***
Ակսել Բակունցի ծննդյան օրը՝ 125-ամյակի կապակցությամբ, գրողների մի խումբ ՀԳՄ-ից և Եղիշե Չարենցի անվան ԳԱԹ-ի աշխատակիցներն այցելեցին ու ծաղիկներ դրեցին նրա երևանյան բնակարանի առջև տեղադրված հուշաքարին: Այդ բնակարանում Բակունցն ապրել և ստեղծագործել է 1927-1936 թթ.:
ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, Ակսել Բակունցին համարելով մեր գրականության, գեղարվեստի արժանապատվությունը, ասաց. «Խոնարհվենք մեր մեծության առաջ. որքան խոնարհվելու կարողություն ու զորություն ունենանք, այնքան մեր արժանապատվությունը վերադառնալու է մեզ»: Բանաստեղծ Գոհար Գալստյանը նշեց, որ Բակունցի ստեղծագործությունները մշտապես լինելու են հայ գրականության գանձարանում:
Ըստ Շանթ Մկրտչյանի՝ «Այն մեծ ժառանգությունը, որ թողել է Բակունցը, 20-րդ դարի մեր գրականության՝ արձակի բարձրակետերից է»: Նրա կարծիքով՝ 1937-ը անընդհատ կրկնվում է, ժողովուրդը ոչ թե դիտորդ պիտի լինի, այլ՝ պատասխանատու և տեր՝ իր արժանավոր զավակներին: