Միայնակ մարդը խեղկատակների այս աշխարհում / Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Զահրատը պոլսեցի էր իր նիստուկացով, խոսքուզրույցով, բեղերով, իսկ ամբողջ արտաքինով շատ նման էր Հակոբ Պարոնյանի ժամանակաշրջանի պոլսահայերին։ Արտաքին ձևն ու ոճը ավանդական են, խոսքը, արվեստը՝ նոր։ Նորը ոչ թե ձեռքբերովի էր, այլ՝ ներսից՝ իրենից եկող։ Իր մարդկային ու գրական ժամանակը նրան այդպես է կերտել՝ ոչ թե «Սկյուտարի սոխակ» կամ հեշտագին ու տոնական գիշերների երգիչ, այլ՝ անուրախ մի իրականության գրող, ուր հուսահատության մատնված մարդը փողոցներում ու հրապարակներում գլուխկոնծի է տալիս և ծիծաղում նախ՝ իր վրա, ապա՝ իրեն նայողների։ Սա մեկ այլ հերոս է և մեկ այլ իրականություն, որի խոսնակը դարձավ Զահրատը։
Զահրատ Զարեհ Յալտըզճյանի գրական անունն է։ Ծնվել, ապրել և մահացել է Պոլսում (10.05.1924-20.02.2007)։ 1942-ին ավարտել է տեղի Մխիթարյան վարժարանը։ Սովորել է Պանգալտիի հայկական դպրոցում։ Բժշկի մասնագիտություն ձեռք բերելու ցանկությամբ սովորել է Ստամբուլի համալսարանի բժշկական բաժանմունքում, այնուհետև կիսատ է թողել կրթությունը…
Զահրատը սկզբից ևեթ փորձեց իրեն տեսնել նաև գրական ասպարեզում։ Տպագրվել սկսել է 1943 թվականից, վարել է «Մարմարա» թերթի գրական բաժինը, խմբագրել «Սան» ամսաթերթը։ Զահրատ գրչանունը, որ, ըստ նրա, համարժեք է իր անվանը՝ Զարեհին, օգտագործել է՝ թաքցնելու իր բանաստեղծական փորձերը, որպեսզի չասեն՝ պարապ գործով է զբաղվում:
Առաջին բանաստեղծությունը՝ «Աստղ» վերնագրով, տպագրվել է 1943-ին Պոլսի «Ժամանակ» օրաթերթում։ Սկսել է գրել հանգով ու չափով, նրա առաջին ներշնչանքները եկել են Չարենցի «Տաղարան»-ից։ Քերթողի նոր քայլերը խրարուսել են Հակոբ Մնձուրին, Ռոպեր Հատտեճյանը, Կարպիս Ճանճիկյանը և ուրիշներ։
1969-ից բազմիցս եղել է Հայաստանում։ 1997-ին ելույթ է ունեցել Չարենցի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստում։ Ծանոթացել է հայ գրողների հետ, Պարույր Սևակի մահվան կապակցությամբ հանդես է եկել հուզիչ բանաստեղծությամբ։
Զահրատը բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնք լույս են տեսել թե՛ Ստամբուլում, թե՛ Երևանում, թե՛ Բեյրութում և թե՛ Թեհրանում։
«Մեծ քաղաքը» (1960) նրա ամենաբնութագրական գրքերից է, որին հաջորդեցին «Գունավոր սահմաններ», «Բարի երկինք», «Կանաչ հող», «Մեկ քարով երկու գարուն», «Մաղ մը ջուր», «Ծայրը ծայրին», «Ջուրը պատեն վեր» ժողովածուները։ Ստամբուլում լույս տեսած վերջին գրքերից հիշատակենք «Դդումի համը» (2009), «Ակնթարթի մը չափ» (2011), «Անտիպ թերթ» (2012) գրքերը։ Իսկ հեղինակի հրատարակած ժողովածուները ի մի բերվեցին «Բանաստեղծություններ»-ի երկհատոր գրքում (Ստամբուլ, 2006, 536+440 էջ)։
«Մեծ քաղաքը» վերնագրով գիրք 1978-ին տպագրվեց նաև Երևանում։ Հաջորդեցին «Առանց քարի առանց խաչի խաչքար» (1998), «Բառերուն տակի քերթվածը» (2004), «Բառ բառի քով» (2007) գրքերը։ Թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, թուրքերեն, վրացերեն, լիտվերեն։ Սա դեռ ամբողջը չէ։ Զահրատի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ տպագրության պատրաստվող ժողովածուն սոսկ առիթ է՝ հիշելու նրա անունն ու վաստակը՝ առաջիկայում մտածելու նաև նրա անտիպ բանաստեղծությունների, ինչպես նաև հոդվածների, հարցազրույցների և այլ գրությունների ամբողջական ժողովածուն հրատարակելու մասին։
Զահրատի ծանր հայացքն իրականությանը, որը թեթևացնելու միակ ձևը երգիծանքն էր, գալիս է անձնական կյանքի հանգամանքներից։ Հայրը՝ Մովսես Յալտըզճյանը (1893-1927), մահացել է թոքախտից, երբ ինքը երեք տարեկան էր։ Մայրը՝ սամաթիացի Անգինե Վարդանյանը, ամուսնանում և նոր ընտանիք է կազմում։ Զարեհի խնամքով զբաղվում է մորական պապը՝ Լևոն Վարդանյանը։ Հորաքրոջ պատմություններից հետագայում Զահրատն իմանում է, որ հայրական կողմի նախնիները սերել են Օրբելյան տոհմից և Գորիսում խանի պաշտոն են ունեցել։ Ավելի ուշ տեղափոխվել են Կեսարիա, այնտեղից՝ Պոլիս։ Արյունակից նկարիչներից մեկը օսմանյան պալատում աշխատելուց հետո ստացել է յալտըզճի կոչումը, որտեղից էլ՝ նրանց ազգանունը։ Հայրը եղել է միջազգային իրավագիտության մասնագետ, տիրապետել է լեզուների, որպես խորհրդատու՝ պաշտոնավարել օսմանյան արտաքին գործերի նախարարությունում։ Իր տոհմի նախնիների մեջ Զահրատը հիշում է 1915-ի զոհ հայտնի նորավիպագիր Երուխանին։
Զահրատի կյանքի տարիներին չկար Կ.Պոլսի նախկին ժամանակների գրական փառքն ու փայլը։ Չկար Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Ատոմ Յարճանյանի (Սիամանթո), Ռուբեն Սևակի և մյուսների ոսկի սերունդը, մարել էին գրական մամուլի վերջին արձագանքները։ Լռել էին Կոստան Զարյանի «Մեհյան»-ն (1914) ու «Բարձրավանք»-ը (1922), Վարուժանի «Նավասարդ»-ը (1914), կտրվել էր «Գրական ասուլիսներ»-ի (1913) աշխույժ ձայնը։
Զահրատը դատապարտված էր գրական միայնության, ավանդույթների շղթան խզվել էր։ Նաև սրանով է պայմանավորված նրա բանարվեստի կտրուկ շրջադարձը պոլսահայ պոեզիայի նախկին ավանդույթներից։ Նոր պայմաններ, նոր իրականություն, այդ թվում՝ նաև գրակա՛ն նոր իրականություն և նոր միջավայրին համապատասխան նոր գրականություն։
Ո՞ւմ պետք է կարդար Զահրատն իր բանաստեղծությունները, ո՞վ պետք է լսեր նրան, ո՞վ էր նրա ընթերցողը։ Դարասկզբի բարձր գրականության հետ մեկտեղ վերացել էր նաև այդ ընթերցողը։ Եղածը քիչ էր և ըստ ամենայնի՝ գրական միջավայրի միայնությունը նաև նրան դարձրեց ինքն իր ընթերցողը, համենայնդեպս, գոնե այնքան ժամանակ, մինչև նրան նկատեցին, կարդացին ու գնահատեցին Հայրենիքում։
Հայրենի տուն, նաև հայրենի տունը ում ժառանգելու գաղափարը, որ կենդանի էր 20-րդ դարասկզբին և հետո պետք է շարունակվեր Ակսել Բակունցի ու Համո Սահյանի ստեղծագործության մեջ և որպես կարոտի գրականություն՝ ծխար սփյուռքահայ գրական անդաստանում՝ Շահան Շահնուր, Համաստեղ, Հակոբ Մնձուրի, Վահե Հայկ, Վազգեն Շուշանյան, Հակոբ Ասատուրյան, Վահե-Վահյան, Անդրանիկ Ծառուկյան, Մուշեղ Իշխան, Բենիամին Նուրիկյան, Հակոբ Կարապենց, խոր արմատներ ուներ… Ահա այդ կարոտի կանչը Զահրատի պոեզիայում չի արտահայտվել, որովհետև հայրենի տան զգացողությունը կա՛մ բացակայում է, կա՛մ խորությամբ չկա, քանի որ ոչ Պոլիսն էր իրենը, ոչ գավառը։ Այս հայացքը նրան ինքնաբերաբար ազատում է հայրենի եզերքի պատասխանատվությունից և վերստին մղում մարդու օտարացմանն այս մեծ աշխարհում, ուր անգամ հայրենի գյուղակ չունես, որ գոնե հարազատ հիշողությունների մեջ պատսպարվես: Մարդն այդ օտարության մեջ աշխարհ է մտնում ասես որպես ընկեցիկ, սա հենց այն է, ինչը կոչվում է օտարախտ։
Զահրատը շատ արագ կողմնորոշվեց կյանքի անհեթեթության այս քաոսում։ Հիշողության սկիզբը, անշուշտ, 1915 թվականի ցեղասպանությունն էր՝ որպես արդեն իսկ արյան սաղմնաբանական ժառանգություն, որը մոռանալ չես կարող, և, անկախ նրանից, ինչի մասին է գրում, խորքից պիտի ուղեկցի նրան մե՛կ որպես ողբ ու կական, մե՛կ որպես ընդվզում, մե՛կ որպես նաիրյան մորմոք։ Հիշողության ընթացքը կյանքն է Կ.Պոլիս-Ստամբուլի պես մեծ, շա՜տ մեծ քաղաքում, ուր իրար են խառնվել ազգերն ու մշակույթները, ուր նույն դեմքով են ներկայանում անցյալն ու ներկան, և ուր մարդու ինքնությունը տարտղնված է, անորոշության է մատնված, և նա ինքնավերագտնման ուղիներ է որոնում։
Զահրատը տեսավ այդ ամենը և ապրեց այդ իրականության մեջ։ Գրեց քերթվածներ, հրատարակեց գրքեր, բայց երբեք իրեն չպարտադրեց գրական միջավայրին։ Որոնեց ու գտավ կյանքի անհեթեթության չափման իր միավորը, որի անունը դրեց Կիկո։ Առաջին գրքում զետեղել է բանաստեղծությունների շարք՝ «Համառոտ կենսագրություն Կիկոյի», որը հետո պետք է լրացվեր ու համալրվել հաջորդ ժողովածուներում։
Չարենցը ժամանակին գտավ խեղկատակի կերպարը և կյանքի հարվածների հանդեպ անպաշտպան՝ հայտարարեց. «Ես խեղկատակ եմ հիմա», հետո, նայելով շրջապատին, ավելացրեց. «Դեմքերը, ախ՜, բութ են այնպես, ասես շինված են տապարով»։ Հետո մեկ ուրիշը գտավ ծաղրածուի կերպարը, որ մարմնավորվեց մե՛կ Լեոնիդ Ենգիբարյանի կրկեսային արվեստում, մե՛կ 1970-ականների հայտնի երգի տողերում… Դրանցում ծաղրուծանակով ոչնչության դատապարտված Կիկոյի և բոլոր կիկոների անիմաստ կերպարն է՝ որպես ծաղրածու. «Ես ծաղրածու եմ, ես առլեկին եմ»։ Իսկ Հրանտ Մաթևոսյանը տեսավ հեգնանքի մատնված մարդկանց և նրանց միավորեց «Ծաղրածուների մեր տոհմը» պատումի մեջ։ Թվարկումների այս շարքն ավարտենք՝ հիշելով Պարույր Սևակի «Ծաղրածուն», «Խեղկատակը», «Խաղալիք սարքողը» բանաստեղծությունները։ Սա կյանքի մի երեսն է, որ տեսան բանաստեղծներն ու արվեստագետները։
Ի՞նչ է ասածս. ա՛յն, որ Զահրատի Կիկոն այս շարքի խորհրդանշաններից մեկն է, մեծ քաղաքի իրական դիմանկարներից մեկը, որին տեսնողը տեսնում է, իսկ չտեսնողին պետք է ցույց տալ, որպեսզի տեսնի։
Զահրատը մեծ քաղաքի բանաստեղծն է, ուր և դեմքերի, մեքենաների, գովազդների, հանրահավաքների, զբոսաշրջիկների, գիշերային գունագեղ լույսերի ու անվերջ ճանապարհների բավիղներում միայնության դատապարտված մարդը այլևս ոչ մի հոգեկից ընկեր ու բարեկամ չունի, և իր հույսը էլի ինքն է՝ իր երկրորդ եսը, որ մեկ մնացել է մանկության տարիների երազներում, մեկ կյանքի վազքի ինչ-որ հանգրվաններում, մեկ իր առաջացած տարիների իմաստավորված ունայնության մեջ և մեկ էլ Կիկոյի վերածված իր ես-ի տարատեսակ տարբերակների դրսևորումներում։
Այս մեծ քաղաքը, որ ժամանակակից կյանքի թատերաբեմն է, վերացնում է մարդկանց իրար մոտեցնող թանկ կապերը՝ սեր, ընտանիք, հարազատություն… Այդ ամենը կա այնքանով, որքանով հանապազօրյա վազքի մեջ կարող են մի պահ իրենց տեղը գտնել ժամանակային կարճատև դադարներին։ Մարդու միայնությունը դառնում է կեցության իրական վիճակ։
Անգլիան ունի շուրջ 70 միլիոն բնակչություն, որից 9 միլիոնը միայնակյացներ են. 2010-ական թվականներին վարչապետներից մեկի օրոք կառավարության կազմում ստեղծվեց միայնակյացների հարցերով զբաղվող առանձին նախարարություն։ Միայնակ մարդկանց թափորները համաշխարհային խնդիր են։ Ահա կենսական նշանակություն ունեցող այդ հարցը խորքից որսացել և իր ստեղծագործության մեջ արտացոլել է նաև Զահրատը, որի բանաձևը սա է՝ Կիկո x միլիոն = զրո, Կիկո+Կիկո = զրո։ Զրոն Կիկոն է, որովհետև իրենից բացի, այդ միլիոնից յուրաքանչյուրն իր հերթին Կիկո է։ Միայնակ մարդն է այս խեղկատակների աշխարհում և խեղված ճակատագրերի հոգեվարքը, – սա՛ է բանաստեղծի մտահոգության տագնապը։
Ընդ որում՝ բանաստեղծը ոչ թե խղճում է իր հերոսին և գութ է առաջացնում նրա հանդեպ, այլ՝ ծաղրում է նրան։ Բաց կամ քողարկված երգիծանքը Զահրատի խոսքի աղն է, հենց ա՛ղը, որովհետև նա ինքը քաղցրախոս չէր և խորշում էր խոսքի ամեն տեսակի քաղցրմեղցրությունից։ Երգիծանքը կա՛մ խոսքի մեջ է՝ որպես հեգնանք ու ծաղրուծանակ, կա՛մ իրավիճակի ու դրության կոմիզմ, որ ինքնին արդեն ամեն ինչ տեսնում է մի մեծ հարցականի տակ։
Իր հերոսի հանդեպ այս վերաբերմունքով հեղինակն ուզում է ասել՝ բոլորդ նույնն եք՝ մի քիչ ավելի կամ պակաս, ոչինչ չեք ստեղծում, և սա է ձեր իրականությունը, ուր բոլորը վտանգված են, և ոչ ոք իրեն լիարժեք ապահով չի զգում։ Ասես աներևույթ թագավարակի ապտահարներ լինեն…
Կիկոն գալիս է ասելու, որ առողջ հանրություն չկա, քանի որ ամեն ինչ քաղաքականացված է թե՛ ներքուստ՝ որպես տվյալ երկրի քաղաքացի, թե՛ արտաքուստ՝ որպես խոշորացման (գլոբալիզացիայի) ենթակա համաշխարհաքաղաքացի։ Եթե իշխանական ուժերի հետ չես, ուրեմն՝ դուրս ես նետվում և մնում հանդուրժվածի կարգավիճակում, ինչն ամեն առիթով կարող է խարխլվել՝ որպես պայմանական հավասարակշռություն, իսկ եթե խոշորացման պահանջներին ես դեմ, կհայտնվես հետամնացների շարքում, որոնց ծաղրում են։ Կիկոն մարդկային այս միավորն է, որովհետև նրանը ոչ թե դրության տիրոջ հրապարակային հաղթանակն է, այլ՝ կյանքում իր տեղը չգտածի արհամարհանքը։ Սա է իրական պատկերը, և այս արահետով ո՞ւր է գնում մարդը. համենայնդեպս, ոչ դեպի բարոյական սխրանք, այլ՝ դեպի համակերպվածության ճահիճ, ճիշտ գիտակցելու դեպքում` դեպի անբարոյականության անդունդ։
Կիկոյին հրաժեշտ չենք տալիս, խորքից նրան ձեռքով է անում Կիկոսը, դեռ գալու են նաև Քաջ Նազարը, Ցռան Վերգոն, Փսփսը, և նրանք, շուրջպար բռնած, պիտի գյոնդ բռնեն ժամանակակից պոեզիայի բեմահարթակում։ Նրանք իրականության այլասերման (դեգեներացիայի) նախանմուշներն են, մեծ այլասերումը նոր է սկսվել…
Այս հերոսի աղավաղված դիմանկարին այլևս հարիր չեն Մեծարենցի ժամանակների ներդաշնակ կշռույթները։ Ի՜նչ ներդաշնակություն շողացող առիթմիայի, ուղեղային և սրտային կաթվածների, հոգեկան ու բարոյական տագնապների, մտավոր խցանումների այս ծանր փորձությունների մեջ։ Այստեղից էլ բանաստեղծության նախկին ձևերի քայքայումը, ամբողջի տրոհումը, առանձին մասերի հարաբերության խախտումը, որի կշռույթը հևոցն է՝ հակադրված համաչափ շարժմանը և հղի՝ մահվան գանգատներով։ Ինչպես մարդը հանկարծ կարող է սիրտը բռնել ու ընկնել փողոցում, այդպես էլ այդ պոեզիան հանկարծակի կարող է անակնկալ ավարտվել, որովհետև շարունակությունը կռահելի է։ Այստեղից էլ՝ մտքի թռիչքային անցումները, որոնց ետևից պետք է կարողանալ մտովի հասնել, հակառակ դեպքում ժամանակակից պոեզիայի այս հանդեսը կարող է մնալ առանց հանդիսատեսի և չդառնալ տոնահանդես։
Որպես հաջողված նմուշներ հիշատակենք մի քանի քերթված՝ «Կաղանդ պապայի մորուքը», «Կաղանդի ծառ», «Լու», «Մայմուն», «Հանդես», «Գիշերապահը», «Չար բաներ», «Զերո», «Թաղը», «Մի լար լույս»…
Եվ ծնվում է մեծ քաղաքի մեքենայական արագությունների, մարդկային շարքերի երթուդարձի տեսքն ու շարժումը ներկայացնող նոր բանաստեղծությունը. գեղարվեստական խոսքի տեր ու տիրական է դառնում ազատ, անհանգ և տրոհման նշաններ չպահանջող գեղարվեստական խոսքը։
Ձևը ձև չէ, այլ՝ կտրատված մասերի հարակցված ամբողջություն, որ նաև բովանդակությունն է։ Այդպես է, որովհետև տողը, պատկերը, դիտումը, հոգեբանական թափանցումը կապակցվում են ոչ թե սոսկ տրամաբանական շարույթով, այլև՝ անտրամաբանական թվացող դասավորությամբ, որն անտրամաբանական է մտքի պարզ արտահայտման դեպքում, բայց և շատ տրամաբանական, երբ լռության դատապարտված մարդն ուզում է մի բան ասել, որն այդ պահին խանգարվում է հեռախոսային զանգով, մեքենայի ազդանշանով, զրուցակցի անուշադրությամբ ու անհարկի միջամտությամբ… Այլևս չկա այն միջավայրը, որտեղ մարդիկ հանգիստ, անշտապ պայմաններում լիարժեք ասեն իրենց խոսքը և միանգամից ու ամբողջական ընկալվեն։ Այստեղից էլ ժամանակակից պոեզիայի ձևի ու բովանդակության կառուցվածքը, որի բնութագրական ու ներկայանալի արտահայտություններից մեկը Զահրատի ստեղծագործությունն է։
Մարդը ճեղքված է, կյանքը պատառոտված է, պատմությունը հոշոտված է, անցյալը շատ արագ դառնում է ներկա, ապագան անորոշ է և միտված է ոչ թե գալիքին, այլ՝ վերակրկնվող անցյալին։ Մարդը ծնվել է մեկ կյանքի համար, որ պետք է լինի օրհնյալ պարգև, բայց դառնում է հոգս, մտահոգություն և, ի վերջո, ավելորդության գիտակցություն։ Բայց իր ավելորդությունը սքողելու համար այդ մարդը, որ Զահրատի հերոսն է, դիմում է ամեն տեսակի հնարավոր միջոցների, որպեսզի երևա տոնական արդուզարդի մեջ, այն տպավորությունը թողնի, թե իր հաստատուն տեղն ունի կյանքի բեմահարթակում, որ մրցունակ է և պատրաստ է դիմակայության… Բայց նույն այդ հերոսի բանաստեղծական ցուցադրական կերպարը հակադրվում է ներքին իրական կերպարին, և տեղի է ունենում պայթյուն։ Մարդը պայթում է իր իսկ անկեղծության ականի վրա, ինչը սրբագործվում է բանաստեղծությամբ և ձև ու ոճ ստանում՝ որպես Զահրատի պոեզիա։
Պոեզիան այստեղ հանդերձանք չունի՝ ոչ դիմափոշի, ոչ թանկարժեք օծանելիք ու քսուկներ, որ նշանակում է ոչ հանգուչափ, ոչ բանաստեղծական տուն ու առձայնույթային և բաղաձայնույթային երաժշտություն, այլ՝ միայն ակնարկով ասված չոր խոսք, որ գեղարվեստական է գոնե այնքանով, որքանով որ գեղարվեստական պատկերը վերջնականապես վտանգված չէ՝ որպես հերթական ավելորդություն։
Ինքնամորմոքվող բանաստեղծական այս աշխարհում Կիկոն կարող է ներկայանալ նաև ճաղատ, յուղոտ մի քանի մազերը տձև գլխի եզրերից կախ, ամբողջությամբ դեղին, հավակնոտ ու մեծամիտ մի այնպիսի գրական «գործիչի» տեսքով, որի ամեն մի խոսքուզրույցից տգիտություն է թափվում։ Այդ տիպը գրական կյանքի մակաբույծներից է, ճիշտ այնպես, ինչպես Երվանդ Օտյանի նկատած հեղափոխության մակաբույծներն են։
Զահրատն այդ տիպի ներկայությունը նկատել է անգամ իր միջավայրի գրական դատարկության մեջ։ Այդ տիպն ունակ է ամեն ինչի և, առաջին հերթին, մարդու շուրջ ստեղծելու հաղորդակցության անապատ՝ որպես պատ նրան մեկուսացնելով միջավայրից։ Այդպիսիները փակում են անգամ այն մարդու ճանապարհը, որն առանձնապես գնալու տեղ էլ չունի։ Դա փակուղի-թակարդ մարդն է, որի կերպարը տարբեր կերպարանափոխություններով հանդիպում է Զահրատի պոեզիայում։
Այո՛, Զահրատի պոեզիան մեծարենցյան դարաշրջանի համեմատ կոշտ է, նուրբ ու ողորկ չէ ու չէր էլ կարող լինել, որովհետև պոեզիայի քնարական ուսերին նստել է հարյուրամյա ժամանակի ծանր բեռը։ Ժամանակը փոխել է ոչ միայն պոեզիայի ձևն ու բովանդակությունը, այլև բառապաշարը։ Ժամանակակից պոեզիայում բանաստեղծը գրում է այնպես, ինչպես խոսում է։ Այս տեսակետից Զահրատի պոեզիան երբեմն նմանվում է երկաթյա մեխի, որով պետք է այս հակամարդկային, հակաբարոյական իրականությունը գամել ժամանակի խաչափայտին։ Հանցագործ Բարաբբան փրկվեց, Քրիստոսին խաչեցին։ Հիմա ժամանակն է Բարաբբային խաչելու՝ որպես բարոյական դատաստանի հատուցում։ Այդ խաչելության համար մեխեր են պետք, որպեսզի նրան ևս գամեն ժամանակի խաչափայտին, իսկ Զահրատի առանձին բանաստեղծություններ հենց այդ պատրաստի մեխերն են, իհարկե, խոսքի երկաթյա մեխե՜ր…
Պիղատոսը ժամանակին ձեռքերը լվաց և Քրիստոսին մատնեց խաչելության։ Մարդկությունը այդ պատմությունն ավետարանիչների ձեռամբ գրեց, պահպանեց, որը հետագայում կրկնվեց շատ արժանավոր մարդկանց հետ, որոնց խարույկ հանեցին, գնդակահարեցին, նետեցին մոռացության վիրապը։ Մինչդեռ նույն այս մարդկության արժանավոր մասն անպատիժ չպետք է թողնի ժամանակակից պիղատոսներին ու բարաբբաներին։ Նաև սա է ասում Զահրատի պոեզիան և ուղղորդում գործունեության ծրագիրը։
Այո՛, գրականության մեջ խոսքը միտված է դեպի չափազանցություն։ Կերպարը ցայտուն դարձնելու նպատակով հեղինակը դիմում է շարժի, այլ կերպ՝ գրոտեսկի, բայց այդ շարժ-գրոտեսկը ևս պայմանավորված է կյանքով, և Զահրատը ճիշտ որսացել է արվեստի արտացոլման այդ կողմը։ Մեր առջև մարդկային կերպարների հարահոսն է՝ սա քաղաքական խեղկատակ է, սա ալիքի վրա բարձրացած պատահականություն, սա հայտնի, բայց քողարկված խարդախ, սա բոլոր իշխանությունների հաճկատար-քծնող-շողոքորթ, սա այս է, նա էլ՝ այն։
Այս բոլոր հոգեբանական վիճակների մեջ ներքաշված մարդու դիմանկարները Զահրատի պոեզիայի պատկերասրահում են. նայել ու տեսնել պետք է կարողանալ… Այս ամենով հանդերձ՝ և՛ նյութով, և՛ նյութի պատկերման միջոցներով պայմանավորված է Զահրատի պոեզիայի արդիականությունը և ինքնատիպությունը։
Սա նորոգված հայոց բանաստեղծությունն է, որ 20-րդ դարի հայ գրականության պատմության մեջ պետք է ունենա իր էջը, որը հայոց արդիապաշտությունն է՝ մոդեռնիզմը։

6. 08. – 12. 08. Ծաղկաձոր – Երևան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։