ՁՄԵՌԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ ԵՐԱԶ / Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Երբ ամպրոպի հերթական հարձակումից հետո չափ ու սահման չիմացող անձրևը հարձակվեց, Տաթևիկի հետ պատսպարվեցին մի շենքի շքամուտքում, որտեղ երկու մարդ էլ կային։
– Էս աշունն իրեն գարնան տեղ ա դրել,- ասաց Կարոն,- մե՞զ է խաբում, թե՞ իրեն։
– Առաջին հերթին՝ իրեն,- ժպտաց Տաթևիկը։
Թոռնիկի ձեռքը բռնած պապիկը ժպտաց նույնպես, բայց ձայն չհանեց:
– Սա երկար չի շարունակվի,- ասաց Կարոն,- էս տեսակ անձրևները շուտ են կտրվում։
– Այո,- լսվեց պապիկի խռպոտ ձայնը,- ինչպես ամենքիս երիտասարդությունը։
Տաթևիկն ու Կարոն շրջվեցին։ Պապիկի դեմքին ողբերգականի զգացում իսկ չկար։ Թոռնիկը հետաքրքրությամբ նայում էր բոլորին։ Իրոք, քիչ անց անձրևը կամաց-կամաց նվազեց։ Դուրս ելան։ Նախ՝ պապիկն ու թոռնիկը, հետո՝ Տաթևիկն ու Կարոն։
– Լավ մնացեք,- ասաց պապիկը։
– Դուք նույնպես,- պատասխանեց Կարոն։
Քայլեցին թաց մայթով, որտեղ շուտասելուկ անձրևը անթիվ տերևներ էր սփռել։ Դեղնակարմիր ու գեղեցիկ։
Կարոն հիմա էլ էր քայլում մայթով։ Ծունկը մի քիչ ցավում էր։ Սառույցի վրա սայթաքել, ընկել էր, զարնվել բազրիքին։ Օրը ցրտոտ էր, անցորդները միմյանց չէին նայում, այլ միայն՝ սեփական ոտքերի տակ։ Կարոն երբեմն դուրս էր գալիս օդի։ Շարունակ սենյակում նստելը նեղսրտություն էր պատճառում։ Իսկ գրասեղանին փռված ձեռագիր էջերն այլևս չէին գրվում առաջվա թեթևությամբ։ Ո՛նց շրջեմ էպիզոդը ակրոբատի պես, սյուժեն չի կարող տեղում դոփել։
Աղջիկը, քիթը հեռախոսի մեջ մտցրած, գալիս էր դիմացից։ Հենց Կարոյի կողքին դրմփաց։
– Վա՛յ,- ճչաց նա դեռահասի ձայնով։
Կարոյի համար կռանալը դժվար էր, բայց ատամները սեղմելով՝ հաղթահարեց ծնկի ցավը։ Ձեռքը մեկնեց աղջկան։ Աղջիկը բռնեց Կարոյի ձեռքը։ Կարոն վեր քաշեց նրան։ «Ձեռքս դեռ ուժ ունի»,- մտածեց։ Աղջիկը փորձեց զանգել, բայց չկարողացավ։ Հեռախոսը ջարդուխուրդ էր եղել։ Կարոն տվեց իր հեռախոսը։
– Տիկ,- համարյա լաց լինելով՝ ասաց աղջիկը,- պլստացի-ընկա, հեռախոսս ջարդվեց։
Կարոն վերցրեց իր հավատարիմ բարեկամ Էրիկսոնին ու շարունակեց ճանապարհը։ Փորձում էր չհավատալ, բայց այդ աղջիկը հար և նման էր Տաթևիկին։ Բայց Տաթևիկը հեռու էր, Տորոնտոյում։ Տորոնտո չես հասնի։ Ամուսնացավ սփյուռքահայի հետ ու գնաց։ Տեսնես քանի՞ երեխա ունի։ Դե խոստովանիր, որ քո պատճառով գնաց։ Սիրո խոսքեր ասում էիր, բայց ամուսնության առաջարկ չարեցիր։ Եվ գուցե ինչ-որ մեկը վերևներից նայում է ու մի օր պատժում։ Այսօր էր։ Մայթին դրմփացող օրիորդիկ։ Անչափ նման Տաթևիկին։
Կարոն տուն հասավ։ Հանեց վերարկուն, ծանր կոշիկները։ Ծխախոտ վառեց, թեպետ, որպես կանոն, ծխելու համար պատշգամբ էր ելնում։ Կինը ձայնեց խոհանոցից.
– Ճաշն եմ տաքացնում։
– Դեռ չէ,- ասաց Կարոն։
Մոտեցավ գրասեղանին։ Դարակում կոնյակի փոքրիկ շիշ ուներ, որը խնամքով թաքցնում էր կնոջից։ Բացեց շիշը, լցրեց նույնպես դարակում պահվող ըմպանակի մեջ, խմեց։ Հետո երկրորդը։
– Ես կավարտեմ այս պատմվածքը,- բարձրաձայն ասաց նա։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։