Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ / ԲԱՌԸ ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՀԱՍԿԻԶԲ

Ոմանք գնում են գետի ընթացքի հետ ծով հասնելու համար: 

Ձվադրման համար իշխան ձկները գնում են գետի ընթացքին հակառակ, 

ուզում են հասնել մաքուր ջրերի ակունքներին:

Արևշատ Ավագյան

Ըստ Սուրբ Գրքի՝ աշխարհները ստեղծվել են Աստծո խոսքով, իսկ խոսքը բառով է կայանում: Բառը մեր լեզուն է, ինքնության չափորոշիչը: Քիչ են այն մարդիկ, որոնց բառ-անունը, ծնված օրից սկսած, ամբողջ կյանքի ընթացքում համահունչ է լինում իրենց էությանը, գործունեությանն ու առաքելությանը: Այդպիսիներից մեկը բանաստեղծ, գեղանկարիչ, մշակութաբան Արևշատ Ավագյանն է, որն իրեն բնորոշ իմաստությամբ արվեստի բազմաժանր դրսևորումներով և ավագի կարգավիճակով ամենուր տարածում է յուր արևշատությունը, քանզի կարողանում է «Սեփական մարմնով, սրտով ու հոգով զգալ երկնային ու երկրային զորությունների ապրեցնող ներուժը»,  ինչը և նրան «տալիս է հնարավորություն արարչական թելադրանքով ստեղծելու հոգևոր–մշակութային արժեքներ՝ խոսքով, գույնով, գծով, ձայնով և ամենակարևորը՝ ներշնչանքով»: Տևական ժամանակ նա վավերացրել է իր խոհերը գրառումների տեսքով: 2022 թվականին ի մի բերելով դրանց մի մասը, խմբագրելով և պատկերազարդելով՝ դարձրել է «Իմաստասիրական մտորումներ» խորագրով գիրք, որն էլ արժանացել է ՀԳՄ-ի ամենամյա Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի: Գրքի կազմը միջնադարյան խաչքարի մակետ է հիշեցնում, որի ուրվաերիզով զարդանախշի նման շարված տառերն ասես բառե ողկույզներ լինեն՝ ձուլված վազ-նախադասություններին՝ Բանն արտահայտող. «Սկզբում Բանն էր, և բանը բառն է, որ հղացել էր Աստղաշխարհը ստեղծողի մտքում… (պատկերի ձախաերիզ ՀՀ) …Եվ Բանը, որ բառն էր նրա մտքում, լույս դարձավ և շողարձակեց Աստղաշխարհի տեսքով… (պատկերի աջաերիզ ՀՀ.)»: Այս ուրվաերիզներն, իրար միացած, կամարվել են Կենաց ծառի գլխավերևում՝ միաժամանակ հենվելով բառերով ստեղծված պատվանդանին՝ «Հոգեօդ, Աստղահող, Արևշատ, Հրածին, Ջրալույս»: Կազմի երեսին էավորված Բանի բացատրությունը հստակ ներկայացնում է Արևշատ Ավագյանի գրքի կազմի հակառակ կողմին տեղադրված իր իմաստախոսությունը. «Յուրաքանչյուր բառ ունի իր ձայնային, հնչերանգային, տառաշատ պատկերային բովանդակությունը, իր ներամփոփված, խորքային ասելիքը, որ լռության մեջ պահպանում է իր ծածկագիրը, քանի դեռ այն չի բարձրաձայնվել լեզուն իմացողի, տիրապետողի կողմից…», որի ներքո պատկերված է եդեմական պարտեզը՝ արևելքին հատուկ խորհրդով, որտեղ կինը խնձորի փոխարեն ծառից արև է քաղում: «Իմաստասիրական մտորումներ» գիրքը բովանդակությամբ բաղկացած է վեց բաժնից, որոնք մեկը մյուսին հաջորդում են ԾՆՆԴՈՑ-ի աշխարհաստեղծման տրամաբանական հերթականությամբ: Այսպես, առաջին օրը Աստված ասաց՝ Լույս լինի, և Լույս եղավ: Գրքում առաջին բաժինը վերնագրված է «Լույսերի մարմնավորումներ», երկրորդ օրը Աստված շինեց հաստատություն և երկինք կոչեց, գրքում՝ «Հոգեղենացող հողագունդ», երրորդ օրը Աստված ցամաքը կոչեց երկիր, իսկ ջրերի ժողովը՝ ծով: Գրքում բաժինը կոչվում է «Հայը և արարչագործության երկիրը»: Չորրորդ օրը Աստված երկու մեծ լուսավոր ստեղծեց, որ իշխեն աշխարհի ցերեկն ու գիշերը, գրքում՝ «Ծառը՝ կորիզի մեջ»: Հինգերորդ օրը Աստված ստեղծեց շնչավորներին և ասաց՝ աճեցե՛ք ու շատացե՛ք: Գրքում հինգերորդ բաժինը վերնագրված է «Մարմինը՝ հոգու կացարան»: Աշխարհի ստեղծման վեցերորդ օրը Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, որ իշխի աշխարհի վրա ու ապրի այնտեղ: Վեցերորդ բաժինը Արևշատ Ավագյանը վերնագրել է «Հոգեղենացող տիեզերք»: Յոթերորդ օրը Աստված հանգստացավ, որին համընկնում են հեղինակի՝ հավասարակշռություն տանող ազատ մարդու իմաստասիրական մտորումները: Արևշատ Ավագյանը կարծում է՝ իր ներշնչանքը պարտավոր է փոխանցել ուրիշներին, որպեսզի ոգեշնչի նրանց ավելի ճիշտ ապրելու, կողմնորոշվելու համար, ուստի նրա գրառումները փորձություններով անցած մարդու լոկ մեկնություններ չեն, այլ՝ ուսուցողական են և ճաշակ ձևավորելու նպատակ ունեն: Գրքում տեղ են գտել մանրապատումներ ու զրույցներ, որոնք պարզ ու անպաճույճ պատմություններ են, սակայն ունեն խոհական ենթատեքստ: Զորօրինակ` «Մայրական լեզվի հայրական խորհուրդը» խոհազրույցը. «Ինչքան նրբություն, սեր ու քնքշանք կա զավակին սիրող մոր խոսքերում: Մայրական գրկում երեխան դեռ խոսել չգիտի, բայց նա լսում ու իր ցանկությունից անկախ՝ սկսում է հասկանալ, մտապահել այն խոսքերը, որոնք մի օր, տասնամյակներ հետո, ինքն է ասելու իր զավակներին։ …Երեխայի էությունը ձևավորվում է ծնողների և մայր բնության գրկում: Նրան առողջ ու ապահով միջավայր է պետք իր բախտի ու ճակատագրի ընթացքը շարունակական դարձնելու, հայրական գենի հարատևությունը հավերժացնելու ճանապարհին»: 

Արևշատ Ավագյանի մտքերի հոսքի էներգիան այնքան հզոր է, որ դյուրին աշխատեցնում է սոցիալ-հոգեբանական ու մշակութային մի ողջ լաբորատորիա «Սերը դրվում է սիրո կողքին, ստանում է նոր իմաստ», ու այն, երբ սրտից սիրտ է անցնում, ինքն էլ իր հերթին իմաստավորում է «երկունքը երկու մարմնավորների՝ երկնքի և երկրի» այստեղ բառն ու բանը դառնում են խոսք, խոստում, քանի որ լույսը՝ որպես բառ, մտածում, աշխարհաճանաչում և ընկալում, կյանքի շարժն ապահովողն է հավասարակշռող հոգևոր-իմաստաբանական ողջ համակարգում, ուր «Հայկական գենի արարչական արդյունքում են արձանագրվել հայկական էության ու նրա բառաշխարհի յուրօրինակ ինքնատիպությունները»: Արևշատ Ավագյանը, հավատարիմ մնալով հայկական արարչագործության գաղափարին, «Անմահական պտղի նախագիծը» խոհաբանությունում գրում է. «Ի հակադրություն անկառավարելի Քաոսի, արարչական ծրագրով հաստատագրված շրջանագիծը, կենտրոնից ունենալով հավասարաչափ հեռավորությամբ բոլորակված սահմանագիծ, ներամփոփում է հավասարաչափ տարածություն՝ ներսում եղած կարգուկանոնը պահպանելու համար»: Նա ընդունում է՝ կան Մեծաշխարհ և Ներաշխարհ. «Մենք բոլորս լուսածին ու հոգեծին էակներ ենք աստղատոհմերի զարմից: Մեզ խելք, իմաստություն ու զորություն է տալիս Աստղաշխարհի ստեղծողը: Նա մեր հայրերի, պապերի ու ապուպապերի Հայրն է: Նա է մեզ տվել իր սերը, ինքնությունը՝ սիրով ընտանիք կազմելու, զավակներ ունենալու և սերնդեսերունդ հարատևելու համար…»: Արևշատ Ավագյանի գրքում կան գծապատկերներ, որոնք, ասես, կյանքն են խճապատկերել՝ առանց մատիտը թղթից կտրելու ու գիծը ընդհատելու, նմանապես, ըստ Արևշատ Ավագյանի՝ Աստղաշխարհի ընտրյալ վայրը՝ Հայաստանը, մի կենդանի պատկեր է՝ կենսագծված չընդհատված արարչագործական լուսահոգով՝ որպես Հայոց աշխարհ, արարչագործության ժառանգ-շարունակականություն: Հայերն իրենց հայրերի հոր արարչածին գենի կրողն են՝ լուսածին մարմնավորումները, որպես աստվածային պարգև՝ «Հայրը նախաստեղծ բնականության և բանականության մարմնացումն է, Արարչագործության հեղինակը: Ի սկզբանե նա է ունեցել Լույսի հղացումը և խավարի մեջ լուսարձակելու մտահղացումը… Նրա զորությունն ու հզորությունը խորքային գիտակցությամբ նայելու, տեսնելու վճռական ներունակություն ուներ: Նա լցված էր շողարձակելու, լուսարձակելու ինքնաբավ ու ինքնաբուխ ցանկությամբ, ու նա արտաբերեց Լույսը՝ որպես տեսանելի, երևելի արարչական իրողություն: Ամեն ինչ եղավ, լինելու է ու կլինի նրա աստվածային կամքով… Նա ստեղծել է արարչագործության Արարատյան առաջին երկիրը՝ Հայաստանը»: Ինչքան էլ գրվի վեհ գաղափարներից և արարչագործությունից, միևնույնն է, գրքում առկա է կյանքը, և ինչպես հեղինակն է գրում. «Ես կամ, դու կաս, նա կա, ու կա մեր կամքը լինելության, որ կոչվում է կյանք…», որի շարժողն ու իմաստավորողը մարդն է, և որքան մարդ, այնքան էլ՝ ճակատագիր, ասել է թե՝ լուսագծեր: Ուստի գրքի գրառումները յուրօրինակ վերլուծություններ են, որոնք անդրադառնում են մարդկային բոլոր էական հատկանիշներին ու բնութագրերին: Հարկավ, բոլորի մասին արժեր խոսել, սակայն այն ավելի ծավալուն հոդվածի խնդիր է, ուստի մասնավորեցնեմ խոսքս նեղ դիտարկումներով և միաժամանակ նշելով գրառումների գեղարվեստական մակարդակը՝ անկախ ասելիքի ոճից ու բովանդակությունից (իմաստասիրություն, հրապարակախոսություն, գիտական մեկնաբանություն, վարկած, պատում, զրույց, հորդոր, ազգագրություն, փաստագրություն, էսսե, բանաստեղծություն և այլն), ինչպես ընդունված է ասել, եթե մարդը բանաստեղծ է, ուրեմն՝ նա ամենուր բանաստեղծ է. խոսքս վկայեմ՝ մեջբերելով «Ծածկագրված շարժառիթներ» գրառումն առանց մեկնաբանման. «Կակաչների դաշտը լցված էր մեղվաբզզոցով: Լուսացոլքերի միջով անարգել անցնում էր աներևույթ զեփյուռը: Կարմիր, սև ու սպիտակադեղին գուներանգներով ծաղկաբաժակները լցված էին առավոտի շաղ ու շողով: Հաշիշաբույր օդը խելքահան էր արել մեղուներին: Սիզախոտերի տակով ձգվող մրջյունների շարքը մրջնաբներից ձգվում էր մինչև ծառաբներով վեր ելնող նպատակակետը: Ճյուղավորված ծառի սաղարթների մեջ՝ կաչաղակի բնում եղած թռչնաձվերը չէին երևում: Նրանց կճեպների մեջ դրված էին գալիք թռիչքների համար նախատեսված փետրաթևերի ծածկագրերը…»: 

Արևշատ Ավագյանի գրախոսքն աչքի է ընկնում նաև աֆորիստիկ մտախտությամբ, որն ունի թևավոր խոսք դառնալու բոլոր որակները: Այսպես օրինակ՝ «Մտքումդ անգամ կրակի հետ մի՛ խաղա» կամ՝ «Լույսը հավասարապես երկնքից սփռվում է աշխարհին», այս մեկն էլ՝ «Մայրս ասում էր՝ գիտունի հետ բե՛ռ կրիր, անգետի հետ մեղր մի՛ կեր» և այլն: Արևշատ Ավագյանը հավատում է իր գրին, որը հայրենյաց նվիրումով մտքերի հարահոս կենարարության վավերացումն է՝ իբրև իրողություն, դրանով իսկ նա արժանի է հանրային արժևորման ու գնահատանքի:

Հ.Գ. Քնելու և հանգստանալու կարիք ունեմ, բայց անզուսպ է ցանկությունս գրելու, թղթին հանձնելու մտածումներս, որոնք, իմ կամքից անկախ, ծնվում և ապրել են ուզում, չեն ուզում կորչել մտաշխարհիս քաոսային անհունի մեջ: Լուռ, անձայն թվացող մտքերը, մտածումները լցված են բնական ու բանական իմաստներով, բառաշատ հիշողություններով, ինքնաբացահայտվող բառիմաստներով, զգացմունքային ու հուզական բառերի ձայնային, գունային, զգացական ներունակությամբ… Ոչ մի բառ, ոչ մի տառ ու հնչյուն չի ուզում մոռացվել: (Արևշատ Ավագյան, «Իմաստասիրական մտորումներ»):

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։