ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի գրողների միությունն իր խոր մտահոգությունն է հայտնում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ողջ մանկապատանեկան մամուլի համար ՀՀ բյուջեով սահմանված ֆինանսավորման ձևի վերաբերյալ, ինչի արդյունքում ֆինանսավորումից դուրս են մնացել ավանդական, հանրահայտ, գրեթե հարյուրամյա «ԱՂԲՅՈՒՐ», «ԾԻԾԵՌՆԱԿ» ամսագրերը և «ԿԱՆՉ» թերթը:
Անհասկանալի է ի սկզբանե այս երեք պարբերականների տպագրության և պահպանման համար ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության 1990 թվականի դեկտեմբերի 27-ի հատուկ որոշմամբ մինչև օրս ողջ մանկապատանեկան մամուլին հատկացվող գումարը որևէ բովանդակային չափորոշիչ չպարունակող տենդեր-մրցույթ-գնումով «աճուրդի հանելու» ԿԳ նախարարության անընդունելի քայլը, որը պարարտ հող է ստեղծում երեխաների կրթադաստիարակչական և գեղագիտական ոլորտ պատահական, բացառապես շահադիտական, բիզնես նպատակներ հետապնդողների ներխուժման համար:
Այս երեք պարբերականները տասնամյակներ շարունակ եղել են մանկապատանեկան գրականության տպագրության հիմնական դաշտը և այս ոլորտում գրական գործընթացի կազմակերպիչները: Երեկվա և այսօրվա մանկապատանեկան գրականությունը պարտական է այս պարբերականներին: Հայ գրողներն աշխատել և աշխատում են այս պարբերականների խմբագրություններում:
Նման ձևով երեխաների կրթությունից և դաստիարակությունից գումար տնտեսելու փորձերը ճիշտ չեն, մանավանդ եթե հաշվի առնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթությունը երկրի զարգացման համար գերակայություն է հռչակել: Մանկապատանեկան մամուլի ֆինանսավորումն ավելացնելու, նրա կրթադաստիարակչական գործունեությունը համակարգելու մասին մտածելու փոխարեն ԿԳ նախարարությունն ընտրում է հեշտ և էժան տարբերակի «սկզբունքը», որը, համոզված ենք, անչափ թանկ է նստելու մեր երկրի վրա:
Պահանջում ենք չափորոշիչների հստակեցման հիմքով անվավեր ճանաչել կայացած «մրցույթ-տենդերը», գոնե նախորդ տարվա համամասնությամբ բյուջեով նախատեսված ողջ գումարի չափով վերսկսել մանկապատանեկան մամուլի ֆինանսավորումը, մինչև ընթացիկ տարում մասնագետների հետ (փորձառու մանկավարժներ, խմբագիրներ, ճանաչված գրողներ, լրագրողներ) հիշյալ ոլորտի համար մշակվեն և սահմանվեն հստակ չափանիշներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