ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

ԵՐԳԻ ԱԿՈՒՆՔԸ` ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՇԽԱՐՀ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆԻՆ` ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ
Թանկագին բարեկամ.
Վայոց արքայական ձորից, Արփա և Եղեգիս արծաթափայլ գետերից, Ջերմուկի հրաշագեղ ջրվեժից «լուր ստացա», որ դեկտեմբերի 5-ին լրանում է իրենց բանաստեղծ-երգչի ծննդյան 75-ամյակը: Հենց «բնաշխարհի երգիչ» պատվավոր կոչումն էլ նրանցով ես կնքվել, քանզի քո երգերում հարազատ Վայոց ձորի գեղակերտ բնության, Արփա և Եղեգիս արծաթաշշունջ գետերի, Ջերմուկի փրփրաբաշ ջրվեժի, ողջ հեքիաթային բնաշխարհի նվագներն են հնչում` ոգեղեն խոսք ու խոհով, պատկերախոս տարերքով, սիրո, կարոտի, հուսո, հավատի ելևէջներով, ընդհանրության մեջ` բանաստեղծի առաքելության այդպիսի բնորոշումով.
Բանաստեղծի սիրտը միշտ
Անարատ է ցողի պես,
Ու շռայլ է, իմացե՛ք,
Ու շռայլ է հողի պես։
Հասկացրե՛ք այդ խենթերին,
Նրանք քիչ են ու բարի,
Եվ լուռ տանում են ուսած,
Բյուր հոգսերը աշխարհի…
Ի՜նչ հրաշալի ես ասել, սիրելի՛ Վարդգես: Այդ «քիչ ու բարի խենթերից» մեկն էլ, ախր, դու ես, որ գրականության սեփական շռայլ հողը հերկելով՝ արդեն կես դարից ավելի կրում ես մի քառաթև խաչ` Արարչի լուռ տառապանքով, բայց և անսահման սիրով ու նվիրումով: Այդ խաչի մի թևին գրված է՝ Հայրենի եզերք, մյուսին՝ Սեր, երրորդ թևին՝ Սխրանք, չորրորդին՝ Մանկաշխարհ: Իհարկե, այդ խաչն ուրիշ թևիկներ էլ ունի, որոնք բոլորը միասին` իրենց արմատ-ակունքներով, ճյուղատերևներով արևին ու լույսին փարված՝ բանաստեղծի սրտում են «անարատ ցողի պես», և շատերը չգիտեն, որ կյանքի ցավը նրա ցավն է, մարդկային-երկրային տագնապներն ու հոգսերը նույնպես նրանն են: Եվ հրաշալի է, որ նաև նրանն են Սերն ու Կարոտը, Հույսն ու Հավատը, Լույսն ու Արևաշողը: Քոնն են, իմ թանկագի՛ն բարեկամ, և այդ ամենը բանաստեղծ կոչվող հրաշագործի ստեղծագործության խորհրդանիշներն են, և դու, ահա կես դար շարունակ, կրում ես այդ խաչը, արդյունքում՝ քնարերգական, գեղարվեստահրապարակախոսական գրքեր` քիչ, բայց ասելիքի խորությամբ, ոճական ինքնատիպ հյուսվածքով, տեսանելի-նկատելի ճաշակավոր ընթերցողների կողմից, և բարի ու լուսավոր մի բոցավառ կերոն, որ իր մնայուն տեղն է հաստատել մեր ժամանակակից քնարերգության մայրուղում: Այդպես դու եկար լեռներից՝ արևը գրկած, իջար հովիտ և հայրենի բնաշխարհի սերն ու կարոտը քո սրտում` արարեցիր հրաշալի երգեր:
Հիմա էլ հիշատակեմ հոբելյանի առիթով մի քանի նրբագիծ, որ բնորոշ են քո ստեղծագործության ոգուն և էությանը: Պիտի կրկնեմ, որ «Արևի ձայն», «Թախծի ծառ», «Ես գալիս եմ լեռներից» և մյուս ժողովածուների խորագրումներն արդեն ի սկզբանե հուշում են, որ քո ստեղծագործության ոգեղեն տարերքը ներշնչված է հայրենի բնաշխարհով, և Արև, Ծառ, Լեռ, Գետ անձնավորված այլ խորհրդանիշներն էլ այդ ոգեղեն տարերքի բնորոշ արտահայտություններն են.
Ես գալիս եմ լեռներից,
Մանկությանս ձայնն եմ`//լեռան աղբյուրի պես ղողանջող…//Ես լեռներից եմ գալիս`//նախահայրերիս ձայներն//իմ երակներում,//առասպելվող դարերը//կոպերիս վրա…
Եկար լեռներից, արևահովտի Շատին ծննդավայրից` հոգուդ մեջ շողարձակող երգերի լույս աշխարհ գալու` երկունքի բուռն ապրումներով, և Ջերմուկ քաղաքում արդեն առաջին` «Արևի ձայնը» խոսուն խորագրով գիրք ծնվեց: Եվ այնուհետ, արդեն շուրջ կես դար, արևային քաղաքը քո աշխատանքային և գրական-ստեղծագործական գործունեության էպիկենտրոնը դարձավ, և դու հետագայում, հայ նորագույն գրականության մայրուղում ապահովեցիր քո համեստ ներկայությունը տարբեր տարիներին ծնված գրքերով` «Հրաշալի քաղաքացին», «Թախծի ծառը», «Արևի ճանապարհով» (մանկական), «Ես գալիս եմ լեռներից» բանաստեղծական և «Քաջերը մահ չունեն», «Լուսավոր հետագիծ», «Հայրենյաց զինվորները» գեղարվեստավավերագրական ժողովածուներով: Թե՛ քո պոեզիայի, թե՛ արձակի «սրտում» զգացողական թրթիռներով նույն զարկերակներն են բաբախում` ակունքված հայրենի բնության շքեղ գույներից և զրնգուն ձայներից` ինքնատիպ արձագանքով, ներհուն խոսք ու խոհի, խոհափիլիսոփայական մտորումների ելևէջներով…
Խոսի՛ր, Վայոց աշխարհի շողշողուն բնություն, Վարդգես Խանոյան բանաստեղծի նվագներով.
Ջրվեժի ճիչը դառնում է երգ,//Եվ փրփրում է Արփա գետը,//Եվ ծիածանով ծաղիկների//Ձգվում է գարնան արահետը…
Եվ կամ`
Դու սոսափում ես սաղարթախիտ,//Աստղերին պարզած երգդ անբառ,//Սրտիս համար ես համերգ տալիս,//Հայրենի անտառ, երգի անտառ://Տո՛ւր ինձ քո երգից ղողանջ մի լույս//Եվ քո գարունից գեթ մի պատառ,//Որ գարունանամ ես քեզանով//Հավերժի անտառ, երգի անտառ:
Եվ կամ`
…Ծաղկին իջած մաքուր տող,//Ցողից մաքուր ես, ի՛մ սեր,//Արեգակից կաթած շող,//Շողից մաքուր ես, ի՛մ սեր,//Սրտիս վրա անուշ դող,//Դողից մաքուր ես, ի՛մ սեր…
Պատկերախոս տարերքով հյուսված այսպիսի տասնյակ բանաստեղծություններ, ես կասեի` երգեր, քանզի նրանցում հանգը, մեղեդին, ռիթմը ներդաշնակ համահնչունությամբ երաժշտական նվագներ են հիշեցնում:
Իսկ քո սիրո երգերը` զգացումների թեժ, բնաբուխ տարերքով, կարոտի, հավատի, նաև մերժման ցավի ապրումներով, նույնպես ընթերցողին գրավում են իրենց ազնիվ, անկեղծ, հիմնականում` պայծառ ու լուսավոր մթնոլորտով, որում ներկա է նաև քո անփոխարինելի սերը` Վայոց աշխարհի անձեռակերտ բնությունն իր ծառ ու ծաղկով, իր գետերի շշունջներով, իր լեռների վեհությամբ, բոլորն էլ՝ ներանձնական սիրո «կենդանի վկաներ»: Մեր պոեզիայում սիրո լարը շատ պոետների երգերում է հնչել տարբեր նոտաներով, բայց ես, առանց գերագնահատման տենդի, սիրելի Վարդգես Խանոյան, քո սիրո երգերը կդասեի վերին աստիճաններից մեկում: Իհարկե, ինչպես բնաշխարհի, այնպես էլ սիրո տարբեր դրսևորումներին նվիրված երգերի «ներսում» զգացվում է Համո Սահյան մեծանուն բանաստեղծի ներկայությունը, բայց դա նմանակում չէ, այլ՝ ինքնատիպության ոգին միշտ պահող-պահպանող էություն:
Այսպես կարելի է սիրով շարունակել մեր «ճանապարհորդությունը» քո պոեզիայի հետաքրքիր աշխարհում, բայց ասվածն էլ թերևս բավական է համոզվելու, որ մենք գործ ունենք մայրաքաղաքից հեռու` մարզում ապրող և ստեղծագործող տաղանդավոր (չխնայենք այդ բառը նաև քո պարագայում) բանաստեղծի հետ, որ պատկառելի տարիքում շարունակում է մեզ պարգևել բնաշխարհիկ հրաշալի երգեր, որոնք այսօր նորովի են հնչում իր ծննդյան 75-ամյակի և գրական գործունեության 50-ամյակի հոբելյանական առիթներով:

Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր

ՀԱՅԱՍՏԱՆ
Իմ մտածումի հեռու կանչերից
Թերթում են ահա
Մագաղաթներդ,
Եվ քարերդ բիրտ,
Որոնց էջերից թողել ես կյանքիդ
Խորհուրդն ու գիրը,
Քո զավակների
Սրտի զարկերը
Եվ պտղացումը արարումներիդ:
Ու ես մի հլու ծնկաչոքումով
Հողին խոնարհված՝
Մագաղաթներիդ,
Քարերիդ վրա
Մատներիս դողով
Կարդում եմ սրտիդ
Բաբախումները՝
Անցած-գնացած
Քո գոռ պատմության գիրքը չփակված:
Եվ կամաց-կամաց ելնում է իմ դեմ
Մի դժվար երկիր՝
Երկինք մի բարձրիկ,
Արև մի վսեմ,
Քարանձավաշատ ժեռ լեռների մեջ:
Գետեր դարձ-դարձիկ,
Եվ կիրճ և անդունդ,
Եվ հազարանուն
Ժամանակ անցած,
Ամեն բան տեսած,
Ամեն ձայն լսած,
Ամեն փակ դռան բանալի գտած՝
Ու հիմա, ահա,
Նոր ճամփա ելած,
Մաքառման սովոր մի հին ժողովուրդ:

***
Հավերժի կապույտ վրաններն են
Լեռներդ, հայրենիք իմ շենշող,
Եվ բարդիներդ վրձիններ են՝
Եթերում գարուն նկարող…

Ձորերում աղոթք են անում
Վանքերը՝ դար ու դարացած,
Եվ քո ժայռերն են թիկնավետ
Նախահայրերս քարացած…

***
Ջերմուկ, Ջերմուկ, դրախտի դուռ,
Լեռներդ սեգ, ջրերդ զանգ,
Հին դարերից խելառ ու ծուռ
Նոր դարերը եկան-հասան:
Քո փրփրաբաշ Արփան ահա
Պարզ արծաթ է շուրջը ցանում,
Եղեգիսը՝ քույրը նրա,
Քո երկինքն է ծիածանում,
Ջրերդ դեղ ու բալասան,
Ծաղիկներդ՝ անմեռ հոտով,
Ո՞վ չի գերվել քո ծիրանի
Լուսավարար առավոտով…
Ջրվեժի ճիչը դառնում է երգ
Եվ փրփրում է Արփա գետը,
Եվ ծիածանով ծաղիկների
Ձգվում է գարնան արահետը…
…Գարնան բույրերին խառնվելով՝
Հանքաջրերն են շատրվանում,
Եվ ձորը մտած հովերը տաք
Ծաղկի բույրով են ազնվանում,
Ժայռերի վրա ժանիքավոր,
Օրը դնում է մամռոտ խալեր,
Եվ գարունացած երազներս
Թռչում են անվերջ սարերն ի վեր…

***
Քո անունը
Ինձ տանում է հին կածանով,
Դեպ առաջին սիրո բույնը,
Քո անունը փորագրել եմ կեչու վրա՝
Իմ կարոտի ճանապարհին,
Քո անունը
Ջերմություն է արևային,
Հալեցնում է ճամփիս ձյունը…
Քո անունը
Ետ է բերում օրերը հին,
Որ անցյալի մուժում կորան,
Քո անունը երգ է հիմա իմ շուրթերին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։