Այս բազմանիստ, բազմաշերտ, բազմանվագ, մի խոսքով՝ զարմանահրաշ պատմվածքի փոքրիկ հերոս Տիտոսը Թումանյանի Նեսոյի («Իմ ընկեր Նեսոն») հակապատկերն է: Անկարելի է, որ Բակունցի կողմից իրադարձությունների այսպիսի դասավորությունը միտում չունենար: Նեսոն ծաղրում էր իր մանկության ուսյալ ընկերոջը. «Կասենաս պոչատ կաչաղակ ըլի»: Խաշնարած Տիտոսը՝ ճիշտ հակառակը, հիացած է իր խաղընկեր ուսումնական Անտոնով, ուզում է ամեն ինչով նրան նմանվել: Բակունցը պատմվածքի սեղմ տիրույթում ստեղծում է տաղանդավոր երեխայի զարգացմանն անհրաժեշտ բոլոր պայմանները՝ բնություն, բնության տարերք, ինքնուրույն արագ կողմնորոշվելու ունակություն, քանի որ ուրիշ կողմնորոշող չուներ. հորից վաղ էր որբացել, մայրը ամուսնացել էր երկրորդ անգամ՝ զրկելով որդուն մայրական գորովանքից:
Անսովոր արագ է տեղի ունենում Տիտոսի գրաճանաչ դառնալու գործընթացը: Բայց ինչու զարմանանք, երբ Զորայր Խալափյանի Մրջյունիկին («Մեռնող, հառնող») դեպքերի հաջող բերումով հաջողվում է ժամերի ընթացքում բանահավաք տղայի՝ խաղ հիշեցնող գյուտով՝ անտառի բարակ ճյուղերը տառերի նմանեցնելով՝ գրաճանաչ դառնալ: Կավիճը կար, «գրատախտակ» – գլաքարերը կային, կար Անտոնի հետ ճաների փոխանակումով ձեռք բերված հնամաշ դասագիրքը, ու կար ամենակարևորը՝ նա հրաշամանուկ էր, ինչպես Դ. Դեմիրճյանի փոքրիկ Զվարթը («Գիրք ծաղկանց»»):
Տիտոսը շատ բանով նման է Պետուն («Այու սարի լանջին»), նրա նման անտեր է, նրա նման բնությունով արբած, իրեն վստահված հոտի մանր ու մեծ եղջերավորների կարիքներին հետամուտ: Բայց նա հետամուտ է նաև մի այլ բանի, որի մասին Պետին էլ գիտեր, բայց անկարող էր: Դա նպատակն էր: Պետին էլ էր երազում տուն, օջախ ունենալու մասին: Իսկ ի՞նչ կարողացավ անել: Ոչինչ: Մեռավ պատահական գնդակից… Գյուղը ժամանակ չունեցավ Պետիով զբաղվելու: Նրան թաղեցին իր իսկ փորած խրամատի մի անկյունում: Վերջացավ Այու սարի հրաշալիքները վայելող եզակի մի կյանք: Գուցե որբացա՞վ այսպիսով Այու սարը: Այլապես Բակունցը չէր հիշատակի նրա անունն իր պատմվածքի ամենաերևացող տեղում՝ վերնագրում:
Այլ է Տիտոսը: Բախտավորություն է, որ մեր գրականությունը (պետք է համոզված ասել) հարուստ է այսպիսի հրաշք երեխաներով, որոնց նախատիպերը ակնառու են հենց նրանց կերպարները կերտած հեղինակների մեջ:
Տիտոսը: Նախ որտեղից է այս անունը հայտնվել մեր իրականության մեջ: Եթե իրականության մեջ չկա, ինչո՞ւ է Բակունցը նրան կոչել Շեքսպիրի ստեղծած արյունարբու զորավարի անունով: Գուցե նրա նպատակսլացության համա՞ր, որ ոչ մի բանի առաջ կանգ առնելու միտք չուներ, որքան էլ անիրականանալի լիներ խնդիրը: Չստացվի, որ քմահաճ է այս համեմատությունը: Պատմվածքի մի հատվածում Բակունցը կարծես թե հպանցիկ (դրա համար պետք է որ ծանրակշիռ պատճառ ունենար, գուցեև՝ գրաքննչական), բայց ճիշտ ժամանակին, մի այսպիսի բան է ասում. «-Ճանապարհը չսխալվե՛ս, բալա՛,- ասաց ծերունին, որ իշու վրա նստած հետևում էր Տիտոսին: Եվ եթե առաջինը (ծերունին, Ա. Հ.) գլուխը բարձր էր պահում, քայլերն ամուր կոխում, ժիր աչքերը խաղացնում բնում, եթե Տիտոսն այդ դիրքով լեռնցի աշխարհակալ էր, իշու վրա նստած ծերունին ապացուցում էր, որ իրոք…» և այլն…
Բնությունն ու Տիտոսը համաքայլ են նրա՝ դեպի Րևան բռնած ճանապարհին: Գույները, երբ դա է պահանջում պատկերի գեղարվեստականությունը, խտանում են, դառնում յուղաներկի թանձր վրձնահարվածներ: «Գագաթին ամպերը թանձրացան, բրդի գորշ մալանչների պես իջան գետնին, փաթաթվեցին ոտքերին, շորերի վրա խոնավություն մաղեցին, տրեխները թացացան: Ճանապարհը հազիվ էր երևում, ամպը մեկ խտանում էր, մեկ նոսրանում: Նոսրանալիս նա ճանապարհն ավելի հեռուն էր տեսնում, բայց երբ խտանում էր, Տիտոսին թվում էր, թե ճանապարհն էլ է հալչում ամպերի մեջ»:
Եվ պատկերները դառնում են ակվարելային, երբ՝ «Ձորակները շատ հեռվում հալվում էին, աստիճանաբար ցածրանում և ձուլվում տափաստանի հետ»:
Բնության պատկերները հրաշակերտ են, և ի հնուց է հայտնի, թե ինչպես են դրանք առնչվում հերոսի հոգեաշխարհին, բայց Բակունցի գործերում դրանք առանձին բնանկարի արժեք ունեն, որ իրենց կարողություններով մրցության մեջ են գործող հերոսների հետ:
Այսպես քայլում է Տիտոսը դեպի իր նպատակակետը: Նրան չի կասեցնում նույնիսկ գիշերային գողի հասցրած ծանր վնասը: Այլևս գնացք նստելու փող էլ չունի: Դրանից հետո միայն մի կարճ պահ է մտածում գյուղ վերադառնալու մասին: Բայց՝ «Մեկ էլ ետ վանեց այդ միտքը, գետին ընկած փայտն առավ և արագ քայլերով իջավ ձորի լայն ճանապարհով»: Նա ջերմեռանդ քայլում էր դեպի նպատակի սևեռուն կետը, որ ընդամենը մի բառ էր՝ «Րևան»: «Ետ գնալ չկար Տիտոսի համար: Հարյուր մարդուց ավելի է գնում (Տիտոսի մոտավոր հաշվարկը. Ա. Հ), ինքն էլ կխառնվի նրանց հետ: Հո չի կոտրվի, քանի փութ է որ (երեխա է, բայց նկատում է, որ մինչև այդ պահը ամբոխի մաս չի կազմել ինքը, այլ՝ անհատ է եղել. Ա. Հ.):
Ինչպես Բակունցի բոլոր գյուղացիների մեջ, այստեղ էլ բարի մարդիկ շատ են: Մի շատ կարևոր փաստարկ, որ մեր մոլորակը դեռ շատ երկար մնալու է իր առանցքին: Նրան հանդիպող մարդիկ՝ գեղջուկ պառավը, որ առավոտ կանուխ ճամփորդ տղայի համար չի զլանում թանապուր եփել, հաց խցկել նրա տոպրակի մեջ, նրան բարի խոսքերով հուսադրող իշատերերը, ուղտապանները: Իջևանատան տերը լացող երեխային նույնիսկ զիջում է գիշերակացի արժեքը:
Տղայի ընթացքը չէին կարող կասեցնել, անգամ դանդաղեցնել չէին կարող կյանքում հանդիպող չար ուժերը՝ մոր երկրորդ ամուսին Ազրայիլը (նշանակում է «մահվան չար հրեշտակ»), քաղցրախոս գիշերային գողը, կծան շները, սեխ վաճառող սեյիդը: Ճիշտ հակառակը՝ կարծես ճանապարհին բսնում էին, որ խթանեն նրա առաջընթացը: Երբ տեսնում է, որ անկարելի է առանց տոմսի գնացք մուտք գործել, տեղնուտեղը որոշում է կայացնում՝ անցնել գնացքի մյուս կողմն ու ճամփորդել աստիճանասանդուղքին կպած: Այս գյուտը Տիտոսի համար ճակատագրական է, ինչպես ամեն մի գյուտարարի համար, որ հայտնաբերել է նոր բան մտածելու իր ունակությունը: «Այսպիսի երջանիկ րոպե նա ապրել էր և այն ժամանակ, երբ գոմի ճրագի տակ՝ գրքի սև նշաններին նայելուց հետո, նա հասկացել էր, որ շատերն իրար նման են, հարկավոր է միայն երկար նայել, որ գրերը լեզու առնեն և խոսեն»: Մանկան հոգեբանության մեջ այսքան նուրբ ու խորը թափանցելն էլ պիտի որ Բակունցի անուրախ կյանքը հուզավառող գյուտերից մեկը լիներ: Տիտոսն իր համար դեռ չէր արել «տառերի գյուտը», նա դեռ վազվզում էր իր հորթերի հետ, նրանց պես, բայց թոն ու անձրևը, արև օրերը, ցամաք հացն ու աղբյուրի ջուրը նրա համար աշխարհաճանաչման դասեր էին, որոնցից նրա ոչ սովորական ուղեղը տեղնուտեղը եզրահանգումներ էր անում. «Հորթային հրճվանք, հորթի ոսկե մանկություն, որից զուրկ էր Տիտոսը, որ ամենից շատ հենց այդ օրերին էր վազվզում, ցրիվ հորթերը հավաքում, կանչում, սուլում, վազելիս սայթաքում, վազելիս լաց լինում և հայհոյում հորթի հրճվանքն էլ, տիրոջն էլ: Հորթերը հասունանում էին, հորթերն ուրիշ նախիր էին գնում, ցուլով էին գալիս հորթերը՝ Տիտոսի համար նոր հորթեր ծնելու»:
Մանուկ Տիտոսը Բակունցի՝ վարպետ գուրուի առաջնորդությամբ հասկանում է հորթային հրճվանքի ու մարդկային երջանկության, կոչման տարաբնույթ լինելը: «Ե՞րբ պիտի ծներ վերջին կովն այն հորթը, որի հրճվանքն այլևս չպիտի ստիպեր Տիտոսին վազելու սար ու ձոր, և որին այլևս նա կանաչ սարեր չտաներ: Գիտակցական վերաբերմունքը իր վիճակին Տիտոսն առաջին անգամ այսպես հանդես բերեց: Այնպես հանկարծ ծնվեց այդ միտքը նրա գլխում և այնքան հանդարտ: Երևի կա այդպիսի մի վայրկյան, երբ ծլում է սերմը, ասեղի ծայրի չափ արմատիկը խրում հողում, որ հետո տարիների հետ հզորանա ու դառնա հաստարմատ ծառ»: Տիտոսին ու նրա կյանքի ընթացքին այսպիսի բնորոշումներ տալով, Բակունցը նախապատրաստում է, որ խոսքը անհատի մասին է՝ անսովոր անհատի. «Սևահողում լղար հատիկն էլ փարթամ է աճում»: «Գյուղի ծայրին… փողոցում կանգնած մի մարդ… մտքում դմակը կախ ոչխարի» հետ էր համեմատել Տիտոսին… Ձևի և բովանդակության ի՜նչ մեծ տարբերություն:
Այու սարի Պետին իր համար այլ կյանք ու ուրախություն չէր պատկերացնում. «Պետին մերվել էր նախիրին, ընտելացել: Նախիրից դուրս ուրիշ գործ չուներ նա, մտքերը նախիրից չէին հեռանում, սարերից դենը չէին գնում»: Ճիշտ և ճիշտ նույն բնաշխարհում ծնված, աշխարհով մեկ մտքով թափառող Տիտոսի հակապատկերը:
Մաշված, կարկատած հագուստն ու տրեխները մի քանի անգամ են երևում դեպքերի ընթացքի մեջ: Եվ, իհարկե, նեղսրտություն են պատճառում մեր փոքրիկ հերոսին, կերպարանք են առնում, ինչպես Մարկոս աղա Ալիմյանի տրեխները, որոնցով նա եկել էր քաղաք, և որոնք պահվում էին նրա նկուղում՝ որպես ամենօրյա պաշտամունքի ծեսերի հատուկ առարկաներ:
Տիտոսը, այո՛, հրաշամանուկ է… Համոզում է Բակունցը և հարկ չի համարում պատմել, թե ինչ եղավ տղան Րևան հասնելուց հետո: Տիտոսը չի կորչի: Տիտոսը երջանիկ բնավորություն է… Տիեզերքն էլ ուղղորդում է այսպիսիներին, որ հասցնեն կատարել այն, ինչի համար աշխարհ են եկել:
Այս է Բակունցի ամենակարևոր ասելիքներից մեկն այս պատումով: Բայց ոչ միակը: Կարևոր են վիպական տարողության այս պատմվածքի բոլոր մեծ ու փոքր պտուտակներն ու թափանիվները: Այսպես՝ Տիտոսի մոր մասին ասված մեն մի նախադասություն բավարար է, որ պարզ լինի, թե ինչը կարող էր ստիպել գեղջուկ ավանդական կնոջը մի քանի տարի ամուսնու հիշատակին հավատարիմ մնալուց հետո՝ թողնել մինուճար որդուն (ի՜նչ իմանար, որ իր արգանդից դուրս եկածը սովորական մարդ չէ), թողնել իր տունը, խառնել իր կուժը ուրիշ տան կժերին, իր փալասը փռել ուրիշի հողե հատակին: Հանուն ավելի ճոխ կյանքի չէ, որ նա հեռացել էր իր աղքատ ապրուստից: Նոր ամուսնու տանը ավելի մեծ խեղճություն էր: Հատակին անգամ մի փալաս էլ չկար: Նրա կինն էլ, որ ծննդաբերության ժամանակ արնաքամությունից էր մեռել, այս խեղճության ու նաև Ազրայիլի կոպտության զոհն էր եղել ըստ երևույթին: Բայց Տիտոսի մայրն իմանալով՝ գնում է այդ դաժան ճակատագրին ընդառաջ, քանի որ «Ճիշտ է, քար չէր մոր սիրտը, բայց մարմինը միայն սրտից չի կազմված»: Այսպես Հրանտ Մաթևոսյանի Գոմեշն էր գնում՝ իր բնազդի թելադրանքին ընդառաջ:
Սեղմ տողերում երևում է Տիտոսի մանկության ընկեր Անտոնի բարությունը, ի տարբերություն մոր, որ բամփում է ընկերոջը տեսնելու եկած երեխայի գլխին. «Հենց դու էիր մնացել, որ գնաս նրան քնատեղից վեր կացնես»: Գեղջուկ կինն այս խոսքերն ասում է իրեն աչքալույսի եկած կանանց ներկայությամբ, որ բարձրանա նրանց ու իր աչքում: Իսկ Անտոնը գեղջուկի պարզամտությամբ պատմում է Րևանում տեսած հրաշքներն ու մտքով էլ չի անցնում նայել Տիտոսի քրքրված հագուստ-կապուստին: Նրա թվարկած «հրաշքներից» երևում է մեր փոքրիկ հերոսի հասակակցի մտահորիզոնի սահմանը, որ թեև լայն չէ, սակայն բավարար է մի ուրիշ երեխայի զորեղ երևակայությունը բորբոքելու համար: Տիտոսը մտապահում է ընկերոջ տված տեղեկություններն ամենայն մանրամասնությամբ, խնամքով: Դրանք այնքան պետք էին գալու իր ուղևորության ընթացքում, որ դժվարություններով դեպի Երուսաղեմ քայլողի ուխտագնացություն են հիշեցնում:
Սրընթաց գնացքի սանդուղքին վտանգավոր նստած Տիտոսին ներս է քաշում հսկիչը՝ էլի բարության մի դրսևորում: «Ներս հրելիս Տիտոսի փափախը գլխից պոկվեց, ընկավ: Նա միայն այն տեսավ, թե ինչպես փափախը ոզնու պես գլորվեց ավազի կույտերի վրա»: Հնամաշ, քրքրված փափախից բաժանումը այս պատումի խորհրդանշական պատկերներից մեկն է միայն, որ ազդարարում է՝ նոր կյանք, նոր փափախ և նոր ամեն ինչ: «Բաց պատուհանից Տիտոսը գլխաբաց նայում էր դուրս: Քամի էր փչում, քամին իրար էր խառնում նրա անլվա մազերը: Տիտոսն այդ չէր զգում: Նրա աչքերը հեռվում փնտրում էին բարձր, սպիտակ տներ, փողոցներում հազար մարդ և հազարի մեջ Անտոնին…»:
Բակունցի սիմվոլներով լեփ-լեցուն այս երկում այնպես են միախառնվում իրականությունն ու խորհրդանշականը, որ դժվար է դրանք տարանջատել: Բակունցի սիմվոլները ոչ թե երևակայական են կամ օդից են վերցված, այլ՝ առարկայական ու տեսանելի են այնքան, որ և՛ սիմվոլ են, և՛ տարերք, բնության և մարդու անբռնազբոս համաձուլվածք…