Նոր գիրք հայ-վրացական գրական կապերի մասին / Սարգիս ՄԽԻԹԱՐՅԱՆ

Բայրամյան21-րդ դարում վրացերենից կատարված իր սքանչելի թարգմանություններին զուգահեռ շնորհալի արևելագետ Հրաչիկ Բայրամյանն ամբողջացրել, տարբեր առիթներով գրել ու հրատարակել է մի շարք աշխատություններ: Կարելի է հիշատակել «Վրաց գրականությունը V – XIX դդ.», «Վրաց լեզու», «Ակնարկներ վրաց գրականության պատմության» բուհական ձեռնարկները, որ հայ իրականության մեջ առաջին անգամ իրականացրել է Հ.Բայրամյանը, նրա իսկ հիմնած «Հայ-վրացական հարաբերություններ» մատենաշարը, Լևոն Մելիքսեթ-Բեկի «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» եռահատորի վերահրատարակությունը, որ մատենաշարի անդրանիկ հատորն է՝ գիտնականի կենսագործունեության մասին բանիմաց առաջաբանով, որտեղից իմանում ենք, որ ականավոր հայագետի, վրացագետի, առհասարակ կովկասագետի միայն 600 մենագրությունների, գրախոսությունների և հոդվածների տպագիր ծավալը հասնում է 9000 էջի, իսկ գիտնականի՝ Թբիլիսիի պետհամալսարանի գրադարանում գտնվող անտիպ աշխատությունների, կոնսպեկտների և սևագրությունների հրատարակությունը հայ գրականագիտության առաջնահերթ խնդիրը պետք է լինի մոտ ապագայում, մանավանդ որ 1915-ին լրանում է վաստակաշատ գործչի ծննդյան 125-ամյակը: Նույն մատենաշարի երկրորդ հատորը, որտեղ ամփոփված են Ն. Մառի հոդվածը և Ք. Վերմիշևի ուսումնասիրությունը, անկասկած, հայագիտության համար կարևոր արժեքներ են:
Մեր գրախոսությամբ, սակայն, ցանկանում ենք անդրադառնալ հատկապես Հրաչիկ Բայրամյանի «Էջեր հայ-վրացական գրական կապերի պատմությունից» (Եր., ԵՊՀ հրատ., 2010, 255 էջ) ուշագրավ ժողովածուի քննությանը: Այն երկարամյա գիտական հետաքրքրությունների և ձեռքբերումների արգասիք է, տքնաջան աշխատանքի արդյունք: Գրքում անդրադարձ է կատարվում այն բազում խնդիրներին, որ առկա են հայ-վրացական հարաբերություններում՝ պատմամշակութային, քաղաքական, գրական, գիտական, թարգմանական, միջեկեղեցական-դավանաբանական և այլն:
Ժողովածուում իր նախընտրած թեմաները, գրական կապերը կամ պատմաբանասիրական ու աղբյուրագիտական հիմնահարցերը Հ. Բայրամյանը մատուցում է անթաքույց սիրով՝ դասավորելով դրանք կառուցվածքային այսպիսի հերթականությամբ. hայ և վրաց գրողները վրաց և հայ գրականագիտական մտքի փոխադարձ գնահատումներում, հոգևոր միասնություն, դիմանկարների ուրվագծեր, հոդվածներ, գրախոսություններ, ուսանելի դասեր (հավելված): Սկզբում տրվում է գրող-բանաստեղծների կյանքն ու գործը, անձնական ու մտերմական կապերը, գրական-գեղագիտական հայացքները, մեկմեկու մասին ունեցած կարծիքները, օրինակ՝ Գ. Սունդուկյանի և Ակ. Ծերեթելիի գաղափարական, գործնական կապը: Պարզվում է, որ Ակակին՝ նույնիսկ որպես դերասան, Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»-ում խաղացել է Միքայելի դերը: Նա նաև հանդես է եկել սունդուկյանական երկերի գեղարվեստական առանձնահատկությունների վերլուծությամբ: Բարեկամական սերտ կապեր են ունեցել Հովհ. Թումանյանը և Գ. Ռոբաքիձեն, Հովհ. Թումանյանը և Տ. Տաբիձեն՝ ընտանիքներով հանդերձ: Տաբիձեն մեծ բարեկամություն է արել նաև Ե. Չարենցի հետ:
