ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆՑ / Արմենուհի ԴԵՄԻՐՃՅԱՆ

Արմենուհի-ԴեմիրճյանՆորին գերազանցություն «խնայողութ­յուն» բառը վերևներում հաճախ չի շրջանառվում, բայց պարզից էլ պարզ է, որ այս կրակ ու պատիժ դարում մեր խեղճ կառավարությունը ուզի-չուզի` խնայողությունը պիտի հռչակի գերակա ուղղություն: Օրը խնայողությամբ սկսող, խնայողությամբ ավարտող հայաստանցու, և, ընդհանրապես, բանական մարդու համար ավելի հուզիչ ի՜նչ կարող է լինել: Պատկերացրեք, մի առավոտ զարթնում ու տեսնում ենք, որ մեր ղեկավարները թանկարժեք մեքենաների փոխարեն հեծանիվով են աշխատանքի գնում կամ կրճատում-ան­հրաժեշտ չափի են հասցնում հինգաստղանի հյուրանոցներով շրջագայությունները, վարկով վերցրած փողերը ծախսում են խիստ նպատակային, օրինակ` աղուտները բերրիացնելու նպատակով, Հանրապետու­թյան հրապարակը ձևախեղելու մրցույթ չեն հայտարարում և արտեզյան մի ջրհոր փակելն էլ գնահատում են ոչ թե 200 միլիոն, այլ… 200 հազար դրամ:
Բայց երազից արթնանանք: Ամենայն ավելորդի վերացումը, պարզվում է… ոչ թե պարզ խնայողությունը, այլ «հավելյալ» կրթությունից ու «հավելյալ» զարգացածու­թյունից բեռնաթափվելն է: Ի՞նչ կարիք կա, որ փոքրիկ Հայաստանում այդքան մարդ կրթվի, մանավանդ, որ աշխատատեղ չենք էլ կարողանում ապահովել: Ուրեմն, հանուն արդարության ու խնայողության եկեք և՛ ուսումը հեշտացնենք, և՛ հաստիքները կրճատենք: Մեր հյուսիսային քաղաքներում 3 ու 2-ի փոխարեն մեկական բուհը լիուլի է: Իսկ եթե բուհի անունը ինստիտուտից դարձնում ենք համալսարա՜ն… Հապա ասա` Գյու­մրու կամ Վանաձորի համալսարա՜ն:
Ուսումը հեշտացնելու հարցը: Հիշո՞ւմ եք, տխրահռչակ մի նախարար, ով այսօր դպրոցի տնօրեն է, ժամանակին հայտարարեց, թե հայոց լեզու առարկան շատ է չարչարում խեղճ երեխաներին, և հայոց լեզվի ողնաշարը ջարդելու գնով առաջարկեց իր էքսպերիմենտալ դպրոցի «Ծուղրուղու» այբբենարանը, վրադիր էլ` քերականաթափ մյուս դասագրքերը: Նորարարության առաջին ալիքը երբ անցավ, իմացանք, որ «Ծուղրուղու»-ն, ոչ ավել-ոչ պակաս, անբանիմաց, սևամորթ երեխաների համար կազմված ամերիկյան թույլ դասագրքերի կրկնությունն էր: Ճիշտ է, էքսպերիմենտը մեզանից մի քանի տարի տարավ, բայց հարցի էությունը հասկացանք, սխալմունքը շտկեցինք: Նոր դասագրքերի տպագրության ծախսերն էլ հոգացինք պահուստային ֆոնդից: Ոչինչ, փորձ էր, դրանից էլ գաղափար կազմեցինք:
Հիմա՞ ինչ է եղել, նոր էքսպերիմենտ չանե՞նք: Եկեք այս անգամ էլ բուհական հատվածում ուժերի հավաքագրում կամ ավելի հասկանալի բառով ասած՝ խնա-յո-ղու-թյուն անենք: Վանաձորի ջահելները մեղք չե՞ն, որ ամեն օր մաթեմատիկա, քիմիա ու ֆիզիկա, էլ չեմ ասում նյութերի դիմադրություն, մեխանիկա, ֆիզքիմանալիզ, հիդրոտեխնիկա ու չգիտեմ էլի ինչեր անցնեն: Ամերիկացիները, ճապոնացիներն ու եվրոպացիներն իրենց քաղաքներում անցնում են, հերիք է: Ասում են` Չինաստանն էլ է միացել էդ դժվարին գիտություններին, 1 միլիարդից մի քանի միլիոն մարդ նստած ինժեներություն է սովորում: Այդքան ինժեների մեջ մերոնք էլ ի՞նչ անեն, իսկի կերևա՞ն որ…
Հիմա կասեք՝ մերոնք ինժեներ չեն, ճարտարագետ են: Բայց, դե, այդ դժվար բառը դրսում ո՞վ է հասկանում: Եկեք, մենք մեզ գնահատելով, մեր ունեցածը պահպանելով և հատկապես ուժերի վատնումը կանխելով` ուղղություն վերցնենք դեպի մաքուր էկոլոգիա: Հա, շատ ճիշտ կռահեցիք, մաքուր էկոլոգիան հենց սպասարկման ոլորտն է: Դրսեցիները թող գան, մենք սպասարկենք: Ասենք` համեցեք, սա մեր համով մածունն է, սա` լավաշը, սա էլ` ոչխարի պանիրը: Թե չէ, խեղճ մարդիկ գան մեր երկիր, ասենք` էս մեր «Էլեկտրոն» գործարանն է, էս` հաստոցաշինականը, էս անծուխ-անթափոն քիմկոմբինատը, էս էլ` ռոբոտաշինականը: Բա չե՞ն ասի, դուք ներկրող երկիր եք, ռոբոտաշինություն եք զարգացնում, էն խեղճ ճապոնացիներին ի՞նչ պատասխան տանք:
Կամ թե` Պոլիտեխնի՞կ եք ուզում, Երևանում կա, Վանաձորում ու Գյումրիում ինչների՞դ է պետք: Համալսարանական բարձր կրթության պոչից բռնեք, փիլիսոփայական ուղղությունները զարգացրեք, անգլերենը, ֆրանսերենն ու գերմաներենն էլ հատուկ խորացրեք, որ բան է, եթե օր ծերության մեր թոշակառուները եվրոպաներից գան Հայաստան, հետները զրուցող կիրթ մարդիկ ունենաք: Թե չէ… ճարտարագետ:
Մանկավարժությունն էլ այլևս պետք չէ: Էնքան մանկավարժ ենք արտադրել, որ ամեն մի աշակերտի մի քանի ուսուցիչ է հասնում: Էս` Վանաձորը, հարցը շատ լավ լուծեցինք: Բա Գյումրու գեղագիտական բուհերի հա՞րցը ոնց լուծենք:
Դե, էլ ո՞նց, օպտիմիզացիա` դարձյալ օպտիմիստորեն: Մի տանիքը 3 բուհին էլ կհերիքի: Վախենում եք դհոլի դասարանի փորձերը նկարիչներին կամ կինոգետներին խանգարե՞ն: Չեն խանգարի: Հակառակը, նկարիչները դհոլի ռիթմի տակ կոգևորվեն, ավելի ամուր կքսեն մատիտը, Գյումրու գրաֆիկան կհասցնեն չտեսնված ուժգին մակարդակի, կինոգետներն ու դերասաններն էլ դասերին չեն քնի, աշխույժ սցենարներ կգրեն, հայկական կինոն ու թատրոնը կհանեն լճացումից: Տեսնո՞ւմ եք` մի դհոլով հարցերը ոնց են լուծվում:
Դե որ այդպես է, օ՜ն անդր առաջ: Ամեն ինչ լավ է: Էքսպերիմենտը լրիվ չհաջողվի, գոնե հաստիքները կկրճատվե՞ն, ուսանողության թիվը գոնե կքչանա՞, գնացող-մնացողի հարաբերությունն էլ կպարզվի՞: Քի՞չ ձեռքբերում է: Հապա ասա խնայողու­թյո՜ւն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։