Բանաստեղծ, թարգմանիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը նոր անակնկալ ներկայացրեց գրական աշխարհին: Դա «Արտեմ Հարությունյանի պոեզիան» ուսումնասիրությունն է, վաստակաշատ գիտնականի երկար տարիների աշխատանքի արդյունքը:
Գրքի մուտքում Ս. Խանյանը հպարտությամբ է ներկայացնում Արտեմ Հարությունյանի հորը` Արցախ աշխարհի արժանի զավակ, նշանավոր բանաստեղծ Միքայել Հարությունյանին, ընդգծում հոր և որդու ստեղծագործական խառնվածքները` մատնանշելով, որ Մ. Հարությունյանը շարունակում էր Տերյան-Շիրազ ուղեծիրը, իսկ Ա. Հարությունյանը` Չարենց-Սևակ-Ուիթմեն-Էլիոթ ճանապարհը: Այսինքն` ինչպես գրում է Խանյանը, 1960-1970-ական թվականների հայ երիտասարդական պոեզիան շարունակում էր զարգանալ երկու ուղիով` հանձինս դասական ավանդների տաղանդաշատ առաքյալ Համո Սահյանի և դասականի սահմաններից անդին թռիչք ապրող Պարույր Սևակի: Այս հակադրությունը, սակայն, չէր խանգարում, որ շարունակվի հայոց ազգային պոեզիայի թեմատիկ-գաղափարական հագեցվածությունը» (էջ 5):
Հայ պոեզիայի զարգացման ընդհանուր համապատկերի վրա հեղինակը գրքի առաջին` «Եռաստիճան թռիչք դեպի պոեզիայի բարձունքներ» գլխում վերլուծական-մեթոդական հիմունքներով գնահատում է Ա. Հարությունյանի առաջին երեք ժողովածուները, քննարկում այդ գրքերի մասին հրատարակված գրախոսությունները և ընդգծում. «Ա. Հարությունյանը «Նշանների երկիր», «Տեսադաշտ», «Շեմ» ժողովածուներով կատարեց եռաստիճան իր թռիչքը դեպի լայն ճանաչում բերող «Նամակ Նոյին» հրաշապատումը» (էջ 47):
Ուսումնասիրության երկրորդ գլուխը նվիրված է «Նամակ Նոյին» գրքի վերլուծական գնահատմանը: Ս. Խանյանը նշում է, որ այս ժողովածուն լայն արձագանք է գտել ոչ միայն հայ, այլև օտարազգի գրաքննադատների շրջանում և արժանացել ՀՀ պետական մրցանակի: Նա այստեղ բերում է ականավոր գրականագետ, ակադեմիկոս Ս. Սարինյանի, ամերիկացի բանաստեղծ Հեյդն Գերութի, ամերիկահայ գրող Փիթըր Բալաքյանի, անվանի գրաքննադատ Երվանդ Ազատյանի, գրականագետ Ալ. Թոփչյանի բարձր կարծիքները, միաժամանակ արտահայտում իր սեփական կարծիքը. «Նման գնահատականը պատահական չէ, որովհետև Արտեմը խորապես յուրացրել է համաշխարհային գրականության լավագույն ավանդույթները, դրանք օծել հայ դասական և ժամանակակից պոեզիայի ոսկեփոշով, իր հոգու շերտերում դարձրել ծիածան և ընթերցողին ներկայացրել որպես յուրատիպ մի գոբելեն»: Այս դիտարկումից հետո Ս. Խանյանը բերում է ամերիկյան «Ռաֆթ» ամսագրի խմբագիր, Քլիվլենդի համալսարանի լեզվաբանության և գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ջոն Գրեփինի խոսքը. «Արտեմ Հարությունյանն այն բանաստեղծն է, որին միայն ինքը կարող է իշխել և ղեկավարել, միայն ինքը: Եվ նրա բանաստեղծական տեսիլքն իրական է, «մարդասիրական» (էջ 50):
Հետաքրքիր նրբանկատությամբ Ս. Խանյանը ընթերցողին մատուցում է մի առեղծված` սերտորեն միահյուսված անցյալի և արդի գրական խմորումների հետ, որը հնարավորություն է տալիս լրիվ ընկալել Ա. Հարությունյանի «Նամակ Նոյին» ժողովածուի և՛ մտահղացումը, և՛ գեղագիտական իդեալի խորությունն ու սահմանները: «Համաշխարհային գրականության մեջ,- գրում է Խանյանը,- հայտնի են մի շարք մեծություններ, որոնք իրենց դարաշրջանների իրական պատկերը ներկայացնելու համար դիմել են Աստծուն` նրանից հայցելով օգնություն` մարդկանց մեղքերը քավելու, չար ու ագահ անհատներին դարձի բերելու, ազգամիջյան ընդհարումների առաջն առնելու, սոցիալական պատշաճ արդարություն հաստատելու միտումով: Այս առումով հատկանշական է նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» անմահ պոեմը, որն արդեն հնչում է աշխարհի շատ լեզուներով: Արտեմ Հարությունյանն իր գեղագիտական իդեալի հրամայականով դիմել է ոչ թե Տիրոջը, այլ՝ Նոյին: Ինչո՞ւ Նոյին: Խանյանն անմիջապես բերում է ինչու-ի համոզիչ պատասխանը. «Ա. Հարությունյանը, ելնելով իր ապրած ժամանակաշրջանի քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային, բարոյահոգեբանական խմորումներից, եկել է եզրակացության, որ Աստծո ստեղծած աշխարհն աղտոտված է, վտանգված, մարդկությունը ծուռ ճանապարհի վրա է, այն փրկել է պետք, իսկ Աստծո արարածների առաջին փրկիչը եղել է աստվածաշնչյան առասպեպլի հերոս Նոյը, որը կարողացել է Աստծո հրաշքը փրկել ջրհեղեղից: Բացի դրանից, Նոյ նահապետի աշխարհափրկիչ խիզախությունը կապված է Արարատ սարի հետ, որ բանաստեղծի ավանդական հայրենիքի խորհրդանիշն է: Այստեղից էլ այն անմիջական սրտացավությունը, որ Հարությունյանը գեղարվեստական փայլուն հնարանքներով ընդգծել է պոեմում: Դա, հիրավի, սովորական պոեմ չէ, այլ տագնապից, ցավից, հույսից ծնված մի ստեղծագործություն, որ խոսում է մարդկության անունից, Աստծո սիրով` հանուն նրա հրաշագործության հավերժական տրոփի» (էջ 50-51): Այս հետաքրքիր դիտարկումից հետո Ս. Խանյանը եզրակացնում է, որ Ա. Հարությունյանը դիմել է Նոյին որպես Փրկչի` մի կողմից նկատի ունենալով աշխարհի ծուռն ու թերին, մյուս կողմից` իր ժողովրդի, նրա պատմական մի մասը կազմող իր ծննդավայր Արցախի ճակատագիրը: Եվ նա ճիշտ է ընդգծում, որ արդյունքում պոեմը վերածվել է համամարդկային ցավի ու պոետի` սեփական ժողովրդի ազգային տագնապի գեղարվեստական խնդրագրի, որի արժեքն ընդհանրական ու բարձր է ռեալիստական սերուցքի և գեղարվեստական երանգավորման շնորհիվ: Պոեմի հանգամանալից ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Ս. Խանյանին՝ լրիվ խորանալու այդ բազմակնճիռ ստեղծագործության ենթատեքստի շերտերի մեջ, նկատելու նաև բանաստեղծի անհուն սերն ու հույսերը` կապված Արցախյան ազգային-ազատագրական պայքարի հետ: Խանյանը ներառել է նաև պոեմի սյուժետային այն գիծը, որ առնչված է 1915թ. Հայոց մեծ եղեռնին, որտեղ հեղինակը խարազանում է Օսմանյան Թուրքիայի մարդակեր իշխողներին, որոնց ժառանգորդները ճիգ ու ջանք չեն խնայում ժխտելու իրենց նախորդների հանցագործությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդկության հանդեպ: Պոեմի թեմատիկ-գաղափարական հարուստ հիմքից ու գեղարվեստական թարմ առանձնահատկություններից ելնելով, Ս. Խանյանն ընդհանրացնում է. «Ա. Հարությունյանի «Նամակ Նոյին» պոեմն իր ազգային-համամարդկային անցած-ներկա ցավերի ու տագնապների, կորուստների ու ակնկալիքների ինքնատիպ ու հզոր մի պատկեր է, որի արժեքը միշտ դեպի իրեն է ձգելու գալիք սերունդներին» (էջ 60):
Գրքի երրորդ գլուխը նվիրված է Ա. Հարությունյանի «Հուդայի արձակուրդը» ժողովածուի վերլուծությանն ու արժեքավորմանը: Այստեղ ի սկզբանե Խանյանը ստեղծագործող գրականագետի պատկերավոր խոսքով ընդգծում է, որ ժողովածուն, որի վերնագիրը վերցված է նրանում զետեղված համանուն պոեմից, հայոց տաղանդավոր բանաստեղծի կռիվն է ինքն իր հետ, ծուռ ընթացող աշխարհի, աղտոտված կյանքի, ազգային ծանր ճակատագրի, մարդկության աղետաբեր անտարբերության և այն ամենի հետ, ինչն Աստվածակերտ ու Աստվածապատկեր մարդուն տանում է դեպի մեղքերի ծով, որից մաքրվելու համար այլևս անուժ է ապաշխարանքը, իսկ վերինն անտարբեր է, որովհետև նա էլ դժգոհ է իր արարած աշխարհի գլլուխգործոց մարդուց, որ փոխանակ նեցուկ դառնալու իր նմանին, ընդհակառակը` գրկախառնվում է Հուդային ու հպարտանում սատանայական հմտությամբ ու խաբեությամբ:
Ս. Խանյանը նշում է, որ «Նամակ Նոյին» և «Հուդայի արձակուրդը» ժողովածուներով Արտեմ Հարությունյանը դարձավ քաղաքական պոեզիայի հսկաներից մեկը հայ իրականության մեջ` թիկունքում ունենալով Մ. Նալբանյանի, Ե. Չարենցի ու Պ. Սևակի փորձը, սակայն գեղագիտական նոր ընկալումներով ու մտածողության թարմ պատկերավորությամբ: Որպես իր այս դիտարկումի հաստատում` Ս. Խանյանը բերում է հայ և օտար գրաքննադատների դրվատանքի խոսքերից, իհարկե, ընդգծելով իր սեփական կարծիքը, որը համեմված է գնահատման գրականագիտական լուրջ դիտարկումներով:
«Հուդայի արձակուրդը» պոեմի թեման առնված է 1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո տեղի ունեցած հակասական իրադարձությունների խառնարանից: Հեղինակի ուշադրության կենտրոնում պոեմի այն մասերն են, որոնցում բանաստեղծը, չհաշտվելով Հայաստանի անկախությունից հետո անմիջապես տեղի ունեցած անարդարությունների հետ, ուղղակի ըմբոստանում է քաղաքական այն ղեկավարների դեմ, ովքեր գրկախառնվելով Հուդայի հետ, իրենք իսկ դառնում են հուդաներ` մոռանալով երկրի և ժողովրդի շահերը: Անդրադառնալով «Հուդայի արձակուրդը» ժողովածուի պատկերներին, նա նշում է, որ բանաստեղծ Ա. Հարությունյանի ցավը երկակունք է` Հայաստանն է և Արցախը: Համոզիչ վերլուծություններից հետո մատնանշում է. «Հուդայի արձակուրդը» պոեմը յուրովի մի լուսարձակ է նկարագրվող ժամանակաշրջանի քաղաքական-սոցիալական հարաբերություններն ի ցույց դնելու ուղղությամբ»:
«Հուդայի արձակուրդը» ժողովածուում համանուն պոեմի հետ զետեղված բանաստեղծությունների նոր շարքերը ևս վերլուծվում ու գնահատվում են Ս. Խանյանի աշխատության մեջ: Նշվում է այն երևույթը, որ հատուկ է Հարությունյանի պոեզիային, ասել է թե` նա չի հաշտվում քաղաքական այն կուսակցությունների ու գործիչների հետ, ում համար ազգային ճակատագիրը վերածվում է խաղաքարտի` ի շահ իրենց անիմաստ ձգտումների: Ս. Խանյանն այստեղ ընդհանրացնում է. «Ա. Հարությունյանը պետական մտածողություն ունեցող, պետականամետ բանաստեղծ է` քաղաքացիական ազնիվ զգացողությամբ ու երազով: Պետք է վերացնել «մաֆիայի» խմբերը, չպետք է սնել պետական գողերին, պետք է զարգացնել տնտեսությունը, պետք է լուսավորել հորիզոնները, վերացնել աղքատությունը, պետք է մարտնչել Հայոց ցեղասպանության ճանաչման համար» (էջ 94-96):
Հայ ընթերցողները, ջերմորեն ընդունելով Ա. Հարությունյանի վերոնշյալ ժողովածուները, սպասում էին նրա նոր խոսքին: Եվ եկավ պահը` տաղանդավոր բանաստեղծը նրանց ընծայեց իր նոր գիրքը` «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» խոսուն խորագրով: Աշխատության չորրորդ գլխում Ս. Խանյանը գրաքննադատական հարուստ փորձի ու գրական հայացքների նոր երանգներով բացահայտում է ստվարածավալ այդ ժողովածուի բերած նորությունն ու գրողի տաղանդի նոր փայլատակումները: Հանգամանալից լուսաբանելով ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունները` Ս. Խանյանը գրում է. «Ա. Հարությունյանի այս նոր ժողովածուն նոր գյուտերի, հանուն արդարացի ու բարվոք կենսամակարդակի մաքառող ոգու, Հայաստանի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի` 20-րդ դարում կրած տառապանքների և հույսի հրավառությունների չափածո զրուցարան-ուլունքաշար է: Նրանում արտացոլում են գտել պետությունների և ազգերի, ժողովրդական լայն զանգվածների ու անհատների մաքրվելու կարիքն զգացող փոխհարաբերությունները, որոնց խաչմերուկներում հառնում է հայ ժողովրդի տառապած-վերածնված, մաքառող-հուսավառ կերպարը, որի ձայնը, հնչում է «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից` հանուն կատարյալ մարդու, արդարամիտ պետության, խայտաբղետ ազգերի համերաշխության, աստվածային սիրո ծավալման, մարդկային խղճի արթնացման, Հայոց ցեղասպանության ճանաչման, արժանի դատաստանի կայացման» (էջ 111):
Ս. Խանյանի «Արտեմ Հարությունյանի պոեզիան» աշխատությունը հասուն ուսումնասիրություն է, ակնառու ներդրում արդի հայ գրականագիտության ասպարեզում և առաջին ընդհանրացնող ժողովածու-հիմնաքարը հարությունյանագիտության ասպարեզում, որն արժանի է լրջագույն ուշադրության: