Նրա տողերը տրոփում են գեղարվեստական շնչառությանը համահունչ ռիթմով, ապա խոսուն են, հագեցած, լուսավոր ու թախծապատ։ Իսկ նա Լույսի, Սիրո, Երկնքի դռան հավերժ փնտրտուքների մեջ է՝ հանկարծակի հայտնվելով ճիշտ երկնքի ու երկրի մեջտեղում՝ «Այստեղ՝ երկրից հեռու,//Այստեղ՝ երկնքին չհասած…»։
Ընդամենը մեկ «սյուժետային» ակնթարթ՝ օժտված պոեմի ուժով, ընդամենը մի քանի տողեր, ասես շտապեցնող, քանզի գրողն ինքը լավ գիտի իր քնարական հերոսի «կենսագրության» ու հեռացումի պահը, իսկ ահա ընթերցողը դեռ նոր պիտի հասնի այդ եզրահանգում-ավարտ-վախճանակետին։
«Ես հենվել եմ//Բարձր կամրջի բազրիքին-//Ներքևում ջրի հայելին ձեռքով է անում//… //Հետո…//Հայելին մոտենում է հսկայական արագությամբ, //Եվ հսկայական արագությամբ//Ինձնից հեռանում է մի ամբողջ կենսագրություն»։
Եվ հայելին՝ որպես «երկխոսության օբյեկտ», իբրև սեփական արտացոլք, իբրև համբերություն, հիշողություն Անդրանիկ Կարապետյան բանաստեղծի տողերում ամենուր է՝ անկախ գրքի ներքին բաժանումներից։ Առավոտ, երկինք, պատուհան ու լույս, ծով ու ավազներ համբերատար, լուսին, ջուր ու կամուրջ, հեքիաթ ու իրականություն, ընթացքը ժամանակի, սեփական ժամանակը, ուրիշինը և ժամանակ ընդհանրապես, և թե՝ ուր են գնում կամ ուր են տանում բոլոր ժամանակները՝ իրական հարցի բանաստեղծական-գեղարվեստական պատասխանը. «Զարկերակիս ճանապարհով//Տանուլ եմ տալիս սիրտն իմ//Անվերադարձ…»։ Եվ ի վերջո, «Երկնքի հայելիները»՝ վերնագրային-անվանողական կաղապարով, անձրև ու թաց, կաթնագույն գիշերներ, երազներ՝ մեռնող, կարոտն արյան, երբ «ճնշումն է բարձրանում», կամ երբ մենակ է կարոտի ափին։ Եվ իհարկե՝ քաղաքը սիրելի. «Բուռ-բուռ վերցնում եմ քո լուսաբացից,//Դեմքիս շպրտում։//Ու լվացվում եմ քո առավոտով»։ Հարազատ, որպես հավատի խորհրդանիշ ու հավատի կարոտ, քաղաքը գրողի հոգևոր անդաստաններում, քաղաքին՝ թևավորվելու սիրո, հույսի ու հավատի մաղթանքով։ Ուրույն, միայն իրեն հատուկ ձևով են զարգանում և, կարևորը՝ ավարտին հասնում «իրադարձությունները» ժողովածուում. որքան պարզ, նույնքան բարդ, բազմաշերտ ու ընկալելի։ Ուշագրավ են նաև հեղինակի՝ տրամաբանական զուգորդումներն ու հանգույցները, որոնք կրկին բերում են հետաքրքիր արդյունք – համաձույլի՝ սերտ ու ներդաշնակ, շերտ առ շերտ բացվող։
Բանաստեղծությունների մի այլ շարք հիմքում ունի խոհը՝ գործերը մե՛րթ հյուսվում են իբրև պառնասյան միտք, մե՛րթ հագնում են կենսական ճշմարտություն որոնողի խստահայաց պատմուճանը, մե՛րթ էլ սիրո ու կարոտի բանաստեղծությունն է թևատարած ապրում էջերում՝ կրկին խորհրդածության, ինչ-որ միստիկ ու սիմվոլիկ խառնուրդ որպես։ Իսկ զուգահետ հարթություններում հեղինակի մտորումների ու ապրումների այն տողերն են, որտեղ նայում է իր ներսը՝ նախ՝ ինքնաքննումի, ապա՝ անհույս հուսախաբությունների տխրության, հավատի ու մեղավոր աշխարհի մասին խորհելու.
«Հեռվո՜ւմ, հեռվո՜ւմ, այո՛,//Այս մոր նման ներող, //Վերջին ճամփան բերող//Հեռվում անբառ,//Երազս բաց թողնեմ,//Ասեմ՝ հո՛ղ, քո տողն եմ,//Պոեմդ բա՛ց արա,//Ինձ գիրկդ առ…»։
Եվ կյանքը՝ սկզբից մինչև ավարտ՝ գունային պատկերումով այս անգամ։ Կյանք, սահմանափակումներ, կաղապարներ՝ կամա թե ակամա. նույն սկզբունքով վառերանգ գույները հալվում-մաշվում գնում են, մինչդեռ նոր է քնարական հերոսն սկսում արժևորել դրանք։
«Դատարկն այս ի՜նչ խիտ է,//Օ՜, որքա՜ն անմիտ է,//Գուցե սա քամի՞ն է՝//Մեր կյանքը թեժ անող,//Օրս տամ-ցավ առնեմ,//Խիղճս տամ-ցավ առնեմ,//Կյանքս տամ-ցավ առնեմ,//Էժանո՜վ, էժանո՜վ…»։
Ժամանակի մարդը, խնդիրները ժամանակի, բազում հարցեր, որոնք ծառացել են մարդու առջև, և գրողը հոգեբանորեն, ներհայեցողությամբ մե՛րթ գեղարվեստական նրբագծումներով, մե՛րթ այրական կտրուկ շեշտադրությամբ ներկայացնում է իրականության արտացոլքը ժողովածուի ամենատարբեր՝ անձնական, խոհական, փիլիսոփայական բանաստեղծություններում։
Անդրանիկ Կարապետյանի ստեղծագործությունների համար կարևոր շեշտադրումներից է նաև տողերում ռիթմի զգացողությունը. թվում է՝ դրանք կա՛մ վաղուց վերածված են երգի, կա՛մ էլ ծնվել են իբրև երգեր. երաժշտականության, ռիթմի զգացողություն՝ անկախ նրանից՝ դա «վերջին օրվա» բանաստեղծություն-ե՞րգն է («Օր վերջին»), աստղաշատ երկնքի՞ երգն է, թե՞ մութից այնկողմյան երազների։
«…Ու ձեռքումս պահած քլթքլթացող սիրո//Գավաթը մերկ//Բաց եմ թողնում հանկարծ//Ու լսում փշրված գինու երգը..». մեկ այլ շարք՝ սրտային՝ անձնական ու անանձնական սիրո, դրսի ու ներսի փնտրտուքներով և լուսավոր կարոտներով անսահման։ Սեր-աղոթք, սեր-շշուկ ու սեր-նետ, փշուր-փշուր եղած հավատի, երազի ու գուցե սիրո ծեսի մի խառնուրդ. թեական միգուցե, բայց իրական ու գրեթե շոշափելի։ Սեր։ «Երկինքը ծնկել ու համրորեն//Բարձրություն է քեզնից աղերսում…»։
Եվ ավելի շատ բացահայտում, առավել ինքնաբացահայտում՝ ազնվության, արդարության, ճշմարտության ու գեղեցկության՝ կյանքի մատուցած հակադրություններն ու հակադրամիասնություններն են, «ես»-ն ու «մենք»-ը. այստեղ ամեն ինչ մարդու մասին է ու սիրո՝ մեծ սիրուց՝ հայրենիքից սկսյալ մինչև մարդ ամենա ու կին իհարկե, ապա՝ թախիծը գրողի, թախիծը՝ հում, թախիծը մեծ անսահման՝ նայած թե ում մասին է խոսքը։ Իսկ մի շարք գործեր առանձնանում են նաև մտքի աներևակայելի թռիչքների տեսակետից՝ անսպասելիությամբ, տրամաբանական ճշգրտությամբ և անակնկալ վերջաբաններով։
«Մա՛յր իմ, ուր էլ գնամ,//Աչքերիդ թռչուններն ինձ հետ են,//Աչքերիս թռչունները որտեղ էլ լինեն-//Իրենց բույնն են վերադառնալու»։
Բանաստեղծի գործերում առանձնանում է մի նվիրական բարձունք, ինչը միայն բանաստեղծինը լինելով՝ նաև ունի համամարդկային հնչեղություն: Առանձնացված շարքում նրբագույն կերտվածքներ են, ինքնահատուկ քանդակներ, որոնք լրացնել-ամբողջացնելով բանաստեղծի մոր դիմանկարը՝ նաև մայրական դիմանկարն ամբողջացնող արարումներ են՝ առանձին, վսեմ մի հարթակ, որ միկրո- կամ ավելի ճիշտ՝ մակրոաշխարհ են ստեղծում բանաստեղծի էջերի վրա: Ակամա ուրվագծվում է գրողի մայրը, ապա մայրն ընդհանրապես՝ իր ջահելությունը գողացած հայելուն գրեթե թշնամացած, ժպտուն, թախծոտ, ալրոտված գոգնոցով, առավոտի գույն աչքերով, գրեթե հեքիաթային մայրը: Առանձնակի ուշադրության են արժանի այս՝ «Վրձնահարվածներ մորս դիմանկարին» շարքի բանաստեղծությունները, գործեր, որոնք նրբագույն վրձնահարվածներ են՝ բոլոր առումներով ամբողջական դարձնելու մոր, մայրական դիմանկարը, սրանք նաև ուժեղ ձեռքի հստակ շտրիխներ են, որոնց շնորհիվ արարվում է մայրական ամբողջական, մեծ ու կենսալից մի դիմանկար՝ իր բոլոր տեսանելի ու անտես մանրամասներով՝ ֆիզիկական, հոգեբանական, վերջապես տիեզերական ընդգրկում-նրբագծումներով. «Այս խորացող լռությունը//Մորս աչքերի գույնն ունի»։ Ի դեպ, շարքն իր բարձրակետին է հասնում վերջին բանաստեղծությամբ ու հատկապես՝ վերջին ընդգծված տողով. ծավալվելով՝ հասնում է պահը, և գրողի հոգեաշխարհում հասունանում է աղոթքը. «Աղոթի՛ր ամեն առավոտ մորդ անունով»։ Շարքը իրավամբ մայրերգության անկրկնելի հատընտիր է։
Եվ պատկերները նրա. ընդհանրապես, անկախ թեմատիկայից, անկասելի են բանաստեղծի պատկերների՝ երևակայության թռիչքները, որոնք նրա հոգևոր-տրամաբանական մտածողության՝ շոշափելիության հասնող արդյունքն են՝ փշաքաղվող ջրափոսեր, զիլ հորանջող շամպայն, փշուր-փշուր հռհռացող երգ, ասեկոսեներով կերակրվող լռություն, աստիճանների աղիողորմ կաղկանձ, մութի բեկորներ, թափառական մթնաշխարհ, ոտաբոբիկ երկինք, ջրափոսերի կնճիռներ և այլն, որոնք խոսուն են, տրամաբանորեն ճշգրիտ, համոզիչ: Այլ են գրողի չափման միավորները (մի սրտատրոփ հեռավորություն, տրոփյուն առ տրոփյուն, շշունջ առ շշունջ հալվել, սրտխփոց առ սրտխփոց ավերել, երդում-երդում մաշվել, կտուց-կտուց երկինքը խմել…), այլ է գունային ընկալումը ևս (դեղին խոցել, առավոտի գույն աչքեր, դեղին շնկշնկոց, դեղին խրախճանք, Հոգնության ճերմակ Աստված, կաթնագույն գիշերներ…)։
«Ներքևում երկիրը լուռ է,//Վերևում՝ երկնքի սերն հաստատ,//Ասա՛, որտե՞ղ է դուռը,//Որտե՞ղ է Լույսը։ Ասա՛…»։
Կարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու, դոցենտ