներն են, պարզ հեթանոսությունը, իրենց ցեղին երջանկություն պարգևող Ալլե աստվածը, որը երևում է հյուսիսափայլի շողերի մեջ և հեռանում Էյյայի ցեղակիցներից` վերջիններիս թերանալու պատճառով: Հենց դրա համար էլ նրանց երկիրը դառնում է սառցապատ:
Երևի Էյյան չի էլ պատկերացնում, թե որքան խորթ է քրիստոնյայի համար անծանոթ ու օտար տղամարդու հետ սեփական նախաձեռնությամբ անկողին կիսելը: Երևույթը, իհարկե, կապվում է տվյալ ցեղի նախնական զարգացման մակարդակին դեռ հավատարիմ մնալու իրողությամբ:
Գրիգի սիրառատ կապերի մեջ առկա են և՛ ռուս, և՛ հայ կանայք, որոնցից յուրաքանչյուրին գրողը բնորոշում է կանացիությունը գումարելով ազգային գծերին: Երևանում նրա ընկերուհին հաջողակ լրագրող Սաթիկն է, որը նաև Սաթինկա է և գյուղական Սաթո: Նա ծագումով գյուղից է, բայց քաղաքում դարձել է ժամանակակից ազատ վարքագծի տեր աղջիկ ու Գրիգի մտերմուհին է` առանց ամուսնական հեռանկարի:
Գ. Խանջյանը հիանալի գիտի և՛ աշխարհի, և՛ հատկապես Հայաստանի քաղաքական ու սոցիալական խնդիրները ու վեպում շատ դիպուկ ձևով լուսավորում է դրանք` իհարկե հատուկ չծանրանալով դրանց վրա: Լրագրող Սաթիկը Թիֆլիս է գնում` մասնակցելու ժուռնալիստների միջազգային սեմինարին: Գրիգը այդ սեմինարը բնութագրում է հետևյալ ձևով. «Սովորեցրի՞ն ոնց անմնացորդ ծառայել կերակրամանին, ոնց հարկ եղած դեպքում օժանդակել սեփական երկիրը քանդելու պրոցեսներին»:
Գ. Խանջյանը ցավով գիտի Հայաստանի և Ղարաբաղի պրոբլեմի կարևորությունը իր ժողովրդի կյանքում, ականատեսն է Կովկասի ժողովուրդների` հատկապես ադրբեջանցիների և հայերի հակամարտությանը: Նա անպայման սիրում է իր երկիրն ամեն ինչով, սակայն նկատում է, որ հայերի, վրացիների, ադրբեջանցիների մեջ կան մարդիկ, որոնք չեզոք գոտում շարունակում են մնալ մտերիմ ընկերներ:
Անգլիացի նշանավոր հայագետ Չարլզ Դաուսեթը 1997-ին լույս տեսած «Սայաթ-Նովա» (550 էջ) ծավալուն մենագրության վերջաբանում այն միտքն է հայտնում, թե հայ հանճարեղ բանաստեղծը դեռ իր ժամանակին սեփական ստեղծագործությամբ փորձել է համերաշխության մեջ պահել Կովկասի ազգերին: Այս խնդիրը ցավալի է եղել նաև Խաչատուր Աբովյանի համար:
Ի՞նչ է սերը կնոջ և տղամարդու միջև խնդիրը շարունակ պտտվում է վեպում: Միջնադարյան հայ մեծ բանաստեղծ Կոստանդին Երզնկացին սերը համարում էր կյանքի շարժիչ ուժը, իսկ Գրիգոր Նարեկացին «Երգ երգոցի մեկնության» մեջ պնդում է, թե երկրի վրա չկա ավելի պատվական բան, քան տղամարդու և կնոջ սերը միմյանց նկատմամբ, և հենց այդ պատճառով էլ Սողոմոն Իմաստունը «Երգ երգոցում» եկեղեցու և Քրիստոսի սերը միմյանց նկատմամբ այլաբանեց հարսի ու փեսայի սիրո միջոցով:
Գրիգին բուժող բժիշկն էլ իր կարծիքն ունի սիրո հարցում: Նրա կարծիքով, սիրո մեջ ավելի ուժեղ է տղամարդու սերը, քան կնոջ: Եվ որպես ապացույց բերում է մարդկության պատմության չորս հանճարեղ տղամարդկանց անուններ` Ալեքսանդր Մակեդոնացի, Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի և Նյուտոն: Պլուտարքոսը, որը Ալեքսանդրի կյանքը, ըստ հնագույն աղբյուրների, նկարագրել է, Ալեքսանդրին ներկայացնում է որպես եզակի խիզախ, առնական, առատաձեռն ու կնոջ գեղեցկությունն ու սերը գնահատող տղամարդ: Պատմությունը լռում է Նյուտոնի` դեպի կինն ունեցած սիրո վերաբերմունքի մասին: Իսկ ինչ վերաբերում է Միքելանջելոյին ու Լեոնարդո դա Վինչիին, ապա նրանք քանդակել ու նկարել են կնոջ գեղեցկությունը: Բավական է հիշել Միքելանջելոյի «Պիետան»` խաչից իջեցված Հիսուսը մոր` Մարիամի գրկին: Այս քանդակը ես տեսել եմ Վատիկանում և չգիտեմ կա՞ ավելի գեղեցիկ դեմք, քան Մարիամինը, որը չնայած եղել է ոչ շատ երիտասարդ, սակայն չքնաղ է, ինչպիսին կարող էր լինել, երբ Գաբրիելը ավետեց կույսին Հիսուսի ծնվելու մասին:
Այս վեպում տեսնում ենք նաև Գուրգեն Խանջյանի հայրենասիրական դիտարկումները: Խոսելով Թիֆլիսի քրդերի ու եզդիների մասին, գրողն իրավացիորեն նկատում է, թե Թիֆլիսն առավել հայկական էր, քրդերի ու եզդիների զավակները գնում էին հայկական դպրոց: Հարմար առիթով նկատում է, որ Թիֆլիսի հայ բնակչության մի մասը 1915 թվականի Եղեռնը վերապրածների սերունդներ են: Նրա համար իսկական ժողովրդական երգի կատարողներ են Վաչե Հովսեփյանը և Լևոն Մադոյանը, հապա հայ կրկեսի անվանի վարպետներ Լեոնիդ Ենգիբարյանը և Իսահակյանը:
Վեպում հետաքրքիր ձևով է ներկայացված հանճարեղ Երվանդ Քոչարի գլուխգործոցը` Սասունցի Դավթի արձանը. «Գրիգորը նայեց` Սասունցի Դավթի արձանն է աջից, առասպելական Դավիթն իր առասպելական Թուր-Կեծակին մերկացրել` կռիվ է մտնում, կեցվածքը խրոխտ է, դեմքը` վճռական, մկանները` լարված-պատրաստ, սակայն… Սակայն Դավիթը սպանող չէ, թուրը գերանդու պես է բռնել, չի՛ սպանելու, հնձելու է, թրի մի մասն էլ նույնիսկ ծածկել է թիկնոցով, ամաչում է, դեմը մարդիկ են, նրանց ուժով են ուղարկել իր երկրի վրա… Բայց դե, Դավիթը հո չի՞ կարող իր երկիրը զիջել, համբերությունը թասը լցրել` թափվում է…»:
Հային հատուկ բարությունը երևում է վեպի այն հատվածներում, որոնցում հայտնվում են տարբեր ցեղերի պատկանող շներ, որոնք առնչվում են վեպի հերոսներին: Գրիգը նույնիսկ իրեն թույլ չի տալիս շան մասին ասել սատկել է, այլ ինչպես մարդու մասին է ասվում` մեռել: Կյանքի և մահվան խնդիրը նույնպես առկա է վեպում, որոշ մարդիկ` կին թե տղամարդ, որոնք եղել են Գրիգի շրջապատում, մեռնում են կամ արդեն մեռած են: Եթե Գ. Խանջյանն էլ միջնադարի հայ գրողների նման սիրում է այլաբանությունը, ապա շների կռիվները կարելի է դիտել որպես այդպիսին:
Վեպը շարադրված է ընտիր հայերենով, սակայն որոշ հերոսներ խոսում են բարբառով կամ խոսակցական լեզվով, երևույթ, որը բնականություն է հաղորդում վեպին: Կա նաև հետաքրքիր կերպար. բանաստեղծ դառնալու երազանք ունեցող մի երիտասարդ, որը չունի նախախնամության պարգևը, բայց երազում է: Սա շատ արդիական է հնչում, որովհետև հիմա գրում են շատերը, բայց բանաստեղծ են քչերը:
«Տուր ձեռքդ, պստլո» վեպն ավարտվում է խորհրդանշային ձևով. Գրիգը նորից է մեկնում տունդրա` Էյյային հանդիպելու, սակայն երջանկության պահը չի կրկնվում, այն մի անգամ է լինում ու եթե արտասովոր է, ապա ողջ կյանքի համար է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։