Հոկտեմբերի 28-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Արցախի շրջափակման և արցախահայության բռնի տեղահանման» թեմայով մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, նշեց. «Արցախի բռնագաղթը ստեղծեց նոր իրավիճակ, որ պարտադրում է նոր գործողություններ, նոր մտածողություն, հատկապես՝ գրականության համար՝ ըմբռնելու, ընկալելու և այն գեղարվեստի լեզու դարձնելու. ոչ թե ողբն ավելացնելու, այլ՝ գեղարվեստի միջոցով այն հաղթահարելու»: Ըստ մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Կիմ Գաբրիելյանի՝ «Մրցանակաբաշխություն հայտարարելով՝ մեր նպատակն էր արցախյան իրադարձությունները դարձնել գեղարվեստական գրականության նյութ: Մենք գրում ենք մեր ազգային ողբերգությունների մասին, բայց չենք խորանում պատճառահետևանքային կապերի մեջ: Գրողներս ունենք խնդիր՝ գեղարվեստորեն ներկայացնելու արցախյան ողբերգության պատճառները: Գեղարվեստականությունն ավելի համոզիչ է, քան պատմավավերագրությունը»: Ելույթ ունեցան նաև ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, հանձնաժողովի անդամներ Շանթ Մկրտչյանը, Զինաիդա Բալայանն ու Գուրգեն Խանջյանը:
Ներկայացված տասնհինգ ստեղծագործություններից 1-ին մրցանակի է արժանացել Ալիս Հովհաննիսյանի «Տրիպտիխ», 2-րդ մրցանակի՝ Մարգարիտ Դերանցի «Ավետյաց երկիր», 3-րդ մրցանակի՝ Գրիգոր Ջանիկյանի «Հերոսի հարությունը» ստեղծագործությունները։
Հանձնաժողովի որոշմամբ Գոհար Նիկողոսյանը, Հասմիկ Սարգսյանը, Հակոբ Հարությունը, Ժաննա Հակոբյանը և Վարուժան Գալստյանը արժանացնել էին խրախուսական պատվոգրերի: Էդվարդ Միլիտոնյանը հեղինակներին հանձնեց մրցանակներն ու պատվոգրերը:
ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹ
