Ակսել Բակունց – 125

Հունիսի 13-ին Գորիսում, Ակսել Բակունցի տուն-թանգարանում, նշվեց մեծանուն գրողի 125-ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականության և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր, դպրոցականներ: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց հոբելյանի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Բակունցի ծննդյան օրը համաքաղաքային տոնի է վերածվում, ինչը Բակունցի գրական ժառանգության և ստեղծագործությունների արդիականության վկայությունն է:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը իր խոսքում շեշտեց, որ Բակունցը գույն է բերել հայկական արձակին. «Բակունցի լեզուն և պատմելու ոճը երևակայական աշխարհներ են բացում. ես եղել եմ Մթնաձորում, նրա նկարագրած անտառում և դաշտում: Բակունցն ինքը բնության մի մասնիկ էր: Նրա ոսկեղենիկ հայերենի լեզվի ուժը մեզ անհրաժեշտ է, քանզի գեղեցիկ լեզուն նաև սիրո և միմյանց հարգելու հարաբերությունների ստեղծման ամուր հիմքն է»: Ելույթ ունեցան նաև Ե. Չարենցի անվան ԳԱԹ-ի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը և այլք:
Հոբելյանական օրվա ընթացքում թատերական ներկայացումներով հանդես եկան Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, տեղի ունեցավ հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ, կայացան Մ. Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի և «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները: Միջոցառումներն ուղեկցվեցին հյուրերի հետ զրույց-քննարկումներով, երեխաների համար խեցեգործության ու նկարչության վարպետության դասերով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։