ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ, ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

Տրամադրոթյուն ստեղծող ու քեզ իր տրամադրության դաշտում պահող հեղինակ է Լևոն Բլբուլյանը, քեզ՝ իր զրուցակիցը, իր ապրումներին հաղորդակից դարձնող հեղինակ: Նա մտերմիկ զրուցակից է բանաստեղծական փնջերում ու ժողովածուներում, էն սրտահույզ երգերով է դառնում զրուցակից, որի երաժշտոթյունը գրել են կամ, ինչպես սիրում են ասել, բառերից մեղեդիներ են պեղել երգահանները… Ասեմ նաև, որ մտերիմ զրուցակցի իր «կարգավիճակը» նա պահում է և՛ լրագրային ակնարկներում, և՛ հոդվածներում, և՛, անշուշտ, հարցազրույցներում: Լևոնը և Լևոնի նման հեղինակները հայոց բառի նվիրյալ իրենց աշխատանքով մերժում են այն «տեսակետը», թե այսինչը «մաքուր» բանաստեղծ է, այսինքն՝ բանաստեղծությունից զատ ոչինչ չի գրում…

Հրաչյա Մաթևոսյան (Հրաչօ)

ԵՐԳՈՎ ԱՆՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Սիրելի Լևոն Բլբուլյան, սիրված բանաստեղծ, իմ լավ ընկեր ու բարեկամ, ես քեզ սրտանց շնորհավորում եմ և՛ իմ, և՛ կոմպոզիտորական մեր հանրության անունից, որոնց շրջանում տարիներ ի վեր դու հայտնի ու սիրված անուն ես՝ շնորհիվ քո խոսքերով ծնված բազմաթիվ հոգեհույզ երգերի: Լիասիրտ պիտի հիշեմ դեռ տարիներ առաջ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի գնահատականը քո հասցեին. «Մեր շատ երգեր մեծապես նաև Լևոնի շնորհիվ են խոսել ունկնդրի հոգու հետ, բռնել ժամանակի քննությունն ու ապրել: Մենք` կոմպոզիտորներս, դրա համար երախտապարտ ենք բանաստեղծին»:
Այո, բարեբախտություն է, որ հանձին քեզ՝ ունենք բանաստեղծ, որ հրաշալիորեն յուրացրել է երգի ստեղծման յուրահատկությունները, օժտված է սյուժետային, պատմողական պոեզիա ստեղծելու քչերին տրված շնորհով, որոնք երգը դեպի ունկնդրի սիրտը տանող ճանապարհն ապահովող կարևոր նախապայմաններից են: Եվ քո երգերի մեծ մասը մարդկային կյանքի փոքրիկ, ուրախ ու տխուր պատմություններ են՝ անկեղծ, հուզիչ և հոգեբանորեն համոզիչ: Ես շատ կարևորում եմ նաև քո այդ շնորհների դրսևորմամբ կատարված շնորհակալ աշխատանքը՝ Առնո Բաբաջանյանի մի շարք ռուսալեզու երգերի հայկականացման ուղղությամբ: Իսկ մեծն Արամ Խաչատրյանի հայտնի օրհներգը՝ նորօրյա քո խոսքերով, այնքա՛ն տպավորիչ ու խրոխտ հնչեց հենց «Արամ խաչատրյան» մեծ համերգասրահում կայացած ստեղծագործական երեկոյիդ ժամանակ, որ հանդիսականներից շատերը ներշնչված ոտքի կանգնեցին: Ավելի լավ գնահատական չէր կարող լինել…
Սիրելի Լևոն, ես ուրախ եմ, որ արդեն վաղուց մենք կապված ենք զուտ ստեղծագործական, բարեկամական ջերմ փոխհարաբերություններով նաև, և բոլոր հիմքերն ունեմ գոհ լինելու մեր համագործակցությունից: Տասնյակից ավելի մեր համատեղ երգերի զգալի մասը («Սերն անցավ», «Հուշի փաթիլներ», «Մոռացման անձրև»…) տարիներ ի վեր հնչում են տարբեր սերնդի երգիչ-երգչուհիների կատարմամբ ու պահանջված են շարունակ: Իսկ երբ միասին աշխատում էինք «Լիլիթ» փոփ օպերայի վրա, ես հաճույքով նկատում էի, որ ժանրի թելադրանքով քեզ մոտ ստեղծագործական նոր հնարավորություններ են բացվում կարծես. օպերայի դրամատուրգիան, հերոսների հոգեբանությունն ու նկարագիրը զգալ-որսալու, երաժշտությունը կարևոր հատվածներում տպավորիչ, դիպուկ խոսքով ընդգծելու, հարստացնելու առումով: Եվ հանդիսատեսն հետո ըստ արժանվույն գնահատեց այդ ամենը…
Շնորհավորում եմ վաստակած հոբելյանդ, մաղթում քաջառողջություն, քեզ հատուկ կենսունակություն ու ավյուն ստեղծագործական բոլոր հետաքրքրություններիդ, նոր ձեռնարկումներիդ մեջ և, ամենակարևորը, միշտ երգով անցնող ճանապարհ:

Սիրով ու գնահատանքով՝
Արամ ՍԱԹՅԱՆ
Հայաստանի կոմպոզիտորների միության
նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ

ՆԵՐԱՇԽԱՐՀԻՑ ՊԵՂԱԾ ԳՏԱԾՈՆԵՐ

Բանաստեղծ Լևոն Բլբուլյանի քնարը բազմազան գույների, հնչյունների, ապրումների ու խոհերի համադրությունից է գոյանում՝ ներառելով ներանձնական և անանձնական թեմաների մի ընդարձակ շրջանակ: Սեր, հայրենիք, պատմական ու արդի անցուդարձ, ցավ, փիլիսոփայություն, հումոր… Բոլորի ճաշակին հարմար ասելիք ու ասելու ոճ ունի հեղինակը, սակայն ես կընդգծեի նախ նրա սիրո քնարը, որը բանաստեղծին ուղեկցում է գրքից գիրք՝ անշուշտ տարիների հետ այլ հնչերանգներ առնելով, ձեռք բերելով նոր խորք ու տարողություն:
Բանաստեղծների ներշնչանքի անսպառ աղբյուրը` սերը, յուրաքանչյուրի մոտ ներկայանում է յուրովի. ամեն պոետ ունի իր բառն ու պատկերը, իր ընկալումն ու վերապրումը: Հավերժական այդ թեման ներկայանում է միևնույն հեքիաթի, միևնույն ասքի տարբեր պատումների ձևով, ուր ոչ թե սյուժեն է փոփոխվում, այլ` պատմողը: Եթե սեր, ուրեմն՝ կարոտ, հանդիպումի բերկրանք, բաժանման ցավ և կյանքի պարտադրած օրենքների բերումով՝ հիասթափություն, վերադարձ երկնային բարձունքներից դեպի հողեղեն իրականություն: Բայց սերն այն միակ տիեզերքն է, ուր չարությունն ու վրեժը ավերածություններ չեն գործում, այլ՝ դառնում են լուսավոր թախծի ու պոետական արարումի բարեբեր հունդեր:
Էլ չե՛մ պսակի//Քեզ ներշնչանքի ծաղկաթերթերով//Ու իմ նվիրած//Լուսե թիկնոցը ետ կվերցնեմ…//Կմարես հոգուս արվարձաններում՝//Որպես մի դյութիչ,//Վաղանցիկ պատրանք,// Ու մոռացումի խուլ թավուտներում//Կավելանա մերկ, լքված մի շիրիմ՝//Սուտ, պսակազերծ մեր սիրո համար… //Ես վտարո՛ւմ եմ քեզ իմ երգերից…
Իհարկե, այս վտարանդին ունի անվերջ վերադարձի իր օրրանը, և դա գիտի թե՛ վտարողը, թե՛ վտարյալը, թե՛ մենք բոլորս՝ այս կեղծ դատավճռի ակամա վկաներս: Պարզ է, որ մեկ ակնթարթ հետո բանաստեղծը դարձյալ նույն պատանի սիրահարն է.
Ու թե ահա նորից ես խռով եմ քեզնից՝//Պատրաստ իմ այս դժվար սիրուց հրաժարվել,//Գիտեմ, հենց որ ծնվի երգը հրաժեշտի,//Կթվա՝ քեզ հենց նոր, նո՛ր եմ սիրահարվել:
Բլբուլյանի զգացմունքների խոսուն թարգմանն է բանաստեղծական պատկերը՝ հյուսված բնության իրական և երևակայական տարրերից, համեմված պոետական նրբաճաշակ հնարներով՝ համեմատություն, այլաբանություն, մակդիր, փոխաբերություն:
Ու հավատում եմ հիմա սիրո պայծառ հրաշքին,//Հոգուս վրա արևոտ, տաք մի անձրև է մաղում,//Նոր բույրեր են արարվում, զվարթ լույսեր են խաղում,//Ու անտես մի նարոտ է ճոխ կամարվում իմ կյանքին:
Բանաստեղծի սիրո մատյանը նաև քառյակներ է ընդգրկում, որոնք Բլբուլյանի սիրերգության բյուրեղացումներն են: Օմար Խայամը հավաստիացնում է, որ աշխարհիկ կյանքի լուսապսակը բանաստեղծի շուրջ հյուսվում է կնոջ ու գինու կենսագործ համադրությունից, ու Բլբուլյանն էլ համախոհն է իր շատ սիրելի բանաստեղծի այս ճշմարտության ( զուր չէ, որ հենց մեծ իմաստունի քառյակների հայերեն հրաշալի հատորի համար է հատկապես արժանացել թարգմանական պատվավոր մրցանակի): Սակայն նրա քառյակներում դժվար է բացահայտ աղերսներ որսալ նույն Խայամի կամ մեր միջնադարյան տաղերգուների արտահայտչաձևերի հետ: Նրա մտածողությունն ու ոճը նորօրյա են, որքան էլ որ ավանդական լինեն հայացքները:
Ինքդ քեզնից մի՛ թաքնվիր, հոգիդ այդպես մի՛ կողպիր,//Վաղ է դեռ շատ, այս կյանքի հետ հաշիվներդ մի՛ փակիր://Ինչո՞ւ դրի սրտիս կապանք,- հիշիր խոսքը պոետի,//Ու քանի կաս, տրվիր սիրո, գինի խմիր ու երգիր:
Այսօրինակ խտացումները բնորոշ են ոչ միայն սիրո թեմային: Որոշ քառյակներում հեղինակը փորձում է հասկանալ աշխարհի էությունն ու կերպը, հաճախ իրեն զրուցակից դարձնում Ամենաբարձրյալին, ձգտում ներթափանցել անհունի ու տիեզերականի տիրույթները, ապա կրկին վերադառնում դեպի նյութեղեն, երբեմն էլ՝ կոպիտ իրականություն:
Լևոն Բլբուլյանի բանաստեղծական աշխարհին շատ նման և միաժամանակ տարբեր մի աշխարհ է բացվում մեր առաջ, երբ անդրադառնում ենք հեղինակի կատարած թարգմանություններին: Ռուս գրականության՝ հայերեն մատուցմամբ նորովի ենք ընկալում Ախմատովայի, Վիսոցկու, Խոդասևիչի, Օկուջավայի և այլոց՝ մեզ ծանոթ քնարերգությունը: Անշուշտ բնագրին հավատարիմ և հնարավորինս մոտ մնալով՝ Բլբուլյանը կարծես գրում է մեկ այլ հայերենով, բառերն ընտրում մեր մայրենիի գանձարանի այլ շերտերից և ներկայացնում մեկ այլ լույսով: Կարծես թե նույն բանաստեղծական ոճն է՝ բայց անսովոր, անսպասելի լուծումների մեջ:
Սառնամանիքից ու քամուց հետո//Ջեռ կրակի մոտ հաճելի էր շատ://Սիրտս աչքաթող արի ես այնտեղ,//Ու այն գողացան ինձնից աննկատ:
Ահա թե որքան ներդաշնակ են բանաստեղծական պատկերները՝ ըստ Աննա Ախմատովայի և Լևոն Բլբուլյանի, ու գեղարվեստական այդ որակն առկա է ռուս մեծ դասականի՝ նրա թարգմանությամբ ընթերցողի սեղանին դրված ողջ ստվար հատորում (2022), Բուլատ Օկուջավայի՝ հենց օրերս լույս տեսած «Կիթառով բանաստեղծը» գրքում: Այդ ամենին հասնելն, իհարկե, հեշտ բան չէ, թարգմանական արվեստը տևական աշխատանք ու ջանք է պահանջում: Բայց ցանկացած պարագայում թարգմանչի գլխավոր սկզբունքը մեկն է. «Ընթերցողը չպիտի զգա քո չարչարանքը. նրա բաժինը ընթերցողական վայելքը պիտի լինի միայն»: Ներդաշնակությունը չի սահմանափակվում գրական փոխշփումների շրջանակում: Լևոն Բլբուլյանի քնարը ներդաշն է նաև այլ մուսաների հետ: Նրա տեքստերի հիման վրա գրված երգերը, մոդայիկ ձևակերպումով, հիթային են եղել մի քանի սերնդի համար և այսօր էլ ունեն իրենց սպասող ունկնդիր՝ ի տարբերություն մերօրյա շատ երգահանների ստեղծագործությունների, որոնք մոռացվում են վերջին հնչյունները մարելուն պես: Միայն այն հանգամանքը, որ բանաստեղծի հետ համագործակցել են այնպիսի անվանի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Առնո Բաբաջանյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը… արդեն ինքնին խոսուն փաստ է:
Բանաստեղծություն, երգ, թարգմանություն, հումոր, օրախնդիր հոդվածներ, ուշագրավ հարցազրույցներ մամուլում. ահա ներշնչանքի և ինքնարտահայտման այն ոլորտը, որում ապրում և ստեղծագործում է Լևոն Բլբուլյանը՝ իր ներաշխարհից պեղած այլազան գտածոները նվիրելով մեզ՝ իր կողքին ապրող մարդկանց:
Շնորհավոր գրողի վաստակած հոբելյանը, քաջառողջություն ու նոր ներշնչումներ գալիք տարիների մեջ: Եվ թող այդ տարիների միջով շարունակի ընթանալ՝ գլխավոր իր կոչմանն ու տեսակին միշտ հավատարիմ.
Շատ սերեր են աշխարհում սուտ դուրս եկել,
Անթիվ երգեր՝ ամուլ ու փուտ դուրս եկել,
Բայց… մեկ է, ինձ թվում է, թե այս աշխարհ
Ես հենց սիրո՛, երգի՛ համար եմ եկել:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

***

Առհասարակ, բանաստեղծի, գրական գործչի նրա կերպարը դասականն է. իր բանաստեղծության ձևով, բովանդակությամբ, իր կեցվածքով Լևոնը շարունակում է հայոց բանաստեղծների վարքն ու բարքը, նրանց նվիրվածությունը գործին, ժողովրդին: Եվ հետո, իր ստեղծագործությամբ նա զարմանալիորեն բարի է. Բլբուլյան ազգանունը շատ համապատասխանում է նրա էությանը, ողջ գործունեությանը։

 Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

ՀԱՅՐԵՆԱԽՈՍ ԳՐՈՂԻ ԽՈՍՔՈՎ

Բաց նամակ Լևոն
Բլբուլյանին՝ «Խոսք ու զրույց»
հերթական գրքի առիթով
Այս ի՞նչ ես մեզ հետ անում, եղբայր: Առաջին հերթին` ընթերցողներիդ հետ: Դեռ ուշքի չենք եկել քո հայրենի Քյավառում 75-ամյակի նախահոբելյանական-ստեղծագործական փառահեղ երեկոյի տպավորություններից, այդ օրը բեմահարթակից հնչող մեծարանքի խոսքերից, հիմա էլ ներկայացել ես հերթական նոր՝ «Խոսք ու զրույց» ստվարածավալ ժողովածուով, որում, այո, «ներկա է ոչ միայն… անվանի բանաստեղծը»:
Բացում եմ գիրքը, և առաջին հերթին աչքի է ընկնում բնաբանը, որ ընդհանրական խոսքով ընթերցողին ուղղորդելու նպատակ ունի: Իմանում ենք, որ քո «նոր գիրքը բնույթով նման է ընթերցողին հայտնի «Ժամանակ և դեմքեր» ու «Տարիների միջով» գրքերին, ավելի ճիշտ, ժանրային, կառուցվածքային առումով երկուսի յուրահատուկ միավորումն է՝ կրկին հրապարակախոսական ուղղվածությամբ: Թե՛ հմուտ լրագրողն է ներկա այստեղ` մշակույթի ճանաչված գործիչների, հանրությանը հայտնի մարդկանց հետ անցկացրած հետաքրքիր, օրախնդիր հարցազրույցներով, թե՛ զուտ բանաստեղծը, գրի մարդն ու սրտացավ մտավորականը` տարբեր առիթներով մամուլին տված իր հարցազրույցներով: Թեև ի մի են բերվել ժամանակին պարբերականներում հրապարակված նյութեր, սակայն արծարծված հարցերով դրանցից շատերն այսօր էլ միանգամայն այժմեական են: Ու այս անգամ ևս գրքի գլխավոր թեման հոգևոր, մշակութային կյանքն է, նրա մերօրյա դրսևորումներն ու հիմնախնդիրները, այսպես թե այնպես, նաև երկրում տիրող վիճակն ու հասարակական մթնոլորտը»:
Թեև այս երկար մեջբերումը, այնուամենայնիվ, «հեշտացրեց» (եթե կարելի է այդպես ասել) գնահատանքի իմ խոսքը փոխանցել քեզ, բայց գիրքը, իր ասելիքի անսահմանափակ տարողությամբ, հնարավորություն է տալիս ավելի հանգամանալից անդրադարձ կատարել Լևոն Բլբուլյան տաղանդավոր գրողի մասին: «Տաղանդավոր» բնորոշումը քո պարագայում չեմ խնայում. արդեն վաղուց ընթերցողները համոզվել են քո բանաստեղծական, քո թարգմանական, քո հումորային անուրանալի տաղանդի առկայության մեջ: «Քո» անձն էլ երիցս շեշտում եմ, որովհետև արդի հայ գրականության մայրուղում Լևոնբլբուլյանական ինքնատիպ ներկայությունը, այո՛, շատ վաղուց արդեն հաստատագրվել է: Եվ հրապարակախոսական քո խոսքն ուղեկցվել, ամրագրվել է բանաստեղծի, թարգմանչի, հումորիստի ճանապարհին զուգահեռ: Ու ահա ևս մի ամբողջական-հրապարակախոսական ժողովածու իր վեց բաժիններով, բոլորն էլ` «հուշող խորագրեր», ասելիքի ներհուն սպասելիքներով: Այո՛, գիրքը քեզ հուզող գաղափարների ու խնդիրների խոհափիլիսոփայական ԽՈՍՔ է` ուղղված ընթերցողներին, ավելի լայն առումով` ողջ հանրությանը: ԽՈՍՔ, որ տվյալ դեպքում ժամանակների մեջ չի կորցրել իր հնչեղությունը, և այսօր էլ, մեր երկրի, մեր ժողովրդի համար դժվարագույն իրողություններում քո դիրքորոշումը նույնն է` հեռու չմնալ ազգային խնդիրների լուծմանը մասնակցություն ունենալուց, նպաստել դրանց իրականացմանը: ԽՈՍՔՈՎ, հայրենախոս գրողի գործնական խոսքով: Եվ ակնհայտ է, որ հեղինակը հրաշալի պատկերացնում ու գիտակցում է, թե ինչու է նման մի գիրք դրել ընթերցողի սեղանին ու հատկապես հիմա. «Անսպասելիորեն կյանքի այլ պայմաններում հայտնված, բազում հարցականների մեջ մոլորված, հուսախաբ մարդկանց պետք է որ հատկապես հետաքրքրի` ստեղծված իրավիճակի մասին ինչ են խորհում մտավորականները, ազգային ոգին առավելագույնս կրող մշակույթի գործիչները»: Եվ պատասխանները դու ստանում ու ընթերցողներին մատուցում ես արդեն ԶՐՈՒՅՑ-ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ միջոցով` անվանի մտավորականների, արվեստի, մշակույթի մարդկանց, գրողների, հանրային գործիչների հետ: «Հին ու նոր հանդիպումները» նրանց հետ դու ներկայացնում ես հուզող խնդիրների, որքան հնարավոր է, խորքային, կարծիքների, մտորումների ներհուն շերտերի բացահայտումով: Եվ ովքե՞ր կարող էին իրենց հեղինակավոր, սկզբունքային խոսքն ասել այդ առումով, եթե ոչ` ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Նիկողայոս Նիկողոսյանը, արմատներով արցախցի, բանաստեղծ, հրապարակախոս Բոգդան Ջանյանը, լայն հանրության քաջածանոթ Գևորգ Էմինը, Կոնստանտին Օրբելյանը, Պերճ Զեյթունցյանը, Լևոն Անանյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, հուշարձանագետ Արգամ Այվազյանը և ուրիշներ: Ամեն մեկն իր ոլորտի, բայց ամենից ավելի` երկրի, ժողովրդի ներկա ու գալիք խնդիրների, ճակատագրական նշանակություն ունեցող հարցերի մասին: Իսկ այս հարցազրույցներին հաջորդում են քո իսկ հրապարակախոսական, հայրենախոս մտորումները՝ տարաբնույթ оրախնդիր թեմաներով, հարցի էությունը բնութագրող հոդվածներով` «Գրողի ժամանակը», «Սրտեր կամրջող հանդիպումներ», «ՀՀ պետական լեզուն հայերենն է», «Անտես թշնամու հանդիման», ապա և «Գրական բարեկամություն», «Հոգևոր կամուրջներ» խորագրված բաժիններում ներառված տասնյակ այլ՝ նաև գրական ուղղվածության հոդվածներ, որոնց մեծ մասը ժամանակին տպագրվել են «Գրական թերթում», հանրապետական մամուլում: Ահա այսպես, գրող-հրապարակախոսի քո հեղինակավոր խոսքը նախ տարածվել է թերթ ու ամսագրերում, օրվա տաք հետքով, իսկ «Խոսք ու զրույց» գրքի միջնորդությամբ` այսօր նորովի հաղորդակցվում է նաև մեզ հետ` չկորցնելով իր այժմեականությունն ու հրապարակախոսական շունչը: Իսկ «Ինձ մոտենալով ու հեռանալով» բաժնում արդեն տեղ են գտել լրագրողական հարցազրույցներ… քեզ հետ: Եվ քեզ, թանկագին Լևոն, այս կամ այն լրագրողը որքան էլ իր խոսքով, հարցով փորձում է «մոտենալ», բացել սրտիդ խորքում «փակված» զգացողական տարերքի թանկ ու նվիրական էջերը, միևնույնն է, «հեռանալով»` կրկին ու կրկին իմաստավորում է քո մտորումները` «Շատ բան եմ սովորել և դեռ սովորում եմ» խոստովանությամբ, «Պոեզիան պիտի մեզ ավելի լավը դարձնի» «Մշակույթի հաշվին խնայելը մեղք է ազգի ապագայի հանդեպ», «Գրողն ընթերցողի համար ամենից առաջ զրուցակից պիտի լինի» խորհրդատվությամբ և ավարտվում «Պոեզիան երգը, սերը» եռամիասնության քո խնկարկումներով: Իսկ «Ի՞նչն է հատկապես մեր հասարակության մեջ անհանգստացնում, ցավ պատճառում Ձեզ» հարցի պատասխանով ընդգծվում է քո ցավագին եզրահանգումը. «Այսօր հատկապես սոցցանցը, իհարկե, առօրյա շփումների հետ միասին, հնարավորություն է տալիս հետևելու հասարակության մեջ տեղի ունեցող խմորումներին, առկա տրամադրություններին, տեսնել գեղեցիկ ու հոռի դրսևորումները: Ցավոք, բացասականը շատ ավելին է…»:
Այս անանց ցավերի ընդգծումով հանդերձ՝ հրաշալի է, Լևոն ջան, որ գրքի հրապարակումները «համեմել» ես ոչ միայն քյավառցի գրողի քո զվարճալի հուշապատումներով («Ժպիտներ՝ հեռու ու մոտ օրերից»), այլև այլազգի առանձին նշանավոր գրողների` քո թարգմանչական արվեստը ցուցանող բանաստեղծությունների մատուցմամբ՝ նրանց մասին թարգմանչի խորագիտակ խոսքով: Եվ մենք հաճույքով վերընթերցում ենք Օմար Խայամից, Աննա Ախմատովայից, Բուլատ Օկուջավայից, Վլադիմիր Վիսոցկուց և այլ գրողներից կատարած, գրեթե բնագրերին համահունչ, ես կասեի` վարպետ քո թարգմանությունները: Եվ մեզ հետ քո «լեզվով» այսպես է խոսում Օմար Խայամը, որի շուրջ հիսուն քառյակ ներառել ես գրքում.
Ելնենք նոր բացվող ջինջ օրվան ժպտանք, իրար ողջունենք,//Ամեն հոգս ու ցավ մի պահ մոռանանք, թախիծը վանենք,//Ողջ կրծքով շնչենք, ըմբոշխնենք գարնան օրը վաղորդյան,//Քանի դեռ շնչել-արտաշնչելու այս բախտը ունենք:
Սիրելի Լևոն, բարի երթ եմ մաղթում գրքիդ, իսկ քեզ՝ նույն բեղուն, անդադրում գրիչը՝ ժանրերի, թեմաների բազմազանությամբ ու հարստությամբ: Եվ ուրեմն՝ հաճելի նոր անակնկալների սպասումով՝

Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ ՈՒ ԳՆԱՀԱՏԱՆՔՈՎ

Հարգելի Լևոն Բլբուլյան.
«Գրողների միությունների միջազգային ընկերակցություն» հասարակական կազմակերպությունների միությունը շնորհավորում է Ձեր ծննդյան 75-ամյա հոբելյանը: Նշանակալից այս օրվա առթիվ սիրո ու երջանկության ջերմ բարեմաղթանքներ ընդունեք մեզանից:
Ձեր կյանքի ուղին իսկական բանաստեղծի, ստեղծագործ մարդու ճանապարհ է: Ծնվել եք Հայաստանի Գավառ փոքրիկ քաղաքում, ավարտել գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը, և կարծես թե երիտասարդ մասնագետի համար ինժեներ-մեխանիզատորի երկար ուղի էր սահմանված: Բայց գրականության հանդեպ ընդգծված սերն ու հակումը, ոգեղեն խառնվածքն ու պոեզիայի լեզվով խոսելու մղումը այնպես ընդգծված դրսևորվեցին Ձեր մեջ, որ չէին կարող չմարմնավորվել իսկական բանաստեղծական ձեռքբերումներով:
Ստեղծագործելու ցանկությունն ու ներքին մղումը փոխեցին ձեր կյանքի ընթացքը: Երբ գերազանցությամբ ավարտեցիք Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները, ամեն ինչ իր տեղն ընկավ կարծես, և գրողի, բանաստեղծի ճակատագիրն արդեն վերջնականապես կանխորոշված էր ձեզ համար: Այսօր ավելի քան 20 բանաստեղծական, թարգմանական, հումորային գրքերի հեղինակ եք, հրատարակել եք նաև «Ժամանակ և դեմքեր», «Խոսք ու զրույց», «Տարիների միջով» հրապարակախոսական գրքերը։ Իսկ հայ անվանի կոմպոզիտորները շուրջ երկու հարյուր երգ են ստեղծել ձեր քնարական տողերով…
Դուք Հայաստանում գեղարվեստական թարգմանության վառ ներկայացուցիչներից մեկն եք համարվում. տարիներ շարունակ Ձեր ստեղծագործության կարևոր ու անբաժան մասն է կազմում այդ ոլորտը՝ կապված առավելապես ռուս գրականության հետ։ Հիշարժան են Աննա Ախմատովայի «Տարվա հինգերորդ այն եղանակը» հայերեն գեղեցիկ հատորը՝ նրա լավագույն ստեղծագործություններով ու թարգմանչի ծավալուն, խորն ու գրավիչ առաջաբանով, ռուսական պոեզիայի «Արծաթե դարի» նշանավոր ներկայացուցիչ Վլադիսլավ Խոդասևիչի գործերը, Վլադիմիր Վիսոցկուն նվիրված «Ես, ինչ խոսք, ետ կգամ» գիրքը, պարսիկ մեծ բանաստեղծ Օմար Խայամի քառյակների հրաշալի թարգմանությունը, որն արժանացել է ՀԳՄ Հովհաննես Մասեհյանի անվան թարգմանական մրցանակին։ Ձեր հմուտ թարգմանությամբ տպագրվել են նաև ժամանակակից ռուս բանաստեղծներ Վլադիմիր Բոյարինովի, Վլադիմիր Սիլկինի, Վլադիմիր Իսայչևի և այլոց հայերեն ժողովածուներն ու բանաստեղծական շարքերը: Եվ Ձեր թարգմանական գործունեությունը արժանիորեն գնահատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսության և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» հեղինակավոր մրցանակով, ինչպես նաև Ռուսաստանի գրողների միության Գրիբոյեդովի և Լերմոնտովի անվան հուշամեդալներով: Իսկ գրական գործունեությունն արժևորրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով։ Իսկ որ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալակիր եք նաև, հայրենի Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի, ինքնին հայրենիքում ձեր բարձր հեղինակության մասին է վկայում…
Հարգելի Լևոն Բլբուլյան, դուք երկար տարիներ ՀԳՄ ու Ժուռնալիստների միությունների անդամ եք, նաև՝ ՀԳՄ նախագահության անդամ: Իսկ մեր Ընկերակցության խորհրդի կազմում մեկ անգամ չէ, որ ակտիվ, գործնական վերաբերմունք եք դրսևորել կազմակերպության ծրագրերի ու անելիքների վերաբերյալ: Մենք բարձր ենք գնահատում տարիների մեր բարեկամությունն ու համագործակցությունը և հուսով ենք, որ այն կշարունակվի՝ ի շահ հայ և ռուս ազգային գրականությունների զարգացման ու փոխհարստացման:
Սիրելի մեր ընկեր, անցած Ձեր արգասավոր ճանապարհով դուք մեծ հարգանքի ու գնահատանքի եք արժանի: Շնորհավոր ձեր տոնը, վառ ու լուսավոր հոբելյան ենք մաղթում Ձեզ, ամուր առողջություն ու երկար, երջանիկ տարիներ: Ու թող ստեղծագործական Ձեր բոլոր ծրագրերը իրականություն դառնան:
Հարգանքներով՝

Յուրի ԿԱՆՈՊԼՅԱՆՆԻԿՈՎ
ԳՄ միջազգային ընկերակցության նախագահ,
ՌԴ արվեստի վաստ. գործիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։