ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ -100

Հունիսի 8-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն, որն սկսվեց գրողի մասին ֆիլմի ցուցադրությամբ: Ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Մկրտիչ Սարգսյանի կյանքն անցավ Հայրենական պատերազմից սկսած՝ անհատի պաշտամունքի դաժան տարիներով մինչև Արցախյան շարժման ու Հայաստանի անկախության ժամանակներ, և նա ակտիվորեն մասնակցում էր այդ ամենին թե՛ իր հասարակական գործունեությամբ, թե՛ գրականությամբ»,- ասաց նա: ՀՀ ԱԺ պատգամավոր, Ջավախք հայրենակցական-բարեգործական միության նախագահ Շիրակ Թորոսյանն անդրադարձավ նրա ստեղծագործություններին՝ որպես ջավախքցի. «Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործությունը պարունակում է Ջավախքին, ջավախքցուն և հայ-վրացական հարաբերություններին նվիրված մեծածավալ գործեր, որոնք հիմնականում ամփոփված են «Դեպի լեառն Աբուլ» ժողովածուի մեջ: Նա ոչ միայն բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս ու հասարակական գործիչ էր, այլև՝ խորքային ու իմաստուն քաղաքագետ»:
Բան. գիտ. դոկտոր Պետրոս Դեմիրճյանը խոսեց Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործության, ինչպես նաև ՀԳՄ-ում նրա աշխատանքային գործունեության մասին. «Մկրտիչ Սարգսյանի անձի և վաստակի գնահատությունը բնութագրելի է մի քանի՝ գրական-մշակութային, ազգային-հասարակական, մարդկային-անհատական տեսանկյուններով՝ որպես ճանաչված բանաստեղծ, արձակագիր, հմուտ խմբագիր ու գրական կյանքի կազմակերպիչ, իրեն լավագույնս դրսևորած հայրենասեր մարտիկ ու քաղաքացի, սրտացավ ընկեր, պարզապես ազնիվ ու բարի մարդ»:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բան. գիտ. թեկնածու Նաղաշ Մարտիրոսյանը գրականագիտական վերլուծություններ կատարեց Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործությունների վերաբերյալ՝ անդրադառնալով Հայրենական պատերազմի և այլ թեմաներով գրած նրա գրքերին: Ելույթ ունեցավ նաև բան. գիտ. թեկնածու Սիրուն Բաղդասարյանը:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն իր ելույթում նշեց. «100-ամյա մեծը եկել է նորից ասելու, որ մենք պետք է կանգնենք ճշմարտության կողքին, կանգնենք այնտեղ, որտեղ հայոց արժեքներն են, և մեր ինքնության տերը լինենք»:
Գրականագետ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը, խոսելով Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործության մասին, ասաց, որ նա իր մղումները ստանում էր հավերժության ակունքից, և անդրադարձավ «Դարձը» դրամային ու նրա միջոցով գրողի թողած կարևոր պատգամներին:
Գրականագետ, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանն իր խոսքում նշեց. «Մկրտիչ Սարգսյանի սերունդը եկել էր ինքնաճանաչություն բերելու մեր ժողովրդին. ո՞վ ենք մենք, ո՞ւր ենք եկել-հասել և ինչպե՞ս պիտի շարունակենք մեր ճանապարհը: Նա երկու հավատք ուներ և երկու սրբություն՝ հայրենիք և գրականություն»: Վ. Սարգսյանը հիշարժան դրվագներ պատմեց իր հոր կյանքից ու գործունեությունից:
Հանդիսությունը վարող Գայանե Սամվելյանը և Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանն ընթերցեցին Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործություններից: Մասիս Հունանյանն ու Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաներն իրենց երաժշտական կատարումներով տոնական տրամադրություն հաղորդեցին հանդիսությանը:
Սեփ.լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։