Ցանկանում եմ Ձեզ ներկայացնել Սևանի գրողների ստեղծագործական տանը 2012 թվականից առ այսօր կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանք։
2012 թվականի գարնանը ՀԳՄ նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանը ինձ հրավիրեց իր մոտ և առաջարկեց ստանձնել Սևանի ստեղծագործական տան կառավարումը, մեկնեցի Սևան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և հասկանալու հետագա անելիքները։
Ստեղծագործական տունը չէր աշխատում, և կային կուտակված մի շարք խնդիրներ՝ սենյակները գտնվում էին անմխիթար վիճակում, չկար հանգստյան տան պայմաններին համարժեք գույք, շենքերը գտնվում էին խարխուլ վիճակում, տանիքից հոսում էին անձրևաջրերը, ճաշարանը չուներ սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկա և գույք։
Կառավարումը ստանձնելու համար պարոն Անանյանին առաջարկեցի կնքել երկարաժամկետ պայմանագիր իմ հիմնած ընկերության հետ, որպեսզի կատարվելիք ներդրումները կարողանանք տարիների աշխատանքով փոխհատուցել, առաջարկս ընդունվեց, և մենք կնքեցինք համապատասխան պայմանագիրը։
Սկսեցի իրականացնել անհետաձգելի աշխատանքները, փոխվեցին շենքերի տանիքների փչացած մետաղական թիթեղները և վերանորոգվեցին, հյուրանոցային մասնաշենքի ներքևի հատվածում գտնվող սենյակները վերանորոգվեցին ամբողջությամբ և հիմնովին, փոխվեցին պատուհանները և դռները՝ տեղադրվեցին բարձրորակ եվրոպատուհաններ ու դռներ, տեղադրվեց նոր կահույք և գույք, կահավորվեցին հեռուստացույցներով և սառնարաններով, կառուցվեցին նոր սալիկապատված սանհանգույցներ և տեղադրվեց նոր սանտեխնիկա, փոխվեցին էլ. մալուխները և ջրի խողովակները։
Հյուրանոցային մուտքի հատվածն ամբողջովին սալիկապատվեց, փոխվեցին մուտքի դռները, տեղադրվեցին նոր եվրոդռներ, ներկվեցին ու հղկվեցին պատերը, կառուցվեց ընդհանուր օգտագործման՝ ամբողջովին սալիկապատված երկու սանհանգույց՝ իրենց սանտեխնիկայով, զուգարաններում տեղադրվեցին նոր եվրոդռներ, նորոգվեց պահեստային հատվածի մի մասը և վերափոխվեց սեղանի թենիսի խաղասենյակի, գնվեց նոր սեղանի թենիս՝ իր պարագաներով, ձեռք բերվեց նոր լվացքի մեքենա։ Շենքի աստիճանավանդակի հարթակները սալիկապատվեցին, աստիճանները ներկվեցին։ Առաջին հարկի 3 սենյակները վերանորոգվեցին, փոխվեցին սանհանգույցի սալիկները, սենյակների գույքերը, ներկվեցին հարթակի պատերը, կահավորվեցին հեռուստացույցներով և սառնարաններով, տեղադրվեցին հատակի գորգեր։ Մասնաշենքի 2-րդ և 3-րդ հարկի սենյակներն ամբողջովին վերանորոգվեցին, սենյակների հատակները պատվեցին նոր լամինատներով և գորգերով, փոխվեցին սանհանգույցների սանտեխնիկան և սալիկները, գնվեցին նոր կահույք և այլ պարագաներ (վարագույրներ, էլ. մալուխներ, շրիշակներ և այլն), սենյակների մեծ մասում դրվեցին փոքր սառնարաններ և հեռուստացույցներ, ներկվեցին հարթակների պատերը և պտտովի աստճանավանդակը։
Ճաշարանային մասնաշենքում կատարվեց վերանորոգում, գնվեցին նոր սեղաններ և աթոռներ, տեղադրվեց փայտյա 2 բարձրորակ դուռ, ձեռք բերվեց ճաշարանի սպասարկման համար նախատեսված տեխնիկա և գույք՝ ափսեներ, բաժակներ, դանակ-պատառաքաղներ, տարաներ, սառնարաններ, գազօջախ, վառարան և այլ պարագաներ։
Սվաղվել, հղկվել և ներկվել են հյուրանոցային մասնաշենքի ֆասադը և աստիճանավանդակի ուղղահայաց հատվածը. դա, շենքի դիրքով պայմանավորված, շատ բարդ աշխատանք էր իրենից ներկայացնում։
Ստեղծագործական տան տարածքում կառուցվեց նոր փայտե 3 տաղավար, մաքրվեց տարածքը և լողափը, կատարվեցին շինաշխատանքեր, սպասարկման համար գնվեց 2 ինը մետրանոց տնակ, լողափի համար նախատեսված պարագաներ։ Փոխվեց ստեղծագործական տան ջրի մատակարարման խողովակաշարը։
Ամբողջական կատարված աշխատանքների մասին նամակում մանրամասն նշելու դեպքում, կարծում եմ, մի քանի էջում չի տեղավորվի, վերոնշյալը հիմնական կատարված աշխատանքներն են, նաև այս 12 տարիների ընթացքում մշտապես կատարվել են ընթացիկ աշխատանքներ և նորոգումներ։
Մենք միշտ կատարել ենք պայմանագրով նախատեսված մեր պարտավորվածությունները՝ ընդունել ենք և նպաստավոր պայմաններով հանգստի հնարավորություն ենք տվել ՀԳՄ բոլոր այն անդամներին, որոնք այս ընթացքում ցանկացել են իրենց հանգիստն անցկացնել Սևանի ստեղծագործական տանը։
Վերոնշյալ աշխատանքներին ծանոթացել են նաև ՀԳՄ նախագահությունը և աշխատակիցները, որոնք կատարել են համապատասխան գույքագրում, նաև մի քանի անգամ այցելել և տեղում արձանագրել են կատարված աշխատանքները։
Նաև կցանկանամ նշել, որ հանգստյան տունը յուրաքանչյուր տարի աշխատում է ամառվա սեզոնին՝ ծանրաբեռված լինելով ընդամենը մոտ 2 ամիս, ընկերությունը կատարել է կոմունալ բոլոր վճարումները և Սևան ազգային պարկի վարձավճարները։
Մտահոգությամբ իմացա, որ դատախազությունը հայցեր է միջնորդել Վարչական դատարան ՀՀ կադաստրի կոմիտեի և «Հայաստանի Գրողների Միություն» ՀԿ-ի դեմ՝ պահանջելով պետականացնել ՀԳՄ անշարժ գույքերը, այդ թվում՝ նաև Սևանի գրողների ստեղծագործական տունը։ Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել ՀԳՄ նախագահությանը և ՀԳՄ անդամներին՝ այս դատավարությունների հաղթահարման մեջ։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կցանկանայի նաև տեղեկացնել, որ ներդրված ահռելի գումարները փոխհատուցվել են չնչին մասով՝ հաշվի առնելով համավարակի պատճառով գրեթե երկու տարի աշխատանքների դադարը, նաև Սևանա լճի ջրի մի քանի անգամ կանաչած մակերեսի առկայությունը, որը ևս ազդեց հաճախորդների թվաքանակի վրա, և շենքի պետականացման դեպքում ընկերությունը կկրի շատ մեծ վնասներ։
Իսկ ո՞վ է հարգելու մեր իրավունքը։
Գնել ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
«Գնել և Մուշեղ» ՍՊԸ-ի տնօրեն