ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն վարչապետ
Մենք՝ սփյուռքահայ գրողներս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի գրողների ստեղծագործական միության շենքերի ու շինությունների՝ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված, մասնավորապես՝ Գրողների միության Երևանի, Ծաղկաձորի, Սևանի ստեղծագործական տները գրողների՝ ՀՀ կադաստրի կողմից տրված 25-ամյա սեփականության իրավունքը ՀՀ վարչական դատարանում վիճարկելու ՀՀ կառավարության կողմից ուղղված քաղաքականությանը, ինչն անընդունելի է:
Բոլոր այդ շենք-շինությունները կառուցվել են խորհրդային տարիներին, նաև մեր գրողների անդամավճարների և հոնորարների հաշվին, դրանք չեն եղել պետական սեփականություն, այլ՝ եղել են գրողների ստեղծագործական միության սեփականությունը:
Պարոն Վարչապետ, Դուք Ազգային ժողովի ամբիոնից, ի լուր այս հարցով բոլոր շահագրգիռ անձանց, հայտարարել եք, որ գրողների և մնացյալ ստեղծագործական միությունների գույքի պետականացումը կատարում եք, որպեսզի այդ գույքը հետագայում չօտարվեն այլ անձանց:
Պարո՛ն Վարչապետ
Գրողների ստեղծագործական միությունն իր հիմնարար որոշումներով արդեն իսկ արձանագրել է, որ անկախ նրանից, թե ով է լինելու Գրողների միության նախագահը, նախագահությունը, գրողների սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունները ենթական չեն օտարման, ինչի մասին նաև պաշտոնապես հայտարարել է Գրողների միության նախագահ պարոն Էդվարդ Միլիտոնյանը: Այսինքն՝ այն, ինչ Դուք եք հայտարարել պաշտոնապես:
Պարոն Վարչապետ
Նախկինում դատախազության միջոցով կացնահարում, գնդակահարում, աքսորում էին հայ գրողներին:
Այսօր այնպիսի տպավորություն է, որ դատախազության միջոցով ցանկանում եք վերջ դնել ու փակել հայ գրողների հարցը:
Պարոն Վարչապետ
Խնդրում, առաջարկում ենք Ձեր հանձնարարականը ՀՀ գլխավոր դատախազությանը՝ դատարանի վարույթներում գտնվող հայցերի շրջանակում նախապատրաստել հաշտության համաձայնություն, ներկայացնել դատարանի հաստատմանը, կամ հրաժարվել հայցապահանջներից, կամ կառավարության համապատասխան որոշման ուժով ամրագրել կառավարության դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի Գրողների միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքերն օտարման ենթակա չեն:
Հարգանքով՝
ՀԳՄ սփյուռքահայ անդամներ՝
Արտավազդ ՍԱՐԵՑՅԱՆ
Մադլենա ԳԱՐԱԳԱՇՅԱՆ
08.11.2024
Յարգարժան վարչութիւն
Հայաստանի Գրողներու Միութեան.
Մենք` տարածութեամբ հեռուն ապրող, ՀԳ Միութեան ձեր անդամները, սրտի տրոփով կը հետեւինք այնտեղ` Մայր հայրենիքի սրտին վրայ տեղի ունեցող բոլոր իրադարձութիւններուն։ Ձեր յաջողութիւններով կը հրճուին մեր ծարաւ հոգիները իսկ կորուստներով եւ Միութեան դէմ տարուող սպառնալիքներով կը ցաւին եւ կը տագնապին պանդուխտ մեր կեանքերը։ Կը զօրակցինք Ձեր կոչին, մանաւանդ որ անիկա արդար է եւ իրաունքով։ Բարին եւ արդարութիւնը ձեզի ուղեկից ըլլան եւ ալ նոր կորուստներ չունենանք։ Մանաւանդ Արցախի մորմոքալի, հոգին ճանկռտող մղձաւանջէն ետք, ալ ոչ մէկ կորուստի կը հանդուրժենք եւ դէմ ենք ՀԳ Միութեան սպառնացող ոտնձգութիւններուն, իր հիմնադրման օրէն ի վեր, հայութիւնը միաւորող, մտաւորականութեան պատկանող այս սեփականութեան սպառնացող որեւէ մտադրութեան։ Արցախի խաղաղ վերադարձի աղօթքով եւ յոյսով, իսկ` ՀԳ Միութեան կրկին անհոգ աշխատանքին, մշակոյթ եւ գիր սփռող, վաղեմի եւ պապենական իր մեծ բնակարանին մէջ։
Ակնածանքով եւ յաջողութեան մաղթանքով, ձեր երախտագէտ անդամ`
Մարիանա Պէրթիզլեան
Սիրիա, Հալէպ