Հավատով ու բարի ժպիտով… / Անահիտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ալիս Հովհաննիսյան

Իր հոդվածներից մեկը Ալիսն անվանել է՝ հետևելով սիրելի գրողի խոսքին՝ «Նա վշտացավ, բայց չհուսահատվեցավ»: Կենսական այսպիսի դիրքորոշումն ընդգծվում է նաև նրա վերջին՝ «Ամենակարգին մարդիկ և ագռավները» (2016 թ.), առաջին հայացքից փոքր-ինչ արտառոց վերնագրով գրքում:
Սիրելի՛ Ալիս, զարմանալի է, բայց ամեն անգամ մի նոր Ալիս եմ տեսնում քո ստեղծագործության մեջ: Դու կարողանում ես գրել և գրում ես՝ կյանքի կենդանի տրոփյունին ունկնդիր: Իսկ կյանքը անակնկալ կերպափոխությունների շղթա է, որտեղ ծվարած հայ մարդն այսօր հայտնվել է, մեղմ ասած, անելանելի վիճակում: Այս անգամ զարմանքի ու հիացմանս առիթը առաջին հերթին այն նոր դռնակն է, որ բացվում է քո «Տարեդարձ» անհավատալիորեն սեղմ (ընդամենը 58 էջ), բայց այնքան հագեցած վիպակով, և որը գալիս է լրացնելու Արմինե Կալենցի, Կարպիս Սուրենյանի, Վարուժան Ոսկանյանի ուշագրավ կենսապատումներն ու օրագրային էջերը: Կատարվում է անցում մի նոր թեմայի՝ ակունքներին, որ հեղինակը կրել է իր մեջ գուցեև նախքան նոր եզերքում՝ Լենինականում հայտնվելը, կրել է՝ ինչպես անխուսափելի պարտամուրհակ, որ վճարվելու է երբևէ: Ուշագրավ մի հնարքով՝ շարունակ դիմելով ու վկայակոչելով իրեն կյանք տված անզուգական էակին՝ մորը, Ալիսը մի կախարդական գեղադիտակով կենդանագրում է դեմքեր ու դեպքեր, չարաճճի հումորով ու տարիների հեռվից եկող կարոտով, հաճախ նաև համարձակ բառ ու բանով կենդանագրում է կյանքը, ինչպես որ այն ներկայացել ու ներկայանում է անցյալ-ներկա խաչաձևումներում:
Անցյալի ու ներկայի միջև արդեն տարուբերվող մայրն է հենց սկզբից, երբ դեռ Ալիսն ընդամենը իննամյա աղջնակ էր, ապա տասնչորս տարեկան, հորդորել «…Բուլղարիայեն սկսած մինչև Հայաստան գալերնիս մեր կյանքը գրե»: Այստեղից պտտվել է կինոժապավենը՝ կադր առ կադր ամբողջացնելով հայրենազուրկ բուլղարաբնակ մի ընտանիքի ու նրա տոհմի պատմությունը նախ՝ գրեթե հայրենիք դարձած փոքրիկ Ռուսճուկ քաղաքում (ի դեպ, այստեղից է նաև Մայքլ Առլեն Ավագը), որին բոլորը իրենց հեռվից վերաբերվելու էին հավասար գուրգուրանքով ու սիրով, և որն արդեն կար Ալիսի մեջ անգամ ծնվելուց առաջ… Նոր հայրենիքը անվերապահ նվիրում ու հավատարմություն էր պահանջում նորեկներից՝ վերջապես երկրի դռները կիսով չափ բաց արած. հայրենադարձներին կարգադրվել էր ծովը նետել «բուրժուական աշխարհից» հետները վերցրած ճերմակ հացի բոքոնները՝ դրանք փոխարինելով «անհասկանալի սև ճմուռներով»: Առաջին անգամ բախվելով երեսպաշտության ու փքուն կեղծիքի օրինակին՝ հայրենադարձներն օրավուր բազմապատկելու են իրենց փորձառությունը՝ մի կերպ հարմարվելով ոչ մի տեղ նմանը չունեցող երեսպաշտությանն ու խեղճուկրակ կյանք ու կենցաղին:
