«Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության գործունեության 30-ամյակի շրջանակներում ՀՀ գրողների միությունը և «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպությունը հայտարարել էին «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխություն ՀԳՄ անդամների համար: Նպատակն էր օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործություններ: Մրցանակաբաշխության պետք է ներկայացվեին անտիպ ստեղծագործություններ՝ բարեշնորհություն, մարդասիրություն, գթասրտություն, բարեպաշտություն, հայրենի հողի թեմաներով՝ արձակ, պոեզիա և մանկագրություն ժանրերում: Ամփոփվեցին մրցանակաբաշխության արդյունքներն, ու հունիսի 28-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մրցանակների հանձնումը:
Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց. «Ես կարծում եմ՝ բարեգործությունը միշտ ձգտում է դեպի սերը, գեղեցկությունը, և հենց մրցանակաբաշխության անունն այդ է վկայում՝ «Մարդ Աստծո», ձգտում բարեգթության, մարդասիրության, հայրենասիրության՝ այն ամենով, ինչով արվեստը արվեստ է կոչվում, գրականությունը կոչվում է գրականություն»: Նա նշեց, որ մրցանակաբաշխության համար անհրաժեշտ էր ներկայացնել անտիպ ստեղծագործություններ, սակայն որոշ հեղինակների ներկայացրած ստեղծագործությունները տպագրված էին, որոնք հայտնաբերվելով հանձնաժողովի կողմից, հանվել են մրցույթից: Նա շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին:
Արձակ անվանակարգում առաջին մրցանակ չի շնորհվել, երկրորդ մրցանակի արժանացան Գրիգոր Ջանիկյանը, Նանեն, երրորդ մրցանակի՝ Վրեժ Սարուխանյանը, Կարինե Ռաֆայելյանը։ Պոեզիա անվանակարգում առաջին մրցանակը շնորհվեց Խաչիկ Մանուկյանին, երկրորդ մրցանակը՝ Անդրանիկ Կարապետյանին, երրորդ մրցանակը՝ Հասմիկ Սարգսյանին, խրախուսական մրցանակի արժանացավ Գոհար Գալստյանը։ Մանկապատանեկան անվանակարգում առաջին մրցանակը ստացավ Սաթենիկ Ղազարյանը, երկրորդ մրցանակը՝ Ալիս Հովհաննիսյանը, խրախուսական մրցանակների արժանացան Ալվարդ Հովսեփյանը, Օլգա Դարյանը, ։
Արևելյան Ամերիկայի Կիլիկիո Թեմի առաջնորդ, «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության նախագահ Գերաշնորհ Տ. Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանի օրհնությամբ սկսվեց միջոցառումը: Նա նշեց, որ մրցանակաբաշխությունը կազմակերպվել է՝ հարազատ մնալով կազմակերպության հիմնադիր Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի ոգուն. «Ինձի համար սրտի մեծ գոհունակութիւն է եւ ցանկալի օր, երբ կը գտնուիմ Մեսրոպ Մաշտոցի զինակիցներով, հայ մշակոյթի մնայուն բերդապահներով՝ հայ գրողներով շրջապատուած: Դուք գրչի զէնքով կը փորձէք անաղարտ պահել հայ քրիստոնեայի ինքնութիւնը, էութիւնը, դիմագիծը եւ առաքելութիւնը: Հերոսները միայն ռազմաճակատներուն վրայ չէ, որ կը դառնան հերոս, այլ նաեւ անոնք, որոնք առօրեայ կեանքին մէջ կը պայքարին գրիչով, որպէսզի չմեռնին ոչ թէ միայն մարմինները, այլ ընդհակառակը՝ ոգին, հոգին, տեսիլքները, երազները, որ աւելի ժողովուրդ մը կը պահէ կենդանի: Կը շնորհավորեմ մեր բոլոր գրչի հերոս – հերոսուհիները»:
Հանձնաժողովի նախագահ Սուրեն Դանիելյանը ներկայացրեց կատարված աշխատանքը, շնորհակալություն հայտնեց Տեր Անուշավան արքեպիսկոպոսին «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության համար, առաջարկեց մրցանակաբաշխությունը դարձնել շարունակական և հիմք դնել գրողների դերի գնահատության ու հանրաճանաչության ասպարեզում: «Հանձնաժողովն առաջնորդվել է դրված նախապայմանով՝ մրցանակաբաշխությունն անտիպ ստեղծագործությունների համար էր, որի պատճառով վերարժևորվել են որոշ ստեղծագործություններ, որոնք տպագրված էին: Մեր աչքի առաջ տեղի է ունեցել գրական աշխարհի սերնդափոխություն, որը ցույց է տալիս մեր աստիճանական փոփոխությունը գրական ավանդույթի և գրական նորարարության ճանաչման սահմանների միջև. սահմանագիծ, որը գրողների հետ միասին հատում են նաև հանձնաժողովի անդամները»,- ասաց նա:
Այնուհետև «Մեծն Ներսես» ԲՀԿ տնօրեն Տիգրան Գալստյանը մրցանակները հանձնեց մրցանակակիրներին:
Սեփ. լրտ.