Էդ. Միլիտոնյանի բանաստեղծությունների նոր` «Մի բուռ խոսք» ժողովածուի1 վերնագիրը հեղինակի տեսադաշտը սահմանափակող իմաստային ու թեմատիկ հատուկ ուղղվածություն չունի, որովհետև սովորական առօրյա կյանքը ամեն քայլափոխի դիտողունակ հեղինակին նոր թեմա ու նոր միտք է հուշում: Շենքերի ու բակի մարդիկ, փողոցը, երկիրը, քաղաքները, հասարակությունը, մոլորակը Էդ. Միլիտոնյանին թեմաներ ու խնդիրներ են թելադրում, որոնք բանաստեղծին հուզում են, զայրացնում, տխրություն և ուրախություն, վիշտ ու հպարտություն պարգևում և խորհելու բազում առիթներ ընծայում: Ըստ այդ հուզապրումների էլ ձևավորվում են նրա բանաստեղծության տեսակները, որոնք մերթ բաց տեքստով կոչ ու հորդոր են պարունակում, մերթ այլաբանություն են, մերթ` փիլիսոփայական խոհ, մերթ` տրամաբանական խաղ: Եվ այս բոլոր տրամադրությունների իրացմանը ու հեղինակային կերպարին զուգահեռ ձևավորվում է բանաստեղծի ընդհանրական կերպարը («Ընտրություն», «Խաղ», «Կյանքն ու երգը», «Լամպն ու Ցվետաևան», «Բոլդինյան աշուն», «Բանաստեղծը»,«Ծիր Կաթինը» և այլն): Այսինքն` բանաստեղծի և բանաստեղծության մասին խոհերը մշտապես ուղեկցում են Միլիտոնյանին` մղելով նրան բանաստեղծության յուրովի իմաստավորմանը: Այս առումով գրքի համար ելակետային նշանակություն կարող է ունենալ «Ընտրություն» բանաստեղծությունը: Բանաստեղծը գտնվում է մտքի և զգացմունքի, իմաստության և գեղեցկության միջակա տարածքում` առաջնությունը չտալով նրանցից ոչ մեկին, ասել է թե` բանաստեղծությունը համարելով երկուսի ներդաշնակ զուգակցումը.
Ես ընտրեցի պոեզիայի ու շախմատի//միջև ընկած տարածքը…//… Ընտրել խաղաքարտերն ու բառախաղերը,//Խառնել, ստանալ թռչնի դայլայլ// Կամ սուր ճիչ ագռավի://Իմաստուն լինելու համար պետք է մի օր քնել//Շախմատի տուփի մեջ//Եվ մի օր պառկել ծաղկի պես//Գրքի էջերում:
Բանաստեղծի կերպարը էջից-էջ հարստանում է նոր հատկանիշներով: Կյանքում չարն ու բարին գիրկընդխառն են, գոյություն ունեն կողք-կողքի, բայց բանաստեղծի նպատակն է«Սիրո սերմեր ցանել անջրդի հոգիներին» /«Երկակի ստանդարտներ»/ և «Հրեշտակի թևից պոկած փետուրով» ու աղոթքի բառերով հրաման գրել, որ փակվեն դռները «մահ ու քրքիջ վաճառող խանութի» և բացեն դուռը «անվարձ ճախրանքի» /«Բանաստեղծը»/: Դժվար է բանաստեղծություն գրելը, հավաստում է հեղինակը / ավելացնենք, որ առավել դժվար է այն մեկնաբանելը/, և կարևոր են այստեղ հատկապես բառերը.«Մթան մեջ ծանր են բառերը,//Լույսի մեջ թեթև են նրանք,//Հույսի մեջ խիտ են բառերը,// Երբ ասվեց, թվում են դատարկ»/«Բառերը»/: Բանաստեղծի համար ճերմակ թղթի վրայի բառերը մութ երկնքի վրա ցրված աստղեր են հիշեցնում, այսինքն` ռոմանտիկ զգացումներ են ծնում: Բայց բառերը ոչ միայն բանաստեղծական հույզ են արթնացնում, այլև երբեմն քաղաքական հզոր ու վտանգավոր լիցք ունեն: Այդպիսին է հատկապես «Ցեղասպանություն» բառը.
Պաշտոնյաներ կան, այն էլ` հզոր, որ խուսափում են//այդ բառն արտասանել /անգամ արտիստիկ/,վախենում են դաշնակից մեղսակիրն ամոթից կարմրի://Խե՜ղճ պաշտոնյաներ, խե՜ղճ հզոր երկրներ…//…Թույլերը պիտի մտահոգվեն ուժեղների հալով://Ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել ծաղրածուի նման,//որը խնդրում է` ներեք ինձ իմ արցունքների համար:
Ահա բառի իմաստային որոնումներից բանաստեղծը սահուն անցում է կատարում ժամանակակից աշխարհի սարկաստիկ պատկերին, և սա դառնում է բանաստեղծի ոճի յուրահատուկ դրսևորումը, երբ քնարական հույզը զուգակցվում է հեգնանքին, իսկ առօրյա կյանքի սովորական պատկերը վերաճում փիլիսոփայական ընդհանրացման: Վերադառնալով բառերի խնդրին` նշենք, որ նուրբ է նկատված բառերի նկատմամբ կարոտի խնդիրը. չէ՞ որ բառերը ոչ միայն տեղեկություն են պարունակում իրենց մեջ, այլև հիշողություն, ինչի շնորհիվ ժամանակի միջով մեզ տեղափոխում են անցած դարաշրջաններ.
Կարոտում եմ հաճախ այնպիսի բառերի,//Որոնց մեջ պայծառ հուշ կա անցյալի: («Եղջերափող»):
Այսուհանդերձ, Միլիտոնյանի խնդիրը ոչ թե բանաստեղծության տեսությունն է, այլ` կյանքի պոեզիայի, ավելի ճշգրիտ` առօրյայի բանաստեղծականությունը հայտնաբերելը: Բանաստեղծի խոհերի առիթը առօրյա դեպքերն են, երբեմն նույնիսկ թվում է` մանրուքները: Այն տպավորությունն է հաճախ, որ գրողը խաղաղորեն նկարագրում է իրավիճակներ և ոչ թե զարգացող սյուժեներ, պատմում է առանց նկատելի հույզի, բայց հենց բուն իրականությունը առանց հեղինակային սուբյեկտիվ վերաբերմունքի, ինքն իր մեջ ունի թե՛ ողբերգականություն, թե զավեշտ: Օրինակ` «Փոքրիկ բալլադ 3-րդ հարկի Վահանի մասին» բանաստեղծության մեջ, որ հեղինակը ոչ պատահաբար բալլադ է անվանել, քայքայված ընտանիքի մի ողբերգություն է` առանց հեղինակային արտահայտված մեկնաբանության, որովհետև ընտանիքի պատկերը խոսում է ինքն իր մասին.
Վահանին մուտքի արտոնագիր չեն տալիս` գնա// Հունաստան,//Կինն էլ չի ուզում վերադառնալ Հայաստան://Մեկ-մեկ փող է ուղարկում Վահանին://Վահանի շաքարը բարձրացել է,//Բայց շենքի բակում արաղ է լակում,//Մի անգամ քիչ մնաց մեռնի://…………………………….// Այդպես թեթև սպասում է հիմա մահի:
Իհարկե, արտագաղթի, կիսված ընտանիքների և այս ամենից արտածվող բազում այլ հետևանքների մասին կարելի էր և մեծածավալ պոեմ գրել, բայց բանաստեղծն այս մի քանի տողի մեջ էլ ասել է ասելիքը` ընթերցողի երևակայությանը թողնելով լրացումները: Բայց Միլիտոնյանը ինքն իրեն նման չէր լինի, եթե ողբերգական այս վիճակի լրջությունը «չթեթևացներ» իրեն բնորոշ հեգնանքով` «Այդպես թեթև սպասում է հիմա մահի»: Կարելի է ասել, որ միայն թեթև բառը սև հումորի տրամադրություն է մտցնում պատումի մեջ: Թվում է` բանաստեղծը սոսկ արձանագրում է դեպքերը, բայց առօրյայի այդ «արձանագրությունները», որ կարելի է համեմատել գծանկարի հետ /բանաստեղծը խնայում է գույները` փորձելով կողքից նայել իրականությանը/, իրենց մեջ մեծ ընդհանրացումներ են պարունակում, որովհետև փոքր, մասնավոր թվացող առօրեական պատկերներում բեկվում են մեծ կյանքի` երկրի ու հասարակության բնորոշ կողմերը: Ահա «Ասք 8-րդ հարկի կնոջ մասին» բանաստեղծությունը, որն այս դեպքում «ասք» է անվանվել, հուշում է հեղինակի ասելիքի կարևորության մասին: Հայ ընտանիքը մասնատված է, որի անդամները ցրված են աշխարհի տարբեր միջօրեականներում, բայց ընտանիքի մայրը, որն իր զավակներից ավելի բարենպաստ պայմաններում չի ապրում, մտահոգվում է ոչ միայն իր զավակների, այլև այն երկրների համար, ուր ապրում են իր հարազատները /«Ախ, ինչ մեղք է Ֆրանսիան»,- մտածում է //Ու լալիս անձայն»: Կամ` «Կնոջ խիղճը ցավում է Բելգիայի համար,//Այնտեղ ինչ-որ միտինգներ են, ինչ-որ// Վեճեր, ու մարդիկ ուշանում են գնացքից,//Օդանավից, շոգենավից»: Այդպես «մեղք են» Ռուսաստանը, Ամերիկան…/: Իրականության լրջությունը այստեղ ևս քողարկվում է կնոջ այլասիրական-մարդասիրական մտահոգություններով, որը դրության կոմիզմի իրավիճակ է ստեղծում:
Ժողովածուի ընդգրկման շրջանակները ալիքվում են մարդ-բակ-հասարակություն-երկիր-մոլորակ-տիեզերք շղթայով` իրենց մեջ ներառելով միջակա օղակների խնդիրները: Եվ այստեղ առանձնանում է հատկապես մոլորակը ծվատող պատերազմների թեման, որը բնավ քարոզչական բնույթ չկրելով` ստանում է քաղաքացիական սուր հնչեղություն: Եթե կարելի է ասել` բանաստեղծի ընդվզումը պատերազմների դեմ` պատկերավոր-գեղարվեստական է` պարուրված զսպված զայրույթի և դառը հեգնանքի /որ տեղ-տեղ սև հումորի է վերաճում/ զուգորդմամբ:
Պատերազմի խանութում//Վաճառվում է պատերազմի սերմերով լի հող://Բոլորը դրան հայրենիք են կոչում,//Մեկը` պատմական, մյուսը` կիսապատմական,//Մեկն էլ հեգնանքով` նախապատմական:// Եվ այս պատճառներով / արդյո՞ք միայն այս/ բզկտում են իրար,//Սպանում են մանուկների,//Իբր չգիտեն, որ նրանք հրեշտակներ են:// Սպանում են զինվորների,//Իբր չգիտեն, որ նրանք զավակներ են:
«Պատերազմի խանութ» ընդհանուր վերնագրի տակ տեղադրված բանաստեղծություններն առանձնանում են ոչ միայն մարդու և բանաստեղծի միանգամայն հասկանալի անհանգստությամբ ու ընդվզումով, այլև մտահղացման թարմությամբ, պատկերների բազմազանությամբ ու շարժունակությամբ, գործողությունների տեսանելիությամբ. որ երբեմն կինոնկարի շարժուն տեսարանի է նմանվում: Իբրև ասվածի օրինակ կարելի է հիշատակել «Հերթ» բանաստեղծությունը.
Պատերազմի խանութում // Վարժանք է, իրենց մկաններն են ձգում // Հավակնորդ պետություններ, // Անպետություն ժողովուրդներ, // Չընդունված պետություններ` իրենց // Անճանաչ վիրավորվածությամբ://
Եվ այս իրարանցման մեջ բոլորը իրար ոտնատակ են տալիս պայտած կոշիկներով ու կրունկներով, կոխկրճում են միայնակներին… Եվ ինչպես ֆիլմում, ետնապատկերի վրա շարունակում են համբուրվել աղջիկն ու տղան: Եվ ինչքան էլ փորձես քեզ համոզել, թե սերը ծաղկում է նաև այս պայմաններում, ավելի շատ մտածում ես, որ համբույրի պատկերը նենգորեն սքողում է պատերազմի այլանդակ դեմքը և հանցավոր պետությունների անբարոյական արարքները:
Հղացման առումով յուրօրինակ թարմություն են բերում «Դասեր» շարքի բանաստեղծությունները:
«Աշխարհագրության դաս», «Գեղագիտության դաս» և նմանօրինակ վերնագրերը առաջին հայացքից դպրոցական առարկաներ են հիշեցնում, բայց իրականում դրանք կյանքից ու փորձից արված դաս-հետևություններ են: Պատմությունը մեզ անվերջ հիշեցնում է նետ ու աղեղի, հրացանի, ռումբերի, ավելի ու ավելի կատարելագործվող զինատեսակների, մարդկանց ու ժողովուրդների անընդհատ կրկնվող սպանությունների մասին: Այս ամենից առած դաս-հետևությունը բանաստեղծը ձևակերպում է ցանկության ձևով.
Երանի այս խաղը չընկներ մեծերի ձեռքը://Երանի երեխաները մեծերին չսովորեցնեին//կռիվ-կռիվ խաղալ: («Պատմության դաս»)
«Երանի»-ներով են վերջանում որոշ դասեր, որոնք արտահայտում են աշխարհում տիրող չարիքից հոգնած բանաստեղծի մարդասիրական բաղձանքները: «Հավերժության կենաց ծառը» և «Հետմահու գրված խոսքեր» շարքերը սերտորեն կապված են միմյանց, որովհետև հավերժության խնդիրը կարող է գոյություն ունենալ միայն մահվան առկայության դեպքում, նրա հետ ունեցած հարաբերությամբ: Մարդկային կյանքի ժամանակը, մահն ու մեռնողի համար անընկալելի հավերժության գաղափարը տրոհված են ժամանակային բաժանումների մեջ, որն իմաստավորում է մարդկային գիտակցությունը.«Միայն մի հույս կա //Հավերժանալու` //Մահը»:
Տիեզերական անսկիզբ ու անվերջ ժամանակը մարդիկ երեք չափումների են բաժանել, բայց միևնույնն է, ապրում են երեքում էլ միաժամանակ. « Թվում է` ներկա է դա, //Պարզվեց` անցյալ է://Ապրում ենք հիմա//Անցյալի գալիքում, Պարզվեց ներկան է սա»: Տրամաբանական այս խաղը ընդգծում է ժամանակի հարաբերականություն և միաժամանակ ցույց տալիս, որ անցյալն անցյալով չի վերջանում ու շարունակում է ապրել մեզ հետ, մեր մեջ. «Անցյալն ունի երկու գույն,// Մեկը հիշվում է, մյուսը` մոռացված,// Հիշող ու մոռացված մի ժամանակ,// Մեկը մեկից թանկ միաժամանակ»: Քաղաքներին նվիրված բանաստեղծություններն անշուշտ նորություն չեն պոեզիայում, բայց Միլիտոնյանին հաջողվում է ոչ միայն պատկերել, այլև կերպավորել քաղաքները, ըստ որի Փարիզը «դասական և անդասական բանաստեղծություն է», Վենետիկը` սոնետ, այդպես կերպավորվում են նաև Հռոմն ու Թիֆլիսը: Կարելի է ժողովածուի մասին երկար խոսել, նշել նաև, որ բանաստեղծություններն ու շարքերը իրենց ասելիքով ու արվեստով անշուշտ հավասարարժեք չեն /և դա հնարավոր էլ չէ/, բայց գիրքը փակելուց առաջ, կրկին վերադառնալով սկզբին` համոզվում ես, որ «Մի բուռ խոսք» վերնագիրը թույլ է տալիս բանաստեղծին աշխարհն ընկալել ամբողջության մեջ` խոսքն ուղղելով կյանքի բոլոր կողմերին:
————————
1. Էդվարդ Միլիտոնյան, Մի բուռ խոսք, Երևան, «Վան Արյան», 2017: