«Ամենակարգին մարդիկ և ագռավները» ժողովածուն և «Րաֆֆու ոտնահետքերով» աշխատությունը Ալիս Հովհաննիսյանը հրապարակեց շատ կարճ ընդմիջումով՝ յուրահատուկ նվեր մատուցելով տարատեսակ ճաշակների տեր հայ ընթերցողին:
Ինչպես յուրաքանչյուր ազնիվ գրողի և նրա ստեղծած ազնիվ գրականության դեպքում, այս գրքի շնորհիվ նույնպես հաղորդակից ենք դառնում մեզ այնքա՜ն ծանոթ դեպքերի և դեմքերի, որոնք ընդամենը գեղարվեստական հանդերձանք են հագել, դարձել գիր ու հավերժացել թղթի վրա: «Տարեդարձ» վիպակում ծավալվող սյուժեն առավել քան ծանոթ ու հասկանալի է հայ ընթերցողին, սակայն դա չի խանգարում նորովի վերապրել այդ ծանոթն ու հասկանալին: Մի՞թե դժվար չէ հեղինակի համար քայլել արդեն բացված ճանապարհով ու չկորցնել ինքնատիպությունը: Ալիս Հովհաննիսյանը բացատրում է, որ, իսկապես էլ, եթե լավ գիտես քո գրականությունը և առհասարակ՝ հուշագրության ժանրը, արիություն է պետք այդ ճանապարհով քայլելու համար:
Գրքի վերնագիր դարձած պատմվածքում հուզիչ ու մարդկային է ծերանոց տարված Արևաշող մայրիկին այնտեղից դուրս բերելու, հարազատի ջերմությամբ շրջապատելու պատմությունը: Մտածում ես՝ սա ռեալիստակա՞ն, թե՞ իդեալիստական գործ է: Հեղինակն ասում է, որ իրեն հայտնի է գյումրեցի մի տղայի պատմություն, որ հորինված չէ: Նա հենց այդ պատմությունն է դրել իր վիպակի հիմքում: Այդ տղան եկեղեցու բակում հանդիպել է հարազատների կողմից լքված մի ծեր կնոջ, որի ձեռքից բռնել, իր տուն է տարել: Տղան, դժբախտաբար, հետագայում երկրաշարժի զոհ է դարձել, բայց չէ՞ որ մարդկային արարքները փոխհատուցվում են ոչ միայն երկրային, այլև, և հատկապես, երկնային կյանքում:
Ալիս Հովհաննիսյանը միևնույն երևույթի հակաբևեռ դրսևորումները կարողանում է այնքա՜ն համոզիչ ու հավաստի մատուցել, որ դու երկու դեպքում էլ չես կասկածում իր պատմածի ճշմարտացիությանն ու իր գրողական վերաբերմունքի անաչառությանը: Վերոհիշյալ պատմվածքում գրեթե հովվերգական շեշտադրումներով է նկարագրում Վաչոյի քարուքանդ մեքենան, այնինչ՝ «Երթուղային մանրանվագներում» դաժան ռեալիզմով ներկայացնում է երթուղային «երգարվեստից» ջղաձգվող ուղևորուհուն:
«Ոչ մի գրող չի կարող շրջանցել իր ժամանակը, եթե անգամ ֆանտաստ է կամ պատմավիպասան»,- ասում է Ալիս Հովհաննիսյանն ու իր ժամանակի մեջ խմանքով զետեղում ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին, որոնց լեզուն, թվում է, ավելի դյուրին է հասկանալը նրա համար, քան մարդկանցը: Նա բացատրում է, որ երբեմն հետաքրքրասիրությունն իրեն մղում է կենդանիների կաշվի մեջ մտնել:
Հրապարակախոսական շունչը, քաղաքական անցուդարձերին ու գործիչներին ուղղված ակնարկներն առկա են թե՛ այս գրքում, թե՛ նախորդներում: Ու թեև այդ անցուդարձերն ու դրանց հերոսները փոփոխվելու հատկություն ունեն (իսկ վերջին ամիսներին՝ առավել ևս), այդուհանդերձ, չպետք է մտավախություն ունենալ, թե դրանց հետևանքով Ալիս Հովհաննիսյանի գործերը կարող են ժամանակավրեպ դառնալ: Չէ՞ որ աշխարհում քաղաքականությունն ու քաղաքական գործիչները երբեք իրենց էության մեջ չեն փոխվում: Եվ այսօր նույնքան արդիական են մեր դասականների հրապարակախոսական երկերն ու հռետորական-քարոզչական վավերագրերը, որքան եղել են իրենց ստեղծման ժամանակներում՝ սկսած Մովսես Խորենացուց: Կա՞ նրա հանճարեղ «Ողբից» ավելի արդիական հրապարակախոսություն: Հազիվ թե… Եվ կգա՞ն այնպիսի ժամանակներ, որ այն դառնա ժամանակավրեպ: Հազիվ թե…
«Մեզ հետ՝ նույն երկնքի տակ» շարքում կյանքից հալածվածներն են, որ նույնիսկ հասցե չունեն: Նրանք, այդուհանդերձ, պայքարող են: Օրինակ՝ Բուրիկը՝ «Դոմիկի մարդիկ» պատմվածքից, ինքն իրեն ընկալում է ոչ թե որպես կյանքից, այլ՝ որոշակի մարդկանց տեսակից հալածված, որոնց դեմ գործի է դնում ներքին բոլոր ֆիզիկական և հոգևոր պաշարները, ճիգ ու ջանքերը՝ չմոռանալով դիմել Տիրոջ օգնությանը, երբ ինքը գլուխ չի հանում՝ տվյալ դեպքում ճի՞շտ վարվեց, թե՞ սխալ: Հեղինակի հավաստիացմամբ՝ այս շարքի բոլոր դեպքերն ու դեմքերն իրական են: Դրանք երբեմն ծիծաղելիության չափ պարզունակ են, սրտառուչ, բայց ոչ՝ ողբերգական:
Ինչ վերաբերում է Րաֆֆուն նվիրված «Րաֆֆու ոտնահետքերով» յուրօրինակ գրքին, ապա սա Ալիս Հովհաննիսյանի այլասիրության բարձր դրսևորումն է: Ես այլասեր եմ կոչում գրականագիտությամբ զբաղվող մարդկանց, որոնք գրելու իրենց ձիրքը ծառայեցնում են ոչ թե սեփական ստեղծագործական ներշնչանքին, այլ ուրիշ մեկի ներշնչանքը արժևորելուն, մեկնաբանելուն: Ալիսն ասում է, թե ճշգրիտ չի հիշում՝ երբ սկսվեց իր հեռահաղորդակցությունը Րաֆֆու հետ, բայց գիտի, որ այն սկսվեց հիացմունքից: Հեղինակն ստեղծել է գրականագիտության, հուշագրության, արկածագրության միջակայքում ծավալվող մի գիր, որը յուրաքանչյուր ընթերցողի համար դառնում է բանալի՝ դյուրությամբ մուտք գործելու Րաֆֆու խորաշերտ աշխարհը: Սա գրական յուրատեսակ մի համաձուլվածք է, որի հասցեատերերը ոչ միայն նեղ մասնագիտական դաշտի ներկայացուցիչներն են: Ինչպես որ այսօր կատարված ժամանակակից մշակումների միջոցով փորձում են ունկնդրի ականջին հասցնել Կոմիտասի, Սայաթ-Նովայի կամ հայ երաժշտության մեկ այլ դասականի բնագիր-երաժշտությունը, այդպես էլ վարվել է Ալիս Հովհաննիսյանը Րաֆֆու դեպքում և Րաֆֆու հետ: Եվ եթե ժամանակակից որևէ պատանի կամ երիտասարդ նրա գիրն ընթերցելուց հետո կբացի դասականի հատորներն ու կսկսի որոնել-հայտնաբերել իր սեփական Րաֆֆուն, ուրեմն՝ Ալիս Հովհաննիսյանը կարող է արձանագրել իր անխլելի հաղթանակը րաֆֆիագիտության բավական հարուստ գրապահոցում: