…Ինչ լավ է, որ եղել ենք, կանք,
Մեկ մոտիկ ենք ու մեկ՝ հեռու,
Մի օր էլի թե մոռանանք,
Ցո՛լք, նորից դու մեզ հիշեցրու…
Վիկտոր Հովսեփյան
Ինչպես ջրի վրա ընկած ստվերը ճեղքող արևի ցոլքերն են հանկարծ փոխում ջրի պատկերը, մեր խառնակ կյանքի վրա մանկությունից ընկած մի ցոլքն էլ բավական է, որպեսզի փոխվի այդ կյանքի պատկերը:
Մանկության ցոլքերին փարված և կյանքը նրանցով բացատրող բանաստեղծի «Նանե՛, Նանե՛, կրակ տուր ինձ» ժողովածուն ընթերցելը մեծագույն հաճույք է անգամ մեծերի համար: Ուր մնաց, թե մանուկները չստանան Վիկտոր Հովսեփյանի խոստացած բավականությունը՝ իրենց ապրածից ու իմացածից:
Գրել երեխաների համար՝ նշանակում է ասել նրանց, որ հենց իրենք են շրջապատը կենդանի պահողները, ասել, որ արևն իրենց համար է հայտնվում երկնակամարում, որ աղբյուրներն իրենց համար են քչքչում, թռչուններն իրենց համար են երգում… ասել, որ գնդակները գլորվել են ուզում, տիկնիկները՝ խոսել, գույները թղթին ցրվել են ուզում… ասել, որ եթե շարժվեն, կշարժվեն բոլորը, եթե խոսեն, կխոսեն բոլորը, եթե երգեն, կերգեն բոլորը…
Գրել երեխաների համար՝ նշանակում է ասել նրանց, որ ամեն ինչ իրենցով սկսվում ու իրենցով էլ ավարտվում է, և իրենք են նոր բացվող օրվա տերերը: Գրել երեխաների համար, վերջապես, նշանակում է հրավիրել նրանց՝ տեր կանգնելու կյանքի ընթացքին, իրենցով լցնելու այն և առաջ տանելու բարությունը, սերը, երջանկությունը, ծնողներին, ընտանիքը, հայրենիքը…
Ահա հենց այդպես էլ անում է Վիկտոր Հովսեփյանը՝ երեխաների մեծագույն բարեկամը: Նա խոսում է երեխաների հետ կյանքի մասին:
Վիկտոր Հովսեփյանի տողը կանչ է՝ ճանաչելու, զգալու բնությունը, գտնելու իր կապը նրա հետ.
Երկնում կայծակը շողաց.//Բոցից մի փերթ ընկավ ցած,//Ընկավ…//Լանջի մի կանաչ,//Դարձավ//Կարմիր մի կակաչ:
Կամ՝
Բլուրի կողն ի վեր՝//Սոճիների անտառ,//Բլուրի կողն ի վար՝//Սոճիների բուրմունք://Բարձրիկ սոճու վրա՝ փոքրիկ սկյուռ,//Բարձրիկ սոճու շուքում՝ սունկ ու մամուռ:
Բնության չափածո նկարագրությունն այստեղ, որ հոգեպարար զգացումներ կարող է արթնացնել ոչ միայն մանուկ, այլև բոլոր տարիքի ընթերցողների մոտ, բոլորովին էլ ինքնանպատակ չէ, որովհետև, ի վերջո, այնտեղ միավորվում են մարդն ու բնությունը.
Անտառի վերևում՝//Ծլող աստղեր,//Անտառի ներքևում՝//Արծաթ աղբյուր,//Ու մի փոքրիկ աղջիկ, գլխին՝ թիթեռ,//Ու մի փոքրիկ աղջիկ, ձեռքին՝ զամբյուղ,//Դառնում է անտառից, զամբյուղում՝ լիք//Սկյուռի անուշ հեքիաթ ու անուշ սունկ:
Այս ու նման բանաստեղծությունները մանկանը կյանքի վայելքին կոչող բանաստեղծի առաջադրած նախապատրաստական դասն է կամ առաջին աստիճանը: Եթե կան այսպիսի տողեր, ուրեմն կան նրանց ընթերցողները: Եթե կան նրանց ընթերցողները, ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ:
Գրել երեխաների համար՝ նշանակում է արթուն պահել մանկանը, որպեսզի շարունակվի կյանքի գեղեցկությունը, բարությունը, բնությունը, տունը, հայրենիքը, նշանակում է անընդհատ փնտրել այն պայծառ ցոլքը, որն ի վիճակի է մարդու մեջ արթնացնել անապակ երանությունը:
Վիկտոր Հովսեփյանի մանկագրությունը, սակայն, վերերկրային զգացումներով ապրելու և ապրեցնելու համար չէ: Այն մի աստիճան է, որի վրա կառուցվում է իրականությունը: Դա նրա մանկական ստեղծագործությունների համար պարզորոշ գծագրված երկրորդ աստիճանն է: Այն գեղեցիկ է ու գրավիչ, լի անհոգության բերկրանքով, որտեղ յուրաքանչյուր մանուկ, համոզված լինելով, որ արևն իր համար է շողում, աշխատում է նրա հետ միավորվելով ավելի շողաշատ դառնալ իր շրջապատի համար: Սակայն դա դեռ ամբողջը չէ: Ըստ մանկագրի՝ ճշմարտությունը չի կարելի թաքցնել երեխաներից, այլ պետք է նախապատրաստել հանդիպելու նրա անակնկալներին:
Ճշմարտությունը չի կարելի թաքցնել երեխաներից: Այս միտքը ազգային, ավանդական, բարոյահոգեբանական մոտիվները վարպետորեն օգտագործելով է ներկայացնում բանաստեղծը: Դա նրա ստեղծագործական աշխարհում և սույն ժողովածուում բացվում է «Հեքիաթի ձիու հեքիաթը» վերնագրված բաժնում: Բանաստեղծը կարևորում է իմանալ այն, թե ինչն ինչպե՞ս և ինչո՞ւ է այդպես լինում` նկատի ունենալով աներևույթ իրողությունները:
Ճշմարտությունների մասին հրաշալի պատմությունների շարքում է «Լուսատտիկի հեքիաթը».
Բյուրակն երկրում հազարալիճ,//Սերմանց սարի եզերքում ջինջ//Մի վշտացած փոքրիկ բզեզ//Մի օր Աստծուն խնդրեց էսպես.//- Գութդ վառիր,//Քո ոտքը գամ,//Այնպես արա,//Որ ես լույս տամ…
Եվ բզեզն ստացավ լուսեղեն, խավարի մեջ փայլող շորեր՝ «Բայց ի՞նչ շորեր… Խաս ու բարակ, //Բայց ի՞նչ շորեր… Լույս ու կրակ».
Ու ի՞նչ եղավ… Լույսը իր ջինջ//Իր իսկ գլխին դարձավ պատիժ.//Մութ անտառում լույսը տեսնում,//Անգղներն են վրա հասնում…
Փիլիսոփայական խորք ունեցող իրողություններ, որոնց վրա կառուցված է կյանքը: Որքան էլ դրանք անհամատեղելի կարող են թվալ մանկան հուզաշխարհի ու մտածելակերպի հետ, բայց և Վիկտոր Հովսեփյանը գտել է դրանց մատուցման կերպը, որը նախապատրաստական աստիճանից դեպի վեր, մեկ քայլ առաջ, դեպի ճշմարտություն է տանում մանկանը:
Նման պատմությունները հաճախ հանդիպող մանկական այն չափածոների շարքում չեն, որտեղ կյանքում տեղ գտած հակադրությունները ներկայացվում են ակնհայտ պարզագույն օրինակներով (մաքրասերն ու փնթին, անհամեստն ու համեստը, ազնիվն ու խորամանկը…):
Վիկտոր Հովսեփյանի մանկական պոեզիան գերագույն զգուշություն պահանջող վերաբերմունքի արթնացում է չարի ու բարու նկատմամբ, որտեղ շրջակա միջավայրի, անգամ արևի տերը լինելու մաքրամաքուր զգացումների մեջ առաջ են գալիս խորհելու տեղիք տվող հարցեր ու պատասխաններ: Սա ճանաչողության այն աստիճանն է, որին հեղինակը չի զրկում մանկանը գրավող գունագեղությունից ու հետաքրքրություններից:
Եթե ամեն ինչ այդքան կատարյալ ու գեղեցիկ է, ինչպես ներկայացվում է մանկանը կյանքի հետ նրա ծանոթությունների առաջին աստիճանին, ապա որտեղի՞ց կարող են առաջանալ տհաճ, ոչ սիրելի իրադրությունները կամ պահերը: Անշուշտ, մանկագիրը չի կարող անմիջապես երեխայի ձեռքը տալ պատճառի ու հետևանքի բացահայտումների բանալին, բայց և համոզված է, որ պետք է տեղյակ պահել նրան փակ դռներ բացող բանալիների գոյության մասին:
Գիշեր է: Քունս չի տանում,//Միտք անում՝ չեմ հասկանում,//Քամին ինչի՞ց է լինում://Մտածում եմ ու հանկարծ.//- Ա՛յ քեզ հեշտից էլ հեշտ հարց.//Տանիքին ծուխն է ծռվում,//Լճին կնճիռ է փռվում,//Ալիքն առ ափ է գալիս,//Լվացքը ծափ է տալիս,//Վազում են ամպ ու մշուշ,//Ծառը ճոճվում է, խշշում,//Ու հենց այստեղ, այս ժամին//Ծնվում է ինքը՝ քամին:
Անշուշտ, մանկանը չես բացատրի իմաստասիրական մտքերի առաջնորդների, հեղինակների տեսությունները, որոնք նույնիսկ կարող են հասու չլինել հասակն առած շատ շատերի, երեխաներին չես բացատրի գոյության իմաստի, երջանկության աղբյուրների, ես-ի ու նրա հաղթահարումների, առաքելությունների, իրականի ու անիրականի, նյութի ու հոգու տարբերությունների և այլնի մասին, որոնք իրենցով լիացրել, լրացրել են կյանքի նկատմամբ բանաստեղծի ունեցած վերաբերմունքն ընդհանրապես: Սակայն եթե նկատի ունենանք այն, որ յուրաքանչյուր մարդ խոսում է այն ամենից, ինչով լի է ինքը, ապա Վիկտոր Հովսեփյանն իսկապես չէր կարող երեխաների հետ ևս չխոսել այդ ամենի մասին: Այդ անելու համար նրան օգնության է հասել նախապապերի սերունդների միջով իրեն հասած հիշողությունների, զրույցների կանչն ու կարոտը: Բանաստեղծը կենդանի երկխոսությունների ներկայացումներով է վարում իր զրույցը երեխաների հետ, որոնք երկխոսություններ են այն ամենի շրջանակում, ինչով պարուրված են իրենք՝ երեխաները:
Որքանո՞վ են մանկանն ընկալելի պարգևի, գնահատականի, զոհի և զոհաբերությունների խնդիրները: Մարդկությունը, դրանք իրենց խորհուրդների մեջ հասկանալու համար, բազմաթիվ օրինակներ ունի, որոնք իրենց հաստատուն տեղն են գրավել ժողովուրդների պատմությունների մեջ: Ավելի հասկանալի դառնալու համար դրանք հաճախ փոխաբերական օրինակներով իմաստավորվել են նաև հեքիաթներում: Եթե հազարավոր տարիներ առաջ, որպես իր պարի գնահատական, մի աղջնակ Հովհաննես Մկրտչի գլուխն է ուզում Հերովդես թագավորից՝ թեպետև ուղղորդվելով իր մորից, ապա ի՞նչ կարող է ցանկանալ մի ուրիշ աղջնակ այսօր, երբ տրվում է ցանկությունը կատարված տեսնելու հնարավորությունը: Ըստ բանաստեղծի՝ այժմ նրա մոտ աշխատում է շրջապատը մաքուր տեսնելու ձգտմանն ուղղված տրամաբանությունը: Ահա թե ինչպես է խորքային այդ հարցերին անդրադառնում Վիկտոր Հովսեփյան շնորհաշատ գրողը: Այդ մասին է «Նամակ աղվեսին» չափածո պատումը.
Իր աղջկան շատ է սիրում//Որսորդ Ալեքսանը,// Միշտ գովում է նրան, գովում//Փողոցում թե տանը…//Նա աղջկան երեկ շոյում//Ու ասում էր այսպես.//-Մարտի ութին ի՞նչ ես ուզում,//Որ նվիրեմ ես քեզ:
Աղջիկն սպասել չի տալիս և անմիջապես հնչեցնում է պատասխանը՝
…Մարտի ութին… ութին…//Մարտի ութին ուզում եմ ես//Աղվեսիկի մորթին:
Հերթական այն աստիճանը, որի վրա երեխայի հետ աշխատում է Վիկտոր Հովսեփյանը, հնարավորություն է տալիս կողմնորոշելու երեխային՝ նրան, ում համար արվում է պատմությունը: Այդ կողմնորոշումը նա անում է Աղվեսիկին գրած նամակի միջոցով.
Իր աղջկան շատ է սիրում//Որսորդ Ալեքսանը,//Ա՛յ Աղվեսիկ, քեզ եմ գրում,//Իմացիր այս բանը.//Տե՛ս, փափկապո՛չ, բնից չելնես//Հանկարծ մարտի յոթին,//Թե չէ Նանոն Մարտի ութին// Կունենա քո մորթին:
Դասդասելով բարոյահոգեբանական, մտավոր, ֆիզիկական ու այլ կատեգորիաներ՝ Վիկտոր Հովսեփյանն ասես երեխաներին ուղեկցում է նրանցով հարուստ պատկերասրահի դահլիճներով և ամեն անգամ կանգ է առնում պատկերներից մեկի մոտ ու խոսքը տեղ հասցնում մանկանն ընկալելի գեղագիտական հմայքով:
Ահա ինքնակարևորման իմաստը երեխաների մոտ արթնացնելու, տեղ հասցնելու մի գրավիչ տեսարան, որով հեղինակը լուծում է նաև ինքնակարևորումը եսասիրությունից տարբերակելու, կյանքը նպատակով հիմնավորելու խնդիրը.
Քամին ասաց գետին մի օր.//- Այս մի բանը չեմ հասկանում,//Դու ունես, ես չունեմ անուն://Պատասխանեց գետը քամուն.//- Ես ունեմ իմ ճամփան փորած,//Ես ունեմ հուն,//Իսկ ով չունի ճամփա ծրած,//Ով չունի հուն,//Նրան էլ ո՞վ կտա անուն:
Այն, որ իր խոսքը երեխաների համար է, ավելի է ոգեշնչում Վիկտոր Հովսեփյանին, որովհետև ուղիղ խոսքի մեջ է ճշմարտությունը, և երեխաները միայն ուղիղ խոսքն են հասկանում: Ուստի՝ ժողովածուի վերնագիրն էլ անգամ՝ «Նանե՛, Նանե՛, կրակ տուր ինձ», ասես յուրահատուկ խնդրանք է երեխաներին՝ անսպառ անելու իր ոգեշնչումը:
Իսկապես ճշմարտություններ, որոնք հոսում են գրքի էջերով, կարելի է ասել, շատ ուղիղ՝ երեխաների համար, և փոխաբերական՝ մեծերիս:
Վիկտոր Հովսեփյանի պոեզիան խոսում է մարդկային մի դրսևորման մասին, որը տանում է այնտեղ, ուր մանկան մեջ արթնանում է նրա հասունությունը, իսկ հասուն մարդու մեջ արթնանում է նրա մանկությունը: Սա մի աստիճան է, երբ մանուկը երկյուղածությամբ է կյանքին ընդառաջ գնում, իսկ հասուն մարդը կյանքի խառն իրավիճակում մանկան վերերկրային անմեղությանն է ձգտում.
…Լռությունը քիչ-քիչ աճող
Ձայն ու շշուկ խմեց,
Լճում, որպես ցնորքի շող,
Աստղաբույլը ծլեց:
Վայրի բադը կունձի գոգում
Տեսնում է ճոխ երազ,
Ու աստղերը ջրի ցոլքում՝
Հասունացող ելակ:
Մեծ բավականություն՝ իր ապրածից ու իմացածից. ահա թե ինչ է փոխանցում ժողովածուն Վիկտոր Հովսեփյանից՝ կյանքն ու աշխարհը զարդարող արևի ցոլքերին՝ երեխաներին:
Շնորհակալություն