Լալահառաչ Որոտանի հարթ կողափին ճարճատում էր բարկ խարույկը։
Լեռնածին հեղեղը հավիտենահոս խոնջությամբ ճեպում էր անձնատուր։ Երեկոյան գորշերանգ աղջամուղջի և երկնալեզ բոցի ցոլանքի խորապատկերին դողդողում էր թուրքական կիսակործան գյուղի ուրվապատկերը։ Կխրախճանեինք գետափին։ Գետափյա ջրականգի ծոցում դարանած խայծակեռի լողակը փութով վերուվարում էր, և ավելանում էր հրամերձ խճավազին թպրտացող ձկների քանակը, որոնք թեփուկազուրկ ու փորոտիքահան ոսկևորվելով կայծկլտուն փայտածուխին՝ տրվում էին անկշտում որկորին։ Թանձրացող մութի ճապաղ սքեմը դանդաղ փռեց անեզրական փեշերը, և տիրակալեց խավարը։ Բորբոքուն փայտակոճղերից հրացայտող բոցե լեզվակների հրապարը կատաղի մոլեգնությամբ ահագնացավ։ Խարույկի կապտերանգ կատարը սկսեց ճտալ, ճտճտալ, ճայթել, ճարճատել։ Անհուն խավարից մեծաքանակ զեռունների տարափ սկիզբ առավ։ Խելահեղ հոսքով անթիվ միջատներ լույսի բաղձանքով գրոհեցին խարույկը՝ որպես ոսկյա նետաշեղբեր։ Թվում էր՝ երազ է արթմնի։ Ինքնազոհումի զարհուր տեսարան էր։ Մանրաշխարհային կյանքեր, բազմաբյուր ճայթյունի փոխված, մոխրամաղում էին հրե հնոցում՝ առանց զոհարար։
Ակամա մտաբերեցի նաև Արցախում տեսածս. Ակնա-Մարտունի տափաստանաձիգ, ասֆալտապատ ճանապարհի մի հատված արյունոտ էր հաճախ, հատկապես՝ աշնան կեսերին։ Ու հեղվում էր այն երեկոյան աղջամուղջից սկսյալ, մինչ կպաղեր կպրածեփոն սև ուղին։ Ճաքճքուն կիսաանապատի այդ հատվածում օձերի նկողնակներ էին հայտնվում՝ տաքատենչ, սառող արյունը ջերմացնելու փափագով։ Զորեղ զենքով սպառազեն, իր բնատարածքում, անգամ, օձային իմաստությունն անզոր էր խուսափել նախճիրից. արագընթաց ինքնաշարժերի սև անվադողերի տակ, սև ասֆալտին փակչել էին ջնջխված օձերի բազում կաշիներ։
Մի վաղածին հորինվածք իր նրբահյուս ուռկանն առել, զոհարան էր մեզ մղել։ Մոխրանալու անմիտ տենչով, ուղեմոլոր, պատրանքակուլ ծնկի եկանք։ Ընկել էր վաղուց Մուսասիրը, հայկյան ճակատագրավար ոգին՝ ընկրկել։ Հղալից ցեղը նվաղել էր ուժաթափ ու մղվել անդունդ, հանց նախամարդուց հալածված նախիր: Ու ճարակվեցին հրե բոցերում մեհյաններ բազում, մատյաններ բյուրդարս ու բազմաբիբյա դիցեր խարդավված: Ու փլատակվեց հայկյան երկիրը. հոգևոր չքավորությունը ծովացավ. մանրահոգի պղծագործները բազմացան. ավերիչ բնազդները մոլեգնեցին. հոգևոր ամբարները մոխրացան. հավիտենագործ ներշնչարանի երկնած գանձերը ավարառվեցին: Հրեշածին ժողովանքը մոլեգնեց կատաղի: Անապատի մարդախոշոշ խորշակն, հեծած չարի ոգին, ասպատակեց Արարատը: Ճմլվեց հեթանոս Հայաստանի սիրտը, փխրեց հայության քաղաքական ճակատագրավար ոգին, հոգևոր չքավորությունը տիրակալեց: Հրամեծար ինքնության պատուհասման կսկծանքը սրտում` դառնաղի ողբաց պատմահայրն ու պատժվեց անքար շիրիմի պղծումով։ Վահագնապաշտ քրմադասը մաքառեց երկա՜ր, մարեց… ու սպառվեց: Հոգևոր ազնվականությունն իսպառ անէացավ ճենճենահոտ հրդեհներում: Գունագեղ խաբկանքը ծովացավ, խավարաբուխ անեծքը ծավալվեց ու կլանեց հայրենին համայն: Հոգևոր ինքնասպան եղած ցեղը հոշոտվեց դիտապաստ:
Եվ արդ, սևազգեստ թովչաբույժները հորդորեցին խիստ՝ լինել հնազանդ, ուժաթափ լինել ու հար աղոթել՝ չարի, ճիվաղի, լլկողի համար, օրհնաբանել թշնամուն անարգ ու սեր բուրվառել։ Անստեղծագործ տառապանքով հլու ու հեզ անդուլ ճգնել։ Արարատի ու Անապատի եռհազարամյա անողորմ, արյունոտ պայքարը, նոր փուլ մտած, շարունակվում է ցայսօր: Այսպես խլվեց հին աշխարհում հայտնի աստվածընտրյալ ցեղի մեր համարումը: Բելի արյունառուշտ ոգին ծրեց հանճարեղորեն հղկուն աշխարհակալման ճանապարհային իր քարտեզը և նվաճումի անկասելի բաղձանքով անգայթ ընթանում է առաջ:
Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ
Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն
