Հոկտեմբերի 11-13-ին Երևանում և Ծաղկաձորում տեղի ունեցավ ժողովրդական էպոսներին նվիրված միջազգային գիտաժողով` «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» թեմայով: Այն կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանը (UCLA): «ԳԹ»-ի հարցերին պատասխանում է Հայ-ռուսական համալսարանի
հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ պրոֆ. Ազատ Եղիազարյանը:
«ԳԹ» Պարոն Եղիազարյան, պատմեք գիտաժողովի կազմակերպիչները և մասնակիցներն ովքե՞ր էին:
Ազատ Եղիազարյան Այս գիտաժողովը հինգերորդն էր, առաջինը` 2003 թ. է անցկացվել: Գաղափարը ծնվել է ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտում և ի սզբանե ստացել ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հավանությունն ու աջակցությունը: Գիտաժողովներն անցկացրել են Գրականության ինստիտուտը (մինչև 2008 թ.), այնուհետև` Հայ-ռուսական համալսարանը և Հնագիտության և ազգագրության ինստիտուտը: Վերջին գիտաժողովին կազմակերպիչներին է միացել Լոս Անջելեսի համալսարանը, որի ֆինանսական օգնությունը շատ կարևոր էր: Մյուս կողմից, դա հեռանկարներ է բացում հետագա գիտաժողովների մասնակիցների կազմի ընդլայնման և հայկական էպոսի ուսումնասիրության հետագա միջազգայնացման համար:
Բոլոր գիտաժողովները միջազգային են եղել, մասնակցել են տարբեր երկրների գիտնականներ, վերջինը երևի ամենաներկայացուցչականն էր այդ իմաստով: Ժողովին մասնակցում էին գիտնականներ յոթ երկրներից` ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իրան, Հոլանդիա, Աբխազիա: Արտասահմանի մեր գործընկերներից շատերը` Կարլ Ռայխլը (Գերմանիա), Յարոսլավ Վասիլկովը (ՌԴ), Պիտեր Քաուին (ԱՄՆ), Զուրաբ Ջապուան (Աբխազիա), Մեհրի Բաղերին (Իրան), միջազգային հեղինակություն ունեցող մասնագետներ են:
Հայաստանից մասնակցում էին Հայ-ռուսական համալսարանի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Կոմիտասի անվան երաժշտանոցի, Թատրոնի և կինոյի ինստիտուտի, Վանաձորի մանկավարժական համալսարանի աշխատակիցներ: Կարդացվեց շուրջ երեսուն զեկուցում: Չմոռանամ ասել, որ մասնակիցների մեջ շատ երիտասարդներ կային: Զեկուցումների մեծ մասը կտպագրվի գիտաժողովի նյութերն ամփոփող ժողովածուի մեջ: Բացի այդ, մեզ են դիմել հրատարակիչներ Քեմբրիջից, որոնք առաջարկել են գիտաժողովի նյութերը տպագրել Քեմբրիջում անգլերեն:
«ԳԹ» Ի՞նչ տեղ եք հատկացնում գիտաժողովին հայկական էպոսագիտության մեջ:
Ա. Ե. Զուտ գիտական իմաստով գիտաժողովն անպայման ընդլայնեց այն միջազգային համատեքստի ուսումնասիրությունը, որում գոյություն ունի «Սասնա Ծռերը»: Համեմատություններ անցկացվեցին հայկական էպոսի և կովկասյան նարտական էպոսի, հնդկական «Մահաբհարատա» և «Ռամայանա» հինավուրց էպիկական պոեմների, բյուզանդական «Վասիլ Դիգենիս Ակրիտաս» էպիկական պոեմի, էդդայական ավանդույթի, արաբական էպիկական զրույցների և այլ էպիկական հուշարձանների միջև, որոնք շատ կարևոր են «Սասունցի Դավթի» տեղը և նշանակությունը համաշխարհային էպիկական ժառանգության մեջ, մեր և մյուս էպոսների բազմազան կապերն ու ընդհանրությունները տեսնելու համար: Խոսվեց հայկական էպիկական ավանդույթի պատմության, էպոսի պատումների առանձնահատկությունների, հայ գրականության դասականների և արդի գրողների գործերում էպոսի արտացոլումների, էպոսի դրամատիկական արձագանքների, էպոսի համահավաքի ռուսերեն թարգմանության, էպոսի ասացողների մասին: Ներկայացվեցին իրանական էպոսի մի քանի առանձնահատկություններ, որոնք օգնում են ավելի լավ հասկանալու մեր էպոսի առանձնահատկությունները: Բայց գիտաժողովում քննարկված խնդիրների նույնիսկ ամենամանրամասն թվարկումը գաղափար չի տա գիտական այն հարստության մասին, որը ներկայացված էր զեկուցումներում: Գրեթե բոլոր զեկուցումները առաջացնում էին մտքերի աշխույժ փոխանակություն, առաջ քաշված տեսակետների շահագրգիռ քննարկումներ:
Իհարկե, մեր էպոսի մասին գրքեր և հոդվածներ շատ են գրվել: Հայ էպոսագետները չեն կարող շրջանցել Մանուկ Աբեղյանի աշխատությունները: Բայց դրանց մեջ էլ այսօր շատ բան հնացած է թվում, առարկություններ է հարուցում: Էպոսագիտությունը զարգանում է, ինչպես բոլոր գիտությունները: Վստահորեն կարելի է ասել, որ այս գիտաժողովը արժեքավոր ավանդ էր «Սասնա Ծռերի» ուսումնասիրության անվերջ գործընթացում: Եվ նրա ամենամեծ հաջողություններից մեկն այն էր, որ ցույց տվեց, թե ինչքան նոր կամ չլուծված խնդիրներ կան հայկական էպոսագիտության մեջ:
«ԳԹ» Մեր հոգևոր-մշակութային կյանքում ի՞նչ դեր ունեցավ գիտաժողովը:
Ա. Ե. Իմ բացման խոսքում ասացի, որ մի քիչ անսպասելի գործընթաց է տեղի ունենում էպոսագիտության մեջ: Էպոսագիտության կենտրոնը տեղափոխվում է Արևելք: Եվրոպան, որն այնքան գեղեցիկ էպիկական հուշարձաններ է տվել մարդկությանը, սկիզբ դրել էպոսագիտական մտքին, այսօր զարմանալի անտարբերություն է ցուցաբերում ժողովրդական էպոսների հանդեպ: Վերջին տասնամյակներում ես չեմ հիշում եվրոպական էպոսներին (Նիբելունգները, Բեովուլֆը, Սիդի երգը, Ռոլանդի երգը, Կալեվալան և այլն) նվիրված գիտական միջոցառումներ, այսօր զարմանալի անտարբերություն է ցուցաբերում դրանց հանդեպ: Այնինչ Պեկինում, Բիշկեկում, Յակուտսկում և այլուր պարբերաբար տեղի են ունենում գիտաժողովներ` նվիրված արևելյան էպոսներին: Մեր մշակույթը եվրոպականի և արևելյանի մեջտեղում է գտնվում: Մենք, մի կողմից, ստեղծել ենք հարստագույն միջնադարյան (և իհարկե, նաև նոր) գրականություն, և թվում է, թե վաղուց պետք է կորցրած լինեինք մեր հետաքրքրությունը ժողովրդական էպոսի հանդեպ, ինչը կարծես թե բնորոշ է արդի եվրոպական մշակույթին: Բայց ահա Սասունցի Դավիթը մնում է մեր ամենասիրելի հերոսը, մենք կերպարվեստի և երաժշտության նորանոր գործեր ենք ստեղծում` նվիրված էպոսի հերոսներին (այդ մասին ևս եղան զեկուցումներ), շարունակում ենք գրքեր ու հոդվածներ գրել հայկական էպոսի մասին, պարբերաբար գիտաժողովներ ենք կազմակերպում` դառնալով էպոսագիտության կենտրոններից մեկը:
Կարծում եմ` այս իրողությունը մեր այսօրվա մշակութային կյանքի արժեքավոր կողմերից մեկն է, և մենք պետք է ձգտենք պահպանել ու զարգացնել դա: Դրանով մենք դիմադարձում ենք ապամարդկայնացման և ապազգայնացման այն երևույթներին, որոնք ավելի ու ավելի զգալի են դառնում արևմտյան մշակույթներում և սպառնում են նվաճել նաև մեր մշակութային տարածքը: Մտածելով և խոսելով մեր էպոսի, նրա հերոսների, նրանց հարաբերությունների մասին, մենք վերարծարծում և կենդանի ենք պահում կապը մեր նախնիների հետ, որոնք ստեղծել են էպոսը և նրանում արտացոլել իրենց պատկերացումները մարդու, բարոյականության, հավերժական (կամ այն ժամանակներում այդպիսին թվացող) արժեքների մասին: Մենք խորանում ենք մեր ինքնության ըմբռնման մեջ` առանց այդ ըմբռնումը հակադրելու Արևելքի և Արևմուտքի նկատմամբ ունեցած հարգանքին:
Ծաղկաձորում մեր գիտաժողովի նիստերը տեղի էին ունենում Գրողների ստեղծագործական տանը, և օգտվելով առիթից` ուզում եմ ասել, որ տան անձնակազմը` տնօրեն Մովսես Մանուկյանի գլխավորությամբ, ամեն ինչ արեց գիտաժողովի հաջողության համար: