ՀԱՅՐԵՆԻՔԻ ԼՈՒՍԱՎՈՐ ՏԵՍԼԱԿԱՆՈՎ

Հոկտեմբերի 29-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Սաթենիկ Մկրտչյանի «Էսսե՝ Մկրտիչ Սարգսյանին, մարդուն, գրողին, մտավորականին» գրքի շնորհանդեսը: Էսսեի հիմքում Մկրտիչ Սարգսյանի գեղարվեստական ստեղծագործության էպիկական վերաիմաստավորումն է՝ ժամանակների և գրողի դաշնությամբ: Գիրքը հրատարակվել է «Հայաստան» հրատարակչությունում, նվիրված է Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Այն «Մկրտիչ Սարգսյան. գրողի ժամանակը» մատենաշարի 7-րդ գիրքն է: Վահագն Սարգսյանն իր խոսքում նշեց. «Սաթենիկ Մկրտչյանը էսսեում ներկայացնում է գրողի դիմանկարը, նրա մասին իր մտորումները, խոհերը, որի մեջ ներթափանցված են և՛ գրողի ստեղծագործությունը, և՛ ստեղծագործության վերլուծությունը, և՛ մեր այսօրվա հասարակական քաղաքական կյանքն իր ամբողջ բարդություններով, ինչպես նաև իր անձնական հարաբերությունները Մկրտիչ Սարգսյանի հետ, երբ աշխատում էր Գրողների միությունում»: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց գեղարվեստական խոհագրությունը՝ նշելով. «Սաթենիկ Մկրտչյանն իր էսսեով ներկայացրել է Մկրտիչ Սարգսյանին, որ նշանակալից դեր է ունեցել գրողների ու գրականության պատմության համար, մեծ աշխատանք է կատարել Գրողների միությունում»:
Սաթենիկ Մկրտչյանի ստեղծագործության գրականագիտական վերլուծությամբ հանդես եկավ գրականագետ Կարինե Ռաֆայելյանը:
Գոհար Գալստյանը, Ալիս Հովհաննիսյանը, Նանեն, Սեյրանուհի Գեղամյանը և Պերճուհի Ավետյանը անդրադարձան Սաթենիկ Մկրտչյան արձակագրին ու նրա ստեղծագործությանը՝ բացահայտելով «պոեմանման» էսսեի մի շարք կարևոր առանձնահատկություններ: Մկրտիչ Սարգսյանի գրականության, գրողի ազդեցիկ կերպարի, խորհրդային տարիների գաղափարական դժվարությունների շրջանցման ու նրա հետ իրենց հանդիպումների մասին խոսեցին Հովիկ Վարդումյանը, Խաչիկ Մանուկյանը, Հակոբ Հարությունը, Վրեժ Սարուխանյանը և Վան Արյանը: Ելույթ ունեցողները խոսեցին Սաթենիկ Մկրտչյանի գրքի յուրահատուկ ոճի, ներքին ռիթմի, էսսեի ժանրի ինքնատիպ կիրառման ու գեղարվեստական պատկերի վերացարկման, ինչպես նաև գրքում Մկրտիչ Սարգսյանի բազմաշերտ կերպարի ներկայացման մասին: Սաթենիկ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց հնչած ելույթների և գնահատանքի համար, խոսեց Մկրտիչ Սարգսյանի, գրքի, ստեղծագործության շարժառիթների ու ընթացքի մասին:
Ձեռնարկի ընթացքում շերտ առ շերտ բացվեց Մկրտիչ Սարգսյան մարդու, գրողի, մտավորականի, ինչպես նաև՝ ուժեղ, արժանապատիվ հայի կերպարը՝ բացահայտելով Հայրենիքի, հայկական ինքնության ոգեղեն խորհուրդը՝ երբեմն կորուստներից հուսաբեկ և տագնապներով անհանգիստ, սակայն մշտապես անկոտրում և հուսավառ՝ հավերժող Հայրենիքի լուսավոր տեսլականով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։