ԱՍՏԾՈ ՏՎԱԾՆ ԵՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ընձի ման արի ծաղիգների գույների մեճը…

Վերջին շրջանում գրողները հաճախ են արժանիորեն անդրադառնում գերդաստանի մեծ մոր կերպարին, որոնք, իրարից տարբեր լինելով հանդերձ, մեկ բանում նույնն են. նրանք բոլորն էլ իրենց ընտանիքի պահապան հրեշտակներն են: Ահավասիկ «Լուսակն» հրատարակչությունը Հռիփսիմէի խմբագրությամբ լույս է ընծայել Նեկտար Սիմոնիի «Իմ ադեն» պատմվածաշարը, որի «Մաքրման ուխտի ճամփան» նախախոսքում Հրիփսիմէն գրում է. «Հեղինակը, ի տես ժամանակի, ստեղծել է իր ադեի բարձրադիրը, մի գյուղացի միամիտ կնոջ, որն իր կերպարում ընդհանրացնում է մեր ազգայինը, հոգեբանական բոլոր պարզ ու բարդ պատումները (Սանասար և Բաղդասար, Ծովինար, Հազարան բլբուլ, մեջբերումը՝ Հ.Հ.-ի), դառնում է բոլորի ադեն՝ իր կաթնաբույր մեծ գրպաններով գոգնոցով և մշտակիր գլխաշորով»: Նեկտար Սիմոնին գրքի հետնաշապիկին գրում է. «Անցյալն ապրում է ներկայի ոլորաններում»։ Մենք էլ փորձենք այս հոդվածի նախախոսքը իմաստավորել «Իմ ադեն» գրքի վերջաբանից մեջբերելով ադեի հորդոր-մաղթանքը՝ որպես կյանքը գեղեցիկի մեջ օրհներգվող հավերժի խոսքեր. «Սիմոնիս պզդի՜գ աղջիկ, եփ օր կըտխրիս իմ հըմար, եփ օր ադեի կռավատը դառդըգնա, ընձի ման արի ծաղիգների գույների մեճը: Ուրդեղ ծաղիգըմ կըտեսնիս, հիշե՜, օր ադեն ըդոնց գույնզգույն թերթիգներից քեզի կաշե: Հիշե, օր ըդոնց բուրմունքի մեճը քու ադեի հոգին է: Ամեն առդըվան շաղը իրանց թերթիգներից հավաքե ու քսե աչքերիդ. ըդոնց մեճը ադեի արդըսունքի անարադ լուսն է: Ելի կարոդի սարը, քաղե Աստձու ջրած կարմիր լալաները, ըդոնք իմ կյանքի չվերջացող խոսքերն են: Եփ օր մոլորությունը ճամպեդ կըփագե, ծաղիգները սխմե դոշիդ. աղոթքի պես քեզի կըհասնի ադեի ձենը, ու օրդ կըթեթևնա… Սիրե՜ ծաղիգը, բալա՜ ջան, ու ադեն միշտ կաբրի քու թևերի վրա»:
Նեկտար Սիմոնիի Եղսո ադեն քնքշահոգի է ու քնարական, նրա հավատո հանգանակն է. «Հոգուդ հըմար ծառ ու ծաղգից հավադի աղոթք վերցրա», որով էլ նոր զգայուն երանգ է բերում հայ գրականության մեջ կերտված մեծ մայրերի փաղանգին: «Իմ ադեն» գիրքը հեղինակը ներկայացնում է որպես պատմվածաշար, որն իր էությամբ մի ամբողջ կյանքի վեպ է՝ իրիկունները պատմվող, խաղաղեցնող հեքիաթների պես, որոնցում տան ամենափոքր զավակն ի վերջո բացահայտում է բարի ավարտով հեքիաթ-պատմության նպատակը: Հետաքրքիր կերպով գրքում հեքիաթային փոքր զավակի առաքելությունը միաժամանակ իրենց վրա են վերցրել և՛ հեղինակը, ինչպես Եղսո ադեն է ասում՝ «Սիմոնիս պզդիգ աղջիկը», և՛ ադեն, որն արդեն ենթագիտակցորեն իսկ իրեն տան փոքր զավակի հեքիաթային առաքելության մեջ է տեսնում՝ երբեք չխուսանավելով ճշմարտությունից. «…ընձի կըսեին՝ նախշո՜ւն Եղսո. երեսներս կըպլպլար, թշերս արևից կըկարմրեին, աչքերս՝ խոշոր. մինագ էս անտեր բոյս էր կարճ՝ չիդեմ ընչի. հերս ու մերս բոյով էին: Ես վայթե էդ հորոխպորս էի քաշե ըդման մանդռ: Քուր ու ախպերդիքս ընձնից վենձ էին, շադերն արդեն պսակվել էին, մոդիկ գեղերը կաբրեին: Ընձնից պզդիգ մինագ Ղուգասս էր, մեկ էլ՝ Վարսոն»:
Աղբյուրի ակունքի մաքրության պես հստակ ու անկեղծ է գրքի խոհաբանությունը, որում սկզբունքորեն մերժվում են պղտորն ու անորոշությունները, ինչքան էլ դրանք առաջին հայացքից մանրուք թվան, երկրորդական, միևնույնն է, մեկնելիս խորքի մեջ նշանակալի են դառնում ու կարևոր, այսպես՝ ադեն ասում է. «Ես «ծնող» բառը չեմ հասկընա. ըսա՝ հերդ ու մերդ» կամ «Ախչի Նեկտա՛ր, դու հեչ բան չես հասկընա, էսիգ զրույց չէ, էսիգ քու ադեի քաշած կյանքն է» և այլն: Ուստի, փորձենք խորանալ ադեի անսահմանություն տանող ներաշխարհը՝ անդրադառնալով «Իմ ադեն» գրքի բնութագրական մի քանի առանձնահատկություններին:
Օջախի ավանդապահ արժեհամակարգը՝ սիրո չափորոշիչ: Նեկտար Սիմոնիի գիրքը՝ դիպվածաշարային «սև ու ճերմագ օրերի» նկարագրություններով, զվարճացնող կամ տխրեցնող ինքնանպատակ պատմություններ չեն, այլ՝ հեղինակի սևեռուն համառությամբ ցանկացած հանգամանքներում ու պայմաններում հայտնվածի, հոգևորով դրսևորվող մարդկային տեսակի բացահայտումն է, որ ժամանակի շարունակականությունը տեսնում է ինքնակիսումի, հարկ եղած դեպքում՝ ինքնազոհումի, ընտանիքին նվիրվածության մեջ, որի շարժող ուժը հնազանդությունն է ճակատագրապաշտությանը և սիրո խոնարհությունը՝ օջախի կրակը վառ պահող ժառանգի հանդեպ, ինչը, գիտակցաբար թե ենթագիտակցորեն, ապահովում է ավանդապահ արժեհամակարգի ձևավորումը՝ կյանքի «լուսն ու խնդությունը» իմաստավորող: Եղսոյի կենսագրությունն ասվածի վկայությունն է՝ աղջկական առաջին պեծկլտումների խամրումից սկսած. «Մէ օրըմ մերս ըսավ, օր Սեթոյի յանը էլ չաշեմ, ըդոնք մեզի հարմար չեն, հերս ըդոնց աջիկ չի տա: Բայց մորս ըսաձն ի՞նչ կեներ սրդիս, աչքս իրանց դռանն էր: Էդ օրն էլ թազա շորս հագա, մեկ էլ Սեթոն ընձի հեռվից տեսավ ու երգար աշեց եդևիցս: Իրա աշելուց ինչըխ օր մեջքս վառեր, վազելով տուն մդա, նստա թախտին ու չիդեմ ընչի՝ լավ լացա: Մերս հասկըցավ՝ ընչի գուլամ, ըդուր հըմար էլ ըսավ, օր էլ գառներ սարը չտանիմ, ախպերս կըտանի: Ինչըխ օր սրդիցս մէ բանըմ պոգվեր: Վայդե էդի իմ էրեխագան առաջի կսկիձն էր»: Եղսոն բողոքում է Աստծուն, բայց սրտի մեջ «մէ բանըմ սառավ», ու նա հլու ճակատագրին՝ ամուսնանում է Գիրքորի հետ՝ բարեբախտորեն գտնելով ընտանեկան մեծ սեր: Հետագայում, երբ տարիներ են անցնում, նա գորովանքով է վերապրում այն ամեն անգամ, երբ բացում է Արազգեղից բերված հիշողություների սնդուկը, որը լեցուն է ընտանեկան սիրո ու նվիրվածության մասունքներով. «Բացեց զարդատուփը, իրար վրա դարսված էին փառփառ լալայի չորացած տերևները, իսկ կափարիչին պապիկիս նկարն էր: Մարմնովս սարսուռ անցավ: Ադես դողացող ձեռքով շոյեց նկարն ու արցունքի միջից ժպտաց. «Գիրքո՜ր ջան, ըսիգ մեր սարի ծաղիգն է, էս ծաղիգի հետ դու էգար ընձի նշան դրիր, ըսիր, օր էս ծաղիգի պես ընձի կըպայես: Կտեսնի՞ս՝ ես էլ եմ չորցե էս ծաղիգի պես. էս կարմիր թփերի հեդ միշտ խորատա կենեմ»: Եղսոյի սերը չի ծնվել մեկ օրում. («Մերի՜գ, խղճա՜ ընձի. ես էդ հալիվորին առնողը չեմ, էդիգ վենձ մարդ է»), այն օր օրի, կաթիլ-կաթիլ կուտակվել է, դարձել օջախի անշեջ կրակ: Ադեն Նեկտարին է տալիս գաղթի ժամանակներից պահպանած կարոտի ու հավատի երկու կուտը. «Բալա՜ ջան, օր էնբես էղնի, էրտաս իմ Արազգեղը, հողը կըփորես ու էդ ծիրանի կդերը կըթաղես իմ տան դեմի հողի տագը: Ո՞վ գիդե, մեկ էլ տեսար, հրաշք եղավ, արմադ տվին, ծիլ տվին ու հողից դուրս էգան: Արազգեղցի Գիրքորի դռան դեմը էդ էրգու ծիրանի ծառերը թող անցնող-դարձողին մեր հեքիաթը պադմեն՝ Գիրքորի ու Եղսոյի անարադ հեքիաթը, կարմիր ու սև հեքիաթը»:
Նեկտար Սիմոնիի «Իմ ադեն» գիրքը հավատապատում է, անընդհատ սպասում սիրո աստվածային հրաշքի կենսագործմանը, որը հարատև է պահում աշխարհը բարու անընդհատ հայտնություններով, ու այս ճակատագրական ծիրում հետաքրքիր է, որ Եղսո անունը Եղիսաբեթի անվան փաղաքշական կարճ ձևն է, որը ստուգաբանվում է՝ «Աստուած է երդումն նորա»: Ադեի խռովքներին միշտ խաղաղություն է բերում արազգեղցի Գիրքորի տնից բերված սնդուկի պարունակությունը, այն նրա հուզաշաղախ սրտի սիրո նշաններն են՝ իրերի տեսքով, նաև կենսագրական հանգրվանային ուղենիշ-կռունկներ են, որոնք «գարուն-աշուն չունեին, անվերջ իր հետ էին»: Խորհրդանշանային մեկնություններով է բացատրվում սնդուկում պահվող ցորենի չորացած երկու հասկը. «Փախեփախին ցորենի արտի միճով կըվազեինք, մեգ էլ աչքս ընգավ, արդի ծերին էրգու ցորենի հասած հասկ ինչըխ օր ընձի աշեին: Գուրգենիս ձեռքը բռնած՝ Սիմոնս ուր օր է բդի ծնվեր, վազեցի, պոռճըկեցի հողից ու դրի արխըլուղիս ջեբը», ադեի մոր թաշկինակը. «Մորս հոդն էլ կառնիմ», դեղնած թուղթ. «Ըդիգ թուղթ չէ, ըդիգ իմ Բաղդասարիս ծնված օրն է, ըդիգ պաբն է գրե սև թանաքով: Արազգեղի շիֆաներկի գլխին էր: Բաղդասարս օր էդ գիշեր գրգիս մեճ մեռավ, էդ թուղթը վերցրի դրի ծոցս», Վարդգեսի ժամացույցի գոտին ու նրա ծնունդի խաչը. «Կըսեմ՝ ինչի՞ իմ էրեխին տեր չեղար: Աստված ջան, ինչի՞ էր իմ սևը ըդքան շատ։ Էս լաչագները իմ աղջիկներինն է: Ինչքան արդըսունք եմ թափե»: Գուրգենի թաշկինակը՝ սիրած աղջկա գործած տառերով, պատերազմ գնալիս թողած տանը. «Գուրգենիս քրդնքոդ թաշկինագը էղավ իմ դարդ ու ցավը, ընձի անկրագ էփեց ու խորովեց»: Կյանքի հազար ու մի փորձություններով անցած ադեի համար օջախի հարատևության պատվարը հողն է, որը կյանքի աղբյուրն է, սիրո լույս – ակունքը պայծառատեսության. «Հողն է, օր մեզի կըպայե իրա ուսերին ու չի բողոքե: Մինագ հողն է, որ չի դավաջանե, գիրգը կըբացե հա՛մ արժանավորի, հա՛մ անարժանի հըմար: Ինչքան էլ իրան ծվիգ-ծվիգ կենենք, էլի կըներե: Ինքը կըներե, օր մենք ամճընանք, օր մենք խելքի գանք»:
Բարբառը կայացած ինքնության լեզվամտածողություն: Հեղինակի խոսքը գրական հայերենով է, իսկ հերոսինը՝ Գառնո բարբառի ենթախոսվածքով, բայց դրանք այնքան են «Իմ ադեն» գրքի զրույցի մեջ ներդաշնակված, որ ընթերցելիս այդ պարագան աչք չի ծակում, ու գիրը պահպանվում է նույն թախծահույզ կշռույթի մեջ, գործընթացների ասես կենդանի միջավայրում:
Ժողովրդական իմաստախոսությունը՝ բանաձևային ասույթ: «Իմ ադեն» հարուստ է ժողովրդական մտածողության բաբախը կրող հերոսների և հեղինակի մշակաբանության տարբեր հարթություններից և շերտերից բխած իմաստախոսություններով, որոնք բանաձևային ասույթ են հիշեցնում՝ արտահայտելով ժամանակի հատուկ փիլիսոփայությունը, և որոնց կրթախրատական նշանակությունն ավելի քան ակնհայտ է ու բնականաբար անուրանալի, ուստի, բերենք մի քանի օրինակներ՝ որպես ասվածի վկայություն: Նեկտար Սիմոնիի հեղինակած պատմվածաշարում դրանք առատ են ու գրին փոխանցում են ազգային բառուբանի յուրահատուկ համն ու հոտը. «Քեզի հավաքե՜, անցի գործի՜, օր դիմանաս», «Հացը ավելնորդ չի էղնի, հացը գեդին չքցես», «Անսեր տունը ցուրդ է, ինչըխ օր մարած պեշկ էղնի», «Իմ բալի անունը իմ ծոցիս մեճ է», «Քոռնար մորդ լուսը», «Սիրտս հովցավ, մորդ ձեռները դալար», «Իրա ժողովրդի արունը հոգուն չնստավ», «Միշտ ծանդռ յանը իրան կըքաշեր, ընձի անուշ խոսք ու խորատով համբերություն կուտար», «Անցածի գույները չեն կըրնա խանգըռին: Էդ գույները անուն ունին, հոգու հետ մինագ դուս գուկան», «Աստձու աղոթքը վրե՜դ էղնի», «Խելըռին խելոք կըսե՞ն», «Ինչ քարից էի ես, բալա ջան, օր դիմացա ու չխելըռա», «Աստվաձ քեզի ինչքան է սիրե, օր խելքդ ճիշտ տեղն է դրե», «Լուսամուդից օր լուսի շողքն երևա, անցնողը կըհասկանա, օր էս տան մեճը շունչ կա», «Ճրագի շուշեն չի փշրվի. ըդիգ կըճաքի մարդու սրդի պես ու էրգու կես կեղնի», «Օճորքը ընձի պես գուլա», «Մարդ օր նեղը գընգնի, իրա ձեռի փեշագը գուկա իրա հավարին», «Քաղքըցու փորը հոգի չկա», «Աշխըրհի կարգն է ըդպես, ուրդեղ զավագը, ընդեղ էլ ծնողը», «Վախտ կա՝ սուդը ճշտի տեղ կանցնի, վախտ էլ կա՝ ճիշտը հեչ բանի պետք չէ», «Դու բիլամ նուռ կդրել չիդես. դու ի՞նչ տան կնիգ բդի էղնիս», «Գոգնոցս օր վրես չի էղնի, գիդեմ, թե կը մրսիմ», Ադեն հաշվել չգիտեր, նրա պատմությունների ժամանակի չափի միավորը «Վախտըմ օր անցավ»-ն էր, որը կարծես թևավոր խոսք է ադեի համար՝ անցյալը, ներկան ու ապագան ամբողջականացնող:
Վերջնախոսք: Նեկտար Սիմոնիի ադեապատումը սիրտ բացող է, քանի որ ադեի «Ճրագ» սենյակի լույսով է գրված, որը իջնում է առաստաղի գերանների մեջտեղում բացված կլոր երդիկից, «որտեղից առավոտյան լույսի շողն ընկնում էր հենց ճրագի կենտրոնը, ու երկարավուն շողշողացող լույսը կարծես ժպտալիս լինի: Իմ ադեի լույսն էր դա: Նա հաճախ էր նստում այդ շողի տակ, խառնվում նրան»,-գրում է հեղինակը: Ադեն՝ Եղսոն, համոզված էր, որ «առաջի շողն Աստվաձ ըստեղ կըղրգե՝ ինչըխ օր լույսի ճրագ», իսկ իրիկունները այնտեղ վառում է պսպղուն կանաչ ճրագը (Արազգեղից բերված Գիրքորի մոր հիշատակը) ու աղոթում: Եղսոյի ապրած կյանքը տոգորված է պարզ ու հասարակ մարդու փիլիսոփայությամբ. «Եփ օր սիրդդ մութ ու խավար է, բդի աշես երգնքին. ինչըխ էլ չեղնի, մէ աստղըմ քեզի դիմանալու ճամպա ցույց կուդա»: Ադեի կյանքի վիրավորանքներից ակոսված սպիները, նրա խոսքը, ասել է թե՝ կյանքը թրծել է խորհրդավոր ու խորքային ազգային հոգեբանությամբ: Անկասկած, գիրքը, գեղարվեստական լինելով հանդերձ, վավերագրական հստակություն ունի, ինչն արդեն ինքնին պատմազգագրական արժեք է: Նեկտար Սիմոնիի ադեն նուրբ հոգի ծաղիկ է միշտ երկնքի «ճերմագ ամբերի մեճը»՝ կարոտ փնտրող ու զարմացող. «Հարի հըմի չեմ հասըկնա՝ մեղավոր էի էս աշխըրհի դեմ, թե անմեղ: Օր անմեղ էի, ընչի՞ ըդքան կեձագ շխկաց իմ գլխին, ըսեմ օր մեղքիս բաժինն էլ չիդեմ: Թիքեմ հացս կիսել եմ խեղճի հեդ, վախտ է էղե՝ ես չեմ կերե, իրանց եմ տվե: Ընձի միշտ կըթվա, օր երգնքի արդըսունքները կըթափին ցած, օր թազա ծիլերը ելնին, կանընչություն էղնի, ու խառնվին կյանքն ու մահը, իրար ձեռ-ձեռի տան, օր էս աշխարհը փուլ չգա: Կայձագն էլ Աստձու հերսոդությունն է. էնիգ էլ գուզե օր երգրի երես չարությունը քիչըմ պակսի»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։