ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՕՐԵՆՔԸ / Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

Մենք այս տարի նոյեմբերին նշեցինք Հայաստանի գրողների միության 90-ամյակը։ Գրական-համերգային ծրագրով ու նաև անցած ճանապարհի մասին ելույթ ունեցան ՀԳՄ նախագահը, գրողներ, գրականագետներ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ահել-ջահել իրենց սրտի խոսքն ասացին և վերաբերմունք արտահայտեցին Հայաստանի ստեղծագործական միությունների անշարժ գույքերի նկատմամբ ՀՀ դատախազության ՀՀ վարչական դատարան հղած հայցերի վերաբերյալ՝ պետականացնել, զրկել սեփականության իրավունքից, ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակիցներին (ոմանք երևի հեռացել են կյանքից) դատափետել, ախր 25 տարի առաջ չէի՞ն տեսնում, որ կգան դատախազության մի կամ մի շարք պաշտոնյաներ ու քննիչներ ու կայծակե թուրը քաշելով՝ կհայտարարեն ոչ միայն այս միությունները, այլև 27000 շենք ու շինություն մեծ սխալանքով են ստացել սեփականության իրավունք։
Ես չեմ զորի ինձ վրա վերցնել այն վաճառված ու գնված շենք ու շինությունների օրինական կամ ոչ իրավական լինելու խնդիրը, յուրաքանչյուրը թող պաշտպանի իր իրավունքը, և մենք՝ մերը։
Դատերը սկսվել են. նկարիչների միության մասով երկու նիստ է եղել, մեր մասով՝ ևս երկու, որոնք հետաձգվել են և ընկել 2025 թվականի մեջ։
ՀՀ դատախազությունը դատարան է դիմել ոչ միայն ՀՀ կադաստրի կոմիտեի դեմ, այլև, մեր կարծիքով, ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի։ Այն ժամանակվա կառավարության լիազոր մարմին կադաստրի գործերից կարծես տեղյակ չեն եղել, տո՛ հենց դատախազությունն էլ քնած է եղել ու 25 տարի հետո վեր է թռել լեթարգիական քնից ու տեսել՝ երկիրը ձեռից գնացել է, բա՜, ու էս նկարիչ-գրող-երաժիշտները քեֆ են անում անտարբեր։ Բա ըսենց բան կլինի՞։
Այս մոտեցմամբ անվանարկում և առ ոչինչ ենք համարում մեր երկրի կարևոր պետական օղակների աշխատանքը։ Հետո սպասում ենք ներդրումների, էդ ո՞ր խիզախ մեր քաղաքացին ու օտարերկրյա գործարարն է վստահելու մեր տարափոփոխ, հոսող ավազ թվացող օրենքներին ու հիմնարկներին։
Մեր անշարժ գույքերի վրա ինչքան ներդրումներ են արվել, գործեր են արվել, հարկեր են տրվել, էդ ամենը՝ հե՞չ։
Այսպիսի տեքստեր գրելը ինձ ձանձրացնում է, ավելի հաճելի են թվում հարցազրույցներով անդրադառնալը, որոնցով հանրայնացրել եմ բազմիցս և պատրաստ եմ ևս այժմ և եկող տարի իմ հասկացողության չափով վերլուծել իրավիճակը։ Ինձնից ավելի լավ այդ գործն անում են նկարիչների և գրողների միությունների փաստաբաններ Կարեն Մեժլումյանն ու Լևոն Բաղդասարյանը։
Բայց ահա իմ գրական միտքն աշխուժացավ, երբ տեսնում ու լսում եմ դատական գործում ներքաշված քննիչի խոսքն առ այն, թե այսօրվա Հայաստանի գրողների միությունը իրականում ծնվել է 1993 թվականի հունիսին…
Այսինքն՝ ի՞նչ 90-ամյակ, ի՞նչ նախկին Հայաստանի գրողների միություն, ի դեպ, որի անդամն եմ 1977 թվականից, այսինքն՝ դա սովետական էր, դա մերը չէր, իբր անկախ Հայաստանի օրոք է ծնվել ու, երևի, ապօրինաբար տիրացել Բաղրամյան 3 հասցեով հանրահայտ շենքին։
Հիշեցնենք, որ ՀԳՄ շենքը կառուցվել է հենց գրողների համար, նաև նրանց հոնորարներից տոկոսներ պահելով, և ոչ միայն այն օրերում ապրող գրողներից են պահել, այլև հայ դասական գրողների հրատարակությունններից։ Հիշեցնեմ. գոյություն ուներ միութենական գրական հիմնադրամ, և նա էր հիմնականում հոգում գրողների ունեցվածքի և հանգստի հոգսերը։ Այդ հիմնադրամները գործում են նաև հիմա, սակայն ոչ այն, հասկանալի է, ծավալով։
Այդ շենքերը պետության կողմից ընկալվել են որպես ի ծնե մերը, ինչպես մարդկանց բնակարանները, և ապա՝ օրինաբար տրվել է սեփականության իրավունքի վկայական, ինչպես բնակարաններին։
Երկար տարիներ ՀԳՄ նախագահներ են եղել մեծանուն գրողներ ու գրականագետներ. միայն Ավետիք Իսահակյանին հիշատակելը, կարծում եմ, բավարար է։ Նրանց ու նաև արդեն դասական համարում ունեցող կյանքից հեռացած գրողների հիշատակը այսպե՞ս է հարգվում։
Վերոհիշյալ 1993 թվականի ծնունդ կոչվածից առաջ և հետո գործել է նույն միությունը, նույն անդամներն են եղել «ծննդյան» պահին և անմիջապես հետո, դա կարելի է նայել գրական տեղեկատուներում, որոնք հրատարակվել են սովետական և ապա Հայաստանի Հանրապետության օրոք։
Այնպես որ, սիրելի դատախազության պաշտոնյաներ, գրողները չեն փոխվել, հանդես չեն եկել այլ ծածկանուններով, ՀԳՄ նախագահն էլ Վահագն Դավթյանն է եղել «ծննդից» առաջ և անմիջապես հետո։ Վահագն Դավթյան անուն-ազգանունով գրողների միության մեկ անդամ ենք ունեցել։ Այժմ մեր գրողների միության անդամներ ու պատվավոր անդամներ են սփյուռքահայ և հայ գրականության բարեկամներ օտարազգի գրողներ ու թարգմանիչներ։ Նրանց անհանգիստ նամակներով ու հաղորդումներով կարելի է փաստել՝ բոլորն էլ ուշի-ուշով հետևում են դատական ընթացքին և պատրաստակամություն են հայտնել իրենց իրավունքը ոտնահարող որոշումները միջազգայնացնելու ու պաշտպանվելու դրանցից այլ՝ իրենց երկրների համապատասխան ատյաններում։
ՀԳՄ 90-ամյակը դեռ ոչ ոք չի չեղարկել, մեր գրական համայնքին մեր անդամակցությունը չի բաժանվում մինչև 1993 թվականը և հետո։
Էլի եմ ասում՝ մեր երկրի իրավական օրենքներից բանիմաց խոսում են ու գրում մեր փաստաբանները, բայց կա մի օրենք, որ բոլորինն է՝ գրականության ոգին է միավորել ու միավորում հայ տեսակին դարերով, այժմ և այդպես է լինելու։
Մեզ համար դա ամենաբարձր օրենքն է։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։