Գրող, երգահան Վահրամ Թաթիկյանի հայտարարությունը

«Սիրելի բարեկամներ, հոգաչափ շնորհակալ եմ ինձ պատահած սոսկալի դժբախտության, ինձ հասցված անդարմանալի, հակամարդկային հարվածի առիթով արտահայտած ձեր սրտակցության համար:
Ցանկանում եմ տարածել իմ երկրորդ հայտարարությունը: Իմ և այգուս հետ կատարվածն անշուշտ ունի քաղաքական ենթատեքստ. սրանից առաջ էլ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող իմ տան և՛ այգու նման դեպքեր եղել են, և՛ կողոպուտ, գողություն, և՛ հարձակում իմ անձի դեմ` ընդհուպ մինչև սպառնալիքը ինձ ֆիզիկապես վերացնելու համար, բայց բողոքներին դատական ընթացք չեմ տվել, հասկանալով, որ Երևանում եղած ժամանակ կարող է վնաս տան այգուս և ունեցվածքիս, ինչը և ահա կատարվեց:
Թուրքերի կողմից 1960 թվի ապրիլի 13-ին Կիպրոսում սպանված պապիս ու տատիս հիշատակով եմ երդվում, որոնց էր նվիրված փոքրիկ «ագարակս»` որ կատարվածն իմ և մեր ժողովրդի առողջ հատվածի կողմից կստանա համարժեք պատասխան Գարեգին Նժդեհի կողմից ասված միտքը` որ «ավելի վտանգավոր են մեր մեջ ապրող թաքուն թուրքերը», հաստատվեց ևս մի անգամ: Ի միջիայլոց` իմ երկու, մայրական ու հայրական կողմից պապերն էլ` Ստեփան Թաթիկյանը և Հակոբ Բոյաջյանը, Նժդեհի զինվորներն են եղել, կռվել Արևելյան Լեգիոնում: Պետք է արժանի լինեմ նրանց` նաև տատիս քրոջ` Անահիտ Թաթիկյանի ամուսնու` Սողոմոն Թեհլերյանի հիշատակներին»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։