Տարիների հիշողությունը ավելի է ամբողջացնում իմ մեջ հայ գրողի և Հայաստանի գրողների միության մասին իմ պատկերացումները։
1960 թվականին «Պիոներ կանչ» թերթը հայտարարել էր պատանիների ստեղծագործությունների մրցանակաբաշխություն։ Ես սովորում էի Իջևան քաղաքի համար 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում։ Իմ ուժերի նկատմամբ ունեցած անվստահությունը ինձ չխանգարեց մասնակցել տվյալ մրցույթին։ Իսկ մի օր էլ իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին, «Պիոներ կանչ» թերթը ձեռքին, մտավ դասարան և հրճվանքով հայտարարեց, որ ես հանրապետական մրցույթի հաղթող եմ ճանաչվել։ Մի քանի օր անց Գրողների միության և կոմերիտմիության կենտկոմի ներկայացուցիչները հանդիսավոր պայմաններում ինձ հանձնեցին հաղթողի մրցանակը՝ ՀԼԿԵՄ կենտկոմի պատվոգիրը և չինական ոսկեծայր գրիչը։
Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիներին գրական ստուդիայի նախագահն էի, գիտական ղեկավարն էր ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը։ Այդ տարիներին գրական ստուդիայի անդամներից կուզեի հիշատակել Հենրիկ Էդոյանին, Դավիթ Հովհաննեսին, Սլավիկ Չիլոյանին, Հովհաննես Գրիգորյանին, Ալվարդ Պետրոսյանին, Ալիս Հովհաննիսյանին, Ծովինար Հարությունյանին…
Երբ աշխատում էի Իջևան քաղաքում որպես Կոմերիտմիության շրջկոմի առաջին քարտուղար, հյուրընկալեցի ՀԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանին։ Նրա հետ էին Անժիկ Հակոբյանը, Հովհաննես Գրիգորյանը, Հենրիկ Էդոյանը։ Վարդգես Պետրոսյանն ինձ առաջարկեց դիմել Գրողների միության անդամ դառնալու համար, քանի որ ծանոթ էր «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Ծիծեռնակ», «Սովետական մանկավարժ» թերթերում տպագրված իմ բանաստեղծություններին։ Ինձ անպատրաստ էի զգում դրա համար, ուստի՝ չդիմեցի։ Իսկ երբ արդեն երկու գրքերի հեղինակ էի, բանաստեղծներ Ղուկաս Սիրունյանի, Ռոմիկ Սարդարյանի և Բագրատ Ալեքյանի երաշխավորություններով դարձա ՀԳՄ անդամ, տոմսը ինձ հանձնեց Լևոն Անանյանը։ 18 տարի այդ միության անդամն եմ, և ինձ պարտավորեցնում է այն, որ այդ միության անդամներ են եղել Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հովհանես Շիրազը, Սերո Խանզադյանը,Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը և ուրիշներ…
ՀԳՄ վարչության անդամ լինելը օգնում է ավելի մոտ կանգնել միության առջև դրված խնդիրներին, և, կարծում եմ, դեռ շատ լուրջ անելիքներ կան մեր միության, գրողի պատասխանատվությունն ու հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ։
15 ժողովածուների հեղինակ եմ, իմ բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրել Արամ Սաթյանը, Սասուն Պասկևիչյանը, Մարտին Ահարոնյանը, Սուսաննա Սաֆարյանը, Մայա Աֆրիկյանը, Ռազմիկ Բաղդասարյանը և ուրիշներ, որոնց կատարմամբ հանդես են եկել ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանը, Ռաիսա Մկրտչյանը, անկրկնելի Հովհաննես Չեքիջյանի պետական երգչախումբը, պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Իմ «Ձայն Հայրենյաց» պոեմը բեմադրվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Դարձել եմ Հայաստանի գրողների միության և պաշտպանության նախարարության մրցանակակիր, արժանացել բազմաթիվ մեդալների և այլ խրախուսանքների։ Այս ամենի համար պարտական եմ Հայաստանի գրողների միությանը, իմ գրչակից ընկերներին։
Հայաստանի գրողների միությունը այսօր 90 տարեկան է. շնորհավոր ծնունդդ…
Ամեն մի քաղաքացի, կարևոր չէ՝ գրող է, թե պետական գործիչ, պետք է գնահատի և հպարտանա, որ ի՛ր գրողների միությունն է 90 տարեկան, և որ ո՛չ միայն գրողն է պետական արժեք, այլև նրա տունը՝ Գրողների միությունը։ Ուստի՝ չպետք է անլուրջ մոտենալ այդ գրական մշակութային կառույցին և ստանձնել նրա պահպանության ու զարգացման գործը…
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խոսքս ուղղել նաև պետական որոշ այրերի ու գործարարների։
Ձեր ճոխ առանձնատները, ամառանոցներն ու աշխատասենյակները մուտք ու ելք անելիս աչալուրջ նայեք ձեր շուրջը, արժանվույնս գնահատեք նրանց, ովքեր կյանքի գնով հսկում են մեր սահմանները, գնահատեք և ծառայեք ծնող հերոս մայրերին, նաև նրանց, որոնք այս հողի և մեր հոգևոր արժեքների մշակներն են, առանց որոնց հայրենանվեր գործունեության մեր սուրբ ու պատմական հողը կարող է քարանալ, հոգու սպառնացող սովը կարող է խժռել մեր անցյալը, ներկան և ապագան, իսկ ձեր կուտակածը դառնալ փոշի՝ օտարի ասպատակող ձիերի սմբակների տակ։ Թող Աստված նորից մեզ խելք տա, որպեսզի լույսը երբեք չհեռանա մեր սուրբ երկրի երկնակամարից…