«Կարմրաքարի» հատվածներն իսկ վկայում են Բակունցի ժամանակների բարդության մասին: Վեպը գրվում էր 1929 թ.-ից և տպագրվում: Վաղ երիտասարդության շրջանից մեր գրականության մեջ իր ուղեծիրը գտած գրողի համար կեղեքման, հալածանքի, վախի, հուսահատությունների և ոգու ազատության միջև խոր անդունդ…
Շատերն այդ թվականներին ոչ միայն կամավորագրվեցին կեղծիքի, բարոյալքման, մատնությունների օրապահանջին, այլև սկսեցին անկեղծորեն հավատ ընծայել, թե ճիշտը իրենց բռնած ուղին է:
Նոր հարյուրամյակն իր կեսին էլ չէր հասել: Ջրերը ոչ միայն չէին պարզվում, այլև պղտորվում էին օրավուր՝ անհասկանալի, անըմբռնելի ակունքներից եկող ջրերը:
Բայց ինչպես միշտ մեր ժողովրդի պատմության ամենադաժան ու օրհասական պահերին է լինում, մեր երկնակամարում փայլուն աստղեր երևացին՝ Չարենց, Բակունց, Մահարի…
Նրանց տրված էր սրընթաց վազքի մեջ գտնվող իրադարձությունների մասնակիցը լինել, նրանց սուր աչքը, գուցեև երրորդ աչքը, դիտարկում էր ամեն մի մանրուք, նրանց գրիչն ի զորու էր ժամանակի սլացքի հզոր ուժից ոչ միայն չճկվել, այլև հևքի մեջ չկորչելով՝ որսալ համընդհանուր խանդավառության մեջ թաքնված վտանգները: Նրանց տարակուսանքն արդարացված էր ու բնական, երբ իրենց այլ բաներ էին վերագրում… Երբ իրենք եկել էին նոր աշխարհին իրենց վարձը հատուցելու…
Չէ՞ որ հենց այդ ժամանակների ըմբռնումով Չարենցը գրեց իր «Պատգամը», որից էլ բարի կամք ունեցողներն ու չարակամները պեղեցին, մինչև մեզ հասցրին վերծանված «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» մարգարեական մարտակոչ-պատգամը: Ու սա կյանք արժեցավ հանճարի համար…
«Կարմրաքարից» առաջ Բակունցն արդեն գրել էր «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրև» շարքերը, «Եղբայրության ընկուզենիները», «Գավառական նամականին»: Արդեն ոչ միայն մեղադրվել, այլև պախարակվել էր «գյուղը և գեղջուկին», հին բարքերը իդեալականցնելու համար, թեև հենց սրանք էին, որ արդեն գրանցել էին նոր գրողի վաստակն ու կարևորությունը, որ հենց ժամանակի պահանջն էր արդար լինելու դեպքում:
Բայց կար և մեր աստղաբույլի հերոսականության պարագան… Նրանց ազատ հոգին բանտելու անկարելիությունը…
Բակունցը «Կարմրաքարում» ներկայացրեց նախապատերազմական գյուղն ու նրա բնակիչներին, որոնց կարիքը կարծես թե այլևս չէին զգում, նույնիսկ անտեսել էին ուզում վերահաս ժամանակների կարճատեսներն ու կարճամիտները, նրանք, ովքեր հին աշխարհը քանդելու, մերժելու մոլուցքով տարված՝ նոր աշխարհում տեղ չէին թողնում ժողովրդի պատմության, նրա մնայուն արժեքների, հազարամյակների իմաստության, նրա ինքնաճանաչման համար:
«Կարմրաքարի» հերոսներին Հրանտ Թամրազյանը «մի-մի գեղարվեստական քանդակ» անվանելով՝ նկատի ուներ ոչ թե նրանց արձանային անշարժ կեցվածքը, այլ՝ ժայռեղեն կոփվածքը, և որ մեր պատմական անցյալը լինելով՝ նրանք իրավունք են ստացել միշտ ներկա լինելու մեր ժողովրդի կյանքի բոլոր դրվագներում:
Բակունցն ընդամենը 30 տարեկան էր: Տասը տարի առաջ նրա աչքի առջևով էին անցել իր ժողովրդի սպանդի տեսարաններն ու Սարդարապատի հերոսամարտը, որի ձիավոր մասնակիցն էր եղել պատանեկության շեմից ոտքը նոր-նոր դուրս դրած…
Բարդ է, շատ բարդ է պատկերացնելը այդ ժամանակաշրջանում մեր ժողովրդի կյանքը, բայց մեր պատմագետներն ու գրողները լարել են համատարած կեղծիքի մեջ իրենց առաքելությանը տեր կանգնելու կամքը, կյանքի գնով փրկել ու մեզ են ավանդել մեր իսկ պատկերը այդ ժամանակահատվածում, նրանց շնորհիվ է, որ ստացել ենք ինքնաճանաչման անօրինակ ուղեգիր:
Բակունցի մթնաձորյան հերոսների դերակատարությունն արդեն կարող էր ավարտված համարվել, քանի որ պողպատի, տրակտորի, աէրոպլանի ժամանակներն էին եկել: Բայց Բակունցը դեռ մեծ ասելիք ուներ նրանց՝ այդ էպոսային կերպարների մասին: Եվ ահա ի հայտ եկան պարզ, հասկանալի, զուլալ կյանքով ապրող, անպաճույճ լեզվով խոսող մեր նախնիները, որ հարազատանանք իրենց ու հասկանանք, թե ինչու ենք այսքան միամիտ, ինչու ենք այսքան համառորեն հավատում, որ արդարությունն ի վերջո հաղթելու է:
Տեր Նորընծան գյուղական տերտերի բոլորովին նոր մի տեսակ է: Հիշենք, որ ի հայտ է գալիս հեղափոխությունից հետո, երբ համատարած էին աստվածատյացությունն ու աստվածահայհոյությունը: Իհարկե, հատկապես Րաֆֆու ստեղծագործություններում Տեր Թոդիկի կողքին ունենք մի քանի քաջարի հոգևորականներ, բայց մեր միջնադարյան առակագրությունից սկսած՝ քիչ թիվ չեն կազմում ագահ, տգետ քահանաների կերպարները:
Տեր Նորընծան մասնակիցն է գեղջկական հավաքների, զրույցների: Նրա ու նրա կողակցի համար անձնականի չափ կարևոր են կարիքավորներին հոգ տանելը, հարկ եղած դեպքում խորհուրդներ տալը, իր ավետարանական գիտելիքները տեղին, երբեմն շփոթմունքից նաև ոչ տեղին, բայց կարեկից ծառայեցնելը, բոլորի հետ, բոլորի պես բացատրություն չգտնելը հանկարծահաս երևույթներին:
Պատահակա՞ն է արդյոք, որ բակունցյան Արզումանի կերպարն ի հայտ է եկել 20-ականների վերջերին: Եվ անունն էլ կարծես թե հիշեցումն է Ղ. Աղայանի կերտած ըմբոստ ու անվախ հերոսի: Իհարկե, Բակունցի համար դժվար չէր Հաջի Հիբանի նոր տիպի հարստահարիչ որդիների դեմ դուրս եկողի համար ուրիշ անուն գտնելը, բայց նրան միանգամայն նոր, «աշխարհ տեսածի» հայացքով, հյութեղ բառուբանով օժտելով՝ ուզում էր շարունակել չխեղճացող, «օրենքներին» դեմ գնացող հերոսի գիծը: Բակունցը նաև Սալբի է անվանակոչել Արզումանի սիրո առարկային՝ կարծես ընգգծելով Րաֆֆու առաջադեմ հերոսուհուն, հույս ունենալով, որ «խոնարհ», բայց իր սերը չթաքցնող աղջկան այսպիսով կարող է սիրո հարցում իր կամքն արտահայտելու կողմնորոշում տալ: Չէ՞ որ հայ գյուղն այդ տարիներին դեռ թանձր խավարի մեջ էր և դեռ երկար տարիներ չէր թոթափելու աղջկա իրավազրկությունը սիրո հարցում: Չմոռանանք, որ այս հարցում նույնիսկ ազատության շորշոփներ դրսևորող բակունցյան մի քանի հերոսուհիների կյանքն ու մտածողությունը դեռևս հին կապանքների մեջ են: «Վաղը մարտի 8-ն է» պատմվածքում, որ միանգամայն նոր՝ սովետական երևույթ ունի, հերոսուհի Աննան պատերին ագիտացիոն թերթիկներ փակցելիս մտքերով իր վաղամեռիկ, դժբախտ քրոջ պատմության հետ է, որի վերարտադրությունը Բակունցի կողմից հիշեցումն է, որ ցուցադրականը շատ է այս «ազատագրման» մեջ: Եվ շատ հատկանշական է պատմվածքի ավարտը: Աննան «…ընկերներից բաժանվելուց հետո գյուղի խաղաղ փողոցում բարձր կանչեց. «Աղջկե՛րք, վաղը մարտի 8-ն է»: Այս բառերը գոնե մի անգամ լիաթոք արտաբերելը Աննայի համար անհրաժեշտություն էր, բայց սա կարող էր անել միայն այն ժամանակ, երբ իր ոգևորությունը չափող չկար:
Ավան Ամին (ուսումնասիրությունների համաձայն՝ նախատիպը Բակունցի մայրական պապն է) Արզումանին, որ հայտնում է Բաքու գնալու մտադրությունը, խրատում է. «Ձեր էն բաղի մոտով որ անց եմ կենում, քիթս մխում է: Չափարը ջարդած, մեջը քար… Ծառերը՝ էն ցաքի փուշը քեզ օրինակ, իրար գլխով են դառել… Կռներումդ ուժ կա, գնա՛, ավադ արա, էլի հուսատեղ է նեղ օրվա համար»: Արզումանին կարողանում է ետ պահել Բաքու գնալու մտքից, մինչև պատերազմի սկսվելը, երբ զվարճախոս, աշխատող, խոսքի տակ չմնացող երիտասարդն այս անգամ ոչ թե բանակ էր զորակոչվում, որտեղից վերադարձել էր աշխարհաճանաչողության մի փոքրիկ պաշարով, այլ՝ մեկնում էր անհայտ ու անհասկանալի պատերազմի մասնակիցը դառնալու… Կվերադառնա թե ոչ՝ այնքան էլ կարևոր չէ գյուղի պատմության այս դրվագն ավարտված համարելու առումով:
Ավան ամու կարծիքի հետ իբր հաշվի է նստում Մկրտումը, որ սղոցարան («պիլնի») է ուզում սարքել Կարմրաքարում՝ անտառը կտրելով և բոլոր առուները դեպի իր գործարանը շուռ տալով: Իսկ թե ինչպես էր գյուղացին ջրելու իր աղքատիկ հողը, իրեն չէր հետաքրքրում, ինչպես և իմաստուն ծերունու բողոքավոր խոսքը… Այսօր էլ դեռ ավարտված չէ ջրագող «օլիգարխի» ու հողի հետ չարչարվող գյուղացու գոտեմարտը:
Ուրեմն ինչո՞ւ էր Բակունցն անդրադառնում «նախահեղափոխական» գյուղին: Նախ՝ նոր գյուղն իր բարքերով շատ չէր տարբերվում հնից, երկրորդ՝ նույնն էր ժողովրդի վիճակը. վկայությունները «Գյուղական նամականիում» շատ են (հատկապես «Շաթրիզում», որտեղ կեղեքողն ու կեղեքվողը նույնն են մնացել, ինչպես և «օրենքները»): 1924 թ. իր «Նամակներ գյուղից» հոդվածում Բակունցը գրում է. «Մութ ու տգետ գյուղացին այնքան էլ հեշտ չի ճարում այն չոր հացը, որ ուտում է, և չկա ամենևին այն իդիլիան, որի մասին երգում է պոետը»:
Բայց նույնիսկ պատերազմի նախօրեին, երբ զինվորագրում էին գյուղի առողջ երիտասարդությանը, գեղջուկը չի կորցնում իր լավ օրերի հույսն ու հավատը: Բակունցն այսպիսով ուզում էր պատմության փորձով ապացուցել, որ ավելի վատ ժամանակներ ենք ապրել, բայց մնացել ենք ու էլի կլինենք:
Գեղջուկ Եգորը, Ունանը, ջրաղացպան Անդրին, քաղհանող կանայք, Ավան ամին, մյուսները և ոչ մի րոպե չեն դադարեցնում հողի հետ իրենց տանջալից աշխատանքը: Չնչին հույսն անգամ բավական է, որ ժողովուրդը պայքարի հանուն իր կյանքի, հանուն իր հողի…
Եթե չլինեին Բակունցի գեղարվեստորեն հրաշալի պատումները, զրկված կլինեինք մեր պատմության այս հատվածը ճանաչելու հնարավորությունից: Իսկ Բակունցի, ինչպես և Չարենցի, Մահարու, նրանց հերոսական համախոհների համար թանկ է մեր պատմությունը, նրա ամեն մի պահը:
Նրանց համար ժողովուրդն ու դարերի փորձն է հավերժության գաղտնիքը: «Ժողովրդական ստեղծագործության ակունք» ասելով՝ Բակունցը նկատի ուներ ժողովրդական աշխարհզգացումը և ժողովրդական կյանքի այն բազմազան ու մարդկային հարստությունը, որը պետք է դառնար ժամանակակից արվեստի զարգացման բնահողը»,- գրում է Սուրեն Աղաբաբյանը:
Ուրեմն, «Հայո՞ց», թե՞ «Հայաստանի» պատմություն: Եթե «Հայոց» է, ուրեմն՝ ընդգրկում է մեր՝ հազարամյակների պատմությունը, որ մեր մեծերը պեղել են, պեղում են ու պեղելու են մեր ընդերքից, մեր թաքնագրերից: Իսկ եթե «Հայաստան» է, ապա մեր երկրում ապրող, հասակ առնող հայի համար, որին զրկում են իրեն ճանաչելու, իր պատմական սխալներին առերեսվելու և հաղթական դրվագներից քաջության դասեր քաղելու հնարավորությունից, շատ հեշտ է քամու, նույնիսկ խոստումնալից որևէ զեփյուռի թևով իր Հայրենիքից թռչել-հեռանալը, քանի որ նրան խլել են իր արմատներից կամ իրենցից խլել են արմատներ ունենալու իրավունքը:
Ոչինչ, որ մեր հանճարների խոսքը այսօր էլ «ձայն բարբառոյ յանապատի» է: Չէ՞ որ Բակունցի ժամանակ էլ շատ էր տատասկը: