ՎՏԱՆԳՎԱԾ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ապրիլի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված մանկապատանեկան մամուլի հրատարակման խնդիրներին:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով մանկապատանեկան գրականության հետ կապված խնդիրներին, նշեց, որ մի կողմից նկատելի են դրական երևույթներ ու համատեղ աշխատանք՝ ինչպես Մանկապատանեկան գրքի շաբաթի անցկացումը, «Քո արվեստը դպրոցում» ծրագրի իրագործումը, իսկ մյուս կողմից՝ Կրթության և գիտության նախարարության հայտարարած մրցույթի ամփոփում, որի արդյունքում ավանդական, հանրահայտ պարբերականներ «Ծիծեռնակը», «Աղբյուրը», «Կանչը» և «Խաբարբզիկը» դուրս են մնացել ՀՀ կրթության և գիտության նախարարության մանկապատանեկան մամուլի հրատարակման վերաբերյալ հայտարարած մրցույթից: «Մեր խնդիրը ոչ թե այն է, թե ովքեր են անցել, արժանի են, թե ոչ, այլ՝ թե մրցույթի այդ ձևը որքանով է հարիր մանկապատանեկան մամուլը տարբերելու, մրցույթում հաղթող ճանաչելու համար»,- ասաց նա: Անհրաժեշտ համարելով կարևորել մանկապատանեկան մամուլի որակյալ բովանդակությունը՝ Էդ. Միլիտոնյանը շեշտեց, որ մանկապատանեկան մամուլը պետք է լինի գունագեղ, հարուստ բովանդակությամբ, հետաքրքիր, հագեցած կրթական ու դաստիարակչական թեմաներով: Վերոնշյալ պարբերականները մանկապատանեկան գրականության տպագրության հիմնական կրողներն են: Նրա հավաստմամբ՝ ասօրվա ճանաչված գրողները գրականություն են մուտք գործել այդ պարբերականների միջով: Եվ այժմ մրցույթից դուրս մնալով՝ վտանգվում է ժամանակակից մանկա­գրության տպագրության հարցը, քանի որ համացանցը այնքան էլ ճիշտ ուղի չէ: «Այսպիսի թղթային, գունագեղ մամուլը այլ կերպ է ընկալում երեխան, և այլ կերպ՝ համացանցային երևույթները: Բացի այդ, երեխան հնարավորություն է ունենում տեսնել իր նկարչական աշխատանքները, ստեղծագործությունները՝ տպագրված այս հանդեսներում, քանի որ տպագրվում են ոչ միայն գրողները, այլև ստեղծագործող մանուկները»,- վստահեցրեց ՀԳՄ նախագահը:

«Մտածում ենք հետագա սերնդի մասին, բայց այսօր ցավալիորեն մեր մանկապատանեկան գրականության հունը գնալով նեղանում, ցամաքում է, որովհետև լիազորված մարմինների վերաբերմունքը տպագրության հանդեպ քաղաքականություն չի դառնում: Մշակույթը, գիտությունը, կրթությունը դնել զուտ ֆինանսական չափորոշիչների տակ, իմ կարծիքով, ճիշտ ճանապարհ չէ: Այդպիսով կարող ենք խոտանել, դուրս մղել շատ հետաքրքիր, կայացած, իրենց տեղն ու դերն ունեցող մշակութային հիմնարկներ, խմբագրություններ»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:

Նշված հանդեսների խմբագիրները ևս հայտնեցին իրենց վրդովմունքը այդ կապակցությամբ՝ անհրաժեշտ համարելով վերանայել մրցույթի անցկացման չափորոշիչները: «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսի խմբագիր Թադևոս Տոնոյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցել ու չեն շահել այն պատճառով, որ մյուս մասնակիցներն ավելի քիչ գումար են ներկայացրել տպագրության համար: «1990 թ. Գերագույն խորհուրդը որոշել է «Ծիծեռնակ», «Աղբյուր», «Կանչ» պարբերականները վերցնել պետական հովանավորության տակ և հոգալ դրանց հրատարակման և պահպանման հարցերը: Այդ ժամանակից ի վեր գումարը տրամադրվում էր և մինչ օրս չեղյալ չի համարվել»,- նշեց Թ. Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ հետագան ընդլայնվել է, միացել, և այդ հովանավորությունից օգտվել են նաև մանկապատանեկան այլ պարբերականներ, քանի որ նպատակ կար զարգացնելու ոլորտը: Հատկացվող գումարը մրցույթի միջոցով բաշխելը նա համարեց ռազմավարական սխալ: Նա առաջարկեց տենդերն անվավեր ճանաչել հստակ բովանդակային և այլ չափորոշիչների բացակայության հիմքով: «Մի ձեռքով պետությունը գումար է տալիս մանկապատանեկան մամուլի գոյատևման համար, մյուս ձեռքով փակվում է տպագրված ամսագրերը երեխաներին ծառայեցնելու ճանապարհը»,- ամփոփեց Թ. Տոնոյանը:

«Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսի խմբագիր Անուշ Վարդանյանը տեղեկացրեց, որ նախքան Կրթության և գիտության նախարարությունը կհայտներ մրցույթի մասին, իրենք զրուցել են նախարար Արայիկ Հարությունյանի հետ, բարձրացրել են այն հարցը, որ մրցույթին մասնակցեն գոնե տասը տարվա պարբերականություն ունեցող ամսագրերը: Սակայն մրցույթից հետո հաղթել են այնպիսի ամսագրեր, որոնք դեռևս չեն տպագրվել: «Հանձնաժողովի անդամներն ընդհանրապես կապ չունեն, չգիտեն, թե ինչ է մանկապատանեկան մամուլը և առաջնորդվել են էժան լինելու սկզբունքով»,- ասաց Ա. Վարդանյանը և շեշտեց, որ տենդերը տրամադրելիս պետք է ուշադրություն դարձնել մանկապատանեկան մամուլի բովանդակությանը: Ելույթ ունեցավ նաև «Կանչ» պարբերականի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը՝ այդ երեք հանդեսները համարելով մշակութային արժեք, որոնցից յուրաքանչյուրը գրեթե 100-ամյա պատմություն ունի: «Ծիծեռնակը» 90 տարվա պատմություն ունի, «Աղբյուրը» հրատարակվում է 1923 թ.-ից, իսկ «Կանչը»՝ 1925 թ.-ից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։