ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է դրամատուրգ, արձակագիր, ռեժիսոր
ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՍԵՓԱԿԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ
Ռուբեն Մարուխյանն իր էությամբ ստեղծագործող անհատականություն է, ով իր գեղարվեստական կուտակումները ձգտել է իրացնել արվեստի տարբեր հանգրվաններում: Ունենալով դերասանական բարձրագույն կրթություն, ավարտելով Ս. Օբրազցովի գլխավորած բարձրագույն ռեժիսորական դասընթացները՝ նվիրվել է ռեժիսուրային, բեմադրություններով հանդես եկել տիկնիկային թատրոնում, գրել պիեսներ մանկական թատրոնի համար՝ այսպիսով դառնալով մանուկներին հղված թատերգության լավագույն ներկայացուցիչներից մեզանում: Գրել է վիպակներ ու պատմվածքներ, հանրամատչելի գրքեր տիկնիկային թատրոնի մասին… Սիրահարված մանկական թատրոնին, նրա յուրատեսակ ասպետը լինելով՝ Ռուբեն Մարուխյանը չի մոռացել նաև «մեծական» թատրոնը, գրել է դրամատիկական երկեր, որոնք բեմադրվել են տարբեր թատրոններում, ռադիոյում և հեռուստատեսությամբ՝ մեր թատերգության մեջ գոյավորելով Ռուբեն Մարուխյանի խորշը, առիթ տալով խոսելու նրա ինքնատիպ ու հետաքրքիր թատերագրական որոնումների ու հաստատումների մասին:
Տարբեր են թեմաները, որոնք հետաքրքրել են նրան, տարբեր են պատմական ժամանակաշրջանները, որոնց անդրադարձ է կատարել: Նրա առաջին դրամատիկական երկը նվիրված էր պատմահեղափոխական թեմատիկային, լեգենդար հրամանատար, քաղաքացիական պատերազմի հերոս Գային՝ Հայկ Բժշկյանցին: Խորհրդային թատերգության մեջ ավանդույթներ ու կաղապարներ էին հաստատվել, թեմայի արտացոլման քարացած կանոներ էին սահմանվել, որոնք հեռանում էին պատմության օբյեկտիվ ընկալումից և մատուցումից, բերում էին հերոս-կաղապարների «ֆենոմենը», որի գոյությամբ արդեն մարդը վերածվում էր պատվանդան տարված քանդակի, յուրատեսակ «սխեմայի»: Ռուբեն Մարուխյանի «Իմ հոր մասին» պիեսը, որը Գյումրու թատրոնում բեմադրեց Երվանդ Ղազանչյանը, ոչ թե հերոսի, այլ՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ մասին էր՝ նրա արմատների ու ցեղային արժանապատվության, ապրված մեծ ողբերգության մասին էր: Հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմն այստեղ լոկ միջոց ու պատմական միջավայր էին՝ հետազոտելու անհատին, ժամանակի ու անհատի փոխառնչության խնդիրները պարզելու: Ռուբեն Մարուխյանի կարևոր ձեռքբերումը դրամատիկական կերպարի մասին ձևավորված պատկերացումների վերանայումն էր, ինչն էլ առիթ դարձավ, որպեսզի խորանալով ողբերգական ճակատագրի հերոսի կենսագրության մեջ՝ նա ստեղծի դրամատիկական եռերգություն, որն ինքնատիպ ու եզակի էր մեր թատերգության մեջ: Առաջիններից մեկը՝ նաև ստեղծեց հեղափոխության ողբերգության պատկերը՝ եռերգության տարածք բերելով Լունինի կերպարը, որը ելնում էր Լենինի դեմ, քննադատում հեղափոխությունը, խոսում առավել բարձր արժեքների մասին: Սա ողբերգական այն բացառիկ կերպարն էր, որը մի ողջ պատմաշրջանի ավերածությունները տեսնելով՝ հեռանում էր կյանքից:
Ռուբեն Մարուխյանը, 1980-ականների սկզբին յուրովի անդրադառնալով խորհրդային դրամայում իր ներկայությունը հաստատած «արտադրական թեմային», գրեց «Սպիտակ սարեր» պիեսը, որում առաջնային դարձան հոգեբանական կոնֆլիկտները, անհատի ու միջավայրի բախման թեման ստացավ իր ուշագրավ լուծումը: Ռ. Մարուխյանը սիրում է դրամայի տարածք բերել մարդկային պարզ ու մեկին բնավորություններ, որոնք ապրում են իրականության մեջ՝ միշտ կռիվ ու պայքար մղելով, ձգտելով պահպանել ներդաշնակությունը: Ասվածի լավագույն դրսևորումներից մեկը «Հյուսիսային պողոտա» պիեսն է, որը «Մեր հին ու բարի բակը» վերնագրով բեմադրվեց դարձյալ Գյումրու թատրոնում: Սա տխուր-էլեգիական պատմություն է Երևանի մասին, այն մարդկանց մասին, ովքեր ուզում են փրկել անհետացող-ավերվող քաղաքի կերպարը, որոնց համար պատմություններ կան փոխկապակցված: Իր ստեղծագործություններում Ռ. Մարուխյանը երբեք չի հեռանում ավանդական դրամայի շրջագծերից, կառուցվածքի յուրատիպություններից, մինչդեռ նորույթն ու նորարարությունը տեսնում է կերպարաստեղծման մեջ, ոճի շարժման մեջ, ուր գերակայությունը տրվում է նեոռեալիզմին:
Սեփական ընթացքին հավատարիմ՝ Ռուբեն Մարուխյանը ստեղծել է իր գրական-գեղարվեստական աշխարհն ու հասել իր 80-ամյակին՝ դառնալով մեր գրական ընտանիքի ավագներից մեկը: Ուրեմն, թող 80-րդ ծննդյան օրը հանրագումարի ու անցնելիք ճանապարհի նախադուռ դառնա: