Ու եղավ այնպես, որ հողն այլևս չէր պահում Դավթի որդուն, քաջին Սասնա աշխարհի.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա…
Եվ գնաց ու փակվեց Փոքր Մհերը Ագռավաքարում՝ մեր և իր հայացքների ու մտքերի առաջ թողնելով ժայռակոփ փակ դուռը: Բայց նրա պատգամին հավատարիմ չեղանք և «ցորեն քանց մասուր մի ու գարին քանց ընկուզ մի» անելու փոխարեն, եղածն էլ փոքրացրինք, ցիրուցան արինք: Ու Դուռը փակ մնաց: Հետո այլ դռներ էլ փակվեցին. Հայոց ողջ Ոստան օտարին թողինք, աշխարհով մեկ շաղ եկանք՝ այս անգամ էլ մեր շիկացած հայացքներով ու մտքերով բախվելով մեր առաջ փակ դարպաս դարձած Մասիսներին: Որովհետև ոսկին ավելի դասեցինք, քան կյանքն ու արժանապատվությունը. թուրքի թրքության դեմ՝ մինչև արհավիրքը մեծ, միայն փոքրաթիվ՝ զենքի կարոտ հայդուկներ ծառացան: Իսկ ամեն շենի տակ, այգիների ծառ ու թփի արմատներին պահ ոսկի կար, որ հետո թուրքին ու քրդին տալիս հազվադեպ էր միայն կյանքագին դառնում: Բայց մարե՞ց ոսկու տենդը հոգիներում, դաս դարձա՞վ ապրածի արյունոտ հուշը: Էհ, երանի չէ՞ր… Այդպես լիներ, այսօր ես իմ երկրի ճանապարհներին կհանձնեի ինձ՝ նրա անսպառ հմայքները վայելելու համար միայն: Իսկ գնում եմ, որովհետև իմ, մե՛ր ոտքերի տակ էլ հողը օր օրի «ղալբանում» է: Բայց այլևս գնալու տեղ չունենք. անհնար հրաշքով էլ լինի՝ այս հողի հետ մի մարմին ու մի հոգի դառնալով պետք է և՛ մեզ, և՛ նրան փրկենք:
Կանաչ երանգների ու ծաղկաշքերթի միջով մեքենան սլանում է առաջ. դեղին ու սպիտակ ծաղկափնջերը դեղին ու սպիտակ փրփուրներ են հիշեցնում՝ կանաչ ալիքներին խայտող: Կենդանի «կտավները»՝ մեկը մեկից գեղեցիկ, ասես մրցության են…
– Նայեք, Ամուլսարն է,- վարորդի ձայնը սառը ցնցուղի պես սթափեցնում է: Կակաչներից, տերեփուկներից վեր, ավելի վեր՝ լեռների վերուվարի ետևում, սարի գծագրությունն է: Արդեն կանաչ հանդերձը մի կողմ է քաշվել ու բացել մերկությունը լեռան: «Լիդիան ինթերնեյշնլ» կոչված պատուհասը իր գործը լավ գիտի. լեռան վրա վերքի պես բացված հողագույն տարածքում ակտիվ շինարարություն է արդեն ընթացել: Ամպերն իջել են, հարազատի պես գրկել սարը, և նա ասես ուզում է ամպաքողով ծածկել իր ու մե՛ր ամոթը:
Ամուլսարը Վայոց ձորի ամենաբարձր սարն է՝ 3000 մետր բարձրությամբ, Ջերմուկից ընդամենը 10 կմ հեռավորության վրա է գտնվում: Այստեղ շատ գետեր ու աղբյուրներ են հոսում և ձևավորվում: Ջերմուկի հանքային, բուժիչ աղբյուրները ևս հիմնականում սկզբնավորվում են այստեղ: Իսկ Ամուլ է անվանվել, քանի որ ընդերքում թունավոր էլեմենտներով հանքի մեծ պաշար ունի և վրան բուսականություն գրեթե չկա: Այստեղ, իհարկե, չեմ կարող չբողոքել. լերկ լեռների պակաս Հայաստանում չկա, անունների պակաս երևի թե՝ նույնպես, ասենք՝ Քաչալ սար, բայց ինչո՞ւ այս սարը այսքան դաժան անուն է ստացել, որ այսօր էլ ճակատագիր է դառնում: Ինչո՞ւ ոչ՝ ԱՄՈՒՐ սար. այսքան մետաղ իր մեջ ունեցող լեռանը դա ավելի չի՞ վայելում: Կամ ինչո՞ւ «Վայոց ձոր»… Ինչո՞ւ ենք մեզ հետ դարերով տանում ինչ-որ մի ողբերգության կնիքը: Անվանեք, ասենք, «Վերոց ձոր», ինչ սրտներդ կուզի, բայց… Բառերի հետ զգույշ եղեք, որովհետև «Ի սկզբանէ էր Խոսքը»…
Ամուլսարն ուսումնասիրված է խորհրդային տարիներին՝ 70-ականներին: Այն ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հրահանգել է հատկապես ոսկու հանքերի մասին որևէ տեղեկություն չուղարկել Մոսկվա: Տեղեկությունները պահվում էին խիստ գաղտնի: Բայց այժմ, երբ ինքնիշխան պետություն ենք և վախ չկա օտարի կողմից թալանվելու, ինքներս ենք ոտուձեռ ընկած դրանք նվիրում այլոց, օտարին «Էստի համեցեք» ասում. եկե՛ք, թալանե՛ք, տարե՛ք, հարստացե՛ք, ապականե՛ք մեր աշխարհը, խլե՛ք մեզնից մեր և մեր սերունդների ապրելու իրավունքը:
Մոտակա տարիների ընթացքում պատրաստվում են սարի ոսկեբեր կվարցիտներից ցիանային լուծույթով կորզել ոսկի և արծաթ, չմոռանանք, որ այդտեղ նաև ուրան կա և շատ այլ թանկարժեք մետաղներ: Դա հանձնված է 2005 թ. գրանցված նախկինում՝ «Գեոթիմ», ներկայումս՝ «Լիդիան Արմենիան» անվանված ընկերությանը, որը, որպես քողարկում, այդտեղ նախ հանդես եկավ մի քանի անհեռատես ՀԿ-ների «անմեղ ու անշառ» և, ոչ ավելի, ոչ պակաս, բնապահպանական ծրագրերով՝ թափոնների դեմ պայքար և այլն: Իսկ իր հայտնությունը հայտարարեց ավելի լկտի ձևակերպումով՝ «Հայաստանի ոսկյա ապագան»:
Հետազոտողների կարծիքով, իրականում հանքում մոտ 250-300 տոննա ոսկի կա, մյուս հանքատեսակները չհաշված: 50-60 տարի այդ հանքը հնարավոր է շահագործել, և, բնականաբար, եկածները չեն հեռանա, մինչև լրիվ չդատարկեն եղածը: «Լիդիանը» լռում է իրական քանակի մասին. դե իհարկե, ամեն բան արվելու է, որ մեր ունեցածից մեզ հնարավորինս ավելի քիչ փշրանքներ հասնեն: Հանքի տարածքում աշխատողների մեջ ջերմուկցիները շատ քիչ են: Մեզ հայտնում են, որ աշխատողներին հիմնականում մեկ տարուց ազատում են աշխատանքից: Խորամանկ հաշվարկ է. մեկ տարում դեռևս ակնհայտ առողջական շեղումներ չեն արտահայտվի: Իսկ թե ինչ կլինի հետո՝ իրենց ի՞նչ… Թերևս դա է այլ տեղերից աշխատողներ հավաքագրելու կարևոր պատճառը. փոքր քաղաքում նրանց աշխատանքից շուտ ազատելը աչք կծակեր:
