Վսեմ առաքելությամբ

Հուլիսի 17-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ուրախալի համարելով այն փաստը, որ Սփյուռքի Մայրենի լեզվի ու գրականության ուսուցիչները ցանկություն են հայտնել հանդիպել գրողների հետ, ցավով նշեց, որ ժամանակակից գրողների ստեղծագործությունները ծանոթ չեն մեր ուսուցիչներին և հասարակայնությանը, քանզի թե՛ տպաքանակներն են քիչ, թե՛ հանդիպումներն են սակավացել: «Բաց խոսակցության անհրաժեշտություն կա. մենք ձեզ հարցադրումներ ունենք, դուք՝ մեզ, և այդ ամենը պետք է ներկայացվի պետական լիազորված մարմիններին, նաև Սփյուռքի հասարակական, ստեղծագործական կազմակերպություններին՝ սերտացնելու հայ գրողի և դպրոցի կապը»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
Սուրեն Դանիելյանը տեղեկացրեց, որ ներկա են ուսուցիչներ 17 երկրներից, ինչպես նաև երիտասարդներ, որոնց համար հայակերտումը, ըստ Ս. Դանիելյանի, հրապույրի պես բան չէ: «Նրանք վաղը կարող են դառնալ հայագետներ. այսօր եկել են դեպի հայկական մշակույթ որպես հյուր, վաղը կգան որպես այդ մշակույթի պաշտպան ու նախանձախնդիր իրենց երկրներում»: Նա առանձնահատուկ երախտագիտություն հայտնեց սիրիացի ուսուցիչներին, ովքեր շարունակել են իրենց աշխատանքը պատերազմական իրավիճակում:
Ալիս Հովհաննիսյանը կարևորեց ուսուցիչների վերաբերմունքը գրողների նկատմամբ, քանի որ առանց հայրենի գրականության հնարավոր չէ սերունդ դաստիարակել: «Ժամանակակից հայ գրականությունը արտացոլում է այն ամենը, ինչ այսօրվա մեր իրականությունն է արտահայտում: Իսկ հատկապես Սփյուռքում երեխան պետք է իմանա, թե ինչ է կատարվում իր հայրենիքում»,- ասաց նա և կարևորեց ժամանակակից գրական ստեղծագործությունների ընդգրկումը դասագրքերում:
Հակոբ Մովսեսը ուսուցչի, հատկապես Սփյուռքի ուսուցչի աշխատանքը որակելով իբրև դժվար ու պատասխանատու աշխատանք, վստահեցրեց, որ առավել մեծ ու վսեմ առաքելություն, քան ուսուցչինն է, չկա: «Մեր պատմությունը ուսուցիչների պատմություն է. Խորենացուց սկսած մինչև մեր օրերը մենք լուսավորչականությամբ ենք կարողացել պահպանել մեր ժողովրդին, ազգը, լեզուն, ավանդույթները»,- ասաց նա: Հակոբ Մովսեսն անդրադարձավ նաև ժամանակակից հայ գրականության ուղղություններին, նկատեց, որ իրարամերժ, երբեմն հակասական միտումները վկայում են, որ գրականության սիրտը դեռևս աշխատում է: «Հայ գրականությունն այսօր կա, որի սիրտը բաբախում է, որի վրա պետք է լինի հենց ուսուցչի ձեռքը: Եվ բոլոր խնդիրները կլուծվեն լուսավորչականության շնորհիվ»,- ամփոփեց նա:
Պետրոս Դեմիրճյանը նույնպես ուսուցիչներին բնորոշեց իբրև առաքյալներ թե՛ Սփյուռքում, թե՛ հայրենիքում, քանի որ ուսուցչությունը նշանակում է ապագա սերնդի ճիշտ դաստիարակություն, և առաջարկեց խոսել հուզող խնդիրների մասին:
Ելույթ ունեցան և իրենց գրքերից սփյուռքահայ ուսուցիչներին նվիրեցին Սուրեն Մուրադյանը, Խաչիկ Մանուկյանը, Ռուբեն Մարուխյանը, Կարինե Խոդիկյանը, Սեյրանուհի Գեղամյանը, Դիանա Համբարձումյանը, Արամ Արսենյանը, Նոնա Պողոսյանը, Անուշ Վարդանյանը, Թադևոս Տոնոյանը և ուրիշներ:
«Մենք այն օղակն ենք, որ ներառում ենք մեր մեջ հոգևոր լիցքերը և տանում ենք հաղորդելու մեր աշակերտներին, տանում ենք նրանց հայ պահելու, պայքարելու ուծացման ամենօրյա ժանգի դեմ»,- ասաց ուսուցչուհի Թամարա Մաթևոսյանը (Մոսկվա) և հպարտությամբ տեղեկացրեց, որ Մոսկվայում գործում է հայկական միջնակարգ ամենօրյա դպրոց՝ 560 աշակերտով՝ և՛ ռուս, և՛ հայ: «Սփյուռքի դպրոցները մեզ համար դառնում են ոչ թե պարզապես կրթօջախներ, այլ տուն, հայրենիք: Եթե կարողանում ենք թեկուզ մեկ ընտանիք հայ պահել, նշանակում է` մեր առաքելությունն արդարացված է: Լինել մայրենի լեզվի ուսուցիչ Սփյուռքում մեծ պատասխանատվություն է»,- ամփոփեց նա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։