Գիտնականը հմտորեն է կերտել հայ և վրացի բազում գրողների, թարգմանիչների, թատերական նշանավոր գործիչների ինքնատիպ դիմանկարները: Դիմանկարի ժանրի հմուտ օգտագործումն էապես բարձրացնում է աշխատանքի կշիռը և վկայում գիտնականի շնորհների մասին: Վիրահայոց գրականության, գրական գործիչների ու թարգմանիչների մասին հայաստանաբնակներս քիչ գիտենք: Սայաթ-Նովայի, Վահան Տերյանի և Դերենիկ Դեմիրճյանի մասին ունեցած մեր տեղեկությունները շատ սուղ են այդ ընդարձակածավալ աշխարհը ավելի լավ պատկերացնելու համար: Մեծ սիրով են գրված Սոս Սիմավորյանի չափածոյի ու արձակի, նորավեպի վարպետ Բենիկ Սեյրանյանի ու նրա մի քանի վեպերի մասին, որոնք մեր իրականության մեջ թերևս նոր են միայն լուրջ գիտական գնահատանքի արժանանում: Գիվի Շահնազար մշակութային գործչի և սքանչելի թարգմանչի գնահատումը (Պ. Սևակի պոեզիայի «Եղիցի լույս» ժողովածուի մասին է խոսքը) կրկին վերահաստատում են, որ հայ-վրացական գրական-մշակութային կապերը կշարունակվեն այնպես, ինչպես դա ցանկանում էր Սևակ բանաստեղծը և գիտնականը:
Արդի վրաց գրականության մեջ Բայրամյանը բարձր է գնահատում Նոդար Դումբաձեին, Գուրամ Փանջիկիձեին, Ռևազ Միշվելաձեին և այլոց: Գ. Փանջիկիձեի մասին ակնարկում (էջ 116-118) տալիս է հետևյալ բնութագրումը. «Տաղանդավոր ավանգարդիստն առաջիններից մեկը գրական հերոսների նախատիպեր ընտրեց ճշգրիտ գիտությունների ոլորտից՝ ինժեներ-մետալուրգ, ֆիզիկոս, մաթեմատիկոս, բժիշկ վիրաբույժ և այլն՝ իրենց հոգեբանությամբ, մտածողությամբ, կենսակերպով, բարոյական ըմբռնումներով» (էջ 116):
Գիտնականի դիպուկ բնութագրումները հատկանշական խորք ու բովանդակություն ունեն: Նա արվեստագետին ներկայացնում է ընդհանրական-դիմանկարային ձևի մեջ: Ըստ Բայրամյանի՝ գրողին հաջողվել է հերոսներին սոցիալական հիմնահարցերի ոլորտում ներկայացնել, ոճական նորարարություններ կատարել: Իսկ նրա «Սատանի անիվ» վեպը միայն հետագայում «կարող է գնահատվել ըստ արժանվույն»: Սա շատ ուշագրավ դիտողություն է գրողի ու գրականության մասին: Նա իր «Ակնաքար» և «Յոթերորդ երկինք» երկերով նախորդել է Վ. Աստաֆևին, Չ. Այթմատովին և ուրիշների՝ ցուցաբերելով նորարարական մեծ կարողություններ: Համակողմանիորեն քննվում են Նոդար Դումբաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը», «Ես տեսնում եմ արևը», «Մի՛ վախենա, մայրիկ» վեպերը, որոնք ժամանակին բանավեճի առիթ տվեցին և գրողին ապահովեցին նրա տեղը վրաց գրականության անդաստանում: Իսկ Լենինյան մրցանակի արժանացած «Հավերժության օրենքը» վեպն արդեն թարգմանվեց և տարածվեց օտար լեզուներով. դրանց թվում նաև հայերեն՝ հենց Հրաչիկ Բայրամյանի թարգմանությամբ: Գրողի կարծիքով «Հոգին անհամեմատ ավելի ծանր է, քան մարմինը», ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է ձգտի բարձրացնել մեկ ուրիշին, որպեսզի նրա չլինելուց հետո ինքն իրեն որբացած չզգա: Ինձ թվում է, որ Հ. Բայրամյանը վրաց հեղինակների բնութագրերը հասցնում է այնպիսի ընդհանրացումների, բացահայտում այնպիսի նրբերանգներ, որ թերևս հեղինակների հայրենակիցները չեն նկատում: Վերջապես Ն. Դումբաձեն հայասեր և հայ մեծերի վաստակը մեծավարի հասկացած ու գնահատած մեծություն է: Նա «անկեղծորեն ուրախանում էր Հայաստանի հաջողություններով,- գրում է Հ. Բայրամյանը,- իր ջերմագին սերը նա վավերացրել է գրեթե բոլոր երկերում՝ հանդես բերելով հայազգի համակրելի հերոսներ…»: Այդ քայլով նա խախտեց ազգային գրականության մեջ «…վարքագրական, վկայաբանական, պատմագիտական, գեղարվեստական, հրապարակախոսական երկերում հարյուրամյակներ առաջ սկիզբ առած մի տխուր ավանդույթ՝ դրական ոչ մի հատկանիշ չնշմարել հայ մարդու մեջ» (էջ 128): Ն. Դումբաձեի 3 նշանավոր վեպերի, 20 պատմվածքների թարգմանիչը Հ. Բայրամյանն է, ով գրել է մի շարք հոդվածներ, ինչպես և 70 րոպեանոց գիտահանրամատչելի ֆիլմի սցենարը (ռեժիսոր՝ Արտակ Արզումանյան): Դա նաև հայ ժողովրդի ազնիվ զավակի և հենց հայ ժողովրդի մեծարանքի ու երախտագիտության խոսքն է Ն. Դումբաձեի անձի ու հիշատակի առջև: Առանձնապես շատ հուզիչ են այն հուշերը, որ ընթերցողին է ներկայացնում Հ. Բայրամյանը (էջ 127-133):
Հոդվածների բաժնում, որը գրքի կարևորագույն մասն է, գիտնականը համակողմանիորեն խոսում է «արևելահայոց մշակութային քաղաքի՝ Թիֆլիսի» գրական սալոնների, մամուլի, հրատարակչությունների, մշակութային օջախների ու նշանավոր դեմքերի գործունեության ու դերի մասին: Ուրախալի է, որ Հ. Բայրամյանն առաջիններից մեկը մեզանում անդրադառնում է Թեոդոր Եսայի Հախվերդյանի, Աբգար Հովհաննիսյանի, Հովհաննես Թումանյանի, Տիգրան Նազարյանի, իշխանուհի Մարիամ Թումանյանի հայտնի սալոնների լուսաբանմանը, որոնք վիթխարի նշանակություն ունեցան ինչպես երիտասարդ սերնդի դաստիարակության, այնպես էլ հայ մտավորականության կյանքում ընդհանրապես: Հայ տպագրության ու տպարանների լայն գործունեությունը, մոտ 170 թերթերի ու ամսագրերի հրատարակումը 19-րդ դարի ընթացքում խոսում են հայոց քաղաքական մտքի ու ազատասիրական ձգտումների նոր վերելքի մասին: Այս ամենը ևս ներկայացված է հավուր պատշաճի, և գիտնականը շատ նոր ու հետաքրքիր տեղեկություններ է տալիս մեզ թիֆլիսահայ կյանքի մասին:
Հ. Բայրամյանը մանրամասնորեն ներկայացնում է մերօրյա Թբիլիսիի պետհամալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման ու հետագա գործունեության մանրամասները: Իհարկե, ասելիքը շատ է, բայց բավարարվենք այսքանով: Հայ-վրացական դարավոր բարեկամությունը մեզ կրկին պարտավորեցնում է շարունակել այդ գիծը:
Հ. Բայրամյանը՝ հրաշալի մարդն ու խորագետ գիտնականը՝ իր գրքով սովորեցնում է սեր՝ իրար հանդեպ, գրականության հանդեպ ու բարեկամություն մեր հարևան ժողովուրդների միջև:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։