Հայաստանում շատ լեռներ են իրենց ընդերքում, գանձարանի պես ապահովաբար, ոսկու և այլ թանկ պաշարներ պահում: Այս լեռնոտ, քարոտ աշխարհը, որից հաճախ անհարկի դժգոհում ենք, Վերնայինից մեզ տրված մեծ գանձ է, որը, եթե խելամիտ օգտագործենք, միշտ նեղ օրվա համար փրկություն կարող է դառնալ: Սակայն չօգտագործելու դեպքում էլ ապահովության գիտակցությունը կա, որ գանձարանը դատարկ չէ, և որ եկող սերունդներին լուրջ կտակ ունենք փոխանցելու: Իսկ խելամիտ օգտագործելն այն է, որ ամենադժվար ժամանակներում միայն, ամենասուղ չափով միայն, հանքահանության ամենաանվնաս եղանակով միայն պետք է ձեռքը գանձարանին մեկնել և չմոռանալով, որ այն մեզ տրված է հավերժության համար:
Իսկ ընդերքի անխնա օգտագործելը, այն էլ՝ օտարին հանձնած, գոհանալով միայն տոկոսներով, սեփական երկրի թալան է պարզապես: Բացի դա, հանքերի բաց մեթոդով շահագործումը երկիրը կամայացնի: Փակ մեթոդն էլ է վտանգավոր, և այն անվտանգության խիստ հաշվարկներով և նորագույն սարքավորումներով է պետք ձեռնարկել: Միայն Ամուլսարը շահագործելու դեպքում Հայաստանի մոտ 70 տոկոսը կարող է թունավորվել: Հանքաքարի պայթեցման արդյունքում անջատվող ուրանը, մկնդեղը նույնպես փոշու ձևով անցնում են շրջակա միջավայր: Ողջ Հայաստանը կաղտոտվի ոչ թե դարերով, այլ հավերժ ու… ողջ Հայաստանը կդառնա Ամուլ: Թշնամու ասպատակող բանակներն անգամ այդքան մեծ հարված և վնաս չէին կարող պատճառել, որքան արդեն շահագործված հանքերը, և որքան կանեն նորերը: Այդպես, մի քանի տարուց մեր ունեցածը կլինեն դատարկված ու թունավոր տարածքները, թույնն առած իրենց հետ՝ այն ամենուր տանող ջրերը, մեզ իր վրա այլևս պահելու անընդունակ, «ղալբցած» հողը: Բնակիչների մի մասը նորից գաղթի ճանապարհ կբռնի, մյուս մասը, երկրին հավատարիմ, առողջությունը քայքայելով, այնուամենայնիվ, դարձյալ «կհեռանա»: Ճիշտ ինչպես… Եղեռնի ժամանակ:
Բոլոր երկրներում, նույնիսկ Ռուսաստանի նման հսկայական երկրում, ոսկու հանքահանությունը, բացառությամբ հատուկենտների, փակ է, որպեսզի շրջապատի բնության մաքրությունը չխաթարվի: Իսկ ի՞նչ ենք անում մենք մեր սրտաչափ երկրում, որտեղ ամեն մի շարժում երկրով մեկ է տարածվում ու արձագանքվում: Եվ այն էլ հրաշք գեղեցկությամբ, իր բուժիչ ջրերով հայտնի ու հարուստ Ջերմուկում: Հետո, արդեն Ջերմուկում, նախկին քաղաքապետ, իրավաբան Ռուբեն Մարկոսյանն ասելու է. «Ջերմուկը աշխարհի մակարդակով անգամ եզակի՝ բուժիչ ջրերի առատությամբ առողջարանային և տուրիզմի քաղաք է: Բնականաբար, բացառվում է մոտերքում հանքարդյունահանում ցանկացած գնով, շահույթով: Նման բան որևէ մեկի մտքով անգամ չպետք է անցներ: Արդյունքում՝ կկորցնենք մարդկանց առողջություն պարգևող այս հեքիաթային անկյունը, և հանքային ջուրը բուժիչ լինելու փոխարեն կդառնա թունավոր. կենդանի ջուրը՝ մեռյալ»:
Ոսկու հանքի շահագործումն օտարի կողմից միշտ էլ միայն վնաս է այդ երկրին, որովհետև, ինչպես արդեն նշվեց, միշտ թաքցվում են իրական պաշարների չափերը և ժողովրդին՝ Աստծուց տրված հարստությունից, չնչին տոկոսներ են միայն շպրտվում, այն էլ ոչ թե ժողովրդին, այլ ագահության ծայրը չտեսնող հատուկենտներին: Այս ոլորտը նաև ամենաստվերայիններից է, դրանց հիմնական տերերը անտեսանելի մնալու բոլոր ձևերը փորձում են սեփականել:
Տարբեր իշխանավորներ, գործարարներ՝ ոսկու, մեծ շահույթի «հոտն առած», մոռացած ազգ, հայրենիք, սերունդների ապագա (նաև հենց իրենց), օտարի կողքին կանգնած՝ լծվել են այդ ազգադավ գործին: Նրանք նախարարներ են, մարզպետներ, ավելի բարձր պաշտոնյաներ: Սակայն որքան էլ ջանան, մամուլում հաճախ շրջանառվել են նրանց անունները, և ժողովուրդը լավ էլ գիտի այդ՝ մեր երկրի հյութը քամողներին: Եվ երբ իշխանավորները հիվանդանում են «ոսկու տենդով», շատերն են արդեն ձգտում այնտեղ. նրանց ենթակաները «մեղրի կարասի» շուրջ մանր ու միջին չափի «գդալներով» խռնված պնակալեզ պաշտոնյաներ են: Այդպիսիները պատրաստ են ցանկացած դավաճանական քայլի գնալ, որովհետև դրա դիմաց վերինները երբեմն հաճելիորեն շոյում են իրենց գլուխները և, անշուշտ, նաև՝ գրպանները: Դաժան է, երբ երկրի, մարզերի, քաղաքների պատասխանատուները՝ շահին գերի դարձած, իրենց վերապահում են միայն հնազանդորեն հրահանգ կատարողի դերը՝ աչք փակելով ամեն ապօրինության առաջ:
Արդեն Թեղուտը ինչ-որ չափով «մշակել են», Քաջարանի հանքահանությունը վտանգել է Սյունիքը, Ամուլսարն էլ շահագործելու դեպքում Հայաստանի հսկայական տարածքը կթունավորի:
Դժվար է հավատալ, որ հայն ընդունակ է նման հակահայության: Չնայած, Նժդեհի ասած հայի տականքը միշտ կա. քիչ, բայց կա, սակայն… Չե՞ք կարծում, որ գենի մեջ մտնելու կարիքը կա, որովհետև հաստա՛տ նմանների մոտ գենետիկ մակարդակում ինչ-որ բան այն չէ, և բնավ էլ հայի տեսակը չէ մեր քայլի առաջ անհոգի ու դաժան Պատի պես ծառանում:
Ոսկի որոնողները, հիմնականում Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ գալով Հայաստան, այնուհետև հաջորդի թողտվությամբ, շարունակել և շարունակում են իրենց գործը: Ասես Հայաստանի բնապահպանության նախարարության (և ոչ միայն) գործը այդ խայտառակ գործարքները գլուխ բերելը և նրանց ճանապարհին կանաչ լույս վառելն է:
«Իհարկե, ցանկալի չէ, որ դա լիներ Ջերմուկին մոտ: Սակայն երբ զգանք, որ վտանգ կա, արդեն քայլեր կձեռնարկենք: Ես մասնագետ չեմ և վստահում եմ կառավարությանը: Այս տարիներին «Լիդիանի» կողմից ներդրումներ են արվել՝ երաժշտական դպրոցն է վերանորոգվել, անհատների բիզնես ծրագրերի համար գումար փոխանցվել». սա արդեն մոտ 10 տարի Ջերմուկի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Վարդան Հովհաննիսյանն է հանգիստ հայտարարելու:
Պատկերացնո՞ւմ եք. Հայրենիքի դիմաց՝ երաժշտական դպրոցի վերանորոգում, մի քանի հարուստների բիզնես- օգնություն…
Լավ է, որ նոր կառավարությունը վերջապես ժողովրդինն է, և բոլոր ոլորտների հետ նաև հանքահանության վիճակի իրական պատկերը պարզելու ցանկություն ունի: Սակայն մեզանում արդյոք կա՞ն այդ պրոֆեսիոնալ մասնագետները կամ գեթ սրտացավ, սեփական քթից այն կողմ տեսնողները. եղածները մինչ այժմ թույլտվության փաստաթղթերի տակ հլու- հնազանդ ստորագրողներն են, իսկ այս ու այն կողմից խնդիրը բարձրաձայնող և դրա մասին լավատեղյակ մարդիկ միշտ պետության կողմից արհամարհվածներն են եղել ու պաշտոն չունենալու պատճառով՝ զրկված են եղել միջամտելու իրավունքից:
Չնայած առանց հետազոտելու էլ պարզ երևում է, որ հանքի շահագործումը համազգային, համաերկրային աղետ է դառնալու. մեղմացնելու, վնասազերծելու հավաստիացումները հեքիաթներ են միայն: Այն չի կարելի շահագործել անգամ փակ եղանակով:
«Արդեն Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին հանքավայրերի լիցենզիա տալու գործընթացը չափազանց հեշտացվեց: (Դե իհարկե, դեպի որևէ նպատակակետ գնալու համար նախ ճանապարհ պետք է գցել):
«Երկիրը քանդելու դիմաց տրվող աշխատավարձը ոմանց կողմից զարմանալիորեն համարվում է կարևոր գործ,- մինչև Ջերմուկ մեր՝ իմ և արձակագիր Ալիս Հովհաննիսյանի գործուղման մեկնելը, զրույցի ընթացքում ասաց բնապահպան Հակոբ Սանասարյանը.- Հանքի դատարկ ապարները ևս մեծ քանակի ծանր մետաղներ և ռադիոակտիվ նյութեր են պարունակում: Իսկ պայթեցումներից հետո էլ ճեղքեր են բացվելու, որտեղից թունավոր նյութերը թափանցելու են նաև երկրի ընդերք և աղտոտելու ստորգետնյա ջրերը: Պետք է պարզապես այդ հանքահանությունը արգելվի: Ընկերությունը հաղթելու որևէ շանս չունի. իրավական, օրինական կողմը մերն է»:
Դեռ ճանապարհին ենք, և կանաչն իր երանգներով, լեռների՝ իրար թիկունք թիկունքի պահապանների պես խոյացումը ջնջում են մռայլ մտքերի մշուշը, տանում իրենց հետևից:
– Տեսե՛ք, նրանց բազան… Ցիանային հարթակը:
Բարալիկ, նորատունկ ծառերի ու ընկերության կողմից սարքված բարիկադներ հիշեցնող ձգվող հողաթմբերի ետևում մրաղ մտած չարիքի շունչն է զգացվում. շատ մոտ, մի քանի քայլի վրա, բայց… տարածքը փակ է, այնտեղ ոչ ոքի չեն թողնում: Իսկ դա հսկայական տարածք է, կենտրոնում՝ Ամուլսարը: Այստեղ փակ Դուռը ընդամենը թփերն են, հողաթմբերը, ինչ-որ երկաթյա լարեր: Բայց ժայռակոփից ոչ պակաս ամուր ծառացած մեր քայլի դեմ: Հետո Գնդեվազում էլ «Լիդիանի» գրասենյակ մտնել մեզ թույլ չեն տա: Հուսամ, որ դեռևս…
Տեղում ենք:
Երկու օրվա մեջ Ալիս Հովհաննիսյանի հետ փորձում ենք հանդիպել Ջերմուկի ներկա և նախկին պաշտոնյաների, պարզապես բնակիչների հետ:
Հասմիկ Սարգսյան. բժիշկ-թերապևտ, ֆիզիոթերապևտ, ավագանու անդամ. «Սա հայաթափման ծրագիր է, հայրենադավ քաղաքականություն, քանի որ տանելու է բնակավայրի անապատացման: Տոննաներով ցիանիդ է պետք ոսկին կորզելու համար: Արդեն մոտ 260 հա տարածությամբ ցիանային հարթակ է պատրաստված բաց հանքի համար: Մեզ, ասես երեխաների տեղ դրած, հանգստացնում են, թե ամեն բան լավ մտածված է. հարթակի վրա գնդակներ են լինելու, որպեսզի թռչունները չկարողանան կտցել այնտեղի պարունակությունը: Իսկական ծաղր: 10 տարի է արդեն շինարարական աշխատանքները տարվում են: Առաջին 5-6 տարիներին դեռ չգիտեինք, թե դա ինչ շինարարություն է, բայց արդեն հիվանդացությունն ակնհայտ էր: Այդ թույները, փոշին ազդում են վերարտադրողականության վրա, ալերգիայով, քաղցկեղով հիվանդներն են ավելացել, շատերի մոտ առկա է խրոնիկական հոգնածություն, և այն էլ այս առողջարանային վայրում: Ո՞ւր գնանք, այստեղ եմ ծնվել, այստեղ մեր պապերի գերեզմաններն են. նորից տարագի՞ր դառնանք. այն հողը, որն արյունով ենք պահել, նվիրենք ինչ-որ մի Լիդիանի՞»:
Հանքահանության արդյունքում առաջացող թունավոր նյութերը իրականում, իսկապես, խիստ վնասակար են առողջության համար, տարբեր հիվանդություններ են առաջացնում, քաղցկեղածին են: Դրանք չեն վերանում, չեզոքացվում. այդպես էլ բնության մեջ իրենց շրջապտույտն են անում անվերջորեն՝ հողից ջուր, ջրից հող՝ բուսականություն, մարդ, կենդանի դարձնելով իրենց ասպատակության զոհերը: Մասնագետների կարծիքով, հանքաքարի մշակումից թունավոր փոշու սարեր են առաջանալու, և այն վնասազերծելու համար օգտագործվող ջուրը, որքան էլ շատ լինի, չի կարող բավականացնել: Եվ հետո, որտեղի՞ց այդքան ջուր՝ հանքային ջրե՞րն են վերածելու ընդամենը փոշեկուլների: Քանի որ այդ փոշին ծանր է, մետաղական՝ ոչ մի անձրևով այն չի մաքրվում: Այն արդեն իսկ պատուհաս է դարձել:
Ահարոն Արսենյան. տնտեսագետ. «Թվով մոտ 100 երիտասարդներով 1500 ստորագրություն՝ ավագանու նամակի հետ ներկայացրել ենք կառավարությանը: Դեռ հանքը չեն շահագործել, բայց արդեն փոշին չեն կարողանում կառավարել: Այն ամենուր է, անձրևները, մաքրելու փոխարեն, կեղտոտում են շրջապատը: Այս գործում շատ օրենքներ են խախտված: 2013-2015 թթ. կառավարությունը փոխել է օրենքները, հարմարեցրել այդ նպատակներին: Մեր տարածքում նաև շատ բուսական և կենդանական հազվագյուտ տեսակներ կան, որոնք Կարմիր գրքում են գրանցված: Օրենքով արգելվում է նման վայրերում եղած վիճակը անգամ վատթարացնել, էլ ուր մնաց՝ կործանելը:
Մակեդոն Ալեքսանյան. ինժեներ տնտեսագետ, ավագանու նախկին անդամ. «Վաղուց եմ զբաղվում այս խնդրով և ընդհանրապես բնապահպանական հարցերով: Բայց բնակիչները սկզբում՝ որը շահից առաջնորդվելով, որը՝ վախից, այնքան էլ չեն ընդդիմացել այս ամենին, չեն բարձրաձայնել խնդիրը: Հիմա արդեն, բնականաբար, ավելի համարձակ են դարձել: Բայց այս տարիների ընթացքում արդեն Գնդեվազի, Կեչուտի ջրերի համն այլևս առաջվանը չէ, անտառներ են հատվել: Ընդհանրապես շատ բան պետք է փոխվի, բայց նախ մենք պետք է փոխվենք, որ այլ փոփոխություններ էլ լինեն»:
Բնակիչները անհանգիստ են, բայց Թավշյա հեղափոխության ալիքը հույսով է լցրել բոլորին, վստահությամբ, որ արդեն իսկապես, որպես երկրի տերեր, կկարողանան կանգնեցնել հանքահանության անվերահսկելի ընթացք-արհավիրքը: Կկանգնեցվի նաև այս հրաշք քաղաքի քիչ առ քիչ քայքայումը՝ թալանի ու առուծախի, առուփախի արդյունք կիսավեր, այս ու այնտեղ փարթամ կանաչի միջից ուրվականների պես նշմարվող ու թախիծ բերող շինությունների տեսքով: «Այս վեց պանսիոնատները չեն գործում, կինոյի շենքը վաճառել են՝ բա կինոյի շենք էլ կվաճառե՞ն,- զարմանքով ասում է վրդովված ջերմուկցին,- էս էլ մշակույթի տունն է, էս էլ… Էս մեկն էլ՝ Սոսը ծախեց Էմիլին, Էմիլն էլ ուզում է ծախել…»:
Բայց միևնույն է, այստեղ «բոլոր ճանապարհները տանում են դեպի ԳԵՂԵՑԻԿԸ: Ջերմուկը թարմ կանաչի ու դեղին մատնունիների ծփանքի մեջ է: Արփա գետը՝ ծաղկափրփուրը կատարներին առած ժայռեղեն ալիքներին միաձույլ, աջ ու ձախ գալարվող հմայք է:
Եվ… ոսկին տեսնել ու չտեսնել ոսկուց ավելի թանկ այս շքեղությո՞ւնը…
Մարդկանց հետ հանդիպումները որքան էլ կարևոր են, ես ավելի շատ եկել եմ երես առ երես քեզ հետ զրուցելու, Բնություն, քո ծառ ու թփի, օդ ու ջրի և ԱՄՈՒՐ սարի հետ: Եվ չեմ կարող չզգալ քաղաքի այս ու այն անկյունում քչքչացող աղբյուրների ջրերի տագնապը. ջուրը մեզնից շուտ է հասկացել գլխի գալիքը, նա հիշողություն ունի, հույզեր, նա մեր վիրավոր սարի լանջերից է գալիս: Նույն զգացողությունը Ջրվեժի մոտ է. Ջրվեժը թրթռուն, ալիքվող ճերմակ հարսնաքող է ասես, բայց… մեր զրույցը նույն տագնապներով է լեցուն:
Ամենուր իր՝ բանաստեղծի զգայուն հոգու մտահոգությամբ ու անհանգստությամբ մեզ հետ է ջերմուկցի պոետ Վարդգես Խանոյանը: Որևէ խնդիր չունենք ցանկացած հանդիպումը կազմակերպելու: Ու հետդարձի ճանապարհին՝ Գնդեվազ գյուղում, մեզ արդեն գնդեվազցիներն են սպասում: Ե՛վ բողոքում են, և՛ արդարանում նախկինում այդ գործընթացի դեմ չընդվզելու համար:
Միհրդատ Ներսիսյան. ինժեներ, Գնդեվազ գյուղի բնակիչ. «Ցիանային հարթակի համար գյուղացիների հողերը գնեցին շատ մեծ գներով, բայց նախ ահաբեկելով, որ չվաճառելու դեպքում ստիպված են լինելու գրոշներ ստանալ դրանց դիմաց, որովհետև այդ տարածքը հանրային գերակա շահ է հայտարարվելու: Դե, մարդիկ էլ հավատացին, վախեցան: Աշխարհում ոչ մի տեղ ցիանային հարթակի նման առաջին կարգի թունավոր տարածքը 25-60 կիլոմետրից մոտ չի լինում բնակավայրերին, իսկ այստեղ 1 կմ-ի վրա է, Արփա գետից էլ հեռավորությունը 200-300 մետր է: Փոշու, ձայնի ազդեցություններն արդեն ակնառու են, արոտավայրերն են ավերվել, անասունը որոշ տեղերում ո՛չ ջուրն է խմում, ո՛չ էլ խոտն է ուտում»:
Որքան էլ փորձեն արդարանալ, այնուամենայնիվ, բնակիչները թերացել են, նրանք կարող էին միակամ լինել և կանգնեցնել այս ընթացքը: Ինչպես երբեմն եղել է, երբ գյուղերի բնակչությունը, մեծով ու փոքրով, փակել է դեպի իրենց լեռները տանող ճանապարհները և խափանել գյուղի կողքին հանքերը հոշոտելու և թունավոր պոչամբարներ թողնելու նպատակով եկածների ծրագրերը:
Այդպես եղել է Լոռու մարզի Արդվի գյուղում: Արդվիի բնակիչները տապալել են հանքի վերաբերյալ հանրային լսումները: Նրանք ոչ մի գնով չեն համաձայնել հանքի բացմանը, որովհետև լավ են հասկացել, որ որքան էլ վտանգի բացակայության փաստարկներ բերվեն, ծրագիրը փոխելու է ստորգետնյա ջրերի որակը, օդի, հողի, իրենց առողջության որակը, և այս խնդիրը լինել-չլինելու, կյանքի ու մահվան հարց է: Եվ նրանք շարունակելու են դեմ լինել հանքի բացմանը. «Մենք` Մղարթ, Արդվի, Օձուն, Այգեհատ, Արևածագ բնակավայրերի բնակիչներս, հայտարարում ենք, որ մեկ համայնք ենք: Մենք չենք ցանկանում դառնալ հանքարդյունաբերական կցորդ, ինչն արդեն տեսել ենք Մղարթ գյուղում, երբ հանքարդյունաբերությունն աղտոտել է գյուղի մաքուր ռեսուրսները` ջուրը, հողը, օդը` չկրելով որևէ պատասխանատվություն: Մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ` զարգացնել մեր Օձուն մեծ համայնքը կայուն, երկարաժամկետ, շրջակա միջավայրի համար անվտանգ տնտեսություններով, և թույլ չենք տա խոչընդոտել մեր զարգացման ծրագրերին»,- հայտարարել է «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը:
Հետդարձի ճանապարհին ծաղկասքող լեռնալանջերն ու հեռաստանները դարձյալ իրենց հմայանքների գերի են անում ինձ, կալանում հայացքս, միտքս: Ու թվում է՝ ինչ-որ չար երազից եմ արթնացել և մոռացած բազում անգամ տեսածներս ու ապրածներս, նորից չեմ ուզում հավատալ, որ հայը հայի դեմ, հայ հողի դեմ, հենց ինքն իր դեմ կարող է կանգնել… Չի կարող նման բան լինել: Պարզապես չի՛ կարող:
One thought on “ԱՄՈՒՐ ՍԱՐԻ, ԱՄՈՒՐ ՀՈՂԻ ԵՎ ԱՄՈՒՐ ԵՐԿՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ / ՆԱՆԵ”