Հիրավի, ճակատագրի «թեթև» ձեռքով մեր պատումները անվերջ են, վավերապատում ոդիսականները՝ անվերջ շարունակելի. Կարպիս Սուրենյանի դիպուկ բնորոշմամբ՝ այժմ էլ հորձանք է տալիս «հետնորդ զոհերի» հուշագրական արձակը՝ հին ու նոր հուշամատյանների բնակիչներով: Իրար հերթ չտալով՝ նրանք հայտնվում են Ալիսի գրքում նույնպիսի կարևորությամբ, ինչպես տպավորվել են նրա մանկական պատկերացումներում, ընտանեկան հուշերի պանթեոնում: «Մնացածների համար դուռը բաց եմ թողել… Ով գա, տեղ կտանք»: Գիտակցության հախուռն ու տարերային հոսքով գալիս ու գալիս են դեմքեր՝ իրենց այլևս անկրկնելի մարդկային որակներով, դիտանկյունների հանկարծահաս փոփոխությամբ խախտելով վիպական տեղի ու ժամանակի տրամաբանություն: Պատումի միակ հիմքը հոսող ժամանակներին դիմակայած իմպրեսիան է՝ հոգու և մտքի պաստառներին այլևս անջնջելի դաջված: «Իր բոլոր արյունակիցների համար բաբախող տաքուկ սրտով»՝ հեղինակը բերում է տարբեր կենսադիրքերից բեկված հայացքը մարդու հանդեպ: Լայնորեն բացված վիպական տարածքում երևակայություն-հիշողությունները, ձեռք ձեռքի պեղում գտնում են խոսք ու պատկեր, արարում կոլորիտային պատկերներ՝ աներևակայելի խեղճության ու կարիքի տարիների մասին, «1-2 չամչահատիկով թեյ խմելու» պապից պապ չունեցած, բայց և հյուրասիրության ավանդույթին հավատարիմ հյուրամեծար մարդ տեսակին՝ չմոռանալով իր ձիրքի անգնահատելի արժանիքի՝ բարի հումորի մասին: Հիշատակների գրոհում իր անփոխարինելի տեղն ունի ցեղի արդար դատավոր Փարիս հորքուրի անկրկնելի տեսակը՝ գանգուրները սև յազմայով պարփակած և որդու կորստից հարատև վշտակիր, իր տոհմի կապավորը, հաշտարարն ու ինքնուս հաշվապահը, անառարկելի հեղինակավոր, որի որոշումները անվավեր էին միայն Ալիս աղջնակի պարագայում: Ազատ ու անկաշկանդ հորդում են հուշ ու հիշատակ՝ կաղապարվելով տարբեր բարբառների, կյանք ու կենցաղի թանձր պատկերներում: Այդ երջանիկ «երկրից» մերթ-մերթ վերադառնում է պատմողը դեպի իրականություն, որն անասելի տխուր է ու անհույս. անկարելի է չասել ճշմարտությունը մեր այսօրվա մասին, որին առհավետ լքել է վաղվա հույսը անգամ ամենալավատես ու հայրենանվեր մարդկանց համար: Ընտանեկան հավաք «լուսանկարում» իրենց տեղն ունեն «մսյո» Հայկը, Մեյրուբե բազմաչարչար տատը, երեք աքսոր տեսած պարոն Զարմունին, Հակոբ Էփչեն իր տզզացող ջութակով, խենթ Սուրբիկը՝ Կոմիտասի նախկին աշակերտուհին, «որ չէր մնացել անցյալում այնքանով, որ չէր մեռել»: Սա կարող էր վերաբերել բոլոր վերապրողներին, որոնցից յուրաքանչյուրն իր պատմելիք վեպն ուներ: Գրողը խոստովանում է. «…տարբեր գույնի ծաղկավոր եռանկյունի կտորտանքով կարված մի վերմակ ունենալը իմ կյանքի երազանքներից մեկն էր: Այդ նպատակով պահում եմ իմ մանկության հագուստներից մինչև հիմա մնացած ծվեններ, որ մի օր գտնեմ նույն մեծ արվեստով դրանք մի բոխչայի մեջ ամբողջացնելու հնարը և ունենամ իմ գույնզգույն հուշամատյանը»: Ուշագրավ է վիպակի կառուցվածքը: Ամեն մի ենթավերնագիր ունի տեղի ու ժամանակի նշումով բնաբան, որն առաջին հերթին ենթարկված է հուշի ու հիշողության զուգորդումներին՝ ստեղծված ընդարձակ գեղարվեստական տարածքում ազատ կատարելով իր քմահաճ երթևեկը:
Ալիսն իրեն վաղուց է հաստատել պատմվածքի գրական տեսակում: Ներկայացվող գրքում, սակայն, դրանք վերստին ամբողջանում ու կենտրոնանում են մի որևէ առանցքի շուրջ: Գլխիվայր փոխված ժամանակներն ու մարդկային հարաբերություններն է կենդանագրում հեղինակը, կերտում բազմաշերտ մի իրականություն, ուր ամեն ոք կարող է տեսնել իրեն ու իր դժվարին կյանքը: Ֆոլքների վեցհատորյակը գնելու համար փող տնտեսող, յոթ գրքերի հեղինակ Մարիամն ստիպված է հավաքարարություն անել նախկին երրորդմասցի տղեկի տանը, որ հանկարծ մեծահարուստ է դարձել: Այսուհանդերձ, Ալիսը մնում է յուրատեսակ իրատես ռոմանտիկ իր բոլոր գեղարվեստական հանգուցալուծումներում: «Երթուղային մանրանվագներ» պատմվածքի ենթավերնագիրը՝ հիմնականում երջանիկ ավարտով՝ happy end, վերաբերում է ողջ շարքին և գրքին առհասարակ: Հեղինակը իր հերոսներից յուրաքանչյուրի մեջ է և նրա հետ՝ ներողամիտ, լայնահայաց. նրա սկզբունքն է՝ չդատապարտել մարդ էակին, այլ հասկանալ ու սիրել նրան: Այդպիսին է «Աշուղ Նաիրայի» երգի դիսկը ճարած ու իր ուղևորներին «երաժշտական» հյուրասիրություն կազմակերպող երջանիկ վարորդը (հնարքն այնքան տիպական ու առօրեական է)՝ համոզված իր անսխալ ճաշակի ու մարդասիրության մեջ… Որքա՜ն քիչ բան է պետք հասարակ մարդուն երջանիկ լինելու համար. այս մասին է պատմում մեզ Ալիսը: Քիչ է ասել՝ նա ապրում ու համազգում է իր հերոսներին՝ յուրաքանչյուրին յուրատեսակ երաժշտական աշխարհազգացմամբ: Չմոռանանք ՝ բարձր երաժշտության զուգորդումը հաճախ նրա գործերի յուրօրինակ «նվագակցությունն» է՝ որպես տրամադրություն ու մեկնաբանություն: Գրողն ամենուր տեսնում է միայնության տաժանելի բեռան տակ կքած հայ մարդուն, օրավուր լքվող երկիր ու բարքեր, որոնք տագնապ են պատճառում նրան, բայց զարմանալիորեն նրա հերոսները շարունակում են հավատարիմ մնալ անգամ պատանեկության գույնզգույն երազներին:
Տարիների հետ Ալիսի ստեղծագործական աշխարհն ավելի ու ավելի է ամբողջանում, ձգտում կյանքի հավաք պատկերների՝ իրենց բազմազանության մեջ: Այդ մասին է վկայում ժողովածուի կառուցվածքը: «Մեզ հետ՝ նույն երկնքի տակ» շարքում «Ջրանցքի մարդիկ», «Դոմիկի մարդիկ», «Հանրակացարանի մարդիկ» պատմվածքներն են: Անհավատալի խեղճ պայմաններում ապրող այս մարդիկ բազում փորձությունների մեջ էլ մարդ են մնացել՝ պայծառ ու հաշտ կյանք կոչված մեծ քաոսում: Նույն երկնքի տակ են ապրում նրանք ու քույր Ջեննին, Թորգոմ եղբայրը. վերջիններս անասելի թշվառության մեջ անգամ գտնում են «թե՛ ծիծաղը, թե՛ բարի խոսքը, թե՛ գութն ու գորովը», իր նմանի մասին հոգալու ներուժը: Մարդ էակը, առավել քան ենթակա կյանքի վայրիվերումներին, քշվել հասել է կյանքի հատակին, այդուհանդերձ փորձում է սեր տալ ու գորով ստանալ իր նմաններից, ապրել արժանապատվորեն: Ամենազարմանալի պատմություններ կյանքի մատուցած անակնկալների մասին մի երկրում, ուր, թվում է, արդարությունն ու օրինականությունն առհավետ մեկուսացել են առանձնատների բարձր ու անմատույց պարիսպների ետևում… Բարի ժպիտ ու հույս անհուսության խորխորատներում. այսպես կարելի է բնորոշել գրքի վերջին շարքը, որտեղ մեզ կրկին շփոթության է մատնում Ալիսի անպարփակ հավատն ու լավատեսությունը, բարի հումորը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։