«Փոշմանել եմ… փոշմանելուց» ժողովածուում Առուշան Հակոբյանի մտորումներն են` մարդկային էության ճանաչողության շուրջը: Հատկապես, նույնանուն վերնագրով նրա խոհերը ժողովածուի սկզբում խոսում են այն մասին, որ Առուշանն ունի մնայունի և անցողիկի շրջապտույտն զգալու այնպիսի ունակություն, որ կարողանում է մարդուն իր բոլոր արժեքներով ու արժանիքներով դիտարկել տիեզերական չափումների համադրության մեջ:
Ա. Հակոբյանի խոհերն այն մասին են, որ արժեքների շրջապտույտն աննկարագրելի արագության մեջ զգացող մարդը չի հասցնում ընկալել, մարսել իր հետ կատարվածը, երբ հաջորդ փուլը ծածկում է առաջինին: Առաջին հայացքից պարզ ու հասարակ թվացող «Փոշմանել եմ… փոշմանելուց» արտահայտությունը արդյունք է Ա. Հակոբյանի ներաշխարհում տիրող այն անհանգստությունների, որոնց դրդապատճառը կյանքի արագացման հետ առաջացող շիլաշփոթն է: «Այս բազմերես աղմուկների» միջից Առուշանն ասես փորձելով հասնել գոյության շրջապտույտի ետևից, կրակահերթի նման հանում ու օդ է շպրտում այն ամենն, ինչի հետ առնչվել է կյանքում`«դիպուկ միտք», «կիսատ-պռատ խոսք», «հաճկատար պահվածքներ», «սրտով սիրած սեր», «բարձր ձենով արտասանած բառ», «շշուկով արտաբերած, թերասած միտք»…
Փոշմանել եմ շտապելուց,//Ավելի շատ դանդաղելուց…
Շտապելն ու դանդաղելը իրար նկատմամբ են հակադիր, սակայն տիեզերական շրջապտույտի մեջ նրանք համարժեք գործողություններ են, կյանքի արարչագործությունը կենդանի պահող անհրաժեշտ, հավասարարժեք մասնիկները: Առուշանն արարչագործության կենդանի օրգանիզմում մարդու անվերջ մասնակցության մասին է խոսում, որը կարող ենք նկատել որպես խոնարհում նույն արարչագործության առջև: Այստեղ տիեզերական հավերժության մեջ մարդու ներկայության յուրովի ըմբռնում կա, և դա այն մասին է, որ ջերմություն ապահովելու համար թացը չորի հետ է նետվում կյանքի հնոցը.
Փոշմանել եմ հաղթանակած//Յուրաքանչյուր քայլիս համար,//Բայց առավել փոշմանել եմ//Պարտությանս դեպքի համար:
Եվ կամ`
Փոշմանել եմ աշխատելուց,//Ավելի շատ չաշխատելուց…
Հաղթանակն ու պարտությունը, աշխատելն ու չաշխատելը, ինչպես «Փոշմանել եմ… փոշմանելուց» վերնագրի ներքո բազմաթիվ այլ օրինակներ, թացի ու չորի տիպիկ օրինակներ են:
Եթե լիտվացի մեր բարեկամ, հանրահայտ գրող Էդուարդաս Մեժելայտիսը մարդուն փորձում է չոր դուրս բերել կյանքի հորդահոս ջրերից, օժտելով գերբնական կամային ուժերով, որպեսզի նա կարողանա հսկա արևը պահել իր գլխից վեր, և հավատում է տիեզերական շրջապտույտի նկատմամբ մարդու հաղթանակին` որպես ինքնախրախուսանք, ապա կա մտածողության մի այլ տեսակ, որը պակաս մարդասիրական չէ: Դա Առուշան Հակոբյանի մտածողությունն է, նրա ներքին մղումը` կյանքի ջրերից թացն ու չորն իրար հետ միախառնելով դուրս եկած մարդուն իր խոսքն ասելը: Այդ խոսքն այն մասին է, որ մարդն, ի վերջո, հասնում է մի զրոյական վիճակի («Փոշմանել եմ… փոշմանելուց»), երբ զրոն կամ ոչինչը առաջանում է ամեն ինչին տեղյակ լինելով դրան տիրապետելու լիուլի հնարավորությունից: Այստեղ գործում է «Ամեն ինչ և ոչինչ» իմաստուն արտահայտությունը:
Առուշան Հակոբյանը ուխտավոր է` դեպի իմաստնություն տանող ճանապարհին: Ուխտավորի օրինակով էլ նա ինքնախոստովանությունների մեջ է, միայն թե` իրեն լսող ու հասկացող լինի.
Ես միշտ ուզում եմ, որ ինձ հասկանան,//Ու չհասկացողները թողնեն հեռանան,//Միայն մեկ մարդ էլ, որ ինձ հասկանա,//Այդքանով հոգիս միշտ գոհ կմնա:
Գեթ մեկը: Որպեսզի մարդն իրեն մենակ ու լքված չզգա: Որովհետև, լքված լինել` նշանակում է կորցնել լքողին: Չէ՞ որ`
…Երբ կորցնում ես դու անգամ մեկին, //Դու էլ ես կորչում` թողած ամենքին: