Հրաչյա Սարուխանը նորաբան և նորարար է ինչպես բանաստեղծության մեջ (տե՛ս Գ. Խաչատրյան, «Հայերենագիտական աշխատասիրություններ», «Բանաստեղծում և բառաստեղծում», էջ 286-312), այնպես էլ՝ իր կատարած բանաստեղծական թարգմանություններում:
Սարուխանի սեփական ձեռագիրը երևում է ոչ միայն գեղագիտական լուծումներում, այլև ասելիքն արտահայտելու համար նրա օգտագործած նոր բառերի առատությամբ:
Բանաստեղծի թարգմանական նորաբանություններն ուսումնասիրել ենք «Վկայություններ» (Երևան, «Խորհրդային գրող», 1989) և Լև Օզերովի «Թռչնաբույր երկինք»1 («Սովետական գրող» հրատ., Երևան, 1985) գրքերի օրինակով 2: Նորաբանությունները դասակարգել ենք ըստ խոսքամասային պատկանելության: Մինչ բառերի թվարկումը ըստ խոսքամասային պատկանելության՝ խոսենք հեղինակի նորաբանությունների՝ մեր կողմից նկատված այլ առանձնահատկությունների մասին: Կան բառեր, որոնց համադրությամբ Սարուխանը կազմել է մեկից ավելի նորաբանություններ: Դրանք են՝ խումբ, կիրք, ելք, աչք գոյականները, նուրբ, հեզ ածականները, նախ մակբայը: Օրինակ՝ ձայնախումբ, ըղձախումբ (168), կայտառակիրք (163), առաջնակիրք, կրքահունչ (167), մարգարտանրբին (185), գեղանուրբ3 (175), նրբալից (199), հեզիրան (197), ճագարաչ (199)4, աչամեծ (3), հանդարտահեզ (11), ելանցք (8), մտաելք, նախաբաղնիք (42), նախաձեռնիչ (17), նախնաղբյուր (18)5:
Հետաքրքիր է, որ հեզ և նուրբ ածականները Սարուխանը նորաբանություններում կիրառել է ինչպես առաջադաս, այնպես էլ վերջադաս: Նկատենք նաև, որ եթե խումբ, ելք գոյականներով կազմված նոր բառերը ևս գոյական են, ապա կիրք և աչք գոյականներով կազմվել են ածականներ:
«Վկայություններում» հանդիպող նորաբանություններից գոյական են նաև՝ տագնապանք, գրգակեցություն, հավերժահիմն (163), կեցամարտ (164), խոհաշշուկ, քողամեջ (166), ճգնատուն (171), մանկադրախտ (172), փեշապար (193), մինչմայրամուտ (195), մենընկեր (198):
Ածականներ են նաև՝ ներարթուն (166), վայրենափրփուր, հարատենչ, թավամիս (167), առատացանց, կուրաղոտ (168), լուսաքող (172), մշտածխուն (174), խենթախոս (179), կեսհունձ (186), լուսնաբեկ, աստղամշուշ (188), նորընծայիկ (191), մենամորմոք6, բյուրեղաձույլ (204):
Նորակազմ բայեր են՝ կանխագուշ (205) (ենթակայական դերբայ՝ առանց -ած վերջավորության), պարուրագրված (212):
Մակբայ է վերջնորեն-ը (166)7:
«Թռչնաբույր երկինք» ժողովածուի մեջ առկա նորաբանություններից գոյականներ են նաև՝ փուլանիշ (8), գոտեփոկ (22), սգախարիսխ, շողախուրձ (23), կնճռացանց (28), հեռագնացք (30), իմաստագիր (37), աստեղախաղ (38), թվահարթակ, կորաճեղք (39), խմբահոսքեր (41), աղոթալուռ (44):
Նորակազմ ածականներ են նաև՝ թռչնաբույր (3), աղոտամշուշ (լույս) (7), շրջատակ (մուրազ) (8), կանաչասահ (10), կանաչուն, լուսակապույտ (24, 25 կրկնակիրառություն), դեղձանագույն, հուզանորոգ (13), վշտահամակ, խտահյուս, աղմկատարած (28), ալիքափրփուր (30), անդրաստեղային (34), սիգահունչ (35), խոտապակաս (40), աշնանածեգ, արեգնաթույր (41), հանկարծալույս, գանգրաթավ (43):
Բայեր են՝ նախանկարել (27), ծղրիդախոսել (30), փոխկանչել (34), քայլահարել (41):
Մակբայներ են՝ պճնամոլապես, տնտեսավարի (42)8:
Ան- ժխտական նախածանցով կազմել է հետևյալ նորաբանությունները. անանկում9 (175), անհողմություն (10), անջերմ (23)10:
Վերոթվարկյալ նորաբանություններից դիպվածական բառեր են՝ կայտառակիրք, առաջնակիրք, մարգարտանրբին, սիգահունչ, սգախարիսխ, թռչնաբույր, աղոթալուռ, կորաճեղք, անհողմություն, անանկում, կանաչուն, հեռագնացք և այլն:
Հեղինակային բառեր են՝ գեղանուրբ, ճագարաչ, մտաելք, նախնաղբյուր, գոյիմաստ, ծղրիդախոսել, փոխկանչել, կնճռացանց, հուզանորոգ, խտահյուս, իմաստագիր, արեգնաթույր, թվահարթակ, աստեղախաղ, աշնանածեգ:
Թեև երկու ժողովածուներում առկա նորաբանությունների ընդհանուր թիվն այդքան էլ շատ չէ, սակայն գունային գամման պատկերող և ան- ժխտական նախածանցով կազմված նորաբանությունները՝ կազմված գոյական, ածական, բայ, մակբայ խոսքի մասերով, թույլ են տալիս նկատել, որ Հրաչյա Սարուխանը թարգմանվածքում հաջողելու համար լիարժեք օգտվում է հայոց լեզվի տարբեր շերտերից: Արդյունքում շահում են բանաստեղծության գեղարվեստականությունը, հանգը, չափն ու ռիթմը:
Բարեբանելի է, որ հանգի ուժգնությունը ապահովելիս ստեղծվում են բառեր, որոնք կենսունակ են, գեղահունչ և անպայման կիրառելի կդառնան, չեն մնա միայն հեղինակային նորաբանությունների (բառարան) շտեմարանում, քանի որ չունեն շինծու սեթևեթություն: Այդպիսիք են՝ կեցամարտ, խենթախոս, աստղամշուշ, մենամորմոք, նորընծայիկ, շողախուրձ, գոտեփոկ, փուլանիշ և այլն: Պոեզիայի լեզուն վկայագիր է, որը պատմում է տվյալ ժամանակաշրջանի մասին: Իսկ ժամանակաշրջանն ասում է՝ լեզուն թեև հարուստ է, բայց համալրվելի է այնպես, որ բառը մի ամբողջ պատկեր պարունակի:
Սարուխան թարգմանիչը, «հայերենացնելով» ռուս բանաստեղծների (Իվան Կոնևսկոյ, Վալերի Բրյուսով, Մարինա Ցվետաևա, Ալեքսանդր Բլոկ, Աննա Ախմատովա, Վլադիմիր Մայակովսկի, Բորիս Պաստեռնակ և Լև Օզերով) ստեղծագործություններն ու ստեղծելով նորաբանություններ մայրենի լեզվում, հարազատ է մնում այդ ստեղծագործությունների ոգուն, հեղինակների հիմնական ասելիքին:
_______________
1. Բնագրի վերնագիրն է «ծպոՏ տՏսվՏպ տՑՌՓ», բառացի թարգմանությամբ՝ թռչուններով լի կամ թռչնաշատ երկինք, սակայն Սարուխանը բառացի չի թարգմանել, այլ՝ գեղարվեստորեն՝ հայերենում ստեղծելով նոր բառ՝ թռչնաբույր: Բանաստեղծը այս բառը կիրառել է նաև իր «Էքսպրոմտ՝ որդուս միամյակին» բանաստեղծության մեջ (տե՛ս «Աստծո առավոտ», Երևան, Նաիրի, 1999, էջ 238):
2. Նորաբանություն համարվող բառերի՝ բառարաններում ընդգրկված չլինելը ստուգել ենք nayiri.com էլեկտրոնային կայքում ընդգրկված արդի հայերենի բացատրական բառարաններով. չենք բացառում, որ որոշ նոր բառեր օգտագործած լինեն ժամանակակից ուրիշ գրողներ ևս: Տե՛ս նաև Հ. Սարդարյան, «Նորաբանությունների կիրառության հնարավորությունները լեզվի կայուն բառապաշարում» գրքի 13-րդ էջի աստղանիշով հղումը և 44-րդ էջի 1-ին հղումը:
3. Հայերենում գործածական է նրբագեղ բառը: Հեղինակը հանգի պահանջով արմատների տեղափոխություն է արել՝ պահպանելով բառիմաստը: Ի դեպ, Հ. Սարուխանն արմատների տեղափոխությամբ բառեր է կազմել նաև իր պոեզիայում՝ մոլարբու – արբեմոլ (տե՛ս «Հրաշք օրեր», «Սովետական գրող», Երևան, 1981, էջ 162): Հանգի կամ գեղարվեստական այլ չափանիշ պահելու համար ուրիշ գրողներ էլ են օգտվել բառարմատների տեղափոխությամբ նույն բառը կազմելու հնարավորությունից: Օրինակ՝ գործածական սևասուգ բառը սգասև ձևով է կիրառել Իվան Գոգչյանը իր «Փրկիր ինձ նորից» ժողովածուում (Վանաձոր, Արմինֆո, 2009, էջ 7): Չարանենգ բառը նենգաչար ձևով է կիրառել Էդվարդ Անտինյանը «Շահրազադեի գիշերները» գրքում (Երևան, Անտարես, 2014, էջ 51): Մեծատաղանդ-ը՝ տաղանդամեծ (16), մեծասաղարթ-ը՝ սաղարթամեծ (179), մեծավաստակ-ը՝ վաստակամեծ (234) ձևով է կիրառել Վահագն Մուղնեցյանն իր «Տաբու» վեպում («Ոսկան Երևանցի», Երևան, 2008, նշվ. էջեր): Խեղանդամել-ը անդամախեղել ձևով է կիրառել Դավիթ Հովհաննեսը իր «Քրոնիկոն»-ում («Ապոլոն», Երևան, 1996, էջ 86): Նավթագազային-ը գազանավթային ենք կարդում «Իրատես De facto» թերթում (թիվ 81 (662), 2015 թ. դեկտ. 22-24, էջ 6): Տարբեր ստեղծագործողների՝ արմատների տեղափոխությամբ կերտած նույնիմաստ բառերի նշված օրինակները, ինչպես նաև հայերենի գործածական բառագանձարանում նմանատիպ մի շարք բառերի առկայությունը (օրինակ՝ քայլամոլոր – մոլորաքայլ, թերթամետաղ – մետաղաթերթ, սգասիրտ- սրտասուգ, շնորհաշռայլ – շռայլաշնորհ, մայրաքաղաք – քաղաքամայր) հաստատում է հայերենում նման հնարանքով բառաստեղծման լայն հնարավորությունները ինչպես առօրյա խոսքում, այնպես էլ գեղարվեստական ստեղծագործության մեջ՝ գեղարվեստական լուծումներ գտնելու հարկավորությամբ պայմանավորված:
4. Տե՛ս «Վկայություններ», Երևան, Խորհրդային գրող, 1989, նշվ. էջեր (այսուհետ նորաբանությունների էջերը կնշվեն փակագծերում):
5. Տե՛ս «Թռչնաբույր երկինք», Սովետական գրող, Երևան, 1985, նշվ. էջեր:
6. Այս բառը Սարուխանը կիրառել է նաև իր «Հավետ պարտատու» բանաստեղծության մեջ (տե՛ս «Աստծո առավոտ», Երևան, Նաիրի, 1999, էջ 158):
7. Տե՛ս «Վկայություններ», նշվ. էջեր:
8. Տե՛ս «Թռչնաբույր երկինք», նշվ. էջեր:
9. Տե՛ս «Վկայություններ», նշվ. էջեր:
10. Տե՛ս «Թռչնաբույր երկինք», նշվ. էջեր:
Նորաբանությունները Հրաչյա Սարուխանի թարգմանած բանաստեղծություններում / Հովհաննես ՍԱՐԴԱՐՅԱՆ
