«Վան Արյան» հրատարակչությունը լույս է ընծայել Մանվել Միկոյանի բանաստեղծությունների «Որտե՞ղ են երաժիշտները» ժողովածուն: Վերնագիրը հուշում է հոգևոր հանգրվանի մասին, ինչը հանդիսանում է գրքի ներքին մղումը: Իսկ ավելի բացահայտ ընդգծվում է «սևագիր» կյանքը՝ պարտադրված բոլորին:
Կեցության տանջանքը բառ առ բառ կրկնել է տալիս «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն»-ը՝ մարդկության ինքնապահպան խնդրանքն առ Տեր: Սակայն սուրբգրային բանաձևումները չէ, որ առաջ են տանում Մ. Միկոյանի չափածո «ժամանակագրությունը»: «Ժամանակագրություն» բառը պետք է հասկանալ ոչ իր սովորական նշանակությամբ, այլ այն, որ գեղարվեստի բոլոր շնորհներով ժամանակը գրի է առնվում՝ գոյաբանական դարձդարձումների «քաղվածքներով»: Բայց գոյաբանական խնդիրներն ուղիղ իմաստով սակավադեպ են շոշափվում. առաջին պլանում կեցության «բաղաձայն» երգեցողությունն է՝ հոգևոր համանվագի փշուր-փշուր գրյանքով: Սա իրականության համարժեք երևակումն է՝ գեղարվեստական նորակերպ մտածողությամբ:
Բանաստեղծն իր կոչման հանդեպ ազնիվ է. ինքն է ենթարկվում կյանքի թելադրանքին, և բանաստեղծությունը ձևավորվում է «չթատերականացված» երանգներով: Մ. Միկոյանին գրավել է մի աննախադեպ հակաքնարական սկզբունք, որը ներկա ժամանակի դիմապատկերման համարժեք եղանակ է: Բանաստեղծը հակված է սյուժետիկ պատումին՝ չափածոյի ասելիքը մղելով ենթատեքստ: Հուզականությանը փոխարինում են զննումը, տրոհումը, քնարականությանը՝ պարզ դիտարկումը: Սարկազմն ու գրոտեսկը առաջ են մղվում պատկերավորման գլխավոր պլան: Բանաստեղծը տագնապում է, ինչը բանաստեղծությունների արտահայտած դրամատիզմի հենարանն է: Ներկան դիմապատկերվում է ապագայի հարցականների թնջուկից անբաժան: Սա պատասխանատվության ահազանգն է, իսկ բանաստեղծը միամիտ քնարական հույսեր չի փայփայում: Նա մենախոսում է, որովհետև երկիրը «երկրորդական հումքի բազա» դարձրած մարդիկ երկխոսության պատրաստ չեն: Արդի բանաստեղծությունն ընդհանրապես մենախոսական բնույթ է ընդունել (բանաստեղծությունը հիշեցնում է դրամատիկական կառուցվածք): Եվ այսպես՝ Մ. Միկոյանի ճշմարտացի խոսքը ընթանում է մենախոսական հունով, չնայած ոչ սակավ մատնացույց է անում հանդիպական կողմին՝ նյութամոլ հզորներին: Բանաստեղծն ստեղծում է նոր իրականության ածխանկարը: Հարկ է նկատի ունենալ, որ «անբանաստեղծական բանաստեղծությունը» մեր ժամանակների «ձեռագիրն» է: Սակայն քչերին է հաջողվում այդ կերպ հասնել հաջողության: Այսօրվա գրական աշխարհում Մ. Միկոյանի իսկական բանաստեղծությունների կողքին հառնում է «երկրորդական հումքով» կերտված չափածո «անտառը»:
Մ. Միկոյանի պոեզիայում տարածությունն ու ժամանակը ներքաշված են «ես»-ի ներզգայության մեջ: Ահա բանաստեղծության կենսաբախ երակը: Տարածության, ժամանակի, «ես»-ի միաձուլումը Միկոյանի բանաստեղծականության համադրականության հիմքն է, ինչի շնորհիվ մենախոսական շղթայական դրվագները նույնպես միասնանում են՝ գեղարվեստական ինֆորմացիան արտաբերելով ճշմարտացիության ակունքից:
Մարդու տեղը պատմությունն է, քանի որ նա բանական էակ է: Ահա թե ինչու Մ. Միկոյանը ամեն բանաստեղծության ենթատեքստում ընդգծում է ժամանակի, իմա՝ պատմության ֆոնը: Որոշակի ընդգծումով առաջադրվում է պատմության առջև պատասխանատվության հանձնարարականը: Սակայն բանաստեղծը որքան էլ խոսի բացասական ու դրական բառախմբերով (իսկ դա վկայում է ուղղակի գնահատականի մասին)՝ որևէ հանձնարարականից հեռու է, քանզի ներքնապես ինքը չունի դրա անհրաժեշտությունը: Նա ներկայի ընթացքը կապում է պատմությանը՝ վերջինից բխեցնելով մտառկայությունները: Բանաստեղծը կեցությունը դիտարկում է ընթացքի մեջ՝ պատմության հարցականների ստվերով: Կյանքի մռայլ, անկումային ընթացքի երևակումն անցնում է տողից տող:
«Ես դեռ ապրում եմ» շարքը սիրո թեմայով է գրված: Սա ևս առանձնացնող գիծ է, որովհետև «սև հումորի» պոեզիայում սերը որպես այդպիսին, պսակազերծ հոգու բաղադրիչներից է: Ես դեռ ապրում եմ. այս մտածելու և վերզգալու իրավունքը տալիս է սերը: Բայց սիրո երգը մտածողությամբ և կառուցվածքով չի առանձնանում նախորդ շարքից, քանզի իրականություն-կտավը նույնն է՝ ինչպիսի պատկերներ որ ներկայացվեն: Սակայն զգացմունքը թանձրանում է, սևաներկին խառնվում են կիսատ գույներ: Սա ինքնատիպ մտածողության ևս մեկ դրսևորում է:
Դեռ սպասվող ջրհեղեղի նախորդ օրը բանաստեղծը երկինք է տանելու «տիեզերքի ամենաերկա՜ր գիշերվա անկրկնելի հրաշքը» («Ես երկար ժամանակ…»): Նրան անծանոթ չէ նաև «պատրանքի մոխրակույտը»:
Մանվել Միկոյանը ձևավորել է բանաստեղծության կառուցվածքի ինքնատիպ սիմետրիա, որը շրջանակում է բազմազան ու խոր, միաժամանակ կայուն նախասիրություններ: